ՀՈԳԵՎՈՐ ԴԱՐՁԻ ՄԵՆԱԿՅԱՑ ՎԿԱՆ
   Մեզ ուղեկցող երկրային կյանքի ծուռընթացն ապտակող հրապարակախոս պոեզիային զուգընթաց մեզանում սկիզբ է առել գեղարվեստական մտածողության մի որակ, որի պոետական խոսքի համատեքստում գնալով արթնանում է հոգևոր դարձի այլևս անկանխելի գիտակցությունը:
   Այն սկսվեց վաղամեռիկ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի սուրբգրային խոսքին ու ոճին ապավինած բանաստեղծություններով և շարունակվեց ու շարունակվում է որակական նոր և ինքնատիպ մակարդակի հասցված Անուշավան Արշալույսյանի բանաստեղծություններով, որոնց ընտրանին, համոզված եմ, իր հոգեպարար ներազդումներով կգրավի եթե ոչ զանգվածային, ապա անպայման էլիտար ընթեցողների ուշադրությունը:
   Ժամանակակից գրականության, մասնավորապես` պոեզիայի, ինչպես նաև երաժշտության ու կերպարվեստի մեջ այս ճանապարհը բռնած ուրիշ աջակիցներ էլ կան, որ բնական եմ համարում, նկատի ունենալով մեր ոչ վաղ անցյալի գաղափարական արգելափակի համառությունը, որ երկար տարիներ ընդդիմանում էր ճշմարիտ հավատից սնված բանաստեղծական ապրումին: Այսօր, բարեբախտաբար, գրականությունը ազատագրված է մարդկային հոգու աստվածալույս ճախրը կաշկանդող այդ չարիքից և հնարավորություն է ընձեռված փրկել ՙերգերը մեր` խոցված նյութից՚:
   Սակայն մարդու հոգու ազատությունը ամենևին չի երաշխավորում նյութական աշխարհի մեջ նրա` կենսական հոգսերից ազատվելը, ավելի ճիշտ է ասել` դրանց առաջնային դարձնելը, որ մարդուն գամում է մեղսածին նյութին: Այստեղից է գալիս Անուշավանի ՙցնորական՚ հեռուներին հասնելու երազանքը, որ այնքան գեղեցիկ է հնչում այս երկտողի մեջ.

           ՙԴեպի ու՞ր սպիտակ, լուսազա’րդ ամպեր,
Դեպի ու՞ր եք երազորեն սահում…՚


   Այս բանաստեղծական զտարյուն պատկերում արտացոլված է մեզ ժամանակակից բանաստեղծի հոգու վիճակը, որ կարող է հաղթահարվել միայն երազային հույսերի երևումներով: Բանաստեղծը իր, նաև մեզ համար ջանում է հայտնաբերել այն կուսական տարածքը, որտեղ հնարավոր է հաղորդակցվել փրկարար Աստծո հետ:
   Հեռացումի և մենակության զգացումը մեր պոեզիայի հավերժական ուղեկիցն է (Տերյան, Մեծարենց), իրականության անողոք խաթարումներից փրկվելու միակ միջոցը: Այստեղ է, որ նյութը արհամարհող բարձր մարդու հոգին կարող է ապրել աստվածային լիարժեք կյանքով.

ՙՕ~, հեռունե~ր, հեռունե~ր, ցնորական ու կապույտ… ՚

   Այստեղ է, որ հնարավոր է դառնում ՙՄութից պեղել կապույտ դյութանք՚:
   Սա ուրիշներից հեռու, ինքն իրենով ապրելու անհատապաշտ զգացում չէ, պարզապես փախուստ է հաշվենկատ իրականությունից, ուր խաթարված են մարդկային բարոյականության վերուստ սահմանված նորմերը, որոնցից կարող է շեղվել միայն մահվան անխուսափելիությունը մոռացած մարդը: Այս հավերժական դիլեմայի լուծման խորախորհուրդ մտահոգությունը կարող է ունենալ միայն հավատավոր մարդը: Դեռ երբ է, հա՛, հանճարեղ Նարեկացին իր ժամանակակիցներին և մեզ` հետնորդներիս, մատնացույց արել. ՙԳնում ենք անդարձ ու չենք սթափվում՚:
   Անուշավան Արշալույսյանը, որին ես մոտիկից գիտեմ, և’ իր անձնական կյանքում, և’ իր բանաստեղծության մեջ բացարձակապես ազատագրված է սոսկ ինքնահաստատման գնացող քաղքենիական ձգտումներից: Եվ սա ոչ թե անհատականության դրսևորում է, այլ փախուստ է այդ անհատականությունից: Բանաստեղծը չի ընդունում այս քաղքենիական, ինքնապարար էգոիզմը, որը հատկապես երևում է նրա ՙԵս ու քաղքենի այդ աշխարհը՚ բանաստեղծության մեջ, չի ընդունում բազմամբոխ բոհեմիկ խրախճանքը (ՙՈչ էլ սիրում եմ խմբեր ու թափոր՚):
   Նա իր բանաստեղծությամբ պարզապես ազդարարում է ճշմարիտ մարդու, ցավոք, մենակ լինելու դատապարտվածությունը: Հենց սա է Անուշավան Արշալույսյանի բանաստեղծության ՙթաքնված՚ արդիականությունը:
   Այսօր, իսկապես, մարդը իր ծանրաբեռ հոգսերի մեջ մենակ է, ինչպես` երբեք, ուստի նա իր փրկությունը չի կարող որոնել նեխած քաղաքների մաղձոտ շփոթում, ուր գայթակղիչ նյութին հասնելու մրցավազք է, աննյութեղեն հոգու մոռացություն: Այս ցեխի մեջ չհայտնվելու մտահոգության ճիչն է այս քառատողը.

Դադարեցրու, Տե’ր, հողմերը բոլոր,
Ձյունամրրիկը հանիր իմ խորքից,
Վարիր հուսաբեկ նավը իմ հոգու
Դեպ խաղաղաբեր եզեքը Քո սուրբ:

   Ահա այսպես է նա ձգտում մարդկանց հոգին նորոգել աստվածային հավատով, որ առավել ցայտուն է երևում ՙՍիրտս՚ բանաստեղծության մեջ, ինչը իր հոգեզգացողության ճշմարիտ պատկերն է` ներաշխարհի երկփեղկվածության դրաման, որից ազատվելու համար բանաստեղծը ջանում է հայտնաբերել ՙիսկական մի ելք՚:
   Երկրային մեղքերից ազատագրվելու և աստվածային սիրով ապրելու մոտիվները առավել ցայտուն են արտահայտված նրա հոգևոր բանաստեղծություններում, որոնք բնույթով կամ աղոթքային են, կամ ապաշխարանքային: Երկու դեպքում էլ արտահայտված է բանաստեղծի հոգու ձգտումը դեպի աստվածային լույսը, դեպի աստվածային սերը, քանի որ մարդկային սերը մարդու նկատմամբ ինչ որ տեղ սպառվում է, որտեղից էլ սկսվում է մեղքը: Սա խորքային պլանով նորից գալիս է հավատավոր մարդու մենակությունից. ՙԵվ լուսնի նման մենակ եմ այսօր՚: Այս մարդկային մենակությունն ազդարարող տողերը ժողովածուում քիչ չեն: Բանարվեստի առումով ի՞նչն է այստեղ ուշագրավը: Իր համարյա բոլոր գործերում Արշալույսյանը հաճախ է դիմում այնպիսի բնանկարային նշանների, մետաֆորների (ՙարծաթ լճեր՚, ՙիրիկնային ամպեր՚, ՙառու՚, ՙլուսին՚, ՙծառ՚ և այլն), որոնք բանաստեղծին սոսկ հոգեհարազատ, տեղայնացված, բնաշխարհային մասունքներ չեն, ինչպես ասենք, Համո Սահյանի բանաստեղծություններում. սրանք բոլորն էլ խորհրդանիշների դերում են, որ հատուկ է հոգևոր բանաստեղծությանը: Բանաստեղծի վերահայաց հոգու ճիչը կարող է լսելի լինել միայն ՙհրաշեկ, անծայր հորիզոններում՚:
   Բանստեղծությունների ուշագրավ ընտրանին եզրափակվում է ՙԲանաստեղծը՚ ծավալուն պոեմով, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե նրանում շրջանցվում է չափի զգացողությունը, ուստի կասկածել նաև հաջողությամբ պսակված լինելու մեջ` հաշվի առնելով այս վերջին տարիներին մեզանում պոեմի ժանրի հետընթացը: Սակայն այս քնարաշունչ ստեղծագործությունը ընթերցելուց հետո կանխակալ վերագրումները չքանում են, փոխարինվում մի գեղեցիկ տպավորությամբ, որ ընթերցողը համակվում է զգացմունքների ճոխությամբ հագեցած գեղարվեստական խոսքից: Ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է ուզում սրա անհանգիստ հոգին. հարցեր, որոնք որքան հին են, նույնքան և` նոր: Այս առումով էլ Անուշավանի պոեմի հարցադրումներն ու ընդգրկումները միանշանակ չեն, մանավանդ որ վերջիններս ուսուցանող, օրենսդրական կանոնիկություն չունեն, իսկ եթե ունեն էլ, տարրալուծված են բանաստեղծական պատկերների զգացմունքային տիրույթներում: Ուրեմն, պոեմը ոչ այնքան բանաստեղծություն է բանաստեղծի մասին, որ ենթադրում է խորագիը, այլ բանաստեղծություն բանաստեղծության հայտնության մասին, որի արարողը պիտի կոչված լինի վերուստ, հոգեպես մաքրված լինի հողեղենի գայթակղիչ արատներից, որպիսիք Նարեկացին է, Օվիդիոսը, Բայրոնը, Հայնեն և ուրիշ մեծերը: Ճշմարիտ բանաստեղծները, որոնք ապավինում են Աստծուն, մշտապես իրականացնում են բանաստեղծի համար վերուստ սահմանված պարտականությունը` ապրել անանձնական սիրով, կրել ուրիշների մեղքերի ծանրությունը.

Գնում է նա դատապարտված`
Ձեր մեղքերի բեռան ներքո…

   Սա է ճշմարիտ բանաստեղծության ու բանաստեղծի հավերժական ակունքների գոյության ու կոչվածության միֆը:
   Պոեմը ծայրից ծայր շնչում է բանաստեղծական հոգեվիճակների էքսպրեսիվ ցոլանքներով, սոնետային կրկնարկող ետադարձներով: Պոեմի կառուցվածքը ինչ-որ տեղ փխրուն է, մասերի սահմանները` դժվար նշմարելի: Այն բանաստեղծական մտորումների շարքեր են, որոնցում ջնջվում են քնարական բանաստեղծության ու պոեմի ժանրային սահմաննները:
   Անուշավան Արշալույսյանը զգայուն, գրական աղմուկներից հեռու, Աստծո խոսքին ունկնդիր ինքնամփոփ բանաստեղծ է:


Զավեն Ավետիսյան. բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

 Ի    ԽՆԴԻՐ    ԱՅԼՈԻԹՅԱՆ
                                    
                       Կրակներն իմ, հուրերը պահում են ինձ,
                           Դեռ պահում եմ բա՜րձր, բա՜րձր խոհերն իմ,
                           Դեռ պայծառ է սիրտս արթուն, չի մեռնի,
                           Ես մի մարդ եմ՝ եկած հեռու մի աստղից:

	Այս <օտարականին>,  <հեռու մի աստղից եկած> այս մարդուն՝
Անուշավան Արշալույսյանին ճանաչում եմ վաղուց,
դեռևս 1960-ական թվականներից:
Հիշում եմ նրա բանաստեզծություններից մեկը՝
տպագրված <Գրական թերթում>, որտեղ ասվում էր. 
          Երկնի կապույտ հեռաստաններից
            Երկայնաբազուկ մի ձեռք,
            Թե՞ ազնվագույն մի սիրտ,
            Թափում է ահա ճերմակ բարություն: 
                       (<Ճերմակ բարություն>)
	Հետագա բանաստեղծություններում բանաստեղծը հավատարիմ
մնաց իր պատանեկան ու երիտասարդական նախասիրություններին,
կարծես ի ծնե կողմնորոշված լինելով դեպի երկինքը,
դեպի կապույտն ու սպիտակը՝ երազայինի և մաքուրի
խորհրդանիշները... Իսկ պոետական հավատարմությունը՝
զուգակցված ճշմարտասիրության հետ, մեծագույն արժեք է՝
ինչպես մարդ-անհատի, այնպես էլ ողջ հասարակության և ողջ սոցիումի համար:
Հետագա բանաստեղծություններում (բանաստեղծական ժողովածուներ,
դրանցում զետեղված պոեմներ ) Անուշավան Արշալույսյանը հավատարիմ
մնաց ևս մեկ բարձրագույն արժեքի՝ մարդ-քաղաքացու և պոետի այն տիպարին,
ով հեռու է, շատ հեռու սուտ քաղաքացիական ու սուտ ազգայնական
ցուցադրումներից՝ նմանվելով լայնահուն գետի խաղաղ,
բայց և հուժկու հոսանքին, որ անդադար հեռանում է
իր ափերին ծաղկող թունավոր կանաչությունից՝ դեպի ծովային հեռուները:
Նա, որպես բանաստեղծ, դեռևս 1960-ական թվականներին է ձևակերպել իր՝
<օտարականի> հավատո հանգանակը՝ հեռու մնալ սոցիալական կյանքի
ջղաձգումներից, որպես դիվահարության վիճակներից, դրան հակառակ՝
հասու լինել լռության խորհրդին, գրանցել հովիտների կակաչների
գեղեցկությունը, ցնծալ նրանց նման՝ <մեծ ուրախության շապիկներով վայրի>...
Իսկ 1988-ին գրած իր մի բանաստեղծության մեջ
Ա.Արշալույսյանն արտահատել է պոետական իր բաղձանքը,
որը և դարձել է առաջարկվող ժողովածուի վերնագիրը.
			Արթնանալ ծեգը՝ ծեգին,
			Երկնքի ջինջ ավազանում վկան լինել մկրտության
			Դեռ նոր բացվող առավոտի
			Ու կնքահոր վսեմությանբ ելնել վեր
			Ապրումների սանդուղքով...
					(<Բանաստեղծի երազանքը>)
	Իսկապես, Ա.Արշալույսյանի պոեզիան քայլում է ապրումների,
զգացումների <սանդուղքով>, և սա էլ պոետի երրորդ՝
ամենակարևոր հատկանիշն է: Ճիշտ է,
նրա պոեզիայում զգացմունքին առընթեր քայլում է խոհը,
բայց ամենաառաջին ազդակը, որ ծնունդ է տալիս նրա բանաստեղծությանը,
բանաստեղծական ապրումն է, անմիջական հոգեվիճակը:
Ուստի կարելի է համարձակորեն ասել, որ ի դեմս Արշալույսյանի պոեզիայի,
ընթերցողն առնչվում է ժամանակակից մարդու հոգեվիճակի,
ապրումների գամմայի հետ: Թեև նա նկարագրում է
(ճիշտ կլինի ասել՝ բնութագրում է) բնությունը կամ քաղաքային լանդշաֆտը,
բայց դրանք, ըստ էության, <հոգևոր լանդշաֆտի> արտահայտություններ են:
Այդպիսին է, օրինսկ,1979-ին գրված հետևյալ բանաստեղծությունը.
		Ինչ-որ չար մի ձեռք ինձ կյանքից նետել է հեռու,
		Սիրտս խորհում է, մենության երազում ինչպես,
		Ինձ չեն այցելում, ոչ ոքի ես չեմ այցելում,
		Լռությունս է մեծ, ննջում է սիրտս կարծես,
		Ալիքն իջել է, խաղաղ է ծովը ալեհեծ...

                Ալիքն իջել է, խաղաղ է ծովը ալեհեծ,
		Բայց հուշն այցելում, ելնում է գիշերվա միջից,
		Ելնում է անցյալի մոխրից, ամառվա հրից,
		Արթուն է ծո՜վը... աղետից  ո՞վ կպահի մեզ,
		Անհայտ է կյանքը հուշերի, անհայտ է ուղին...

		Կարծես թաքնված անհայտություն կյանքս թվաց,
		Ինչպես գաղտնի մի եղեգնուտ, ինչպես լռություն...
			                     (<Ինչ-որ չար մի ձեռք>)
	Հոգեվիճակային են նաև Արշալույսյանի աստվածապաշտական գործերը:
Դրանք ծրագրային կամ թեմատիկ չեն, այլ թելադրված են պոետի ապրումով,
պոետ, ով լավագույնս է բնութագրել Աստծուն հաղորդակցվելու իր հայեցակերպը՝
<Լույսը գիտակցող սիրտ ես դարձնում ինձ...> (<Տվեցիր դու ինձ...>):
Ուրեմն, այն մարդն է հաղորդակցվում Աստծո հետ, ով ունի <լույսը գիտակցող սիրտ>,
իսկ մարդը  այդպիսին դառնում է ոչ թե ինքն իրեն վերագրելով այդ արժանիքը,
այլ նա, ում Ինքը՝ բարձրյալ Աստվածն է դարձնում այդպիսին: <Լույսը գիտակցող սիրտ>՝
սա է Ա.Արշալույսյանի իրական բնութագրականը, սրանով է նա տարբերվում իր
այն ժամանակակիցներից, ովքեր թեև թևակոխել են արդեն 21-րդ դարը,
բայց նրանցից շատերը, ցավոք, այդպես էլ չբռնեցին հավատի և փրկության ուղին,
այլ ապավինեցին իրենց համառող և անզիղջ  սրտին, իրենց ամբարիշտ ու անաստված,
խավար խոհերին…  Ապաշխարող պոետը հետզհետե ամոքվելով անհավատության մեղքից,
ավելի ու ավելի է տեսնում Աստծո կենարար և սուրբ ներկայությունը.
		…Մտածող աշուն եմ կարծես, մտածումի պարտեզ,
		Թող որ ամենքը մոռացել կամ հիշում են ինձ չար,
		Սակայն ես ունեմ մտածումի իմ տունը պայծառ,
		Ուր Աստված է բնակվում, Նրանով եմ լցված…
					(Ես սիրում եմ այս աշունը…)
	Մի շատ կարևոր և հատկանշական կողմ՝ Աևշալույսյանի բանաստեղծության համար:
Դա այն է, որ թեև պոետը հակված է մերժել այս կամ այն գեղագիտական հայեցակերպը և,
այսպես ասած, գրքայնությունը (հանուն  անկեղծ հավատքի), բայց, այնուամենայնիվ,
նա ունի որոշակի նախասիրություններ, որոնք առնչվում են հիմնականում
ռուս սիմվոլիստների և անգլո-ամերիկյան պոեզիայի մի շարք ակնառու ներկայացուցիչների
լեզվաոճական ու լեզվապոետիկական դրսևորումների հետ (դա իր դրական ազդեցությունն է
գործել նրա հատկապես առաջին շրջանի բանաստեղծությունների վրա):
Այդ դրսևորումները պետք է ասել, ինտեգրվել, յուրացվել են Ա.Արշալույսյանի կողմից՝
հանդես գալով իբրև նրա բանաստեղծական անհատականության անտրոհելի տարրերը:
Դրանք, յուրացվելով, մեծապես հեռացել են  իրենց լեզվաոճական արքետիպերից և սկսել են
ձեռք բերել նոր առնշանակություններ ու ավետարանական բնութագրեր.
		Ես ողջունում եմ կապույտը երկնքի,
		Եվ ծիծաղում եմ ահա ես զվարթ,
		Եվ նոր խնդությամբ է սիրտս ողողված,
		Եվ բացվող այգն եմ ողջունում խինդով,
		Եվ լռությունը, և բարձրությունն եմ ողջունում արևի,
		Եվ սովորում եմ նորանոր խոսքեր երկնքից…
								<Եվ փչում է սաստիկ…>
	Այն էլ ասենք, որ Ա.Արշալույսյանն այդ դրական ինտեգրումներով կամ յուրացումներով, նախ,
արտահայտել է իր գեղագիտական նախասիրությունները, երկրորդ՝ դրանով իսկ հակադրվել է
ժամանակակից հայ պոեզիայում դեռևս հարատևող <ավանդութային> շաղակրատանքին,
(իմա՝ հանգավոր դիվաբանություններին՝ մեջ-անշեջ, արտեր-սրտեր, կամար-անմար),
 երրորդ՝ առաջ մղելով վերացարկումներով հարուստ հոգեվիճակային պոեզիայի
արժեքավոր նվաճումները՝ կարողացել է զերծ մնալ ինչպես <ազգասիրացուցադրական>
չափածո ելույթներից, այնպես էլ  ժամանակակից հայ մոդեռնիզմից և իր պոեզիայով
մշտապես մատնանշել է նորը, թարմը, գեղեցիկը և հայտնատեսականը ընդհարնապես,
իր եզրույթով ասած՝ <այլը>: Այն <այլը>, որ առկա է <մարգարտե սրտով> մտածող
մարդ-անհատի և <վերին քաղաքացիությունը> խնդրող հավատավոր մարդկության տեսլականի մեջ…
	 Ի խնդիր այս այլության, որը ոչ այլ ինչ է, քան հրեշտակայինի հայտնությունը կյանքի,
խոսքի և գործի մեջ, Ա.Արշալույսյանը բանաստեղծությունից-բանաստեղծություն առավել
մեծ ուժով մղվում է դեպի Խոսքի ավետումը  (այլ ոչ՝ ասացումը), դեպի անմիջական
և ուղիղ հավատքը: Ասվածի հավաստիքն են նրա այս նոր ժողովածուում (<Ապրունմերի սանդուղքով> )
զետեղված բազմաթիվ բանաստեղծություներն ու <Դեպի Աստված> պոեմը,
որոնցում նա կարծես <ծալում>, մի կողմ է դնում տարիներով իր ստացած մշակութային
ուսուցումներն ու գեղագիտական բանաձևումները՝ փարվելով այն Խոսքին,
որ գալիս է երկնքից և կենդանացնում մարդկանց. 
		Օ՜, աստվածների Աստված,
		Արարիչ հրաշքների ամեն…
		… Ասա ինձ Խոսքդ հուսադրիչ ու մեղմ,
		Թող հանդարտվի վիրավոր-վրդովված հոգիս…
		…Ձեռքս բռնիր, գոտեվորիր հույսով,
		Ապաքինության զովություններում ապրեցրու ինձ,
		Քո օրհնված ժայռերի ստվերներում,
		Ճոխ ծաղկունանցդ տեսքը հոգեկազդուրիչ
		Թող վերածնի հուսահատվածիս հայացքը հանգած,
		Թող  չհեռանա Քո խնամքը ինձանից,
		Թող Քո սրբակարկաչ առվի երաժշտությունը
		Շոյի լսելիքն իմ՝ խժալուր ձայներից բթացած,
		Սուրբ ու ալպիական սարերդ հանիր ինձ…
		                            (<Դեպի Աստված>)
	Անուշավան Արշալույսյանի պոեզիայում, կամ ավելի ստույգ ասած՝ աղոթական խոսքում,
այսպիսով, կենտրոնական ու ելակետային է <այլ>-ի ընկալումը, այլության զգացումը,
Աստծո զորությամբ պայմանավորված՝ մարդ էակի հանկարծական փոփոխության
գրեթե շոշափելի տեսլականը (<Աչք փակելու-բացելու  ակնթարթը>՝ հարություն առնելիս):
Այդ տեսլականը իսկապես հոգեկազդուրիչ նշանակություն ունի թե՛ աղոթարկուի,
թե՛ աղոթքի կանչը լսողի համար. առհասարակ նրանց համար, ովքեր հույսով գոտեվորված՝
ամեն վայրկյան սպասում են վերջին օրերի վախճանին՝
երկրի վրա աստվածային Աթոռի հաստատմանը:

				Լևոն Սարգսյան
                               <Հայկական հանրագիտարան>-ի խմբագրության
                                ավագ գիտական խմբագիր
			


ՄՏՔԵՐ

	Խոհը արարման արդյունք է։ Այն բարձր է առօրյա մտորումներից, կենցաղից,
միտք կամ թռիչք կաշկանդող կաղապարներից։ Այն արարվում է ոգու ջանքով,
թրծվում է բանաստեղծի իմաստությամբ ու հորդում է երբևէ… 
Դա եզակի ժամն է այն հաղթանակի, որը, հաճախ, 
ձեռք է բերվում ներանձնական տաժանակրությամբ՝ սևագործությամբ։ 
Այո. զտված ոսկին սևագործ չարչարանքի պտուղ է, 
սակայն անհամեմատ ազնիվը, իկարկե, ոսկեհատիկ բառն է։ 
Սիրով շարադրված այս խոսքը գաղափարական ճշմարտություններ
երևակելու խնդիրներ չունի։ Այս խոսքը իրական շրջապատկեր է, որտեղ առկա է 
 
Կյանք, 
             Ձգտում  և
                              Հաղթանակ։
							  
	Այս գրքի էջերով անցնող յուրաքանչյուր ընթերցող, անշուշտ,
կհայտնաբերի խոհը, որն արարման պտուղ է և ազնվացնելու զորություն
ունի, որովհետև սրբացված է Բանաստեղծի ջանքով և իմաստությամբ։ 
Այս գրքի էջերով անցնող յուրաքանչյուր ընթերցող կհավաքի ոսկեհատիկ
բառերի բերքը և, ապա, է՜լ ավելի հարուստ կդարձնի իր սրտի ամբարները։ 
Այս գրքի յուրաքանչյուր ընթերցող նախ և հետո կըմբռնի,
որ իր ընթերցանությամբ բացահայտել է խոհափիլիսոփայական
մտքի ևս մեկ շերտ, ուր առկա ձգտումը անխուսափելի հաղթանակ է կերտում։
Ահա հենց ա՜յս եզակի ճանապարհով անցնողը կհայտնաբերի
պարզ և պարզությամբ անուրանալի ճշմարտություն. Անուշավան Արշալույսյանը բանաստեղծ է։
Ըմբռնելով մտքի, ապրումների, հույզերի և դեռ չասվածի վերթևումները,
ակամա հասկանում ես, որ սա հենց այն ընթացքն է, 
որը տանում է ՙապրումների սանդուղքն՚ ի վեր։ 
Այնինչ Բանաստեղծը չի պարտադրում իր ապրումները,
այլապես դրանք կվանեին կամ կսառեցնեին։ Բանաստեղծը պարզապես անցել-հեռացել է՝
մարգագետնում սփռված շաղի պես թողնելով իր ապրումները, որոնք, սակայն,
օժտված են քո ես-ը բարձրացնելու, ուղղորդելու կամ առաջնորդելու զարմանալի զորությամբ։
Այո՝ զարմանալի։
	Ես երկար խորհրդածեցի՝ փորձելով հասկանալ, թե ինչով կարելի է բացատրել
այն առանձնահատուկ զգացողությունը, որը դժվար արտահայտելի է բառերով,
սակայն՝ իրական է, որովհետև ծնում է գրքից որոշակի հատվածներ կամ
տողեր վերընթերցելու ցանկություն։ Իմ խոհը ծանր էր մինչ
բացատրություն գտնելը, և, ապա՝ ճշմարիտ էր, երբ սա՜ ճանաչվեց.
այս գրքի բանաստեղծությունները շենշող են ազնվությամբ և հարուստ են
մարդուն անկումներից բարձրացնելու որակով։ Ահա՜ թե ինչ։
Ուստի և՝ միանգամայն արդարացված են Բանաստեղծի թե՜ ընդվզումը,
թե՜ ինքնամոռաց մռայլությունը, և թե՜ խռովքն ու անձնազոհումը։
Եվ բնական այդ ինքնակռիվների, ինքնակորուստների կամ ինքնափրկումների վրա,
հանց ճերմակ աղավնիների մի երամ, իջնում է մանկության գետակներից
հանված բարեհոգի միամտություն, ՙթափանցիկ առավոտների՚ մշուշ,
անցյալում կորսված թանկը ապագայում տեսնելու խիզախություն։ 
Երկա՛ր, շատ երկար կարելի է խոսել, մեկնաբանել կամ վերլուծել՝
շեշտելով հազար ու մի բան, որոնք Գիրքը հանում են շարքային մտքերի գրապահոցից՝
դարձնելով յուրահատուկ։ Թող ընթերցողն ի՜նքը իր սեփական ջանքով լվանա
աղոթք-ապրումների ոսկեբեր ավազը։ Հիմա ես ընդամենը կարող եմ տրամաբանել
իմ լռությունն ու ընդամենը կարող եմ վկայել. ի՜մ ընկալմամբ՝ այս գիրքը արժանի է
դրվելու այն դարակին, որի վրա գրված է. ՙԿյանք, Ձգտում, Հաղթանակ՚։
Այո. հե՜նց այդպես։ Որովհետև այս գրքի արժեքը, նախ և առաջ,
տեսնում եմ կյանքի գնով առ Աստված Ձգտող Բանաստեղծի հաղթանակի մեջ։
Այդ հաղթանակը, թերևս, բաց մաշկ է… Ուստի և ցավ ճանաչելու
չափ հասկանալի է հետևյալ խոստովանությունը.
             
	     Ես մենակ չեմ այլևս, Աստվա՜ծ է ինձ հետ, 
             Դժվար է, իրոք, չարության աշխարհում սիրելը։

	 Անկասկած, սերն է առ Աստված տանող կամուրջը,
և չարը դրա վրա իշխանություն չունի, որովհետև սեր է Աստված՝ ինքը։   
"Օ՛, լինել միշտ այդպես ու փայլել անշեջ…"
Չէ՞ որ այս ձգտումը առկա է ապրումների սանդուղքով բարձրացող
յուրաքանչյուրի սրտում։ Այնինչ այստեղ այլ է հարցը. ի՞նչ կդարձնես դու
քո այդ ձգտումը և ինչպե՞ս կվարվես դրա հետ։ Չխուսափենք համարձակությունից,
Բանաստեղծի աչքերով քննենք տիեզերքի անապատում մեն-մենակ Մարդուն և
Բանաստեղծի բառերով կոփենք մեր սեփական սիրտը.
           
	   Եվ ինչ էլ լինի՝ ձախորդություն, թե վիշտ, 
           Ատելություն, վրեժ, թե զայրույթ անհատնում,
           Կատաղի քամի, ձյունաբուք ամբարիշտ, 
           Ես չեմ կանգնելու, առաջ եմ գնում։

	 Ի՞նչ կտա ընթերցողին իմ խոսքը և ո՞ւր կհասցնեն նրան իմ մտորումները։
Չգիտեմ։ Իմ խոսքը ժայռից ծորացող ջրի պես եղավ։
Երբ կարդում էի Անուշավան Արշալույսյանի ՙԱպրումների սանդուղքով՚ գիրքը՝
մեջքով ժայռին հենված մարդու պես էի։ Ապա և՝ խոսեցի…


                             Սմբատ Բունիաթյան
                             արձակագիր




Նորույթ...

      Ի Ն Չ Պ Ե Ս

Ինչպե՞ս խորհենք, որ ճիշտ լինի,
Ինչպե՞ս բուժենք հիվանդ հոգին,
Որ մարմինն էլ առողջ լինի,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս  լույսը մենք տարբերենք,
Որ խավարին կուլ չգնանք,
Ինչպե՞ս ուխտը մեր կատարենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս ներհակ մտքից փախչենք,
Ինչպե՞ս պայծառ ճառագենք մենք,
Ինչպե՞ս սիրտը մաքրագործենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս հոգսը վանենք հեռու,
Ինչպե՞ս զվարթ մենք ծիծաղենք,
Ինչպե՞ս վախից ձերբազատվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս վիշտը հալոցք դնենք,
Հալենք, վառենք, դարձնենք խարամ,
Ինչպե՞ս Չարը մենք խիստ ատենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս սրտին մեր կշտամբենք,
Ինչպե՞ս նրան դաստիարակենք,
Ինչպե՞ս սիրենք մերձավորին,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս դառնանք լրած լուսին,
Ինչպե՞ս դատենք ու մտածենք,
Որ անցյալը վիշտ չբերի,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս գտնենք պայծառ մարդկանց,
Ինչպե՞ս Աստծուց չդժգոհենք,
Ինչպե՞ս նորից վերածնվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս հարցեր էլ չտանք մեզ,
Ինքնադժգոհ չլինենք միշտ,
Ինչպե՞ս մեզ հետ ողջագուրվենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Էլ չկռվենք, չբորբոքվենք,
Ինչպե՞ս մի օր արթնանանք, որ
Առավոտը լինի վսեմ,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…

Ինչպե՞ս պայծառ աղբյուր որպես,
Դառնանք անմեղ ու կարկաչուն,
Ինչպե՞ս Աստծուն նվիրվենք մենք,
Աստվա՛ծ, օգնի՛ր, օգնի՛ր Դու մեզ…
				2012թ.














Գտեք Facebook-ում.



Գտեք Wikipedia-ում.






Free Web Hosting