Մտորումներ
Ինքնակենսագրություն

   Ծնվել եմ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում, 1938թ. Նոյեմբերի 8-ին: Մանկությունս անցել է այդ բարձրադիր գյուղի ալպիական, գրեթե ծառազուրկ բնաշխարհում, երփնագույն, ծաղկունքազարդ ձորերում ու լեռնալանջերի բույրերում: Հիշողությունս դեռ պահում է այդ պայծառագեղ աշխարհի գույները՝ կանաչախիտ, ծաղկալեցուն ձորերի անեղծանելի ալպիական շքեղության տեսիլքները: Դրանք երազների ծվեններ են ասես իմ ներաշխարհի հեռու խորություններում պահվտած:
  Կարմիր, անլուսամուտ, քարաշեն հնամենի տներ՝ հողածածկույթ գմբեթակիր տանիքներով, կենտրոնում՝ երդիկ, ինչպես և նոր տներ՝ լուսամուտներով: Պարզ մի ժողովուրդ, հավատացյա՞լ, անհավա՞տ՝ չգիտեմ:
  Ես՝ արևից այրված մի տղա՝ այնտեղ՝ ժայռից-ժայռ թռչող, խաղի մեջ սուզված, անտխուր, մինչև երեկո, մինչև արևը թաքնվեր...
  Պատերազմի տարիները: Քաղց, անհայրություն.... Հորս վերադարձը: Ռազմի շորերը հագին: Առավոտ է, գրկել է ինձ, մեր շուրջը ժողովուրդ... Մանկությունս, որ արտացոլվել է մի անտիպ պոեմում՝ «Մենք» վերնագրով ՝ գրված 1964-ին: Մենք՝ պատերազմի ժամանակվա երեխաներս.

                «Հասկ հավաքեցինք դաշտերում անտեր,
Որպեսզի լցնենք մարդկային հոգու պարկը դատարկված...»:


   1949 թվական: Ապրիլ: Մեր ընտանիքը Հիկտեմբերյանի շրջանի Նոր Ամասիա գյուղում է: Շոգ ամառվա օրեր: Մորս հետ չանաք եմ անում կոլխոզի բամբակի դաշտերում: Միայն մեկ տարի այստեղ: Հետո՝ քաղաք Հոկտեմբերյան: 7-րդ դասարանը ավարտեցի արդեն Երվանդաշատ գյուղում: 1958-ին ավարտեցի Երևանի Լեռնա-մետալուրգիական տեխնիկումը: Ուսանողական այդ տարիներից էր, որ հրապուրվեցի գեղարվեստական գրականությամբ: Վահան Տերյանի ծավալուն հատորը՝ կազմին նկարած երեք տերև, մեկը կարմիր, երկուսը՝ սև... Տխուր մեռան կապուտաչյա երազներս երկնաշող... 1958-1961թթ.՝ Խորհրդային բանակ:
1961-ից Երևանի Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող եմ: 1964-ի ձմռանն էր: Ֆակուլտետի պատի տախտակին իմ մեքենագիր բանաստեղծութուններն են: Հետո՝ քննարկում: Ներկա են Համո Սահյանը, Ռազմիկ Դավոյանը: Առաջին անգամ իմ բանաստեղծությունների մասին դրվատանքի խոսքեր ասացին անվանի մարդիկ՝ Էդվարդ Ջրբշայնը, Համո Սահյանը: Հաջորդ առավոտյան «Գրական թերթ»-ում Հ.Սահյանը, որ թերթի գլխավոր խմբագիրն էր, տպագրեց իմ մեկ բանաստեղծությունը «Նոր անուն » խորագրի տակ: 1967թ. «Հայպետհրատ»-ը մերժեց բանաստեղծություններիս առաջին ժողովածուն: «Այս օրը իմն է» առաջին փոքրիկ ժողովածուս տպագրվեց տասնմեկ տարի անց՝ 1978 թվին: Մինչ այդ ալմանախներում («Ձնծաղիկներ», «Նոր ձայներ») և գրական մամուլում երբեմն տպագրվում էի: Այնուհետև ևս երկու գրքեր՝ «Հայացք» (1984), «Ամպեր»(1988թ.): Իմ գրքերի մասին մամուլում գնահատող թռուցիկ արձագանքներ շատ են եղել, բայց լուրջ վերլուծություն՝ ոչ, բացառությամբ «Լրագիր » օրաթերթի 1996թ. դեկտեմբերի 25-ի համարում տպագրված բանասեր Լևոն Սարգսյանի «Ահա մի բանաստեղծ» վերնագրով դիմանկար-հոդվածի՝ իմ բանաստաղծությունների շարքով հանդերձ: 1989թ. դարձա ՍՍՀՄ գրողների միության անդամ: Խորհրդային իշխանության փլուզումից հետո, նույն թվականին դարձա ՀԳՄ անդամ: Մեկ տասնյամյակ հետո փոքր տպաքանակով, իմ ծախսերով տպագրել եմ «Հույզեր» վերնագրով բավական ծավալուն մի գիրք, որի էջերում ընդգրկված են նաև 19-20դդ. Ֆրանսիացի և ռուս բանաստեղծների՝ Ալբեր Սամենի, Պոլ Վեռլենի (ֆրանսերենից), Ֆեոդոր Տյուտչևի, Կոնստանտին Սլուչևվսկու, Ալեքսեյ Ապուխտինի, Կոնստանտին Ֆոֆանովի, Ֆեոդոր Սոլոգուբի, Կոնստանտին Բալմոնտի մի շարք ստեղծագործությունների իմ թարգմանությունները: 2004-ին ՀԳՄ հրատարակեց իմ բանաստեղծություններից մի ժողովածու(«Ընտրանի»), որում տեղ են գտել ինչպես նախորդ ժողովածուներից բանաստեղծություններ, այնպես էլ անտիպ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Բանաստեղծը» ծավալուն պոեմը: Այդ գրքի արժեքավոր առաջաբանը գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զավեն Ավետիսյանը: 2005թ. ՀԳՄ հրատարակած «XX-դարի հայ պոեզիա» անթոլոգիայում տեղ են գտել իմ վեց բանաստեղծությունները: Այժմ «Ապրումների սանդուղքով» խորագիրը կրող անտիպ ժողովածուս հանձնել եմ ՀԳՄ հրատարակությանը՝ տպագրելու համար: Սկզբնական շրջանի իմ բանաստեղծություններում գերիշխողը, իրոք, մենակության տրամադրություններն են, խորը դրամատիզմով հագեցած թախծի ու վշտի բանաստեղծական արտահայտությունները՝ խորհրդանշական-պատկերային ինքնատիպ համակարգով, ինչպես բնորոշել է գրականագետը գրքի առաջաբանում: Սակայն հետագայում իմ նոր բանաստեղծություններում ավելի ու ավելի են խտանում լուսավոր, պայծառ գույները: Այդ տրամադրությունները հակադրված են գորշ, անհոգի և մռայլ իրականությանը: Քնարական անձի, այդպես ասենք, հոգու աչքերը ուղղված են դեպի հեռուն, դեպի լույսը, կապույտը, դեպի պայծառ, խոր երկինքը, դեպի ամպերը, որպես ազատության, թեթևության, մաքրության իմաստակիրների, որպես աստվածային գեղեցկության արտացոլիչների, և, վերջապես, դեպի Աստված: Իրականության մեջ գերիշխող բացասականության բևեռացումներին հակադրվում են ներանձնյա լուսավոր ապրումները՝ մերթ խոսքի բուռն, փոթորկուն կամ ռիթմիկ-երաժշտական ծավալումներով, մերթ էլ կամերային, ներհուն, մեղմ-քնարական բռնկումներով: Իմ ստեղծագործությունը կարելի է բնորոշել որպես համադրության պոեզիա. անհանգ-ռիթմիկ բանաստեղծություններ /վերլիբր/, սպիտակ կամ անհանգ, ինչպես նաև հանգավոր-տրադիցիոն բանատողով գրված չափածո: Խոհա-փիլիսոփայական բանաստեղծության կողքին շնչում և թրթռում է մեղմ, քնարական բանաստեղծությունը, խորհրդանիշ պատկերների ենթատեքստում, բացի ներաշխարհի հոգևոր արտահայտություններից, կարդացվում են նաև ռեալ իրականության իմաստները: Հոգևոր բանաստեղծությունները բաժանվում են երկու խմբի՝ զղջման, ապաշխարանքի աղոթքներ և խնդրվածքներ, ինչպես նաև Արարչին նվիրված փառաբանության երգեր, չարության աշխարհից փախուստի և ազատագրության պոեզիա: Նշված ընտրանու ներածականն ավարտվում է հետևյալ եզրափակիչ խոսքով. «Անուշավան Արշալույսյանը զգայուն, գրական աղմուկներից հեռու, Աստծու խոսքին ունկնդիր ինքնամփոփ բանաստեղծ է»: Այս բնորոշմամանը ես ամբողջովին համաձայն եմ:


Նորույթ...

      Ի Ն Չ Պ Ե Ս

Ինչպե՞ս խորհենք, որ ճիշտ լինի,
Ինչպե՞ս բուժենք հիվանդ հոգին,
Որ մարմինն էլ առողջ լինի,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս  լույսը մենք տարբերենք,
Որ խավարին կուլ չգնանք,
Ինչպե՞ս ուխտը մեր կատարենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս ներհակ մտքից փախչենք,
Ինչպե՞ս պայծառ ճառագենք մենք,
Ինչպե՞ս սիրտը մաքրագործենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս հոգսը վանենք հեռու,
Ինչպե՞ս զվարթ մենք ծիծաղենք,
Ինչպե՞ս վախից ձերբազատվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս վիշտը հալոցք դնենք,
Հալենք, վառենք, դարձնենք խարամ,
Ինչպե՞ս Չարը մենք խիստ ատենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս սրտին մեր կշտամբենք,
Ինչպե՞ս նրան դաստիարակենք,
Ինչպե՞ս սիրենք մերձավորին,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս դառնանք լրած լուսին,
Ինչպե՞ս դատենք ու մտածենք,
Որ անցյալը վիշտ չբերի,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս գտնենք պայծառ մարդկանց,
Ինչպե՞ս Աստծուց չդժգոհենք,
Ինչպե՞ս նորից վերածնվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս հարցեր էլ չտանք մեզ,
Ինքնադժգոհ չլինենք միշտ,
Ինչպե՞ս մեզ հետ ողջագուրվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Էլ չկռվենք, չբորբոքվենք,
Ինչպե՞ս մի օր արթնանանք, որ
Առավոտը լինի վսեմ,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս պայծառ աղբյուր որպես,
Դառնանք անմեղ ու կարկաչուն,
Ինչպե՞ս Աստծուն նվիրվենք մենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…
				2012թ.














Գտեք Facebook-ում.



Գտեք Wikipedia-ում.






Free Web Hosting