ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍՅՆ Ը Ն Տ Ր Ա Ն Ի (բանաստեղծություններ, պոեմ) ՀԳՄ հրատարակչություն Երևան - 2004
		   ՀՈԳԵՎՈՐ  ԴԱՐՁԻ  ՄԵՆԱԿՅԱՑ  ՎԿԱՆ


Մեզ ուղեկցող երկրային կյանքի ծուռընթացն ապտակող  հրապարակախոս պոեզիային
զուգընթաց մեզանում սկիզբ է առել գեղարվեստական մտածողության մի որակ,
որի պոետական խոսքի համատեքստում գնալով արթնանում է հոգևոր դարձի այլևս
անկանխելի գիտակցությունը: Այն սկսվեց վաղամեռիկ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի
սուրբգրային խոսքին ու ոճին ապավինած բանաստեղծություններով և շարունակվեց
ու շարունակվում է որակական նոր  և ինքնատիպ մակարդակի հասցված
Անուշավան Արշալույսյանի բանաստեղծություններով, որոնց ընտրանին,
համոզված եմ, իր հոգեպարար ներազդումներով կգրավի եթե ոչ զանգվածային,
ապա անպայման էլիտար ընթեցողների ուշադրությունը: 
Ժամանակակից գրականության, մասնավորապես` պոեզիայի, ինչպես նաև
երաժշտության ու կերպարվեստի մեջ այս ճանապարհը բռնած ուրիշ աջակիցներ էլ կան,
որ բնական եմ համարում, նկատի ունենալով մեր ոչ վաղ անցյալի գաղափարական
արգելափակի համառությունը, որ երկար տարիներ ընդդիմանում էր ճշմարիտ
հավատից սնված բանաստեղծական ապրումին: Այսօր, բարեբախտաբար,
գրականությունը ազատագրված է մարդկային հոգու աստվածալույս ճախրը
կաշկանդող այդ չարիքից և հնարավորություն է ընձեռված փրկել ՙերգերը մեր`
խոցված նյութից՚:Սակայն մարդու հոգու ազատությունը ամենևին չի երաշխավորում
նյութական աշխարհի մեջ նրա` կենսական հոգսերից ազատվելը, ավելի ճիշտ է ասել`
դրանց առաջնային դարձնելը, որ մարդուն գամում է մեղսածին նյութին:
Այստեղից է գալիս Անուշավանի ՙցնորական՚ հեռուներին հասնելու երազանքը,
որ այնքան գեղեցիկ է հնչում այս երկտողի մեջ. 
		ՙԴեպի ու՞ր սպիտակ, լուսազա’րդ ամպեր,
                Դեպի ու՞ր եք երազորեն սահում…՚
Այս բանաստեղծական զտարյուն պատկերում արտացոլված է մեզ ժամանակակից
բանաստեղծի հոգու վիճակը, որ կարող է հաղթահարվել միայն
երազային հույսերի երևումներով: Բանաստեղծը իր, նաև մեզ համար ջանում է
հայտնաբերել այն կուսական տարածքը, որտեղ հնարավոր է հաղորդակցվել
փրկարար Աստծո հետ:Հեռացումի և մենակության զգացումը մեր պոեզիայի 
հավերժական ուղեկիցն է (Տերյան, Մեծարենց), իրականության անողոք
խաթարումներից փրկվելու միակ միջոցը: Այստեղ է, որ նյութը արհամարհող 
բարձր մարդու հոգին կարող է ապրել աստվածային լիարժեք կյանքով.
        ՙՕ~, հեռունե~ր, հեռունե~ր, ցնորական ու կապույտ… ՚
Այստեղ է, որ հնարավոր է դառնում ՙՄութից պեղել կապույտ դյութանք՚: 
Սա ուրիշներից հեռու, ինքն իրենով ապրելու անհատապաշտ զգացում չէ,
պարզապես փախուստ է հաշվենկատ իրականությունից,
ուր խաթարված են մարդկային բարոյականության վերուստ սահմանված
նորմերը, որոնցից կարող է շեղվել միայն մահվան անխուսափելիությունը
մոռացած մարդը: Այս հավերժական դիլեմայի լուծման խորախորհուրդ
մտահոգությունը կարող է ունենալ միայն հավատավոր մարդը:
Դեռ երբ է, հա՛, հանճարեղ Նարեկացին իր ժամանակակիցներին և մեզ`
հետնորդներիս, մատնացույց արել. ՙԳնում ենք անդարձ ու չենք սթափվում՚: 
Անուշավան Արշալույսյանը, որին ես մոտիկից գիտեմ, և’ իր անձնական
կյանքում, և’ իր բանաստեղծության մեջ բացարձակապես ազատագրված է
սոսկ ինքնահաստատման գնացող քաղքենիական ձգտումներից:
Եվ սա ոչ թե անհատականության դրսևորում է, այլ փախուստ է այդ
անհատականությունից: Բանաստեղծը չի ընդունում այս քաղքենիական,
ինքնապարար էգոիզմը, որը հատկապես երևում է նրա ՙԵս ու քաղքենի
այդ աշխարհը՚ բանաստեղծության մեջ, չի ընդունում բազմամբոխ
բոհեմիկ խրախճանքը (ՙՈչ էլ սիրում եմ խմբեր ու թափոր՚):
Նա իր բանաստեղծությամբ պարզապես ազդարարում է ճշմարիտ մարդու,
ցավոք, մենակ լինելու դատապարտվածությունը: Հենց սա է
Անուշավան Արշալույսյանի բանաստեղծության ՙթաքնված՚ արդիականությունը: 
Այսօր, իսկապես, մարդը իր ծանրաբեռ հոգսերի մեջ մենակ է, ինչպես`
երբեք, ուստի նա իր փրկությունը չի կարող որոնել նեխած քաղաքների
մաղձոտ շփոթում, ուր գայթակղիչ նյութին հասնելու մրցավազք է,
աննյութեղեն հոգու մոռացություն: Այս ցեխի մեջ չհայտնվելու
մտահոգության ճիչն է այս քառատողը.
		Դադարեցրու, Տե’ր, հողմերը բոլոր,
		Ձյունամրրիկը հանիր իմ խորքից,
		 Վարիր հուսաբեկ նավը իմ հոգու
		Դեպ խաղաղաբեր եզեքը Քո սուրբ:
Ահա այսպես է նա ձգտում  մարդկանց հոգին նորոգել աստվածային
հավատով, որ առավել ցայտուն է երևում ՙՍիրտս՚ բանաստեղծության
մեջ, ինչը իր հոգեզգացողության    ճշմարիտ պատկերն է`
ներաշխարհի  երկփեղկվածության դրաման, որից ազատվելու
համար բանաստեղծը ջանում է հայտնաբերել ՙիսկական մի ելք՚: 
Երկրային մեղքերից ազատագրվելու և աստվածային սիրով ապրելու
մոտիվները առավել ցայտուն են արտահայտված նրա հոգևոր
բանաստեղծություններում, որոնք բնույթով կամ աղոթքային են,
կամ ապաշխարանքային: Երկու դեպքում էլ արտահայտված է
բանաստեղծի հոգու ձգտումը դեպի աստվածային լույսը,
դեպի աստվածային սերը, քանի որ մարդկային սերը մարդու
նկատմամբ ինչ որ տեղ սպառվում է, որտեղից էլ սկսվում է մեղքը:
Սա խորքային պլանով նորից գալիս է հավատավոր մարդու
մենակությունից. ՙԵվ լուսնի նման մենակ եմ այսօր՚:
Այս մարդկային մենակությունն ազդարարող տողերը
ժողովածուում քիչ չեն: Բանարվեստի առումով ի՞նչն է այստեղ ուշագրավը:
Իր համարյա բոլոր գործերում Արշալույսյանը հաճախ է դիմում
այնպիսի բնանկարային նշանների, մետաֆորների 
(ՙարծաթ լճեր՚, ՙիրիկնային ամպեր՚, ՙառու՚, ՙլուսին՚, ՙծառ՚ և այլն),
որոնք բանաստեղծին սոսկ հոգեհարազատ, տեղայնացված,
բնաշխարհային մասունքներ չեն, ինչպես ասենք,
Համո Սահյանի բանաստեղծություններում. սրանք բոլորն էլ 
խորհրդանիշների դերում են, որ հատուկ է հոգևոր բանաստեղծությանը:
Բանաստեղծի վերահայաց հոգու ճիչը կարող է լսելի լինել միայն ՙհրաշեկ,
անծայր հորիզոններում՚: Բանստեղծությունների ուշագրավ ընտրանին
եզրափակվում է ՙԲանաստեղծը՚ ծավալուն պոեմով, որ առաջին
հայացքից կարող է թվալ, թե նրանում շրջանցվում է չափի զգացողությունը,
ուստի կասկածել նաև հաջողությամբ պսակված լինելու մեջ`
հաշվի առնելով այս վերջին տարիներին մեզանում պոեմի ժանրի հետընթացը:
Սակայն այս քնարաշունչ ստեղծագործությունը ընթերցելուց
հետո կանխակալ վերագրումները չքանում են, փոխարինվում մի գեղեցիկ
տպավորությամբ, որ ընթերցողը համակվում է զգացմունքների ճոխությամբ
հագեցած գեղարվեստական խոսքից: Ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է ուզում
սրա անհանգիստ հոգին. հարցեր, որոնք որքան հին են, նույնքան և` նոր:
Այս առումով էլ Անուշավանի պոեմի հարցադրումներն ու ընդգրկումները
միանշանակ չեն, մանավանդ որ վերջիններս ուսուցանող,
օրենսդրական կանոնիկություն չունեն, իսկ եթե ունեն էլ,
տարրալուծված են բանաստեղծական պատկերների զգացմունքային տիրույթներում:
Ուրեմն, պոեմը ոչ այնքան բանաստեղծություն է բանաստեղծի մասին,
որ ենթադրում է խորագիը, այլ բանաստեղծություն բանաստեղծության
հայտնության մասին,  որի արարողը պիտի կոչված լինի վերուստ,
հոգեպես մաքրված լինի հողեղենի գայթակղիչ արատներից,
որպիսիք Նարեկացին է, Օվիդիոսը, Բայրոնը, Հայնեն և ուրիշ մեծերը:
Ճշմարիտ բանաստեղծները, որոնք ապավինում են Աստծուն,
մշտապես իրականացնում են բանաստեղծի համար վերուստ
սահմանված պարտականությունը` ապրել անանձնական սիրով,
կրել ուրիշների մեղքերի ծանրությունը.
 Գնում է նա դատապարտված`
 Ձեր մեղքերի բեռան ներքո…
Սա է ճշմարիտ բանաստեղծության ու բանաստեղծի հավերժական
ակունքների գոյության ու կոչվածության միֆը:
Պոեմը  ծայրից ծայր շնչում է բանաստեղծական հոգեվիճակների
էքսպրեսիվ ցոլանքներով, սոնետային կրկնարկող ետադարձներով:
Պոեմի կառուցվածքը ինչ-որ տեղ փխրուն է, մասերի սահմանները`
դժվար նշմարելի: Այն բանաստեղծական մտորումների շարքեր են,
որոնցում ջնջվում են քնարական բանաստեղծության ու պոեմի
ժանրային սահմաննները:Անուշավան Արշալույսյանը զգայուն,
գրական աղմուկներից հեռու,Աստծո խոսքին ունկնդիր
ինքնամփոփ բանաստեղծ է:

                           Զավեն   Ավետիսյան 

           
* * * Մթին անտառում մոլորված, մենակ, Դարձի ճամփա ես որոնել լռին, Երբ կանչել են քեզ լույսերը ճերմակ, Դու երգ ես ձոնել կանչող լույսերին: Ուրիշի վառած լույսով` քո ճամփին, Հաճախ գտել ես ուղի ու կածան, Հաճախ մոռացել լույսեր տվողին Ու լույսի շողն ես երգել դու միայն: Ու չի հասկացել քո մանուկ հոգին, Որ այդ շողերը երգելուց առաջ, Դու պիտի երգես լույսեր տվողին` Ինքդ էլ մի համեստ ջահակիր դառած: 1958 * * * Ընկած էր քարը` անզգա և պաղ, Ընկած այս զուլալ գետակի ափին, Ափիս մեջ առա և մտազբաղ Նետեցի խնդուն ջրերի ծափին: Պղտորվեց ջուրը, ալիքվեց մի պահ, Ու զնգաց նորից կարկաչով այն հին, Ծանր հարվածը ներեց նա հպարտ, Սրտի զուլալը տարավ աշխարհին: Հարվածի հետք են որոնում խորքում, Լացի մի շշուկ ջրերում այս ջինջ, Անհամա՛ր քարեր կան լոկ հատակում, Եվ ուրիշ` ոչի՛նչ, և ուրիշ` ոչինչ… 1961 * * * Պատուհանիս տակ նշենին բուրեց, Կանաչ վարսերին գարուն էր իջել, Արևն էլ ոսկի շողերը փռեց, Ու ստվեր ձգեց նշենին ջահել: Հոգիս գողացավ ստվերն այդ լուսե, Ոչ մի խնդությամբ չեմ փոխի նրան, Թախիծն իմ հոգուն գարունն է հյուսել` Պայծառ նշենու ժպիտը վրան: 1961 * * * Եվ լուսնի նման մենակ եմ այսօր: Անօգությունն այս, որ սիրտ է կոչվում, Անեզրական մութի թևով է գրկվել: Ու մթի մեջ խարխափելով գնում եմ ես` Անվերադարձ, աննպատակ թափառումով լուսնյակի: Ախ, եթե միայն աշխարհից եկող մի թույլ արձագանք, Քո ձայնի նման գեթ մի թույլ հնչյուն Դողդողար հանկարծ անեզրության մեջ Իմ պաղ երկնքի, Եվ ցուրտ, և՜ խաղաղ դիմագծերն իմ Կհուզվեին նորից ժպիտով մանկան: 1965 * * * Ես տրտում եմ, որ գիշերն է սպառվում Եվ ցերեկը անջատում է մեզ բերում, Ես տրտում եմ, որ նավակը մեր սիրո Միայն ես եմ առաջ մղում, Մինչդեռ քաղաքն այս բազմածուփ Մեզ կործանում է խոստանում: Ես տրտում եմ, որ մենակ եմ թափառում, Ցուցափեղկերն ու շքախումբն իրերի Նայում են ինձ և դավադիր, և ծաղրալի: Ինչ-որ տագնապ կա դեմքերին Եվ անծանոթ, և՜ օտար: Եվ կանայք այս, որ առկայծում են ու անցնում, Շարժուձևեր ունեն մեղսոտ Եվ կարոտներ կասկածելի: Ահ, ինձ ոչինչ չի պահի, Չի պահի, Առագաստս պատառոտում է քամին, Ես տրտում եմ, որ գիշերն է սպառվում Եվ ցերեկը անջատում է մեզ բերում: 1972 ՎԵՐԵԼՔ Դեպի նոր հորիզոններ, հոգի՜ս, դեպի նոր… Քեզ ոչինչ և ոչ ոք չի կարող խոչընդոտել: Մի հարցրու ոչ ոքի, ոչինչ մի՜ հարցրու, Հարցրու դու քեզ, Պատասխանը հարցիդ ըմբոշխնիր, Ինքդ տես ու հասկացիր, ու քայլիր Դեպ իրիկուններ միգոտ` Փոշոտ ճամփեքի եզրին: Ծանոթացիր խոնջ ուղևորի հետ, Ու հեռացիր - գնա, ի՞նչ ցավ, Դիմավորիր այգը անծանոթ մի բլրի վրա, Քայլիր դեպի նոր հրդեհումներ, հոգի՜ս… Այնքան, դու այնքան, դու այնքան գնա, Մինչև քո խորքում կասկածի նշույլ չմնա… Վերադարձը կլինի ցնծագին մի տոն… 1972 * * * Ինչպես եմ սիրում բնության այս պահը, Երբ մեղմ խամրում են գույները, Երբ ննջում են խոտը, գետաքարը, առուն, Երբ հուշը լուսավոր է, հորիզոնը` անբոց, Երբ խոհուն է սիրտդ, լռությունը` անգոց: Ելնել առավոտը վաղ, երբ չի ցնդել ցողը Երկնային ցոլքերում կարմիր, Երթալ բլուրով ու դաշտով քայլել, Պարզ, նորածին երազը գուրգուրել Լռության ճերմակ խանձարուրներում: Բնության բոլոր գույները անդորր Հոգուց ցողվում են դաշտ ու բլուրին, Լուսավորում են, առկայծում մի պահ Ու նորից հանգչում լռության խորքում, Լռության հոգում մտնում են խոր քուն: 1972 ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Ուժ տուր հոգուս` Ապրեմ մինչև կեսօր, մինչև գիշեր, Մինչ առավոտ ուժ տուր` ապրեմ: Տուր ինձ օրեր` լցված տխուր մարդկանց երգով, Բանականության կիզիչ լույսով դու թրթռա Եվ զգացումներիս ալեբախության միջից Մարգարիտներ շպրտիր դու ափ: Չէ՞ որ տեսա, Տեսա գետեր հոսող արյան, Տեսա ծովերն ատելության, Եվ չարության եռացող օվկիանոսը Քղանցքներս հոտոտեց: Տեսա օձը` իմաստուն և վտանգով լեցուն, Տգիտությունն արհամարհանք թափեց գլխիս, Լռությանս մոտիկ նստած, բառի շեղջեր ծխեց իմ շուրջ: Եվ այդ ծխում սիրեց, որ ես լցվեմ ցավով, Զգամ լքված, Այնքա՛ն լքված, որ լաց լինեմ կյանքս այստեղ` Թե դարձել է մի սիզիֆյան տքնանք իզուր: Ուժ տուր հոգուս` Ապրեմ մինչև կեսօր, մինչև գիշեր, Մինչ առավոտ ուժ տուր` ապրեմ: Չէ՞ որ տեսա դեմքը կյանքի, Ու պատկերներ, Ու պատկերներ տարաշխարհիկ: Ուժ տուր նաև գրեմ նրան, Ով աշխարհն է տեսնում այսպես, կամ քիչ տարբեր, Եվ փխրուն է սրտով ինձ պես, և ապրում է Անձկություններ` հայտնի-անհայտ, Երբ լքում է ներշնչանքը մի պահ նրան: Ուժ տուր գրեմ` թող իմանա, վերջապես, նա, Թե կա մեկը, որ իր պես է հոգում ապրում, Որին, սակայն, չի ճանաչում ինքը երբեք, Եվ, Ո՛վ իմանա` ո՜ր տիեզերքից, Կամ ո՜ր մոտիկ իր անկյունից, Իր ահա այսպիսի մի բաց նամակն է գուցե Անհայտ եղբորն իր հղում հիմա… 1972 ԻՆՉՊԵՍ ԵՄ ԵՍ ՍԻՐՈՒՄ… Ինչպե՛ս եմ սիրում ես աչքերիդ բոցերը հանդարտ, Կենսական հոգսերից հեռու, երազորեն վճիտ, Երբ նայում են նրանք հեռու՛ մայրամուտի հեռուն, Մինչ շարժում եմ ես թիերը նիրհող մեր նավակի, Ու լճակի վրա հանկարծ բարձրանում է քամի: Աչքերդ նայում են հեռու՛ մայրամուտի հեռուն, Մինչդեռ կրծքիս տակ ելնում են ալիքներն Ու ընկնում, Մինչդեռ սիրտս ներծծված է աղիությամբ նրանց, Գոռոցներով վայրի, Ու իմ հոգում ձայների գոտեմարտ է հար, Վերելք է ու անկում… Ինչպե՛ս եմ սիրում ես աչքերիդ բոցերը հանդարտ, Երբ քեզ թվում է, թե թիերն եմ շարժում մեր նավակի, Որ սուզվենք վարդաստանը մենք` մայրամուտի կարմիր… 1973 ՍԻՐՈՒՄ ԵՄ ԹԱՓԱՌԵԼ Люблю одно: бродить без цели… В.Брюсов Սիրում եմ թափառել աննպատակ, Փողոցների անծանոթ հեռևում Կորչել… Մայրամուտի լույսերում, Երբ հրե են դեռ կտուրները տների, Սիրում եմ մոռանալ, չհիշել Եվ չարը, և` բարին աշխարհի… Երբ հրե եմ դեռ… Մոռանալ դեմքերն ինձ ծանոթ, Թե տառապած, թե անգութ Դեմքերն ինձ ծանոթ… Որ տվել են մի օր ինձ Թե վիշտ անպատում, Թե թույն կորստյան: Բայց ես հոգով թեթև՛ եմ. Մոռանալ, Թափառել աննպատակ` Սիրու՛մ եմ… Փողոցների բաբելոնյան բլբլոցում Կորչե՛լս եմ սիրում: Մշտապես սիրում եմ փոխվել, Մոռանալ, թափառել, Փոխվել, Երբ արևն է սուզվում, Երբ հրե են կտուրները դեռ, Կամ ցայգալույսն է երբ արդեն Արարվել: Ես չեմ ասում` ախր ի՞նձ ինչ, Որ մաղձ կա ու չար` Աշխարհում, Այսչափ, Բայց սիրում եմ ես հիմա, Երբ թափառում եմ մենակ, Զգացումներիս ծովը հարաշարժ Խիստ բանականության Ափերի մեջ զսպել: Դա երկնայի՛ն է… Ես սիրում եմ թափառե՛լ աննպատակ, Փողոցների անծանոթ հեռևում Կորչե՛լ… 1974 ԲԱԼԼԱԴ Գլուխ ունեի, բարեկամնե՜ր, մի ժամանակ, Գլուխ ունեի, Հասուն արտ էր ծփանքի մեջ, Հավատացե’ք: Չգիտեմ ինչ թռչուններ` անկշտում ու չար, Ծլվլոցով դատարկ երգի, Կերան, Կերան, Կերան: Դատարկ հասկեր են օրորվում անվերջ: Աչքեր ունեի, բարեկամնե՜ր, մի ժամանակ, Աչքեր ունեի, Երազների լքությունից անհնար էր պարզապես նայել Իրականության և կանանց աչքերի մեջ: Ես հաճախ եմ հիմա թաշկինակը մոտեցնում աչքերիս Հորանջի արցունքները, Կամ առհասարակ Արցունքները չորացնելու համար: Բերան ունեի, բարեկամնե՜ր, մի ժամանակ, Բերան ունեի, Սենտիմենտալ, ինչպես, ասենք, Տասնիններորդ դարի լուսին: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա Արյունոտված ու ճմրթված Դեղին մի վարդ է հիմա, Թեկուզ ցողունն ամբողջովին Փշերով է շրջափակված: Ձեռքեր ունեի , բարեկամներ, մի ժամանակ, Ձեռքեր ունեի, Ձեռքեր չէին, հավատացե’ք, Ես միշտ թռիչքի մեջ էի: Հիմա միայն քայլելուս են օգնում նրանք: Ոտքեր ունեի, բարեկամներ, մի ժամանակ, Ունեի ոտքեր, Օ, նրանք ի՛նչ նպատակասլաց Ունեին ընթացք, Ունեին ընթացք, Չէին հոգնում բնավ: Հիմա հիվանդ մի մարդ են Տեղափոխում նրանք, Դեպի ու՞ր, Դեպի ու՞ր` Չգիտեմ: 1974 ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Ո՜չ, մի’ հեռացիր, Մի ակնթարթ իսկ մի’ հեռացիր ինձանից, իմ հոգի: Ահա բազմաթիվ ագռավներ կեռակտուց, Ծառից-ծառ, գորշ աշնան երկնքով թռչելով, Սև կռինչների բանաստեղծությունը, Դու չե՞ս լսում, տխուր եթերի մեջ Արտասանում են: Ո՜չ, մի’ հեռացիր, Մի ակնթարթ իսկ մի’ հեռացիր ինձանից, իմ հոգի: Կայենը սպանեց Աբելին… Այժմ էլ բոլոր երկինքների տակ Ամեն օր, ամեն Աստծո օր Կայենը սպանում է Աբելին, Ամեն օր, ամեն Աստծո օր: Դրա համար էլ բազմաթիվ ագռավներ կեռակտուց Ծառից-ծառ, գորշ աշնան երկնքով թռչելով, Սև կռինչների բանաստեղծությունը, Տխուր եթերի մեջ Արտասանում են: Ո՜չ, մի’ հեռացիր, Մի ակնթարթ իսկ մի’ հեռացիր ինձանից, իմ հոգի: Մի’ հեռացիր նաև այն ժամին, Երբ քնած եմ ես: Ինձ տրված ժամանակի մեջ ՄԻ վայրկյան իսկ չեմ ուզում մնալ առանց քեզ: Մենք պիտի երգենք արիաբար Կյանքի և սիրո երգը, Մինչև վերջ, Մինչև մարմինս մահանա, Մինչև վերջ: 1974 ՇՐՋԱՊՏՈՒՅՏ Օրը հեռացավ: Արևը` կարմիր քար, Սուզվեց: Օ, կապու՜յտ լուռ, Դու ի՞նչ ես մեզ խոստանում: Հետո կլինի գիշեր: Հետո արևը կբարձրանա: Օրը կհեռանա, Արևը` կարմիր քար, Կսուզվի: Կապույտից հետո կլինի գիշեր, Նորից արևը կբարձրանա: Օր, գումարած օր, գումարած օր… Տարի, գումարած տարի, գումարած տարի… Դար, գումարած դար, գումարած դար… Ժամանակ, դու ի՞նչ ես մեզ խոստանում: Կռիվ, փլուզում, պոետների սպանություն, Կրակ, սպանություն, Սպանության կրակ, Կրակի սպանություն: Դաշնագրեր, Պատմության դասագիրք, Դասագրքի պատմություն: Կնոջ քանդակ` սև մարմարից, Առանց գլխի և անձեռ: Հերոսիմա, Երեխաներ, Նորավեպեր, Թանգարան: Ձայներ կանանց, Աստվածաշունչ, Խռպոտ երգեր, Նեոֆաշիզմ, Բանաստեղծություն, Ուրիշ ձայներ, Թռիչք դեպի լուսին կամ այլ մոլորակ: Գրություն քարի վրա, Քար գրության վրա, Ո’չ քար, ո’չ գրություն: Լոզունգ, որ չես ուզենա կարդալ: Երկու բերանի շիկացած մոտեցում, Ամառներ, Աշուն, Երկնաքեր քաղաքներ, Ազատության արձան օվկիանի ափին, Ազատության արձան օվկիանի ափին, Նաև այսպիսի բանաստեղծություն… Օրը կհեռանա, Արևը` կարմիր քար, Կսուզվի… Այսպես, Միշտ: Այլևս ոչինչ չգիտեմ: 1975 * * * Ասա՜, իմ երգ, Գիշերներիս մտերմուհի, Ի՞նչ կրակ է քո մեջ վառվում, Երբ տանջանքիս մութ ճյուղերին Թռչկոտում ես միայնակ, Խավարի մեջ միայնակ, Ինչպես հրե խիզախ թռչուն, Ի՞նչ երազներ ես դու կտցում: Ասա՜, իմ երգ, Իմ տանջանքի հրե թռչուն, Երբ նետում ես հայացքը քո Դեպի հեռուն, դեպի հեռուն, Երբ պոկվում ես իմ սրտից, Դեպ ի՞նչ ափեր լուռ կարոտի Թռչենք պիտի մենք անհամբեր, Ի՞նչ է այնտեղ մեզ սպասում: Ասա՜, իմ երգ, Օ, երազի քույր իմ լազուր, Պիտի գտնե՞նք մենք հատուցում` Թեթև, անհուն շնչառություն, Մաքուր երկինք ու կապույտ ծով, Կապույտ հայացք, կապույտ ողջույն, Տանջանքներին փոքրիկ մի նինջ Պիտի գտնե՞նք, ասա՜, իմ երգ… 1975 * * * Կա երկնքում խոր տրտմության մի ալիք, Հեռացել է արևն, ասես, մշտապես, Ծառերը` չոր, ողորմելի, խղճալի, Տրտմություն է հոգուս մեջ էլ ու ճամփիս: Բայց հիշում եմ` երգեր էի ես գրում, Մեծ արև կար երկնքի մեջ, կոհակի, Ապրում ու սիրտ` մի անպաշտպան ալեգրո, Դեռ հիշում եմ խիզախումներս ահագին: Բայց դրսի պես, օդի, քարի, սիրտս` մառ, Փակ աշխարհ է, փակ նստվածք է օրերի, Շշուկ է սոսկ, խոհ է թաքուն, անհնար, Ցածրիկ ջութակ` հառաչանքին միշտ գերի: 1975 ԵՍ ԶԳՈՒՄ ԵՄ, ՍԻՐՏ Ես զգում եմ, սի՜րտ, պատրաստվում ես դու Հուսահատության լռությանը ցուրտ Պատվաստել սիրով երանգներ պայծառ Ու զվարթ նայել խավարի դեմքին. Դու չե՜ս խորտակվել ճնշումից համառ: Կելնենք մենք դեռ, սի՜րտ, գարնանն ընդառաջ, Կլսենք նոր երգ առվի շուրթերից, Նորարար քամին կսուլի սիրով Աստծո աշխարհի մեծության մասին, Աստղի սիրտը մեզ կժպտա վերից, Կժպտա վերից երկինքը համայն. Կյանքը չի թվա անիմաստ ու սին: Օ, կգան օրեր` կլինենք թեթև Հոգս ու ցավերից: Թունավոր հուշից, Հառաչանքներից կազատվե՛նք, իմ սի՜րտ… Ու լու՛րթ կնայենք չարի մութ դեմքին: 1975 ԱՂՈԹՔ Ատվա՜ծ իմ, Աստվա՜ծ… Ծանր է կյանքը, և մարդը մենակ, Մի՜ խստացրու սիրտը մենակիս, Ուղիղ տեսնելու շնորհը վճիտ Մի՜ խլիր ինձնից, Երբ չարն է իմ դեմ` երես առ երես, Մի դարձրու ինձ չար: Կարող եմ ես խոտերով ապրել ճգնավորի պես, Ողջ կյանքս մնալ ցնցոտիներում, Չթեքվել երբեք ճիշտ ճանապարհից: Միայն թե,Տե՜ր, թախանձում եմ Քեզ, Մի խստացրու սիրտը մենակիս: Դժվար եմ ապրում, տեսնում ես դու, Տե՜ր, Ահա մի գեղջուկ երեխայի չափ Նաիվ եմ մնում ցանցում նենգության: Էլ ինչու՞ իզուր, երբ մութն է իջնում, Խտացնում ես Դու տխրությունն հոգում: Թախանձում եմ Քեզ` Տուր ինձ զորություն, որ լավը տեսնեմ, Տեսնեմ ու սիրեմ, Հոգով տկարին ուժ տամ իմ ուժից, Եվ իմ օրերում, այնպես արա, Տե՜ր, Խոտերիդ գրկում հովիդ պես ապրեմ: 1975 ՀԱՅԱՑՔ Հոգնած, ես շրջադարձ կատարեցի բառերի տարածությունից` Պատուհանից դուրս նայելու համար: Չգտնելով ոչ մի լույս, Ես` անլույս, Անիմաստ, Մոտեցրի դեմքս պատուհանին, նախապես վախենալով, Որ ժամերը կհոսեն, հիշեցնելով ինձ, Որ իրենք սահում են իմ կողքից միայն` Անտարբեր, անմասնակից, Տագնապներին ներսիս: Նրանք պիտի հոսեն` Ժամանակի դեմքը ինձ համար Ամբողջացնելով և Դարձնելով զրո: Իսկ ես պիտի սառչեմ նորից Մի հազվագյուտ, Էկզոտիկ կենդանու նման` Ապակուս հետևը կանգնած: Ապակուս hետևը կանգնած` Երկար նայեցի անիմաստ, Անտարբեր տագնապներին` դրսի: Ժամանակը հոսում էր իմ կողքով, Ես գրեթե դառնում էի փայտե` Անշարժ-անձայն, Ես գրեթե դառնում էի փայտե, Երբ հանկարծ գիտակցությանս հասավ Ուռիների պատկերը ձյան տակ: Բոլոր ճյուղերով խոնարհվել, Հակվել էին ներքև Ուռիները ձյան տակ: Ես կարծում եմ, որ մտածում էին Չմեռնելու մասին` Նրանք: Ձյուները չեն անի ոչինչ, Ձյուները չեն անի ոչինչ, Եվ չեն կարող վնասել մարդուն Քամիներն ու գիշերը, Երբ մտածում է նա էլ Չմեռնելու մասին: 1976 ԱՆՑՈՒՄ Եվ իրիկուն է նոր: Հովիտն է իմ դեմ փռված: Եվ լվանում եմ ես հիշողության դեմքը ծեր, Եվ չեմ լսում բարբարոս հնչումը ցերեկվա… Լուսինն էլ բարձրանում է, ինչպես դալուկ սֆինքս, Օ՛, հայացքը հեռու՛, ալիքների միջով սև Սահում է հրաշեկ իմ քույրը, դեմքին լռություն… Եվ ապրում եմ դարձյալ իրիկվա մեջ լուսինոտ, Եվ քամին երգում է ինձ հեռաստանի մասին, Եվ հեռվի թախիծով ես օծում եմ իմ սիրտը… Եվ սիրում եմ դարձյալ ձեզ, օ՛, հնչյուններ գաղտնի, Եվ սիրում եմ դարձյալ անբարբառ երգը հոգու, Եվ սիրում եմ աստղերի վառվող հայացքը սին… 1976 ՀՈԳՈՒՄ ԱՇՈՒՆ Է Հոգում աշուն է, պտուղն է քաղված, Դատարկ ճյուղերն են քարի պես լռում: Մեկ լարանի է ջութակն այս հեծող, Աշնան երգն է ջութակն այս հեծող: Քամին զարկում է` ժայռը հառաչում, Աստղերի դիեր ծովի հատակում, Դեղին տեսիլներ և ուրվականներ, Հոգում աշուն է և խորը անկում: Մի մեծ թիթեղ է մի կտուր բախում` Գիշեր ու ցերեկ, ահա քեզ երգը, Չված մի երամ, մեռնող մի թռչուն, Ահա քեզ նկար, ահա քեզ աշուն: 1976 * * * Լինի ցերեկ, թե աստղաժամ, Օրը լինի թեկուզ մշուշ, Գորշ ու մոխրոտ ամպե վարդեր Հորիզոնում կախվեն թեկուզ, Լռի դաժան քնի ցանցում Քաղաքը մեծ` քարե դեմքով, Ինձ հալածեն հողմն ու փոշին, Ծովի վրա թե բաց դաշտում, Թեկուզ դու ինձ խաբես, իմ կյանք, Դավես բոլոր երազներս, Մութդ նետես սրտիս վրա, Թեկուզ լինեմ ես հալածված Մինչև եզրը խոր անդունդի, Հուդաներով, պիղատներով Լինեմ թեկուզ շրջանակված, Ինչպես Տերը մեր ապտակված` Տարվեմ թեկուզ ես Գողգոթա, Դեռ չեմ ասի` կյանքն է մեռնող Դատարկ հնչյուն, դատարկ մի երգ… Կորոնեմ նոր հնչյուններ, Նոր հնչյուններ հոգուս հոգում, Հոգուս անհուն, խոր գաղտնիքում… Դեռ չեմ ասի` կյանք է մեռնող, Դատարկ հնչյուն… 1978 * * * Հրաշեկ, անծայր հորիզոններ են բացվում իմ առաջ, Նոր թռչուններ են դայլայլում օդում, Նրանց անունները դեռ չգիտեմ: Երկինքն` անսահման, և դաշտը` կանաչ, Ծաղիկներ պես-պես, քաղաքներ, կիրճեր, Ճերմակ ջրվեժի քրքիջը անկանգ Վայրկյանն առնչում է հավիտենության: Գետեր ու խոտեր, խաշխաշներ կարմիր` ցավերից անդին Մեծ ուրախության շապիկներով վայրի, Սիրտս, տրտմության քարանձավից ազատ, Դեռ երգելու է ձեզ` Հրաշեկ, անծայր հորիզոններում… 1978 ԱՄՊԵՐ Արծաթավուն երկնքով մայրամուտի Դեպի ու՞ր, սպիտակ, լուսազա՜րդ ամպեր, Դեպի ու՞ր եք երազորեն սահում: Ես խեղդվում եմ այս նեղվածք-ներքևում, Երազներս դատարկ են, ծիծաղելի, Դեպի ու՞ր եք երազորեն սահում: Այնքան հստակ եք, այնքան թեթև, ու` ծու՜խ … Ես ուզում եմ այստեղ խեղճ կյանքս լքել, Ես ուզում եմ ողջը մոռանա՛լ, փախչե՛լ … Դեպի ու՞ր, սպիտակ, լուսազա՜րդ ամպեր, Դեպի ու՞ր եք երազորեն սահում … 1979 ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ Պոեզիայի արևը դեռ նո՛ր բարձրանում էր Ցողաթարմ դաշտերի վրա Պատանեկան հոգուս: Պատրանքնե՛ր, երկինքնե՛ր ու կապույտ խոսքե՛ր, Ես երազում էի ձեզնով զարդարել Իմ կյանքի օրերը չնչին, Որ վայրաթափ աստղերի պես գիսավոր Թռչում են դեպի անհայտություն: Տարինե՛ր, տարինե՛ր հյուսեցի Գորգը երփներանգ բանաստեղծության, Ինչքա՛ն հույզեր, մտորում անխոնջանք Քամեցի ներշնչված իմ հոգուց: ԵՎ ահա երգերիս բողոքը փոշոտ, Եվ ահա թշնամանք անսահման, Մի խուլ, մի խուլ մենակություն անհայտ Եվ ձմեռային երկինքը եղյամապատ Վաստակեցի ես: 1979 ԴԱԴԱՐ Անցել են արդեն կրակներ ու կանչ, Ցուրտ մառախուղն է իմ դեմքին շնչում, Ոգևորության թեկուզ թույլ ղողանջ Իմ հոգնած սրտին արդեն չի դիպչում: Երեկ թվում էր` դրախտի հավքեր Շուրջս գործում են անհուն մեղեդի, Այսօր մշուշ է, ու չկան երգեր, Չի խոցում սիրտս ձայնը կարոտի… Մի՞թե անցնում է, անդարձ է հավետ` Ինչը թռիչք է ու ձայն է կապույտ` Պետք է փշրվի դաշտերում քինոտ, Ու ընկնի, մնա` կյանքի մեջ այս մութ: 1979 * * * Ես` հուսահատված, չարից ճնշված, Լռել եմ ծխոտ իմ օրերի մեջ, Լռել է հիմա սիրտս խոնարհված, Ինձ չի գրավում ո՜չ խոսք, ո՜չ էլ ձայն: Շրջում են մարդիկ խմբերով անկարգ, Մենակ մարդ տեսնես եթե` գլխահակ, Ուրեմն` զոհն է թափորների նա, Չկա, ուրեմն, գթություն չկա: Ոչինչ, որ ես էլ շրջեցի անհագ, Տեսա արևը` դաժան ու կիզիչ, Լուսնի լույսի տակ խոտերը մենակ Գաղտնիքի խոսքեր շշնջացին ինձ: Ոչ զոհ եմ ուզում լինել ես` անկյանք, Ոչ էլ սիրում եմ խմբեր ու թափոր, Կանցնեմ ճամփան իմ` ցուրտ մենակության, Եվ բուքը ինձ էլ կծածկի մի օր… 1979 * * * Մութը ճեղքած Հրե թռչուն, Թևերով հրե, Ինչպե՞ս են քեզ Կոչում, ասա’, Այս կյանքի վրա: Հրե թռչուն, Թևերով հրե, Թռչուն անահ, Որ ճախրում ես Ոլորտներում` Այս կյանքի վրա: Հրե թռչուն, Թևերով հրե, Սիրտս քեզ պես Միշտ ճախրում է Ոլորտներում` Այս կյանքի վրա: Մութը ճեղքած Հրե թռչուն, Թևերով հրե… Որ ճախրում ես Ոլորտներում` Այս կյանքի վրա… 1979 * * * Մտածում էի ես` թե ինչի՞ է պետք Մարդը մենության, Իր կյանքն ու սիրտը Փլուզումների տեսարան միայն, Մոխիր է դառնում Ամեն լավ ձգտում: Երևի Աստված ինձ խղճաց մի քիչ, Եվ անեզերքի վայրերից հեռու Հովը երազներ ցողեց աչքերիս, Մարդկանց աշխարհում` պայքարի և չար, Շրջում եմ մենակ, Եվ քրիզանթեմն է ծաղկում իմ հոգում: 1979 ՄԵՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԻ ՏԵՐԵՎԱԹԱՓԸ Տերևաթափն է մենության ծառի… Փչում են սառը քամիներն արդեն, Եղյամի այրող դիմափոշին է Ճյուղերը պատում, Եվ անգթորեն ժպտում են վերից խայթերն աստղային: Եվ թռչյունները թռչում են հարավ, Եվ նրանց կանչը Տաք հեռուների մասին է միայն: Նրանց երամը չի իջնում ճամփին` հանգստանալու Մենության ծառին, Տերևաթա՛փն է մենության ծառի… Տերևաթա՛փն է մենության ծառի… Ճյուղերով դեպի անդունդը թեքված, Ապրելով ժայռի կրծքի մեջ դաժան, Նա անհուն դեմք է տիեզերական… Նա անհուն դեմք է տիեզերական… Օրորվել երգով, հզորացել է` Չար կատակի դեմ նենգավոր բախտի… Բայց հիմա ծեր է ու կնճռակեղև, Կայծակն է ճեղքել բունը իր խրոխտ, Ինչպես Լիր արքան, գիսախռիվ է… Գիսախռիվ է, ինչպես Լիր արքան… Փչում է հողմը, Եվ ձյան փաթիլն է օրորվում օդում: Խշշացեք, ճյուղե՜ր, անդունդի վրա Երգով մենության, Այսօր ձեր դեղին տերևաթա՛փն է… 1979 ՃԵՂՔՎԱԾՔ Օ՛, բնությունն այս մեծ, Որ արտացոլվում է իմ երևակայության հայելիներում, Օ՛, բնությունն այս մեծ… Ու վախենում է բառը անվանել գույնը, Անունն արտաբերել, Բարբառել ձայները: Կամ շարժմանը դիպչել շրթունքներով խոնավ: Ձայնել լռությունը Վախենում է բառը… Օ՛, բնություննն այս մեծ, Որ արտացոլվում է Իմ երևակայության հայելիներում… Ես էլ եմ այնտեղ, Այդ բազմապիսի հայելիներում ցոլուն Անվերջ արտացոլվում: Ու վախով եմ նայում Խորքերն իմ հայացքի` Իմ երևակայության հայելիներում… Օ՛, բնությունն այս մեծ, Բազմապիսի, խայտանկար, նաև վճիտ… Իսկ ես դալուկ, Հոգիս` դժգույն, Նաև մռայլ, ինչպես ամպ, Ինչպես լապտեր շիջող` Բազմապատկված հայելային անդրադարձով: Եթե ես լինեի Թեկուզ փոքրիկ առու, Կանցնեի խոխոջուն, Վանկարկելով հոծ անտառի լռությունը: Դեմքիս ցոլքեր ոսկի, Դեմքիս սոսափ տերևների, կամ լուռ ստվեր, Ու շուրթերիս` վարդերի ռոմանսը կարմիր: Հոգուս մեջ` ձայնարկու Ու մենակյաց մի թռչունի սաղմոսիկը` Վաղորդայնի շաղոտ, Եթե ես լինեի Թեկուզ փոքրիկ առու… Եթե ես լինեի Այդ անտառում խորհող ծառ` մի երկնուղեշ առասպելի կանաչ ձայն, Իմ ստվերը խոնավ Մայրամուտի շեկ պաստառից, Տաք պաստառից մայրամուտի լուռ կհնչեր, Ինչպես հապճեպ նկար` Գրաֆիտով ներկած: Իմ ճյուղերից կհնչեր, կտարածվեր անտառում մի վեհ խորալ` Նախ և առաջ ձայնագրված սրտի վրա Թռչնիկի մենակյաց: Ետկեսօրյա տապին Առուն կերգեր ծորուն մի երգ Ստվերներիս գալերեայում լռանիստ… Եթե ես լինեի Անտառում խորհող ծառ, Աշնան պարզ մեղեդին, Բրոնզե կաստանիետներ հնչեցնելով, Կդարձնեի երաժշտություն բազմաձայն… Մայրամուտը կիջներ հանդիսավոր, խաղաղ, Եթե ես լինեի Անտառում հնչող ծառ… Երբեք չէի ես վախենա, ինչպես հիմա, Եթե երկար նայեի խորքն իմ հայացքի, Արտացոլված հայելային արձագանքով, Թե լինեի թեկուզ Փոքրիկ տաղը` վաղորդայնի ծառի վրա` Եղտյուրիկի ձայնեղ: Կամ թե հովը միջօրեի ակնթարթի, Երբ որ տոթն է ընկնում Շուրթերին Մարող հորիզոնի… Օ՛, բնությունն այս մեծ, Որ արտացոլվում է Իմ երևակայության հայելիներում, Օ՛, բնությունն այս մեծ… Իսկ ես` դալուկ, Հոգիս` դժգույն, Նաև մռայլ, ինչպես ամպ, Ինչպես լապտեր շիջող` Բազմապատկված հայելային արձագանքով… Օ՛, բնությունն այս մեծ… 1979 ՄԻ ԱՄՌԱՆ ԵՐԵԿՈ Մի ամռան երեկո նայում էի լուսնին, Ամպերը լեռներ էին, լուսավոր խորքեր, Երբ նայում էի լուսնին: Հայտնվում էին հանկարծ ճառագայթուն դեմքեր, Կարծես գաղափարի այրեր աննկուն, Ու դառնում ամպ դարձյալ: Կյանք էին առնում երկու ջերմ սիրահար Ու ձեռք-ձեռքի տված հեռանում, կորչում, Երբ նայում էի լուսնին: Օ, պատկերնե՛ր չքնաղ, որ ճախրում եք այդտեղ, Մեր երկրի վրա խեղճ լոկ վիշտն է ապրում: Այն ամռան երեկո, երբ նայում էի լուսնին, Երբ գիշեր էր արդեն, սթափվեցի ես Շատրվանի ձայնից: Այնպես տոթ էր շուրջս, դեմքերը` անմիտ ու հույլ, Տաք մի շունչ էր հովը փողոցի վրա Հեռուներից փռում… Այն ամռան երեկո, երբ նայում էի լուսնին… 1980 * * * Կապույտ երկնքի երեկոն իջավ, Հովը բույրերի շշուկն է ցանում Դաշտերի կանաչ լռության վրա, Աղոթքից հետո` պարզ ու անանուն, Կարծես իրերի աշխարհն է ննջում: Կարծես իրերի աշխարհն է ննջում, Ի՞նչ կա ցավելու, ի՞նչը ափսոսալ, Ինչու՞ բռնկվել ցանկութամբ մի սին, Դու լուռ աղոթքով` վճիտ ու անբառ, Կապույտ գմբեթին խոնարհվիր, իմ սիրտ… 1980 * * * Մենակություն… Եղեգնուտի երգն էլ միայն Հառաչանք է: Ամպերն ազա՛տ ու սիրելի… Շղթայված եմ կյանքի ափին: Մայրամուտ է… Ամպերն ազա՛տ ու սիրելի… 1980 * * * Ցողելով շուրջը հնչյուններ արծաթ` Լեռնային գետն էր քարերով թռչում, Կապույտ հոգուս մեջ, վաղանցի՜կ երազ, Տիեզերական գաղտնիքն էր շնչում: Քաղաք-բանտիս մեջ ես հավետ փակված` Երբեմնի կապույտ հոգիս եմ հիշում, Հանդարտվի՜ր, մուսա՜, ծեր ու տառապած, Զուր ես դիվոտում, չկա վերադարձ…. 1981 * * * Զգացումներս` ալիք-ալիք, Ինչպես ծովի հառաչանք, Լուռ քաշում եմ թղթի վրա Գծեր բեկված ու անկյանք: Ու նայում եմ ներսը սրտիս - Տխուր եզերք ու խռովք, Այնտեղ խոսքեր դառնապատիր, Ատելություն ու նզովք: Ո՞վ դարձրեց սիրտս` եդեմ, Թույներ ծծած ծեր սպունգ, Ո՞վ դարձրեց խրճիթ նսեմ Հոգիս շքեղ ու խորունկ : Օ՛, ողջ կյանքն է կանգնում իմ դեմ. Իրարանցու՛մ սնամեջ, Ու սնգուրված խոսքեր ու դեմք, Նյութի կռիվ, նյութի վեճ … 1981 * * * Արծաթ լճերում Իրիկնային ամպեր` Հանդիսավոր, խաղաղ: Ննջու՞մ ես, արդյոք, Իրիկնային իմ սիրտ, Թե խորքդ ես սուզել Հուզումներս անել: Դու լուռ ես հիմա Եղեգնուտի նման, Որ կհուզվի հանկարծ Ցավոտ մի հուշից` Փոքրիկ մի հովից… Իրիկնայի՜ն իմ սիրտ, Լռած եղեգնուտ… 1982 ՀՈՒՐՀՐԱ, ԻՄ ԲՈՑ Հուրհրա՜, իմ բո՜ց, տու՜ր ինձ արբեցում, Ես միշտ վարանոտ, երկչոտ եմ, մենակ, Առանց քեզ բնավ չունեմ ես նեցուկ , Կայսրին` թագը, ինձ խոսքն է հենակ: Իմ ապրումները տագնապ են լարված , Անվերջ պրկումներ, անհանգստություն, Ալեհույզ ծովում լաստն իմ` չարչարված.-- Այստեղ և՜ անկում, և՜ մոլորություն: Հուրհրա՜, փարո՜ս, փրկությանս համար , Ոգևոր խո՜սք իմ, հառնի՜ր իմ հոգում, Որպես հատուցում տանջանքին համառ, Ա՜ռ նշանիդ տակ ամենայն խոկում: 1987 ԵԿ՜, ԻՄ ՄԵԼԱՄԱՂՁ Ե՜կ, իմ մելամաղձ, չլքենք իրար, Նստենք միասին, թող սիրտն հանդարտի, Ինչպես աշունն այս` տխրության նկար` Մեղմ արևների, կարմիր սաղարթի: Սուզվենք, վերհիշենք այն, որ մահացավ … Ինչ-որ տաք բան կա միշտ էլ մեր խորքում – Պատկեր է աշնան, սակայն` առանց ցավ, Այդ խորքում նաև` մտերմիկ խոկում: Ու կոչենք դարձյալ խոսքը ներանձնյա, Ողջը կդառնա անցում, սոսկ անցում, Թույնը օտարի, մեր հառաչն անձայն` Մի նոր եզերքի նախազգացում: Ե՜կ, իմ մելամա՜ղձ, մեղմությունն այս լուրթ Անենք սանդղակ, անցումի վայրկյան` Դեպի գաղտնիքի հեռուներն անսուտ, Նոր ափեր պեղենք, նոր աշխա՛րհ, նոր կյա՛նք … 1987 * * * Այն հեռու՛, ուրիշ եզերքներում լույսի Հովը ծաղիկներին օրոր է երգում, Երբ մայրամուտն է հրակարմիր ներկում Շուրթերը դաշտերի, դաշտերի կույսի: Իսկ մենք քաղաքներում, կրքերի եռքում, Նեխած մեր շնչով, ճիգով մի ցավագին, Դեռ ուզում ենք կյանք տալ սիրո դիակին, Երբ հանգել են մեր մեջ թե՜ սիրտ, թե՜ երկունք: 1987 ՀԵՌՈՒՆԵՐ Օ՛, հեռունե՛ր, հեռունե՛ր, ցնորական ու կապույտ, Գերում եք դուք հոգին խեղճ, կանչում եք դուք, բորբոքում, Պահված է ձեր անուրջում սպեղանի, ամոքում` Տաղտուկներից, զազրանքից, փչացումից այս անփույթ: Հմայում եք ու կանչում, մուժից ձեռքով եք անում, Նետած ձորձը ձանձրույթի, մկրտության երազով` Մոտենում ենք, մոտենում, ձեզ ենք գալիս մենք հույսով, Բայց լսում ենք ապշանքով առօրեական երգը նույն, Ծնված ծանոթ հափրանքից` նույն մեդեդին` փրփուրից: Արդեն մոտ ենք, հոգնադեմ, ճանապարհից` ծերացած, Ծյուրում ենք մենք ահաբեկ, սրտով տոչոր ընկնում ցած, Որպես քամված, պիղծ լիմոն, ընկնում ենք ցա՜ծ օրերից: Օ՛, հեռունե՛ր, հեռունե՛ր, ցնորական ու կապույտ.,. 1986 Ո՞Վ ԿՏԱ ՔԵԶ, ՍԻ՜ՐՏ Անցել է ժամը իմ աստեղական, Երկինքս է փլվել, ու չկա երազ, Լոկ ասուպների փոշին է վրաս, Վերջին առկայծող կայծերը հանգան, Չի բորբոքվելու կրակ մոգական: Մնում ես դու լուռ ու հողմահալած, Չի խիզախում, ա՛խ, ոչ մի երգ արթուն, Երգը` հոշոտված, նյութ է պետք մարդուն, Նյութի սրերն են երգի մեջ խրված, Աչքս չի՜ գոցվում մինչև լուսաբաց: Պարտված ենք հավետ, մենակ, սնոտի, Հիշու՞մ ես դու, սի՜րտ , օրերում անգո Ասում էի ես հրկիզվող հոգով. ՙԴեպ նոր հորիզոն` երգի՜, կարոտի՜, Քեզ ոչ ոք, հոգի՜ս, չի խոչընդոտի …՚: Ո՞վ կտա քեզ, սի՜րտ, նոր վերելք, հուզում, Վիշապն է ոռնում վիհերում խավար, Բյուր զեռուններ կան, օձերի վտառ, Աստ մենակության հառաչն է խոսում, Անդունդներ են խուլ, չկա հորիզոն … Ո՞վ կտա քեզ, սի՜րտ, նոր վերելք, հուզում … 1985 ԱՌԱՎՈՏՆ ԻՐ ՆՈՐ ՊՈԵՄՆ Է ԳՐՈՒՄ Առավոտն իր նոր պոեմն է գրում… Ահա արևը, կապույտը ահա, Ահա արթնացումը տների, մարդկանց, Ահա տեսիլքը ծառի ու քամու, Ահա խռովքը բանաստեղծի, որ անձև է դեռ, Եվ արթուն կանչերը երեխաների Հայելու մեջ առավոտի կապույտ` Արտացոլվու՛մ են… Առավոտն իր նոր պոեմն է գրում… Հեռավոր ու մեծ քաղաքների սիմֆոնիան, երգը, Մետրոների հոծ ընթացքը անկանգ, Ընթերցող կանայք Եվ ատլետիկ երիտասարդ մարդիկ Հայելու մեջ առավոտի կապույտ` Արտացոլվում են… Հողագնդի վրա, ուր ռեկլա՜մն է, Ուր վիթխարի քաղաքների ցանցում Միլիարդավոր մարդ է կուտակվել,--- Խիտ բազմություններ, Ուր մարդը ոտից գլուխ զինավառ է դեռ Ու վտանգավոր, Ինչպես` երբեք, Ուր անպաշտպան է մարդը, Ինչպես` երբեք, Ուր երկինքը էլեկտրացանցերով է ծածկված ` խիտ, Եվ ռադիոկայաններից հոսում են լուրերը անվերջ, Մեկը մյուսին` հակամարտ, Մեկը մյուսին հակասող, դաժան, Այս հողագնդի վրա ծեր և հոգնա՛ծ, հոգնա՛ծ, Ուր քաղաքների երկինքներում միշտ Կանգնած է ծուխը, Ուր իշխում են ստվերները խիտ երկնաքերների, Եվ սարսափն է իշխում ատոմային Հերոսիմայի որբ հիշողության մեջ, Հերոսիմայի որբ հիշողության մեջ, Ուր միշտ կհիշվի դժոխքը Դեր-Զոր, Դժոխքը Դեր-Զոր, Առավոտն իր նոր պոեմն է գրում… Խարդավանքներն են ճանապարհ ընկնում – Արքայական օձերն այդ ոսկեզօծ : Քարտեզի վրա հազիվ երևացող փոքրիկ մի երկիր Շարունակում է մի մեծ տերություն Իր երախը մտցնել ու հանել, Փոքրիկ մի երկիր` ջարդված ու արյունաքամ, Աշխարհի թերթերը շարունակում են գրել դարձյալ, Թե հերոսաբար մարտնչում է ոգին ազատության… Առավոտն իր նոր պոեմն է գրում… Պոեմի մեջ կա բուրգը Քեոփսի, Բուրգն ստրկության և մեծ բռնության, Կան մեծ, փոքր քաղաքներն աշխարհի, Եվ գյուղական խրճիթն ու առուն կա… Ուր երեխաներ գեղջուկ , ամառվա շոգ ժամերին, Շոգ լռության մեջ Թղթե նավակներն են թռցնում` իրենց, Դեպի հեռո՛ւ, անծանոթ արևներ: Այդ պոեմում` Քրիստոսը` զոհ, Սու՜րբ Սեբաստիան , տեգն է խրված կողիդ մեջ: Կրկեսների արենաներն են դղրդացնում Կիսամերկ ատլետներ, ծափեր և բիս, Գրեթե մերկ կանայք ու գազաններ Ցույց են տալիս մեզ ճարպիկ խաբկանքներ:-- Աճպարարը վարժ Արհեստական կրակներ է ուտում: Այդ պոեմի մեջ, Ինչպես երեխան գեղջուկ հավատով Թղթաշեն նավակն է իր թռցնում Դեպի հեռու՛, անծանոթ արևներ, Այդպես էլ ես իմ երազների նավն եմ ուղղում դեպի Անծանո՛թ ափեր… Դեպի անծանո՛թ, հեռավո՛ր ափեր Պատառոտուն առագաստներն իմ ուռցրել եմ նորից Եվ հազար բառ ու խոսքի պիրկ առասաններով ձգել… Նոր լույս է հառնում, Նոր հորիզոն է գալիս ընդառաջ, Ողջու՛յն, կյա՜նք ու մահ, Բացված առավոտ, որ ահա քո նոր Պոեմն ես գրում, Ողջու՛յն… Պատառոտուն առագաստներն իմ ուռցրել եմ նորից Ու հազար բառ ու խոսքի պիրկ առասաններով ձգել… 1985 ՀԱՃԱԽԱՆՔ Այդ կողմերով, ա՛խ, անցնում էի կրկին, Խնջույք էին անում հուդաները իմ, Եվ առաջվա նման, կյա՜նք խոտորնակի, Վճռում էին դեռ բախտն ուրիշների: - Չխոնարհվե՜ս դու նրանց առջև հանկարծ, Ովքեր պատրաստեցին քո կյանքին վանդակ, Հպա՜րտ անցիր, ու` սե՜գ` ճակատներն այդ գարշ,- Ասաց ինձ վերստին այդ ձայնը հստակ: Բայց մռայլվում էի տանջանքից անտակ … 1988 ՉՄԱՔԱՌԵԼ Քնել-ննջել - չմաքառել … Հոգով մենակ ու անխռով: Մաքրագործվել փորձանքներից եղերական: Հաջողության տղմուտ ջրից Մտնել կապույտ մի ավազան: Երախտիքի նվաստ ժպտից Հավերժորեն լվացվել: Չհիշե՛լ … Քնել-ննջել - չմաքառել: Չմաքառել ոտքի փոքրիկ տեղի համար` Արևի տակ, Չմաքառել մոռացումի ուժի համար, Հանուն սիրո չմաքառել: Չմաքառել բրետի դեմ, խայթոցի, Ընդդեմ թույնի չմաքառել, Չցավե՛լ … Ջարդված կրծքի ցավի համար Օրհնել կյանքը դժխեմ, - Չբորբոքվե՜լ մարդու դեմ: Լուսավորված, այդպես հենված Գողգոթայի վսեմ վեմին` Ննջել խաղաղ ու փառավոր, Ելնել այգը ողջունել, Քնել դարձյալ, չմաքառել … 1988 ՍԻՐՏՍ Աստվա՜ծ իմ, մարդ էլ մի սիրտ ունենա` Այսչափ հուսահատ, այսչափ խռովյալ, Դառնացած այսչափ, անընկեր, մենակ, Այսչափ կրակված ու այսչափ սովյալ: Հանդուգն այսչափ, այսչափ վախեցած, Պարզախոս այսչափ, այսչափ լռաշունչ, Այսչափ տրոփուն, այսչափ կարկամած, Հառաչող այսչափ, այսչափ անմռունչ: Մերթ չի կամենում իմ սիրտը` ոչինչ, Լցվում է մերթ էլ արյամբ խելագար, Կվառի, ասես, կածխացնի անձ, Իր տենչի ուժը վա՜ռք է անկանգառ: Մերթ փոխել կուզե աշխարհը այս հին, Մերթ դառնակսկիծ ծեր է հուսամեռ, Մերթ կյանքը սին է, նա` մռայլ նիհիլ, Մերթ վարդանոց է կյանքը` անձմեռ: Մերթ` այրած իմ մեջ կամուրջներ ու սյուն, Փախչում է նա խենթ, հերարձա՛կ, կարմի՛ր, Մերթ սյուքի շնչով ներում է շրշում Հանցավոր մարդկանց սրտերին` առմիշտ: Մերթ տենչում է նա քարացումն իր` մառ, Երբ դառնությունն է աճում անզիջում, Մերթ էլ անխռով երեխա է վառ, Երազ է տեսնում ամպե մահիճում: Եվ այս ամենից ելք չկա՞, Աստված, Աշխարհը մե՞կն է` մռայլ ու թերի, Ուր, մենատոչոր ու բռնադատված, Գերին է սիրտս իր փախուստների: Չե՛ս գտնի այնտեղ սահման ու եզերք… Սակայն մարմինե կաղապարն հագած` Բեռնաձի որպես` հնազանդ ու հեգ, Դաշտերով ցավի գնում է կքած… Բայց որոնում է իսկակա՜ն մի ելք… 1988 ՆԵՂ ՎԻՃԱԿ Ինչպե՛ս դարձյալ ճառագայթներդ ամպ հագան, Մռայլվեցիր վիճակիս ճիշտ հառնումից, Ազատելով տագնապներից կենսական` Անկախության Բայրոն էիր դարձնում ինձ: Անկորչելի լազուրական սկահակ, Որ պահում է ջինջ մի երկինք իր խորքում, Բայց հուզեց քեզ քո թշնամին` միշտ ներհակ, Որ հալածող ջին է ասես քո կյանքում: Դառը խոհը` առօրեական ու դաժան, Այսօր դարձյալ հարվածեց քեզ նեղ կիրճում, Երբ ինձ նայեց իմ թշնամին դրուժան, -- Ծփում ես, սիր՜տ, տանջանքն է քո անզիջում: Հանդարտի՜ր, ա՛խ, հառաչանքդ թող քնի, Ժպտա, արև՜, ամպի տակից հոգեկան, Ի՜նչ լինում է` այս կյանքի մեջ, թո՜ղ լինի, Ազնվական հպարտությու՜ն, դեռ տոկա … 1988 ԱԽՏԱԺԱՄ Երկի՜նք խորունկ, դաշտե՛ր կանաչ, Ջրե՛ր վազուն, լեռնագետե՛ր քրքջացող, Լցվե՜ք իմ մեջ` ամբողջանամ Ես էլ ձեզ պես, Ու զուլալվեմ, Ու ազատվեմ … Թույն ու թախիծ, ամբողջ մի կյանք` Ծով տխրություն, Խռովք իզուր` Ի տրիտուր, Զայրույթ մռայլ, Լարված մի սիրտ` Ուրախության համը երբեք չճաշակած Վշտի անկանգ մի աղորիք: Ջղային մի սիրտ` Թփրտացող, տրոփուն, Մենակության քարուքռա Դաշտերի մեջ` տրոփուն, Սարսափելի վախեցած Ու վախվորած` Ծուղակի մեջ` խեղճ թռչուն: Անասելի վայրիացած Հիվանդ մի սիրտ Գժտված, Ջղաձգված, Հևասպառ, Մահադժգույն Ու նողկալի, Զզվեցրած, զզված նաև, Տաղտկալի, Տհաճ մի սիրտ` Սևասքեմ, Սևամաղձ: Նվաստացած ու հիշաչար, Երբեք ոչինչ չմոռացող, Սակայն կարոտ, Կարոտ լույսի ու կապույտի, Ապաքինման, հավատի, Հրաշալի, Խորունկ սիրո: Սմքած մի սիրտ, Եվ խղճալի, Ողբակական, Մեռնող մի սիրտ հոգեվարքի … Երկի՜նք խորունկ, կանա՛չ դաշտեր, Ջրե՛ր հորդուն` քրքիջ ու կանչ, Ծաղկու՜նք, բզզյու՜ն, Բույրե՛ր, բույրե՛ր նախաստեղծ, Տարրալուծե՜ք դառն անոթիս Աղաղակը, լռությունը մահադեմ, Տարրալուծե՜ք թույնը, ամպը` Հարափոփոխ – հարաշարժ, Ու ֆիլտրե՜ք, մաքրե՜ք հոգիս, Բաղադրվեմ, Կաթիլ-կաթիլ հավաքվեմ ես, Հոգեսափորն իմ գոհանա, Տարրալուծե՜ք դառն անոթիս Աղաղակը, լռությունը մահադեմ … 1988 ԵՍ ՈՒ ՔՍՂՔԵՆԻ ԱՅԴ ԱՇԽԱՐՀԸ Երբեք չենք սիրել իրար Ես ու քաղքենի այդ աշխարհը: Երբեք չենք սիրի իրար, Երբեք, Ես ու քաղքենի այդ աշխարհը: Մորուքավոր, անմորուք, ծեր, երիտասարդ, Սեթևեթ, պճրուն, կարդացած, խելոք, Կին, տղամարդ, Ակնոցավոր կամ առանց ակնոցի` Քաղքենի Այդ Աշխարհը: Կիրթ, դիպլոմավոր, պաշտոնյա, հեղինակ, Հեղինակավոր, պորտֆելակիր, պսակավոր, Մեքենայի մեջ բազմած կամ հետիոտն, Շնիկով, առանց շնիկի, կամ գամփռով հսկա, Մեծահարուստ, դատարկ, սնամեջ, Արվեստասեր կամ արվեստներն ատող` Քաղքենի Այդ Աշխարհը: Նա անխոնջ սարդի նման մռայլ Անվերջ գործել է, գործել է, գործել է իմ դեմ: Իր ցանցերն է հյուսել - Անխոնջ, անվերջ, գիշերադեմ: Մորուքավոր, անմորուք, ծեր, երիտասարդ, Սեթևեթ, պճրուն, կարդացած, խելոք, Կին, տղամարդ, Ակնոցավոր կամ առանց ակնոցի` Քաղքենի Այդ Աշխարհը: Ոտքի տակ կճզմեր նա ինձ, Սակայն իր մետաղե ոստայնը գործեց ինձ համար: Տարիներ, ամբողջ մի կյանք Գործեց: Եվ ահա ցանցերից այդ մետաղե Այլևս չեմ կարողանում Ազատվել: 1988 ԻՐԻԿՆԱՅԻՆ Իրիկնային քամին, Իրիկնային, Իրիկնային թեք արևի տակ Ծառերն է օրորում Իրիկնային: Իրիկնային իմ հոգում` Իրիկնային հուշեր, Իրիկնային: Իրիկնային կարոտն իմ` Պաղ դաշտերի մեջ` Հոգնաթև թռչուն Իրիկնային: Սարերն իրիկնային Հագնում են մեգն Իրիկնային … 1988 ՀՈՐԻԶՈՆՈՒՄ ԿՐԱԿՆԵՐՆ ԵՆ ՄԱՐՄՐՈՒՄ Հորիզոնում կրակներն են մարմրում … Ի՞նչ երազենք, սի՜րտ իմ հոգնած ու հանդարտ, Անելքության մահախուճապ աշխարհում Երազենք ի՞նչ կրակնե՜ր` մի ակնթարթ … Չե՜ն հասկանա մեր գանգատը պարզահունչ Ոչ լուսինը մեղմ, ո՜չ աստղերը հեռու, Չի զգա մեր աղերսը մարդը` խխունջ … Հորիզոնում կրակներ են մարմրում … 1990 * * * Լռել-սսկվել եմ, խոնարհվե՛լ վաղուց … Երբեմնի հույսն է լքել ինձ, ավա՛ղ, Մոլորվել եմ ես չար մառախուղում. Ասես սևհոգի մեկն եմ եղել, ա՛խ … Ու ապրումներս, հույզերս անցած` Ի խնդիր վճի՛տ հոգեկանության, Ի խնդիր ձյունե մաքրության պայծառ, Խաբկա՜նք են եղել, միրա՛ժ ու դյութա՛նք: - Ծոմով, աղոթքով, պահեցողությամբ Սոսկ լվացվում ենք, մաքրվում մի պահ - Չենք դառնում ԱՆՄԵՂ, չենք դառնում ԱՆԱՄՊ, Չենք լինում երբե՛ք երկնքին եղբայր … 1990 ՕՇԻՆԴՐԸ Մութ-կապույտ բացվել է օշինդրը գիշերվա: ԵՎ հնչում է հովը: Եվ բարդիները աստղոտ Հազար թրթռումով հուզվա՛ծ են: Դիպչում է ինձ հովը տիեզերական: Եվ բառերի շղթան դիպչում է թույլ Պարապ իմ քնարին լռած: Ուրեմն` ես կա՞մ: Եվ դուռս է բաց, և պատուհանս` Պատշգամբի վրա: Եվ հովն է խոսում: Եվ տեսնում եմ ես. – ՕՇԻՆԴՐՆ Է ԱՃՈՒՄ ԱՆԱՊԱՏՈՒՄ ՄԵԾ: Եվ հովը օշինդրի ՀՈþՏՆ է տարածում Տիեզերքում ողջ: ՕՇԻՆԴՐՆ Է ՇՆՉՈՒՄ, ՕՇԻþՆԴՐԸ` ՉԱՐ: Եվ գիշերվա վարսերն են ՕԾՎԱԾ Օշինդրի հոտով: ՕՇԻՆԴՐՆ Է ԾԱՂԿՈՒՄ ԱՆԱՊԱՏՈՒՄ ՄԵԾ: Օշինդրի հոտն է գիշերը շնչում: Եվ տրտում իմ քնարն է հնչում: Եվ շնչում է նա հո՜տը թունոտ օշինդրի: Դիպչում է ինձ հովը տիեզերական: --- Եվ լալիս է տրտում իմ քնարը: --- ԵՎ ԺՊՏՈՒՄ Է ՕՇԻՆԴՐԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ ՄԵԾ … ՕՇԻ՛ԴՐԸ` ԳՈՀ, ՕՇԻ՛ՆԴՐԸ … Որ տրտում լալիս է իմ քնարը … 1990 ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ Ուխտել էինք, սի՜րտ իմ, երբ նոր էինք դեռ, Երբ բորբ էր մեր մեջ և՜ թախիծ, և՜ արյուն, Ուխտել էինք սիրել միշտ ծով ու եթեր Ու մղել նավը մեր ալեհեծ հեռուն: Եվ ի՞նչ: Տարիք են անցել: Չե՜նք դավել մենք Երդումին մեր վառ, մեր կրակին ներքին: Եվ հողմն է բորբոքվել մեր թշնամու` նենգ, Եվ բուք ենք տեսել մենք, և՜ մահեր, և՜ քեն: Թող ոռնա ջրերում քամին ալեբաղձ, Առագաստը մեր չի՜ խոնարհվի բնավ, Ո՜չ հայհոյանք, ո՜չ չար լռություն, ո՜չ մաղձ Նոր չեն մեզ համար, մղվի՜ր հառաջ, իմ նավ … 1990 ՀՐԱՑՈԼՔ Ախ, ողջը առիթ, առի՜թ է միայն. Որ ազա՜տ զգաս, ու ոգիդ` համառ, Որ չշփոթվես ձայներից ունայն – Ճաշակես մեղրը ինքնաճանաչման: Թե՜ երկնի խորքը, թե՜ ձյունն ամպերի, Թե՜ դավը մարդոց` սև ու դժնադեմ, Թե՜ նրանց մերժող կամքը անթերի` ճամփա են բացում դժոխքից եդեմ: Ողջը առիթ է, որ հոգին ձայնի … Ցավ, ողբերգություն կամ նախանձ ու բոթ` Հառաչք են տալիս քեզ աստվածային. – Երգն հոգոց է սոսկ սրտի մեջ ամպոտ: Ողջը առիթ է, դու չե՛ս կործանվի … Աչքն ամենատես հսկու՜մ է վերից, Կծագես ամպից, դու մի՜ սասանվիր. – Բա՜րձր է հոգին օրվա ցավերից: Ողջը առիթ է, առիթ, իմ ընկե՛ր, Որ վերին մի խոհ քեզ սրբի՜ հանկարծ Նվաստացումից: Թո՜ղ մտքերը կեռ: Բա՜վ է, սիրելի՜ս: Քեզ բա՜րձր զգա … Ուրեմն` ողջույ՛ն դառը բաժակին, Ու կեցվածքներին` բարու և չարի, Ողջուþյն սեթևեթ, դալկադեմ կյանքին, Որ տանջանքը մեր փոխում է հրի: -- Կենսատու՜ Ագնի, պայծառ ու անգին … 1990 ԹՈՂԱԾ ՄԻ ԿՈՂՄ ՀՈՒՇԵՐԸ ՎԱՏ ՈՒ ՆՈՂԿԱԼԻ Թողած մի կողմ հուշերը վատ ու նողկալի` Երազներիս դաշտի միջից վայրիացած Քաղում եմ ես վճիտ կակաչ մի պարզունակ, հոտոտում, Դառնում մի պահ անվշտակիր պահի դենդի … Կանգնում կապույտ առվի եզրին, Որ խշշում է, խշխշում խճաքարե իր ափերում, Ինքնամոռաց իր զայրույթի՞ց` հանդուգն - ազնիվ, Թե՞ հուսահատ խենթությունից: Փոքրիկ առուն: Հետո հոսում պարզ ու հանդարտ … Քաղում եմ ես վայրի կակաչ մի պարզունակ, հոտոտում` Թողած մի կողմ հուշերը վատ ու նողկալի … Երկարում եմ ես հոգևին պահն այս կապույտ, Անփակուղի պահը մոգիչ … Իսկ ինձ պետք է անպարագիծ մի հաշտություն: Իսկ այդպիսին չկա կյանքում: Երկարում եմ ես հոգևին պահն այս կապույտ` Ինքնախաբի կարմրաշապիկ պուտը ձեռիս, Բանաստեղծ եմ դառնում մի պահ ես այնպիսի, Որին հիմա պիտ նկարի մի բնապաշտ … Մի Կուրբե … Զբոսանք է դաշտերի մեջ իմ երազի … Հետո դարձյալ, երբ խեղճանամ` Աներազ, Ա՛խ, կհիշվեն հուշերը հին ու նողկալի … 1990 ՍՅՈՒՔ ԱԶԱՏ Սյու՜ք ազատ, աստվածորե՜ն անպարփակ, Թրթռում, հևում ես, թռչում հեռուն, Սյու՜ք ազատ, աստվածորե՜ն անպարփակ: Դաշտն է կանաչ փռված ճամփիդ անծայր` Ծաղիկներով, վարդի հոտով հարբած` Դաշտն է կանաչ փռված ճամփիդ անծայր: Անձավների գաղտնիքները հնձած` Հանգչում ես մի պահ լռության սեմին` Անձավների գաղտնիքները հնձած: Օծված ես նոճիների վշտով դու, Ալեհեր կոհակների հառաչքով, Օծված ես նոճիների վշտով դու: Կատարների՜ց ես գալիս ձյունաձիր, Իջնում նեխած քաղաքները մաղձոտ, Կատարների՜ց ես գալիս ձյունաձիր: Թռչում ես դու, փախչում հեռունե՛րը, Աննեխ-անբույր կապույտների երգիչ, Թռչում ես դու, փախչում հեռունե՛րը … 1991 * * * Կրակներդ, որ վառվում են - խավարի մեջ` օազիս, Մի օր պիտի լուռ մարմրեն, հանգչեն պիտի, սիրելի՜ս, Երգը վճիտ, որ բխում ես, ասես` կապույտ մի ամպից, Պիտի անցնի, պիտ մահանա հեռաստանի մեջ անբիծ … Բայց թող վառվեն, թող հուրհրան կրակներդ` դեպ երկինք, Սիրտդ աղբյու՜ր թող մնա` մութ խորքերից լուսերգի, Հրո երգո՜վ ապրիր վճիտ, վճի՜տ եղբայր` կյանքում մութ, Գնա՜ այդպես, ընկի՛ր, մեռի՛ր հեռաստանի՜ մեջ անսուտ … 1991 ՀՈՒՐ ԻՄ ՄԱՔՈՒՐ Գիշերային պահերին այս քո, երբ լապտերի նման վառ Հուրհրում է քո մեջ ոգին ստեղծագործ ու պայծառ, Չարժե՞ն արդյոք տառապանքին ու տրտունջին այս անվերջ Եվ մարդկային հերյուրանքին անմարելի ու անծայր… Ե.Չարենց Ընկճվելու ծառը վաղուց, իմ մեջ վաղու՛ց Պտղավոր էր…. Սակայն նրա կողքին բաց երկինք էր ահա միտում Հուսո զվարթ, ճյուղատարած սպեղանին: Թե զգայի ինքս ինձ Հավետ պարտված մի հուսահատ, Սևամա՜ղձը պիտի լիներ հոգուս սնունդ, Պիտ մահանար սիրտս դանդաղ, Աշնանահար տերևի պես Քշվեր հեռունե՛րը… Սակայն… եթե Աստված փակում է դուռ մի, Մեկ ուրիշն է բացում գութով: Հուսահատ չեմ: Ոչ էլ ես ձեզ պայծառության Ոսկեսարս եմ խոստանում: Փորձանքներն են հաճախակի, և ո՜չ քամին բարեհուսո, Կյանքիս մաշված հողմաղացը դարձնում… Մարդ եմ փորձված ու լրջախոհ: Թե զգայի ինքս ինձ Հավետ պարտված մի հուսահատ, Սևամաղձս պիտի հղեր կյանքին նամակ: Ուր սոսկ տանջանք ու ցավագար աղաղակներ Պիտ հնչեին: Այդպես չէ, սակայն: Թեև կարող էր հենց այդպես Լինել նաև: Սիրում եմ ես արվեստների ազատ ոգին, Ու ճախրանքն եմ սիրում նրա: Որքան էլ ես լինեմ հոգնած, մենակ լինեմ, Ինչպես էլ ինձ կյանքը մերժի ու մտրակի, Չի նվազում սերը իմ մեջ, Ու վառվում է որպես կրակն հնամյա` Բագինների… Ես սիրում եմ արվեստների ազա՛տ ոգին… Ու թշնամիս ամբողջովին չէ թշնամի… Նա չի ուզում, սակայն նա ինձ Անհանգիստ է միշտ էլ անում` Ես արթուն եմ, ես չե՜մ ննջում… Բորբոք եք, վառ, կրա՜կ, միջուկ, հրահեղուկ, Ու պոեզիա, Գիշերային բաբախումներ ու հատուցում… Կե՜ցցես առմիշտ, խոսքի ոգի, որ կանչում ես Քո արևադարձ գոտիներում ուշքի գալու… Գիշերային արծարծումներ, սիրու՛մ եմ ձեզ, Սիրու՜մ եմ քեզ, կրա՜կ վսեմ, Հու՜ր իմ մաքուր… 1992 * * * Դու կա՜ս վերստին: Պայծառ գոյության Աստղն է ժպտում ցավերի միջին: Ոչ կշիռ, ո՜չ չափ: Թեթև ու աննյութ Ժպիտը կոկոն կբացի մի վարդ: Ոչ անկում, ո՜չ ցավ: Ոչ ձգտում, ո՜չ նիրհ: -- Այս ամենից դուրս ՎՃԻՏՆ է ապրում: Ողջ անցյալը քո զառանցանք էր մութ: -- Բացվում է արդ քեզ լուռ մի հորիզոն: Ոչ ճիչ, ո՜չ աղմուկ, ո՜չ կրքի զեղում: Սիրում եմ` ինչ որ հառնում է սրտում: Կան սպիներ խոր: Պոե՜զիան վշտի: Կա: Բայց մոտ է թեթև ԽՈՀԸ ինքնածին, Ուր երազելի ՎՃԻՏՆ է ապրում … Դու կա՜ս վերստին: Պայծառ գոյության Աստղն է ժպտում ցավերի միջին: 1992 ԾՈՎ Հարազատ տարե՜րք վսեմ լռության, Դու վերասլաց թռցնում ես հոգիս Ծիրը կապուտակ վճիտ խորության, Երբ նայում եմ քեզ, երբ դու կաս հանգիստ: Երբ կոհակուռույց տարերքը քո խոլ Խուլ անդորրներին նետում է երգն իր, Երբ դիտում եմ, ծո՜վ, հուզմունքը քո խոր, Ասում եմ ես ինձ` օ՛, պոե՜տ, երգի՜ր… Չար լռությանց դեմ երգիր երգն հոգուդ, Արվեստին վսեմ քո կյանքը զոհիր` Երբեք մի՜ լռիր կյանքի դեմ անգութ, Ու երգելով վեհ` ընկիր ու մեռիր… 1993 * * * Խենթ ու զայրագին, խոլաբար, նյութե, Աշխարհն է դառնում` դարձյալ ու անվերջ, Գալարք ու աղմուկ և ջղաձիգ վեճ, Օ՛, աշխարհ արյան, որ մեղքն է նյութել: Աշխարհ կորստյան, քարացման, ահի, Ոգու բացասման հավետ կիրք ու ջանք, Արդեն հեշտորեն, առանց ափոսանք Լքում է սիրտս եզերքն այդ` մահի: Ես հանդարտվում եմ, խաղաղվում, լռում, Մտնում եմ շքեղ տունը բնության, Ուր երգն է իշխում, ա՜փ երանության, Ցավերից մահի թռցնում ինձ հեռու… 1993 ԻՐԻԿՈՒՆ Մարմրում են հորիզոնի կրակները բոցկլտուն, Մայրամուտի ծեսն է լռին, սրբազան ու անտրտում. Դաշտերն հեռու, հորիզոնը ու թռչունն են լռություն` Մեղմության մեջ, երազի մեջ, երազի մեջ անդորրուն: Անհանգիստ ես,զսպված զարկում, ցավի դուռն ես դու բախում, Մենության սիրտ` տիեզերքում, նրա խորքում բաբախուն, Սակայն զսպի՜ր դառը խոհը, դառն հուշերը, դառն հուզում, Դիմավորի՜ր խաղաղական իրիկունը երազուն … 1994 ԿԱՊՈՒՅՏՆԵՐԸ ԴԵՊԻ Ոչինչ նոր չէ լուսնի տակ … Բայց ես նոր էի. Ինչպես սյուքը գարնան, Եվ մեղմ էի , ինչպես սոսափը տերևի: Եվ երգն էր իմ հոգում աստվածորեն անզուգորդ, Եզակի երգն էր դա լուսնի տակ: Եվ հայացքս էր նոր` երկինքը, աստղերը սիրելու, Աստղե՛րն աստվածային: Ոչինչ նոր չէ լուսնի տակ … Բայց ես նոր էի, Երբ երազում էի լինել մեծագու՜յն բանաստեղծը Նոր ժամանակի: Եվ ոչ մի պոետ չկար իմ շուրջը … Եվ մենակ էի, Ինչպես հողմը, Ինչպես խռովքը, Ինչպես իդեալս գեղեցկության, Եվ մենակ էի, ինչպես Նարցիսը, Եվ չգիտեի` դա լա՞վ էր, թե վատ: Ոչինչ նոր չէ լուսնի տակ … Բայց նոր էր ինձ համար իմ եսը, Որ հակադրությունը ինքն էր, Հակադրությունը` նյութին, պայքարին, Ամենի՛ն ինչ որ կա այստեղ` աղմկող-վանող … Նոր էր ինձ համար լուսնի տակ իմ եսը … Որ կապույտն է սիրում հավիտյան, Կապույտը ջինջ իմ հոգու, Եվ դրա մեջ է իր արժեքը տեսնում: Նոր էր ինձ համար լուսնի տակ իմ եսը. Որ սեր էր, զոհողություն, Երբ չգիտեի դեռ` ո՜վ է Քրիստոսը: ՙԱնկախ բանաստեղծներից բոլոր` Ես ինձ կկերտեմ` եզակի, միակ, Անկրկնելի՚, - խորհում էի այդպես ես, Եվ չգիտեի, որ ասել են` ոչինչ նոր չէ Լուսնի տակ … Ես իմ երգերն եմ ստեղծում դարձյալ … Նայում եմ խորքը հոգուս` Այնտեղ նիրհում են երգերս` մահիճներում վարդ, Մի թեթև հրում, մի զգացման ծփանքը մի պահ, Եվ երգս կգա, սրտիս մեջ կմտնի, Քնքուշ, ինչպես փերի, Տրտում, ինչպես լուսինն ամպաշղարշ` Կեսգիշերի … Կգա կլցվի սրտիս մեջ վայրագ, Ինչպես քամին է լցվում մեջն առագաստի: Եվ կշարժվի, կգնա ալյաց ծփանքում` հոգիս` Իմ նավը … Եվ ի՜նչ փույթ, որ ասել են` ոչինչ նոր չէ Լուսնի տակ: Նոր եմ ես` երգով լեցուն մի առագաստ … Եվ հորիզոնս է արևոտ, Եվ իմ կյանքն է միտված Կապույտնե՛րը դեպի, Կապույտնե՛րը դեպի …. 1994 ԵՐԳ ԳՈՀՈՒԹՅԱՆ Գոհ եմ երկնքից սրտով հավիտյան, Որ ներշնչանքն է զատել թանաքից, Որ և հոգևոր բացառիկության Տառապանքներն է շռայլել նա ինձ: Նրա շնորհն է սրտիս մեջ ներհուն, Եվ դատողության ձյուները մանուկ Հալչում են, ցողում իմ հոգու հեռուն, Ուր բացվում է մեղմ ծաղիկն հրանունկ: Գարունն է տալիս թռիչքի թևեր, Եվ կարող եմ ես խավարը հերքել, Երկնքին նայել, թևե՛լ դեպի վեր` Թողած սատիրան և ողբը ներքև: Ներշնչանքն այս չլիներ եթե, Մահու դևի դեմ, հոգի՜ս, գուցե քեզ Լա՜յի պարտված` կյանքում այս նյութե. Գոհ եմ քեզանից, արև՜ բոցագես … Որ այս կրթված դարում մարդակեր Ես մի աշխարհ եմ անկրկնելի, Որ փայփայում եմ պատրանքներ, հանգեր … Եվ իմ հուրն է ձեզ անտեսանելի: Ասես քուրմ եմ ես մի հնադարյան, Եվ մտքերս ունեն մի լուսակենտրոն, Ինձ ի՜նչ խավարն այս ամենուրեքյան` Բոցավառ եմ ես, որպես մի կերոն … Որպես մի կերոն, գնում եմ առաջ` Ուրիշ եզերք է բացվում հոգուս դեմ, Եվ կյանք կա իմ մեջ, երկնքի հառաչ, Եվ գոհ է սիրտս իր բախտի հանդեպ .. 1994 ԶՈՒՐ ՄԻ՜ ՀԱՆԴԳՆԻՐ Պոեզիան կա սոսկ ձյուն մաքրության մեջ, Հեռու ժխորից, վազքից այս համառ` Ատում է չնչին մեր պայքարն անշեջ` Զուր մի՜ համդգնիր` չես լինի անմահ: Կապույտի թռչուն կամ լեռան արծիվ` Ի՞նչ ունի նա մեր սրտերում անսեր, Սարսափ է կաթում աչքից մեր հարցի, Մենք քայլող աճյուն` նողկալի, զազիր: Մահու հրաշքն է շրջում ամենուր, Վխտում է չարը, իշխում է անահ, Երկինքը չկա՜ մեր սրտում անհուր` Քաղաքնե՜ր գիտենք, ոճիրնե՜ր անարգ: Մեր խոսքն է փքուն` մի մթին բարբառ, Կամ թե գետնաքարշ օ՜ձ է անիծյալ, Ու չգիտենք մենք երկնքից մի բառ, Սիրո բարբառը` հեռավո՛ր անցյալ … Այնինչ` գիշերը մնում ենք աննիրհ` Ինչ-որ թունավոր մի կրքից մղված, Ճգնում առօրյան` մթին ու նանիր, Չափածո խոսքում տեսնել պատկերված: Կա չնչին մի բան այդ մութ խոսքերում` Անկրակ, հանգած կյանքի մասին ժանտ` Ապրում է մեզնից պոեզիան հեռու` Կապույտի թռչուն կամ երկնային շանթ … 1994 * * * Ես խավարում սպասում եմ Հրճվագին սրտով. Կկապտի երկինքը շուտով, Կբացվի իմ հոգու պահը` Ողջ անծիրը` Կապու՛յտ … Ողջ անծիրը կապույտ … Կխմեմ ես խենթորեն Ողջ անծիրը կապույտ: Հոգիս` թեթև` Կապույտի մեջ լվացված: Ես եմ խնդուն, Անհոգ, պայծառ և լեցուն: Եվ արևը իմ սովոր լեռան թիկունքից Կողողի ինձ Իր նորածին հուրերով: Եվ կապրես դու ողջ օրը այդպես` Պայծա՜ռ, Ողջ կապույտը խմած, Արևի լոգանք ընդունած, Հրա՜շք իմ հոգի … 1995 * * * Հոգնել եմ վաղուց եզերքից այս հին, Խոսքերից մաշված, գրքերից կպչուն, Թխպոտ օրվա պես շո՜գ եմ տենչում, հի՜ր, Հին այս աշխարհը իր շունչն է փչում: Մեռնում է դանդաղ` ձանձրախտին ավար. Տեսակներ շերտ-շերտ, ու` նման իրար, Տաղտկալի հույզեր, աշխարհ գլխիվայր, Մռայլի ոգի` մթի՛ն գաղափար: Ես հուրն եմ տենչում լազուրի անծուխ, Լուրթ հեռուների բոցն եմ ուզում ես, Անպարփակ խոհով սրտի մտածում` Կույս ու վայրենի` թռչող հովի պես: Խորունկ լազուրն եմ իմ հոգու ուզում` Անպայման նյութի զառացքին ընդդեմ` Մեծ մի արարում, երկնքի՜ հուզում` Հեռու՜ նույնության օրենքից անդեմ: Բացառի՜կը սոսկ, միա՜կն է ակունք, Իսկ մնացյալը խոսքեր են մթին, Ամենայն աստղ, հեռաստան ծաղկուն Անոթն են իրենց բացառիկ սրտի … Թող մեռնի իմ մեջ տարածք-ժամանակ, Եվ իշխի կյանքը անկշռությամբ` Ինչը ոգի է` աննյութ մի կրակ` Ես պողոտայից կմեկնեմ դեպ ամպ … 1995 * * * Եվ կհասնեմ ես խորքերիս աննիրհ, Լազուր կհնձեմ դաշտերում անհաս, Պայծառ կցնցի իմ հոգին բաշն իր` Կվրնջա նա, որպես ձին Պեգաս: Օ, նա է դարձյալ Պեգասն իմ ներհուն, Ինձ իր թևերին կթռցնի վերև` Կապույտ վայրերի դաշտերը հեռու, Ինձ կնվիրի երկինքնե՛ր, արև՛… Կլուսավառվեն գագաթներն հանգած, Ինձ ցույց կտա նա աշխարհը Աստծո, Իմ դեմքին կիջնեն ցողեր կուսական, Խինդով կթողնեմ կյանքն այս բրածո: Եվ կճաշակեմ հրճվանքը վերին` Այնտեղ իշխում է լույս և առավոտ, Հրաժեշտ կտամ այնտեղ ցավերին, Անկումին, վերքին, վշտին դարավոր… 1995 * * * Երբ իրիկնային արեգն է վառում Կատարներն հեռու ամպերի դժգույն, Պատրանքներն են իմ վերստին հառնում` Երկինքը երգ է հուշում իմ հոգուն : Այն, որ առհավետ կորած էր թվում` Խոհը, ապրումը, ուր երգն է հնչում, Իմ սրտին մի նոր կյանք է պարգևում` Ողջու՛յն, հեռաստա՜ն, քաղաքին ողջու՛յն … Կենսախինդ, զվարթ, զվարթ կաթոգին, Բաբախուն ու տաք ողջույնս անհուն` Արտին, խոտերին, բզեզին, հասկին` Ինչը շնչում է որպես բնություն: Որպես առընթեր մի աստվածություն, Որ դարձնում է մեզ խոհակալ, զնգուն, Երկնային պայծառ գթությամբ լեցուն Քո խորունկ սրտի բաբախն ես զգում: Եվ այրում է քեզ ցանկությունը ջերմ` Ամեն ինչ տեսնել, գգվել` չհերքել, Թաքուն խորքերով հեռուներն իջնել, Զրնգալ, հնչել աստղային երգեր … 1995 ՍԻՐՏՍ ՎԵՐՍՏԻՆ ԱՊՐԵԼ Է ՈՒԶՈՒՄ Արևն է փայլում: Պատանի երկինք: Եվ մոլությունն է իմ սիրտը լքում, Լքում է սիրտս տանջանքները հին, Եվ բարի հուր է արևը ծաղկուն: Եվ աքաղաղը ներբող է անգիր` Զվարթ-լավատես իր ձայնեղությամբ, Երկինք է նետում հրաշք-ազդագիր` Թե վարդն է բացվում հուզավառության: Բացվում է վարդը հուսավառության, Լպիրշությու՞ն է, թե անմեղ հուզում` Մոռացած ամեն հուշ և չարչարանք` Սիրտս վերստին ապրել է ուզում: Սիրտս վերստին ապրել է ուզում, Թրթռալ թեթև` տեսած վառ երկինք, Եվ սիրել կրկին թռչուն, հորիզոն, Եվ լուսաբանել իր սերը խորքից … Եվ մարդկանց կոչել եղբայրնե՛ր անգին, Եվ չտրտմել խոսքերից ասված, Եվ փողոցները շրջել խնդագին, Վերստին հոգում ունենալ Աստված … 1995 * * * Աստվա՜ծ, Դու ես իմ պաշտպանը, ու չեմ հեծում, Երբ դեռ մարդ եմ աստվածահուշ, երկնալեցուն. Փշե ճամփան, դժնե ճամփան անցնում եմ հեշտ, Եվ իմ խինդն է Աստծո սրտին անհրաժեշտ: Չեմ սարսափում ես աշխարհում արյունախում, Երբ Դու ես դեռ իմ հոգու մեջ, Աստվա՜ծ, իշխում, Երբ չեմ հիշում , Աստվաþծ, ես Քեզ, չեմ հիշում երբ, Գարշելի եմ, փոշի եմ ես` նանիր ու լիրբ: Ուղղի՜ր, Աստվա՜ծ, վերստին ինձ կանգնեցրու, Բնակվիր Դու իմ հոգու մեջ, սիրտս լցրու, Մոլորվածիս անապաստան տար տունը Քո, Տաքացրու կյանքս սառած, կյանքս անգո … Աստվա՜ծ, Դու ես իմ պաշտպանը ամենայն պահ … 1996 ԶՐՈՒՅՑ - Մենք չտեսանք երկինքն հեռաբաց, Աշխարհի չարքերը պատել են ուղին երկնքի, Փակել երկինքը մեզ համար` զինավառ … Եվ մենք արցունքոտ արձաններ ենք քայլող, Եվ ՎԻՇՏՆ է մարմնացել մեր մեջ հավիտյան: Եվ կմնանք մահվան ճամփեքին, մահի մեջ. Եվ կորած ենք հավիտյանս հավիտենից` մենք: Ասես չի ծագել արևի լույսը մեզ համար, Եվ երկինքը չի ժպտացել մեզ երբեք: Եվ մենք վշտազօծ անոթներ ենք ԱՐՑՈՒՆՔԻ, Եվ մենք կաղապարն ենք ձուլածո ՎՇՏԻ, Մենք հպարտությունն ենք` հանգած, գլխահակ, Մենք պատրանքն ենք` գազանի մռունչից խորտակված, Մենք` բռնադատված ամեն պահ, Հարվածված: Եվ աղոթքից թափուր կավ ենք շնչապիղծ: Մենք ծափահարն ենք դիվաց, չարքերի, Մենք` խեղկատակ, ձեռնածու, հավետ վավաշոտ, Մենք զայրույթը, զայրույթն ենք չարաղետ, Մենք ռումբն ենք հորինել մեզ համար փրկություն, Այլոց մահը, ոստիկանը, շուկան, Ծխախոտը, խենթությունը, գինին, Դաշինքը սատանայի հետ: Բոլորը Հուդա են, Մեկ մարդ իսկ չկա քրիստոսասեր: Եվ Դիոգենեսն է խաղում մի դեր: Ողջը կեղծիք է, դարան է, բանտ է, Պոռնկադաշինք հայհոյանք է ողջը, Ողջը` ատելություն և թույն, Տանջանքի գործոն, կախաղան: Սուրբ գրքով սրբությունն են անարգում: Մենք կարկամել ենք, Մենք չունենք աղաղակի բառեր իսկ մեզ համար, Մենք` քայլող դիակ, Մենք մա՜հն ենք կրում մեր մեջ: Մենք երկոտանի խավարն ենք` Մեզ համար իսկ հավետ անվերծանելի: Ուրիշ ի՞նչ կա մեր մեջ` չգիտենք: Բայց կորուստն ենք ամենքս` ամենքի, Վիհ ենք խորախորունկ Եվ շտեմարան` մոլությունների: Եվ սատանաների պա՜րն ենք մենք պարում: Ոչ մի շող չենք ճառագել աչքերով. Ողջը ստություն, դիվային խաբկանք, Քրքիջ, հոշոտում, մռայլ լրջություն, Ողջը կեցվա՜ծք է ճշմարտանման: Քաղաքները ո՛ղջ, գյուղերն անհամար Սոսկ որջ են չարության, Անհանգստություն, տագնապ` խաղաղասեր հոգուն, Եվ եղծված է ամենն սկզբից, Եվ մենք` լքվա՛ծ, միայնա՛կ, ամայի՛, անսե՛ր … Աշխարհը զառանցանքն է ՉԱՐԻ: - Ճիշտ է: Բայց ասված է` գալու է Աստված, Եվ կփրկվեն արդարներն առմիշտ, Եվ կսրբվեն ԱՐՑՈՒՆՔՆԵՐՆ հավիտյան … 1996 * * * Օ, ինչպե՛ս եմ սիրում քեզ, Լռություն իմ, մենությու՜ն, Օ, ինչպե՛ս եմ սիրում քեզ: Ինչպես որ ձին է սիրում Մարգագետինն իր կանաչ, Մարգագետնի երկինքն իր, Իր հորիզոնն, իր հեռուն, Իր գետակը, իր առուն, Ինչպես որ ձին է սիրում Իր քուռակին վառվռուն: Ինչպես որ այգն է սիրում Իր ամպերը, լեռը իր` Լուսավառված շողերից, Ինչպես որ այգն է սիրում Իր լճակը, իր առուն , Իր թռչունին երգեցիկ, Իր երկինքը` բիլ գմբեթ, Իր բացվելը հետզհետ, Լույսի շողն իր` ամենուր, Հորիզոնի կապույտը Ինչպես որ այգն է սիրում: Ինչպես թռչունն է սիրում Իր անտառը, բացատն իր, Ինչպես առուն է սիրում Իր ընթացքը, ճամփան իր, Ողորկ քարերն հատակի: Ինչպես երկինքն է սիրում Իր ամպերը ձյուն-ճերմակ, Ինչպես որ ամպն է սիրում Թափառումն իր` երկնքում, Ինչպես որ ամպն է սիրում: Խորերը բիլ երկնի Ինչպես որ ես եմ սիրում… 1996 ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ Այն հեռուները հեռուներն են իմ, Լուրթ երկինքները` տենչանքներն հոգուս, Եվ թռիչքնե՛րս այն … Որ պիտի հառնեն. Իմ կրակներն են նրանք բորբոքում: Հեռու աստղերը վառ եղբայրներս են, Ե՜վ վառ եմ, և՜ ջերմ` ես նրանց հրից, Եվ հեռուների լեզուն ինձ պարզ է. Եվ հսկում Աստված, և պահում է ինձ … Չկա վիհերի սարսափը արդեն, Տիեզերքն իմ մեջ, ես` տիեզերքում, Ո՛ղջն ըմբռնված է, և սրտիս մո՜տ է. Երկնքի հևքն եմ զգում իմ հոգում … 1996 * * * Ելնեմ գնամ` ուր կյանքն է բաբախում … Բայց որտե՞ղ է կյանքն այդ բաբախում: Շուկայու՞մ, դաշտու՞մ, սպանդանոցու՞մ, արդյոք, Թե պառլամենտու՜մ է կյանքն այդ բաբախում: Չէ՞ որ եղել եմ ես և՜ դաշտում, և՜ շուկայում, Եվ սպանդանոցում: Եվ գիտեմ ես այն բարձր շենքերի ներսը: Օ՛, գիտեմ: Եվ փողոցները ողջ գիտեմ: Անգիր եմ արել Թափառումներս: Եվ գիտեմ ես պարտեզ ու փարախ: Մեղուների երգ, կարիճ հայացքներ Եվ օձի խայթոց: Եվ չեմ սիրում, երբ ակնարկում եք, Թե լավ կլինի … Աստվա՜ծ, միայն քո երկինքն է ինձ Գրավում: Միա՜յն: Օ՛, չքնա՜ղ երկինք … Ուզում եմ սրտիս ՙօ՚ - երով բոլոր գոչել Անվերջ ու անվերջ` Օ՛, խորու՜նկ, օ՛, անսկիզբ, օ՛, անվե՜րջ երկինք, Օ՛, եզերք իմ, եզերք, Միա՜կ սիրելի … 1997 * * * Արդեն հստակ է. հինն արդեն` անցած … Գտել եմ Աստծուն` իմ մեջ բնակվող, Գտել եմ երկինք` լազուրյա՛, գգվո՛ղ, Էլ ո՜վ ամպերից կբերի ինձ ցած: Ողջ օրը շնչել երկինքներն անմութ` Շպրտած հինը, ու գրկած ամպե՛ր … Գործ ու բան թողած` մարդկայի՜ն, անբե՜ր, Այստեղ եմ շրջում` ակունքների մոտ: Թողել եմ դաշտն այն` արյուն ու վերքեր … Ողջու՛յն քեզ, արե՜գ, հեռաստա՜ն, ողջու՛յն, Ողջու՛յն, իմ նո՜ր սիրտ հրաբաբախուն, Երկինքն եմ խմում, բացվե՜ք, իմ խորքեր … 1997 * * * Ամենավառ քո կռիվը տվիր անցար, Կռիվն հոգու: Դա արժեք չէ՞ր: Մնացել ես մենակ, հեգ: Աշխարհ նյութի: Երբ շարժվում է, ռունգներն են շառաչում, Երբ քայլում է, ճնշվում ես դու ահից: Կյանք - հրե՜շն է` Քեզ կճզմի ու կանցնի, Հորիզոնը կկլանի երախով: Երգ էր սիրտդ, Երազի մեգ ու ծարավ, Դա արժեք չէր. Մնացել ես մենակ, հեգ … Քեզ օգնական` սոսկ Աստված … 1997 * * * Այսօր հանգիստ ես, խաղաղ ու ներհուն, Մարդիկ չեն կարող պատճառել քեզ վիշտ. Եվ առավոտն է գութ և լռություն, Ախ, մնա հանդարտ, խաղաղ մնա միշտ: Եվ զգացող են դաշտ և հորիզոն. Պայծառ կարոտ կա ու սեր կա քո մեջ, Ուրեմն` գուցե չես ապրել իզուր, Սոսկ կռիվ չես դու, կամ զայրույթ ու վեճ: Սի՜րտ իմ, վերստին ներիր ու գթա, Գուցե քո մեղքն էլ մարդիկ մոռանան` Որ բռնկուն ես, ու կյանքդ է վթար, Դու դատապարտված զավակ մենության … 1997 * * * Կան լուռ ժամեր, երբ նայում եմ իմ ներսը ես, Հուսահատվում, ընկճվում եմ նորից, օ, վիշտ, Այնքան վախ կա, այնքան եմ խեղճ, ասես` ընդմիշտ, Ու ինքս ինձ մութի մեջ եմ թաղել կարծես: Ո՜չ Աստծուն, ո՜չ մարդ սիրել. դժնդա՜կ բախտ: Սիրտս է մռայլ: Ու թախիծն է դեմքիս վայել, Մութ խորություն` ինքս իմ մեջ որքան նայեմ. Ո՜չ երազանք, ո՜չ ջերմություն. քանդակ եմ պաղ: Բայց ելնում եմ այդ վիճակից բռնադատված, Կամաց –կամաց ուշքի գալիս, իմ մեջ` լույսե՛ր, Հույզե՛ր վսեմ: Ճառագում եմ մեղմություն, սեր. Մեծ են այնժամ երկինք ու կյանք, մե՛ծ է Աստված … 1997 * * * Միշտ, երբ ձեռքդ վզովս էիր դու գցում, Մնում էի ես անտարբեր մշտապես, Սիրտս քնած սիրո վարդն իր չէր բացում, Դու մեղմությամբ քաշում էիր ձեռքդ քեզ: Երբ հիշում եմ մեղմություն քո խորքի, Ու գորովը, որ չեմ կիսել, չեմ կիսել, Խոնարհ, հանդարտ, հանդարտ, սիրող, ու` հոգի, Արտասուքը խեղդում է ինձ. լալիս եմ: Ների՜ր, ների՜ր հեստությունը դու իմ բիրտ, Որ պաղ էի ու անտարբեր, ցուրտ դամբան, Տանջանքներիդ համար բոլոր, օ, ներիր, Վերքիդ համար, խոտորնակի իմ ճամփան… 1999 * * * Մենացած ու աշխարհը թողած` Այստեղ էլ ես պիտ մեռնեմ մենակ: Ֆ.Սոլոգուբ Կապույտի գիրքն է երեկոն թերթում, Ծառերն է ճոճում սառնաշունչ քամին, Ի՞նչ եմ սպասում: Էլի չեկար դու, Սովոր է սիրտս շղթաներին հին: Կթերթեմ նորից Սերգեյ Եսենին, Կամ ինձ կկարդամ գիշերվա մեջ ուշ, Վշտի ժամերը լուռ կհոսեն` իմ, Եվ քո պատկերին կնստի մշուշ: Դուռս կբացեմ մի օր էլ, լույսին, Մեռած կլինեն ժամ ու ժամանակ, Տարիներն այսպես կանցնեն, կհոսեն, Այստեղ էլ գուցե մեռնեմ ես մենակ: 1999 ԱՐԹՆԱՑԱ` ՈՒՇ ԷՐ… Արթնացա` ուշ էր: Արևը չկար, Ամպ էր, Հողմ էր: Ալիքներն օդի ալեկոծվում էին, Փետում էին հերքը իրենց Եվ ողբում էին, ողբում` Ծառերը: Ուշ էր: Արևը չկար: Հողմ էր: Մոռացել էի երազներս բոլոր, Մութ էր, Մենակություն էր, Լռություն էր… Աստվածաշունչը բաց` քնել էի… Հիշում եմ. ՙԵվ Ուրիայի կինը լսեց, որ նորա այրը Ուրիան մեռել է, եւ իր մարդի վերայ Սուգ արաւ: Եւ երբոր սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց եւ նորան ընդունեց իր տունը. եւ նա նորան կին եղաւ, եւ նորա համար որդի ծնեց. բայց այս բանը, որ Դաւիթն արաւ, չար երևեւեցաւ Տիրոջ աչքին՚: Արթնացա: Ոիշ էր: Մոռացել էի երազներս բոլոր, Մանկության երազներ, Պատանության, պարմանության երազներ… Մոռացել էի: Աստվածաշունչը բաց` քնել էի: Արթնացա` ուշ էր, Չար հողմ էր, Մութ էր… Բայց կգա Տերը, Որ հալածի մեր աշխարհից Չարը… 1999 * * * Ծաղիկների վառվում է խունկը, Բաժակները նայում են երկինք, Առուները երգ ու երկունք են, Պարզ հայացք է իմ սիրտը կրկին: Մարդկանց ծալ-ծալ մտքերի դիմաց, Երկնի դիմաց, լեռների, հրի, Նա վառվում է վառ, հուր է բորբոքված, Ու չգիտեմ` չա՞ր եք, թե բարի: Երեկ տնքում, հառաչում էի, Երեկ` անբախտ, մոլոր ու խաբված, Խժռում էր ինձ ցավը ամեհի, Այսօր վերստին ունեմ ես Աստված… 1999 ՀՈՒՅՍ Օրերից հոգնած` վաղն եմ երազում, Ու գալիս վաղը ծածկում է ներկան, Ներկան հեռավոր մի հուշ է դառնում, Ու նորն է դարձյալ տաղտուկ մշտական: Ես երազում եմ երկինքներն հոգու, Ազնիվ մարդկության ծիծաղ քաղաքներ, Բայց կյանքն է հոսում ալեհեծ, խոկուն, Դեպ դժբախտության մթամած ափեր: Անզոր ենք փոխել կյանքը այս զառամ, Որ չլինի նա կեղծիքով հաստված, Ամե՛ն, ամե՛ն տեղ վատն է խրոխտված Իշխում այս կյանքի ափերը թառամ: Բայց հույսն է ապրում սրտիս մեջ արթուն` Ծարավ մարդկային պայծառ աշխարհի, Դա չի գալու, ո՜չ, ջանքերով մարդու, Երկնքի Տերը Նոր Կյանք կարարի… 1999 * * * Կապույտ երկինքն իսկ քեզ կտա Աստված, Չես ունենա վիշտ, ցավ, հառաչանք ու ախ, Ինչպես ամպերն այն` հանդարտ ու չքնաղ, Թե Աստծո կամքին լինես քեզ տված: Չես զգա երբեք քաղցն ազատության, Հրեշտակը քո, Աստծո կամքով, Չի լքի երբեք տունն ու ճամփան քո, Չես տեսնի կյանքում փորձություն դաժան: Դև ու սատանա, սարսափից` անկամ, Չեն վնասի քեզ, կփախչեն հեռու, Մարդիկ խմում են արյունն իրարու, Մարդիկ չեն դիպչի քո մազին անգամ: Թե Աստծո կամքը կատարես սրտանց: 1999 * * * Աստված ինձ օգնեց, պահեց իմ հոգին, Որ չխորտակվեմ, մաքրվեմ անվերջ, Ես նվիրեցի երգեր երկնքին, Տերն ինձ կառուցեց ուժեղ լույսի մեջ: Ես չմիացա ոչ մի չար խմբի, Երկնքի լույսը հոգիս օրորեց, Հեռացած մեղքից ու չարի ճամփից` ՙԿամքդ լինի, Տե՜ր՚, - հոգիս աղոթեց: Պահեց, պահպանեց, սնեց ինձ Աստված, Նոր լույսերով նա իմ հոգին այրեց, Անեզերքի Տե՜ր, ով Քեզ է հակված, Ազատված է նա գթությամբ Քո մեծ: 1999 * * * Ինչ քաղցր է, ախ, լինել բորբ, փայլել… Կ.Բալմոնտ Վառ կրակներս շողում, շողշողում են, Վառ են, հուրհրատում են Կրակները իմ: Կյանքս նորից լայն է ու բաց: Բաց է, հրաշք է, հրաշք են Երազները հին: Այնպես ազատ եմ, պայծառ մի հուր եմ, Վառվում եմ, վառ եմ, լուսահուր եմ ես, Եվ սիրում եմ ձեզ: Սիրում եմ այգը, երբ արփին է ելնում, Վարսերով վառում ուսերը լեռան, Չքնաղ իմ արփին: Սիրում եմ աղոթքն իմ, Աստծուն, կապույտը, Կապույտն եմ սիրում, և հիրը, հիրը, Եվ խոհերը իմ: Հողն եմ սիրում: Ծառերը, այգին, ծառերը: Աստված լսում է աղոթքները իմ` Անձ է մտերիմ: Վառ կրակներս շողում, շողշողում են, Վառ են, հուրհրատում են Կրակները իմ …. 2000 * * * Ինչքա՛ն եմ ես սիրում կյանքը, կյանքը խորքի, Եվ լայնություն, հույզեր ունեմ, գեղեցկություն, Խոհե՛ր, խոհե՛ր` Աստծո մասին ու երկնքի, Մի մեծ գաղտնիք ունի հոգիս` ինձնից թաքուն: Կյանքը վճիտ այնտեղից է դեպ ինձ հոսում, Այնտեղից են խինդ ու թախիծ, ելնում` խառնված, Լինել ամուր և խորզգա` նա է հուշում, Այդ գաղտնիքն է, որ ասում է` ունես Աստված: Այդ տան մեջ է, ինձնից անկախ, ինձ վերծանում Իմ պահպանիչ հրեշտակը` եկած հեռվից, Թեկուզ գիտեմ մահ ու կռիվ ու կործանում, Բայց հույսով է առավոտս լցվում նորից: Ինձ պահում ես, պահպանում ես ամեն մի պահ, Թեկուզ մահը ինձ է հասնում երախաբաց, Որ կլանի, կուլ տա ահեղ, մահը` ագահ… Ինձ դեռ անամպ խաղաղություն կտաս, Աստվա՜ծ… 2000 * * * Ուսանում եմ Քո խոսքերը, Տե՜ր Աստված, Ցանկություններիս սովորում եմ հաղթել, Կռիվ, զայրույթ, վեճ` կյանքից դրդված, Ամենը ոտքերիդ տակ եմ դնում, Տե՜ր: Վիշտ կար ներսս, աչքերս էին մշուշում, Դիմեցի Քեզ, խնդրեցի, բարձրյալ, Եվ հիմա անհոգ եմ ես` դաշտի շուշան, Եվ փրկության հույսն է հուզում ինձ դարձյալ: Եվ փրկության հույսն է հուզում ինձ դարձյալ, Որ կլինեմ Քո ստեղծվելիք երկրում, Գովք կձոնեմ` ես Քեզ հոգով նվիրյալ, Որ ապրուիմ եմ որպես Անվիշտ բանաստեղծ: Ուսանում եմ Քո խոսքերը, Տե՜ր Աստված, Ցանկություններիս սովորում եմ հաղթել, Կռիվ, զայրույթ, վեճ` կյանքից դրդված, Ամենը ոտքերիդ տակ եմ դնում, Տե՜ր: 2001 * * * Երեկ հոգնած էի, և սիրտս` տրտում, Մռայլ ընկած էի` և՜ մենակ, և՜ թույլ, Բայց վառվում էր աղոտ հույսը իմ խորքում, Թե առավոտդ նոր կծագի ինձ լույս: Եվ ահա խնդրեցի, դիմեցի դարձյալ, Որ սրտիս մեջ լցնես խնդությունը Քո, Ընդունեմ նոր օրն այս հոգով անայլայլ, Եվ խաղաղ եմ հիմա ու զվարթախոհ: Կանգնեցրիր ինձ, Տե՜ր, միակ ապավեն, Նայում եմ երկնքիդ` լույս կա խնդագին, Ամպերդ խաղաղ են, լույս են, պայծառ են, Օրհնված ես, Աստվա՜ծ, փառք Քեզ վերստին: 2001 * * * Առավոտվա հովը, Ստվերների զովը Եվ մովը երկնքի Արթնացնում են հի՛ն-հին երազներ: Արթնացնում են հի՛ն-հին երազներ… Հոգիս նայում է, Աչքս տեսնում է, Նետվում է սիրտս հեռուն, Ապրում վերստին: Արթնանում եք, հնչում, Երգե՜ր հարազատ, Մղում եք տալիս սրտիս, Զվարթանում եմ, Նորոգված է բույնը թռչունի, Գույները վառ են: Արթնանում է չքնաղ կյանքը` Հանգիստը հոգու, Մոռացում ցավերի, Հեռացում անցյալից, Հեռացում… Ես մոտենում եմ Տիրոջը երկնքի… Ես մոտենում եմ Տիրոջը երկնքի, Ողջը փոխվում է, Ողջը փոխված է, Աշխարհը լայն է, Եվ նաև խորն է, Թեև նույն խոտն է գառնուկը ծամում: Պայծառ մի երգ է հուշում ինձ հորիզոնը, Պայծառ մի կյանք: Սիրելի է ո՛ղջ տիեզերքն Աստծո: Դեռ իմ օրհներգը հնչելու է, Դեպ Քեզ է ելնելու, իմ Տե՜ր, Ծխի պես խունկի, Ծխի պես խունկի, Ինձ օգնելու ես դեռ, Տե՜ր, Որ օրհներգն այդ հնչի… 2001 * * * Խոսքը ընկնում է մեր սրտից, Բայց Աստծո հոգում ներկա է առմիշտ: Շուրթերն են մեր պապանձված, Բայց խոսում է Աստված: Փակվում են աչքերը մեր, լույսից զրկված, Բայց միշտ նայում է, տեսնում է Աստված: Տագնապի մեջ ենք ամեն ակնթարաթ, Խաղաղ է Աստված: Հող էինք և հող ենք դառնալու, Բայց անփոփոխ է Աստված: Նա խոստացել է` նոր կյանք է տալու, Ճշմարիտ է Աստված: Նրանով է ողջը, նրանն է ողջը: Մրջյունը ահա. Դարուփոս ճամփեքով տանում է բեռը իր. Ի՛նչ ողջախոհություն պահվածքում նրա: Փոթորիկը չի սասանում նրան, Եվ գնում է նա պռունկով անդունդի: Նրա հետ է Աստված, Նրա մեջ է Աստված: Աստծո բերանով ալիքն է գոռում, Ծովի ջրերում է Աստված: Հովը մեղմաբար անցնում է դաշտով, Լուսին գիշերվա խոտերի միջով անցնում է հովը, Դա շունչն է Աստծո` զովարար: Անդունդները Նա է ճեղքել ահավորապես, Անդունդները Աստծո սրտում են եղել նախապես: Նրանն են կատարները բարձրաբերձ, Լեռները Աստվածն է մտածել: Արևը Աստծո տրամադրությունն է տիեզերագործ… Դադարեցրու, Տե՜ր, հողմերը բոլոր, Ձյունամրրիկը հանիր իմ խորքից, Վարիր հուսաբեկ նավը իմ հոգու Դեպ խաղաղաբեր եզերքը Քո սուրբ… 2001 * * * Տե՜ր, Քո իմաստնությունից ինձ էլ բաժին հանիր, Դու խաղաղ պահիր սիրտս և խորքով` անվրդով, Թող քո գործերի վրա մտածեմ աննիրհ, Տե՜ր, հանդարտեցրու ինձ, Դու ինձ հասիր փութով: Անարդարությունների զոհն էր կյանքս մշտապես, Եվ հոգնաթախիծ եմ ես, և սիրտս` բազմահեծ, Եվ բանսարքված-բամբասված ու անարգված եմ ես, Եվ ծաղկում է իմ շուրջը ունայնությունը մեծ: Գոռոզ, նենգ, ծուռ մի աշխարհ` չար կամքով հաստված, Արյուն, արյուն, արյուն, արկ: Եվ հոգիս համրացավ, Հանգստացրու հոգիս, մեղմիր, Տե՜ր, ամեն ցավ… 2001 * * * Տան մեջ իմ մենակության Անցուդարձ եմ անում վշտացած, Հազար ու մի բանից վշտացած: Եվ անձրև է ու մառախուղ գարնան: Եվ մի անկյունում իմ տան Անոթի մեջ ծաղիկներ ես դրել` Նախանցած տարվա ծաղիկներ դեղին` Նախանցած տարի: Ինչ հիմար, տարօրինակ մարդ եմ եղել ես, Տեսնում եմ ծաղիկներն այդ` նախանցած տարվա, Եվ լալիս եմ հոգուս մեջ, լալիս: Որ մեռել ես, իբր դու, մեռած ես վաղուց: Եվ այդ ծաղիկները քո հուշն են արթնացնում… Եվ գիտեմ, որ անեծք են ինձ համար Ո՛ղջ իմ ապրուները: Անեծք են, անեծք, Երբ չեմ հիշում երկինքը… 2001 * * * Արթնացա սեպտեմբերի գրկում, Լուսացոլ, պայծառ եղանակ: Անցել են կիրք, շոգ և սրտնեղում, Հանդարտ է սիրտս տրոփում, Հրաշք է սեպտեմբերը լրջմիտ: Անցավ և՜ փրփուր, և՜ եռմունք, և՜ քափ, Զուլալված կյանքիս գետակը Հուսալից ձգվում է հեռուն, Հանդարտության մեղուներն են բզզում, Ողջ օրը թափանցիկ երկինքն է ժպտում, Ժպտում է իմ սիրտը երկնքին: Բնություն, երկինք, հրեշտակ, Ա՛խ, այնքան ճիշտ են արարված, Սիրտս չի գտնում կշտամբանքի խոսք, Դաշնության Աստված, Ուսուցիչ և Հայր, Չկա վրդովք իմ մեջ, խաղաղված եմ ես: Սատարիչ, ներող ու հզոր, Մի օր էլ գուցե պարգևես դու ինձ Երկնային հոգու պայծառ սեպտեմբեր… 2001 * * * Երգում ես դու Սեր և դյութանք, Պայքար, կռիվ և խիզախում, Ու երբեմն էլ թախիծն է քեզ ողողում: Եռում են քո մեջ Կրքեր բուռն, ուժ և մղում, Ու աճում է սրտիդ խորքում Հանդգնության ծառը փարթամ, Եվ պոեզիայի դևն է Աստվածը քո: Եվ երգերդ հորդ են այնպես, Եվ չեմ նախանձում քեզ, Որ այդպես լայն ես: Հոգնած եմ ես, անհույզ և ծույլ: Գուցե Աստված վերցրեց ինձնից Եվ երգ, և՜ խնդություն, Գուցե ես եմ հարվածել ինձ Մեղքերով անտես, Որ լուռ եմ այսպես, Ճնշված, անծպտուն, Անարեգ: Եվ չունի սիրտս վերելք: եվ շուրջս է խավար: Ասես, մտել եմ լաբիրինթ մի` Եվ տրտում, և՜ ցուրտ, Բայց ազատության հույսն է երբեմն առկայծում` Թույլ, շատ թույլ: Չընդունեցիր աշխարհն այս, Աշխարհն էլ քեզ չընդունեց: Լուսավորիր ինձ, Տե՜ր, Մի թող այսպես տրտում, անձայն, Անվերելք: 2001 * * * Ա՛խ, ինչպես անցան Օրերը նախշուն, Ու կյանքը դարձավ Մի գունատ աշուն: Հրե վարդն ամռան` Թոշնած ու հանգած, Չի երգում առուն, Եվ սիրտս է հոգնած: Գույներ ու տաղեր Իմ հոգուց թռան, Ու եկան վախեր, Մոխիր լռության: Օ՛, երբեք, անցյալ, Չես դառնա էլ հետ, Երազս անցավ, Մեռավ առհավետ: Ա՛խ, երազն անցավ, Դժգույն առօրեա, Հառաչներ ու ցավ` Սրտիս մեջ հիմա… 2001 ԱՂՈԹՔ Քեզանով եմ զորանում, Տե՜ր, Քեզանով է գիշերս փարատվում, Լռում բազմությունը հառաչանքներիս, Փախստական նինջս գալիս իջնում աչքերիս, Քեզանով են համբառնում վախերս ամեն, Ծնկներիս դողը դադարում: Քեզանով է հոգիս խաղաղվում, Քեզանով է դառնում երկինքս անամպ, Սրտիս մեջ ժպտում արեգակ: Քեզանով են չվում տագնապներս ամեն, Խառնակ երազները ցնդում-հեռանում: Քեզանով եմ վշտերիս հաղթում, Քեզանով եմ դառնում երեխա, Քեզանով եմ ներում, Քոնն է Դատաստանը, Քեզանով է շունչս առողջանում, Վհատությունս փոխարինվում հույսով, Հոգեվարքս փոխվում վերածննդի, Փարատվում սարսափը մահվան: Քեզանով եմ ելնում դեպի լույսն արևիդ, Առավոտին ասում` բարի ես դու, լու՜յս: Փառք Քեզ, վերստին փառք, Քեզանով են բուժվում իմ կույր աչքերը. Ես տեսնում եմ, և փառավորվում Քո ստեղծածով, Իմ խուլ ականջների մեջ կաթեցնում ես Քո ձեթը, Եվ բացվում են նրանք Քո խոսքը լսելու: Փառք, որ սրբում ես իմ արցունքները հայրաբար` Նստում հոգեհիվանդիս սնարի քով Եվ ասում ես ինձ` որդի՜ս, Մի մոռանա խոսքերս, Եվ կապրես: Քեզանով եմ ամաչում մեղքերիցս անցյալի, Նոր մեղքերով չեմ լցվում` Քեզանով, Քեզանով եմ թախծում ցուրտ անցյալիս համար, Քեզանով եմ դուրս գալիս բանտից մենության, Քեզանով է հառնում, ծավալվում, Ցնծում իմ հոգին, Քեզանով է ողջը: Տու՜ր` չխոտորվեմ, եթե գնում եմ ուղիղ, Տու՜ր` Քո շավիղները չկորցնեմ, Տե՜ր, Պատիր իմ հոգին Քեզանով, Առողջացրու նրան այսօր ևս Քո հավատով, Փարատիր մեգը, փարատիր, Աստված և Հայր, Հիսուսով լսիր այս խոսքերս, Տե՜ր, Եվ փառք Քեզ հավիտյան, վերստին փառք, Ամեն և ամեն: 2001 * * * Ինչու՞ ես լուռ, իմ հոգի, Վշտի ծովում` տարուբեր, Երեկոն է երկնքի, Նա մեզ լքեց անհամբեր: Նա մեզ լքեց անհամբեր, Եվ օրերը հեռացան, Հուրերն հանգան կենսաբեր, Հեռու է նա, ոչ մի ձայն: Դալուկ հանգչում են օրերը, Այգն է հիվանդ և տրտում, Սրտիս բոլոր հառաչները Գիշերն իր գիրկն է թաղում: Ա՛խ, կշողա` նոր, անբիծ, Սիրո վարդը իմ` անցավ, Թե՞ հանգել է այն օրից, Երբ նա լքեց, հեռացավ… 2001 * * * Եվ երբ որ եկավ Աստվածը ինձ մոտ, Ես ընկա գուբը` խիստ ահաբեկված, Մեռնում էի ես` դողահար, գունատ, Երբ եկավ այն պահ Աստվածը ինձ մոտ: Ես` ամոթահար, դողացող եղեգ, Եվ վիշտն էին ես` ծնկներիս ընկած, Ու չէի կարող կանգնել վերստին, Ինձ էին նայում Աստված, տիեզերք: Եվ քար էի ես այն ցուրտ առավոտ, Հոգիս լքել ինձ և շունչս էր հատնել, Եվ ողբամութ էր երկինքն ինձ հանար` Երբ այցելեց ինձ Աստվածն ահավոր: Եվ ես` համրացած ու սրտով` մեռած, Սարսափում էի պաղատել, նայել, Թող չտեսնես դու այդ տանջանքն անանց, Երբ քեզ այցելի, այցելի Աստված: Բաղդասարն էի խելացնորված, Ինչպես Դանիելը, Եզեկիելն ինչպես` Դողահար, համր, ահաբեկ ու խեղճ, Հիմար էի ես և անասնացած… Անցնում են օրերն` հրելով իրար, Եվ շաբաթները դառնում են անցյալ, Եվ այդ անցյալի ուրվականն եմ ես` Ցավը սրտիս մեջ, և սիրտս` սև քար: Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, հոգիս է լալիս, Մեռած եմ, մեռած, և հուղարկավոր, Կանգնեցրու ինձ, հայրագութ Դու Հայր, Գթա և օգնիր, շունչ տուր մեռյալիս… 2001 ԱՌԱՎՈՏՎԱ ԱՂՈԹՔ Առավոտվա լույսիդ հետ Քեզ եմ դիմում, Տեր Աստված, Պահիր հոգիս, պահպանիր Չար ափերից հեռացած, Ուր եռում է հարակա, Կյանքը նվաստ, անցավոր, Ուր մարդիկ են ահավոր Մարում լույսը արդարի: Տուր, որ կարդամ վերստին Ընկերներիս դրուժան, Եվ նրանց, որ միշտ էլ ինձ Ուժգին ու խոր ատեցին: Կարդամ, տեսնեմ, թափանցեմ, Ցավեմ խորունկ, վշտացած, Որ նրանք էլ տանջանքից Խեղվել են ու ընկել ցած: Տար խոհերս տրտմագին Քո լույսերով հունցելու, Կապույտ հեռուդ բաց իմ դեմ` Խավարներում մթագին… 2001 ԲՈՒԺԻՉ ԻՄ ԱՍՏՎԱԾ Վշտի, տրտմության օրերում անհույզ Թափառում եմ ես անարեգ, անսեր, Եվ տեսնում եմ ես հայացքներ անլույս, Որ սիրտ են խոցում, ինչպես սուր սուսեր: Թափառում եմ ես դաշտում մենության, Ծխելով գնում` երերում, կորչում, Սիրտս մթագին ողբերի մատյան, Ու գնում եմ դեռ, ծանր հառաչում: Բայց վերստին, Տե՜ր, կազատես հոգիս, Կվանես վշտի սարսափը դժգույն, Կվառես իմ մեջ լույսը Քո հանգիստ, Բուժիչ իմ Աստված, իմ կյանքի ակունք: Բուժիչ իմ Աստված, իմ կյանքի ակունք, Ինձ հետ կլինես խոսքով Քո անսուտ, Դու ես իմ կյանքի սնուցիչն անքուն, Եթե չշեղվեմ դեպ դևերն անգութ, Այստեղ ամենուր խրոխտված որ կան: Օ՛, այդ ահավոր որդիք կորստյան, Որ մերթ հանճարի տեսքով են ներկա, Մերթ ունեն թշվառ դերվիշի պատյան: Որ կան խրոխտված, ասես, անթերի, Նրանց ձեռքով է մեր կյանքը հանգում, Ցամաքեցնում են հոսքը ջրերի Եվ առևանգում երկինքներն հոգուս: Առևանգում են երկինքներս անգին, Աստծո պատգամը ոտքով տրորում, Թքում են նրա լուսատու դեմքին, Եվ մեզ դժոխքի նինջն է օրորում: Տուր ինձ կապուտակ երկինքը Քո, Տե՜ր, Խորագին զղջում և սեր մի անհուն, Որ այս դժոխքից ազատվեմ ու դեռ Ճաշակեմ հանգիստ, բախտ և խնդություն … 2001 * * * Մի հնազանդվիր չար ուժին երբեք, Չար ուժին երբեք չտաս դու արժեք, Գլուխդ բարձր քայլիր ու գնա, Միայն Աստծո դեմ դու խոնարհ մնա: Միայն Աստծո դեմ պապանձվիր դու հեզ, Հնազանդության Աբրահամի պես, Գերության մեջ քո` Եգիպտոսում կույր, Լսիր քո Աստծո պատգամները հուր: Կյանքի հարթ ու չար անապատից բորբ Բարձրացիր լեռը, Սինա սարը սուրբ, Պատգամներն Աստծո գրկած իջիր ցած, Կյանքը հեթանոս` դու Աստծով լցված: Կյանքը հեթանոս, ճշմարտի մեջ` ծույլ, Չնայես նրա կուռքին ոսկեձույլ, Թող որոտա Աստված, և ձայնը Նրա Փռվի քո հոգու դաշտերի վրա… 2001 ԼԱՑ, ԻՄ ՀՈԳԻ Լա՜ց, իմ հոգի, լա՜ց. Որ երկնքում տրտմեց Աստված, Երբ գերագույն հրեշտակը նախանձեց Աստծուն, Լա՜ց, որ նախամայրը մեր գայթակղվեց, Գայթակղվեց, Եվ խաբվեց նախահայրն էլ մեր` դրախտում: Որ այնտեղից` ամոթահար ու լացով, Ադամն ու Եվան հեռացան, Հեռացան, Դեպի չար աշխատանք, տքնանք, դժբախտություն, Դեպ տանջանք, տվայտանք ու մահ` Վտարվեցին: Լա՜ց, որ Կայենը սպանեց Աբելին, Սպանեց, Երբ Աստված ընդունեց զոհը Սարերի ազատ հովվի: Որ Կայենն էր բարկության որդի, Բարկության որդի, Եվ զոհը չնդունվեց նրա` Երկնքում: Որ մարդիկ այնքան չար էին, Այնքան չար, Որ աշխարհն էր միշտ Սոդոմ ու Գոմոր: Որ միայն մի մարդ կար արդար` Փրկված ընտանյոք` ջրհեղեղից: Լա՜ց, որ մահ ընդունեց Քրիստոսը մեզ համար, Որ աշխարհը մինչև հիմա Ընթացքի մեջ է չար, Ընթացքի մեջ է չար, Որ արքաներն են ցմահ անարդար, Որ ժողովուրդներն են կոտորում իրար: Լա՜ց, որ կույս Հռիփսիմեն Այնքան տառապանք կրեց Տրդատից, Լա՜ց, որ մի խումբ չինացի մարդիկ Երեկ այրում էին իրենց` Սատանայի աշխարհից երկինք տեղափոխվելու հույսով: Համայն աշխարհը մեղքի մեջ է, Մեղքի մեջ է, Եվ քչերն են շնչում Աստծով: Լա՜ց, իմ հոգի. Անմեղությունն է սպանվում անտառում` Մայր եղնիկը չքնաղ, Մայր եղնիկը չքնաղ, Եվ ձագուկը տեսնում է մեռնելն իր մայրիկի: Եվ ձագուկը տեսնում է մեռնելն իր մայրիկի: Լա՜ց, որ ձագուկը մնում է որբ, Մնում է որբ, Մաքառում իր կյանքի համար ազատ, Որ որսորդի գնդակների տարափի տակ Դառնում անտառում կրակ-գեղեցկություն` եղնիկը, Աստվածային հրաշք, Եվ դարձյալ` հոշոտվում… Իրերի այս վիճակին, հույս կա, Որ վերջ ես դնելու, Աստվա՜ծ, Որ վերջ ես դնելու, Աստվա՜ծ…. 2001 * * * Աստծո վախն է իմ սրտի մեջ հաստատվել, Եվ Նա գիտե, հսկում է ինձ, հասկանում, Բացում է ինձ հորիզոններն առավել, Ես զտվում եմ, և քուրան է բորբոքուն: Ես խնդուն եմ, լայնասիրտ եմ ու զվարթ, Կիրակի է իմ հոգու մեջ, ո՜չ անկում, Ինչի վրա նայեմ մի պահ, ակնթարթ, Հանգումս է նոր, և Աստվածն է ինձ հսկում: Ընծայում է շավիղները վառ կյանքի, Շավիղներն այդ հեռագնա - ուղիղ են, Մոտեցնում են աստվածարար երկնքին, Թարմություն է ու հրաշք է իմ ուղին… 2002 * * * Թող Աստծու առջև լինեմ ես զտված, Մարդանց կարծիքը հոգս չէ ինձ արդեն, Մարդիկ ապրում են չարից լիցք առած` Չեն կարող երբեք մեզ առաջնորդել: Գուցեև ծանր մեղքեր ես ունեմ, Գթալով` արագ կբուժի Աստված, Եթե հայացքս դեպի վեր ուղղեմ, Աղերսեմ եթե` սխալս հասկացած: Դժվար է անչափ, ասես` խենթությու՜ն, Չարության երկրում ապրել Աստծով, Ամեն ակնթարթ` գայթակղություն, Եվ ամեն օրդ` տանջանքի մի ծով: Բայց որոշել եմ, սրտիս մեջ դրել` Բոլո՛ր մտքերս պարզել Աստծուն, Իմ խռովքները միշտ Նա է մարել, Իմ հուզումները Աստված է բացում: Ալեկոծումից կսուզվեմ արագ, Ես ի՞նչ եմ, ոչինչ` երկնքի սրտում, Առանց Աստծո որբ եմ, միայնակ, Աստված ապավեն, Նա հույս է արթուն: Աստվա՜ծ, վերստին փրկում ես Դու ինձ, Հանդիմանում ես, ուղղում, շտկում, Խոսքդ բալասան` կենսատու ակից, Իմ բժի՜շկ Աստված, լույս ես ներարկում: Շունչս` մաքրված, հայացքս է խնդուն, Հորիզոնները բացվում են, ժպտում, Ժպտուն արև է, երկինք անտրտում, Եվ հեռուները, մոտիկն եմ սիրում: Քրիստոնյա եմ վերստին դառնում: 2002 * * * Այսպես լուռումունջ, Այսպես միայնակ… Օրերս են անցնում` Դանդաղ սահելով: Առավոտն իսկ շոգ է, Անհրապույր, Ամեն մարդ` իր գործին ու բանին: Մի աղոթք, Մի քանի էջ` Աստվածաշնչից, Խաղաղության ճիգեր, Մտածումներ խոնարհ. Վախ Աստվածանից: Մեկ-երկու բանաստեղծության անհույզ ընթերցում, Ու՞ր ես, իմ կրակ, Արձակ մի քանի էջ, Եվ հորանջում եմ… Քնում եմ շոգ ցերեկվա մահճում ձանձրալի, Որ տրտմությունը սուզվի… Երբ արթնանում եմ` իրիկնադեմ է. Հովը մի փոքր ընկել է: Նստում եմ պատի տակ` Լուռումունջ, մենակ ու անհույզ… Բզզում է բզեզը կարմրափոր` Հռթիռն իմ տարածքի, Լուսինը միայնակ բարձրանում է… Երբ որ դու գաս, կփոխվի ողջը, Այդպես եղել է… 2002 * * * Բոլորովին ազատություն: Անկաշկանդ ու ծաղկուն խոհ: Ազատ, անծայրածիր դաշտ: Հեռուների շունչ, հեռուների… Թոքախտից ազատ իմ կուրծք, Ագահ շնչառություն իմ, ագահ, Բարձրաձայն խոհեր իմ: Արձագանքը լեռներից իմ ձայնի: Օ՛, իմ անշնչարգել հոգի: Փառքդ, իմ Աստված, կձայնեմ, Աղոթքներն իմ` ամեն օր, Ներշնչված, դեպի Քեզ, դեպի ՔԵզ… Հրաշալի իմ կյանք` Աստծո շնչի տակ վերընձյուղված: Միթե՞ կմեռնեմ, Աստված իմ… Հավատում եմ, կպահես, Տե՜ր… Եվ ի՞նչ կա Քեզանից և երկնքից Ավելի արժեք ինձ համար: Սերն էլ երրորդն է, հավանաբար, Որ բխում է Քո հոգուց, Որ պարգևել ես ինձ, Քանզի սեր ես, Աստված… 2003 * * * Տուր դեռ, Աստված, որ բոցակորով Վառվեն հորիզոններն իմ առաջ, Արշալույսը ծագի փայլով վաղնջահայաց, Եվ հիանամ Քո ստեղծած երկնքով: Եվ վերացրու, ի չիք դարձրու, Հայր մեր, Սատանայի փռած խավարն իմ հոգում, Տե՜ր, մաքրիր, փայփայիր, զվարթացրու Սիրտս պղտորված, խավարամած, Հուսահատ ու վշտահալած: Մեռցրու վիշտը, Տե՜ր , վանիր չարը ինձանից հեռու, հեռու՛…. Հալիր, կուրացրու աչքերը նրա, Որ խարխափի, չտեսնի նա ինձ, Տե՜ր իմ Աստված, ազատիր, փրկիր, Սատարիր ինձ, Տե՜ր,… Թող Քո լույսը հոգուս մեջ տարածվի, Շողա, ծավալվի… 2003 * * * Կոշտացել են իմ ձեռքերը աշխատելուց, Իմ աչքերը կարդալուց` հոգնել, Իմ սիրտը վշտերի մեջ խռով է, Եվ հայացքս չարության պատկերներից Խավարել, խամրել է: Ամեն պահ հառաչանք կա իմ հոգում, Ամեն պահ կարող եմ բռնկվել, Փախել է խաղաղությունը ինձանից, Մութ գիշերն է պատել ինձ: Ես լսում եմ մռունչը գազանների, Գառների փարախը` դատարկ: Չարն է հռհռում: Տե՜ր, ազատիր, փրկի՜ր, , Սանձահարիր հարձակումները նրա, Վերականգնիր ինձ, Տե՜ր, Պահպանիր, Հայր, Հիսուսով…. 2003 * * * Սիրտս լուսավորվեց: Գիշերվա ժամը մեկին: Ողջ օրը պարապ տքնել էի` Չարքաշորեն քայլելով մռայլ, քայլելով մռայլ Ճանապարհով ունայնության: Հուսահատությունը տվեց հույս, Սինը` մտածում, Անդորրը ջախջախվածիս` վերահառնում, Անապատը` հոգևոր պարտեզ, Խավարը` ճառագայթ, Հերքումը հաստատեց ինձ: Ոչ թե դրսում, ի՜մ մեջ: Իմաստունը սանդուղք էր առաջարկում: Բայց ես մագլցելով եմ բարձրանում, Մինչև որ կաճեն նոր թևերս… 2003 * * * Ողղակի հրաշք է աշունը խաղաղաբեր: Գուցե ես եմ ուրիշ դարձել: Իմաստավոր, սիրող երկինք: Սիրտս էլ հանգիստ է: Ասես մի երկինք էլ նա է: Անչար ու պայծառ: Հուշերը ձախորդ օրերիս Այսօր չեմ դարձնի բանաստեղծություն: Եվ նույնիսկ մոռանալ եմ ուզում, Որ դժբախտ այս երկիրը Ոտից գլուխ գարշահոտում է: Ջհանդամը, թե չեն փտել այս մարդիկ` Սատանայից գուրգուված, Ես գիտեմ նաև, Որ կան ուրիշ մարդիկ էլ արևի տակ: Սատանայից զատ` Գործում է նաև Տեր Աստվածն Ինքը: Եվ մենք չենք մեռնի` Տնքալով չարերի իշխանությունից: Գործում է նաև Տեր Աստվածն Ինքը…. 2003 ԲԱՆԱՍՏԵՂԾԸ (պոեմ) I Քանզի, սի՜րտ իմ, ամբողջ մի կյանք Բանաստեղծ եմ ես ինձ կարծել, Փորձենք, գուցե կարողանանք Նրա պատկերն այստեղ գծել: Կարողանանք` ազատ վախից, Հուրերը մեր վառել բորբոք, Չսայթաքել խոսքի շավղից, Ելնել վշտից այս անամոք: ՙՊոետն է խենթ երկնի զավակ, Եկեք նրան հանգիստ թողնենք, Վերին հուր կա, վերին նվագ Իր երգերում` բեկուն եղեգ՚: Ասել են: Բայց ցավով անանց, Վտարանդի, մաղախն ուսած, Սանդուղքներով օտար մարդկանց Դանթն է ելել կամ իջել ցած: Աքսորված էր հեռու երկիր Օվիդիոսը` սիրո համար, Շրջում էր նա անկարեկիր, Օտար ափեր, օտար բարբառ: Կամ թե վերցնենք Նարեկացին. Վեղարի տակ հեծեծանքի, Արցունքների` աղոթածին, Մի օր կանչվեց հալածանքի: Նա, որ հնոց ու կյանքի նոր Արարատն է զղջմանց` անգոս, Ջրհեղեղից փրկված մի Նոյ, Կասկածվել է հերետիկոս: Ես տեսել եմ պոետին` խե՜նթ, Երկնքի տակ աստղալազուր, Գնչուների թաբորի հետ, Երբ Մարքսի հետ վեճն էր իզուր: Վառվում էին սրտերն այն ջերմ, Վառ կրակ էր, զառանցանք վա՜ռ, Այնտեղ` երգեր, վառ-վառ աչեր` Վառվող հուրե՛ր հոգու համար: Այնտեղ երգեր` աստղե՛ր թափուր, Ու հրաշքներ երկնահնար, Հեռուներից եկած տաբոր` Լուսաբացին պիտի գնար… Թռչկոտում էր շուրջը հրի, Արբում ազատ այն երգերից, Որպես զավակ երկինքների, Բայց երկրում էր` որպես գերի… Տրտում, թախծոտ, քնքու՜շ պոետ, Սիրո վշտից զարկված Հա՜յնրիխ, Դու կրակի ոգու ասպետ, Այս աշխարհը ինչքան է նեղ: Ստրկական ոգին տխեղծ Թույն ներարկեց երգիդ լազուր, Սակայն դու կաս, որպես թախիծ, Որպես ասպետ, սե՛ր երազուն… Իսկ Բայրոնը... Սրտով ցավեց` Հելլեններին կանգնեց պաշտպան, Ազատության համար զոհվեց` Արվեստների, գեղեցկության… Արվեստների, գեղեցկության Վառ ասպետն է բանաստեղծը, Ու ձայնն է նա ազատության, Ձայնն այդ մաքուր ու անեղծ է: Արքաներն էլ մահ պիտ խորհեն, Ինչպե՜ս ներեն ամեն անգամ, Հակադիրին ինչպե՜ս սիրեն, Անհանգիստ են, երբ դեռ նա կա: Անհանգիստ են, երբ դեռ նա կա… Այդպես Ներոնն էր չարագութ` Երբ շնչում էր դեռ Սենեկան: Եվ սպանեց: Բայց ի՞նչ օգուտ: Պուշկինն ահա: Ինչպես Մոցա՜րտ` Պոեզիայում: Լերմոնտո՜վը… Թե ատում է նրանց ցարը, Կա՜ն Դանտեսն ու Մարտինովը: Եվ բանտը նույն բանտն է մնում, Ուր տանջվում են, խոսում անկապ, ՙՄորֆի՜ն՚ գոռում ու համրանում, Ինչպես որ մեր պոետն հանգավ: Տեսա նրան հողմի ժամին, Ծովի ափին, ծե՛ր ու մենակ, Ծածանում էր հերքը քամին, Նա ալյաց մեջ` խիզախ մի նավ… Եվ մի ժայռ կար` միտված երկինք, Վերասլաց և խորախոր, Վառ օրերի ե՜րգը կրկին Հիշեցրեց պահն այդ տխուր: ՙԴեպ արևը, քարավա՜ն իմ…՚,- Շշնջում էր սրտի մեջ նա, Ուրիշ երկինք չէր դավանի… Բայց ծփում էր հեռվում մի նավ… Փոթորիկին իրեն տված` Ծփում էր խեղճ` ծովում` անկամ, Նավն այն չուներ հույսի աստված, Չուներ դրոշ հայրենական: Վարպետն հիշեց օրերն անամպ, Երբ ջահել էր, սրտով ջինջ էր` Լեցուն հզոր կայունությամբ, Ինչպես ժայռն այս` ծովի մեջ էր: Ինչպես ժայռն այս` մեջն հողմերի, Կանգնեց երգիչն, ամպն իր ցրեց, Երգը կրկին վառ ժամերի Ծեր սրտի մեջ հնչեցրեց… Նրանց հոգու սուգը անսաց, Ում որ տանջեց կյանքը այս թեն, Դեպի իրեն հակվեն, ասաց, Իր ոտքի տակ խարիսխ նետեն… Տեսա նրան հողմի ժամին, Ծովի ափին` ծե՛ր ու մենակ, Ծածանում էր հերքը քամին, Նա ալյաց մեջ` խիզախ մի նավ… * * * Վարանում եմ իմ բեռան տակ, Ծանր է, իրոք, հենց սկզբից, Խոսքը վարել ճիշտ, անսայթաք, Սարսափում եմ փրփուր –քափից: Սակայն ուշ չէ` նայենք դեպ վեր, Հայցենք, որ մեզ մուսան գթա, Հոմերը կույր, նախնին մեր ծեր, Մուսայից սոսկ շնորհ գտավ: Մուսային են ապավինել Պոետները բոլո՛ր, բոլո՛ր, Որքան էլ մութ, որքան անել Դարը լիներ, լիներ խոլոր: Գուցե ժպտաս դու սրտաբաց Այսքան նաիվ իմ վիճակին, Թե՞ ելուզակ եմ խաբեբա, Որ մտել եմ կրկեսը հին: ՙՀարմարվելով խոհեմ դատիր, Քեզ ոչ մեկը էլ չի հերքի, Թող վեր հառնի մերթ էլ ընտիր Նմանակը ազնիվ երգի: Հազար կապանք ու հազար դև, Հազար անդունդ խոսքի ճամփին, Վայր է ընկնում երգը` անթև, Ընդունու՛մ ենք նմանակին: Ապրում է նա` նմանակը, Հարմարվող է, կիրթ ու արթուն, Հարգում ենք մենք իր վաստակը— Թշնամի չէ կյանքը մարդուն: Այսօր խոսքում քերթողական Անհեթեթ է խցկել մուսա, Մուսաները վաղուց չկան, Երկնից կրակ դու մի հուսա՚: Գուցե հիմա, ո՞վ գիտենա, Խորհես այդպես, իմ ընթերցող, Կամ մտորես. ՙՊոե՞տ է նա, Թե նորընծա հերձվածող՚: Բայց մուսան է սրտի մեջ պաղ Գիսաստղի պես վազում հանկարծ, Բոցավառում, փոխում մի պահ Մրսած հոգու կամարն հանգած: Վազում է նա ծիրով կապույտ Ու ըղձանքներ նորից վառում, Մեր ճիգերի աշխարհը մութ Պարզում է մեզ մոտն ու հեռուն: Ցոլանում է, վառվում հանկարծ, Հանգչում դարձյալ, անհետ ցնդում, Բայց այդ բորբոք հուրը,որ կար, Դեռ հիշում է հոգին տրտում: Ու անցնում ենք ուղի կյանքի, Ու թախիծ է ճամփեն քարոտ, Ու երգեր ենք ասում անգիր, Ուր իղձեր կան, անուրջ, կարոտ: II Ցավերի մեջ, մոռացության, Անհայտութայն, դեգերումի, Խավարի մեջ, մենակության, Պոետը հուր երգեր ունի: Կմեռնի նա լռությունից, Նվաստացման ցավերից մեծ, Վշտերի մեջ անկարեկից Լուռ կհանգչի սիրտն հողմածեծ: Շուրջը` աղմուկ, խոսքեր, ժխոր, Անհաշտ կռիվ` մոտն ու հեռուն, Նրա հոգում -- դամբան տխուր, Մենակության քարն է լռում: Գալիս ես դու, սրտի՜ թրթիռ, Անակնկալ, թեթև՛, կապու՛յտ, Օտար երկրում` ինչպես հրթիռ, Երբ բզզում է սրահն անփույթ: Կամ փողոցում մայրամուտի, Ուր մեռած է երազը ձեր, Ուր գամված եք ափին մութի, Հին ճահիճին, շղթային ծեր: Գալիս ես դու, թրթի՜ռ սրտի, Պոկում նրան մեկից թափով Նվաստացման ձյուն ու ցրտից, Կյանքից տափակ ու ապահով: Պոկում նրան, սուզում ես դու Կոհակներում քո խաղերի, Կամ տանում ես, ուշիմ, արթուն, Գգվող աննենգ քո թևերին: Խաղ է, ասես, լուռ ու անհարց - Ձեռքին պահած գեղադիտակ` Հրճվում է նա, տխրում հանկարծ Պատկերներից խորունկ, անտակ: Ու հնչում է շեփորը հիր, - Ահեղ դատ է ու դատաստան, Սրտի մեջ դող, վախեր, մոխիր, Հույս է տածում նա փրկության: Ու զարկում են նրան մեղքեր, Ընկնում է դառն, ուշակորույս… Զարթնում կրկին, ելնում է վեր –- Նույնն է աշխարհն, անտարակույս: Այսպես օրեր, տարիներ ձիգ Ապրում է նա, հոգով` փոխված, Իր շնչելն է դժվար մի ճիգ Քավարանում քո պարգևած: Շուրջը կյանքն է` լավ կամ վատթար, Աղմուկ, կռիվ` հացի, գինու, Իսկ իր հոգում` փոխված անդարձ, Նոր խորքեր են դեռ արթնանում: Ու տանում ես նրան անքուն` Քո թևերին` գգվող-խոնավ, Բախում անդուռ նրա հոգուն Հողմ ու գիշեր, ալիք ու նավ: Հողմ ու գիշեր, ալիք ու նավ, Խութեր թաք ուն, խորքեր անտակ, Հոգին նրա` հեգ ու անդավ, Կյանքը` դաժան, անմիտ կատակ: Ու լինում են պահեր սրտում, Նա այսպես է խոսում խորքից. - Թո՜ղ մտքերը` դառն ու արթուն, Ազատի՜ր քեզ նրանց ձեռքից: Մոռացի՜ր ողջն, ինչ որ եղավ, Փորձանք, ճնշում, հալածանք մութ, Ինչպես վճիտ մի երեխա, Թո՜ղ ամենը, դարձիր կապույտ: Ովքեր քո դեմ եղան լոկ թույն, Ու ոսոխներ` անզեղջ ու մութ, Ովքեր հոգու ոխով արթուն Տանջեցին քեզ` դարանամուտ, Որ դու երբե՛ք կամարում խոր Ճախրանքների չբացես թև, Ովքեր քո դեմ եղան խոժոռ, Ներիր նրանց` վճի՛տ, թեթև՛… Չէ՞ որ նրանք կոփեցին քեզ, Ի՞նչ էիր դու–- սենտիմենտ սոսկ, Ճաշակել ես ճամփին քո կեզ Խորին տանջանք ու դառը խոսք: Ամրացել են թևերդ լայն, Ու գիտես դու կապու՛յտ, եթե՛ր, Վերելքի երգ շեփորաձայն, Թեկուզ վերում կան սև ամպեր: Ներիր լայնսիրտ ու մոռացիր, Թո՜ղ, ազատվի՜ր, դարձիր թեթև, Սին է ողջը, ցավ է անծիր, - Մորմոքում է հուշը անթև: Ա՜յ, թռչունը երգում է, տե՜ս, Ու գարունն է նետում շիվեր, Թե կամենաս` քեզ կդյութե Ճերմակ ամպը` երկինքն ի վեր: Շողշողում է զնգուն արփին, Սյուքն է շոյում քրոջ նման Ցածրիկ խոտը գետի ափին - Կյանքը երգ է ապաքինման: Այնտեղ, ի՞նչ փույթ, մեր սրտի մեջ ՄԻ քիչ ցավ էր, մի քիչ տանջանք, Դալուկ խոհեր, լուսինի՜ տենչ, Գանգատավոր առվի դյութանք: Զուր զայրույթ էր, խռովք, հուզում, Զղջում, զղջում` ծովից էլ խոր, Բայց հողմերը մահդ են ուզում, Առագաստված սի՜րտ իմ տխուր: Անփորձ էիր, երկչոտ նաև, Դարձել էիր լաթ անմաքուր, իզուր հուզում, տենչեր նաիվ, Ու՞մ են նրանք փրկել կյանքում: Խեղկատակի դառը վիճակ, Գույն ու դիմակ երբեմն հագած` Բանաստեղծն է անում կատակ Հաճելի է տհաս մանկանց: Ուշիմ աչքը` ինչ էլ լինի, Լուռ կպեղի ներկից անդին Գունատ դեմքը Առլեկինի` Դատապարտված երկրի ցրտին: Գնում է նա դատապարտված` Ձեր մեղքերի բեռան ներքո, Ու երկնքում չկա Աստված, Վաղուց է նա դարձել անգո: Գնում է կոր, մենակ, տրտում, Հառաչավոր երգին գերի, Զարկվում է նա արնոտ արտում -– Ստրուկ չէ՜ նա սին կրքերի: Լավատեսի դրած ակնոց, Պահանջում եք` ջահել թե ծեր, Պոետից երգ կոպեկանոց, Որ զետեղեք թերթերը ձեր: Չունի տենչեր նա անհեթեթ, Իր երգերից` մաքուր ու լուրթ, Մի օր պիտի ցնդի անհետ Անհայտության մշուշը ցուրտ: Թեկուզ նրանք` երկնի հուշ, Գզրոցներում մութ, ցեցակեր, Երկար մնան ընկած անուժ, Ջնջվեն բառեր, խամրեն գրեր: Կելնեն դարձյալ բանտից մթին, Պոետը դեռ կգա, գիտեմ, Նրա երգը տևի պիտի, Իսկ դուք կանցնեք չնչին, անդեմ: Թեև այսօր լսում են ձեզ, Թխում երգեր ժամանակին, ՙԾաղկու՛մ է աստ պոեզիան ծեր, Ընդունում ենք նմանակին՚: Հենց սկզբից կային` անգայթ, Թռչուններն այդ երգասաց, Քաղաքագետ, հեռանկատ, Ահա կյանքն էլ նրանց անսաց: Նրանց կողքին` ապրելն անթով` Հոգեվարք էր սոսկ լինելու, էլ ու՞ր մնաց` երգել սրտով, Եվ ահա դու փախար հեռու: Թող ունենան փող և համբավ, Գովեն երգերն իրենց վտիտ - Շուկաներում ապրանքն` անբավ, Անցի՜ր, գնա՜, ա՜յլ է ուղիդ: Տագնապները դու քո սրտի, Օ՛, չմատնես երբեք նրանց, Հպարտության դրո՜շմը դիր, Փակիր սիրտդ նրանց դիմաց: Ընկած դժվար, քարոտ ճամփա` Սրտով հավետ վանենք հեռու Նմանակի տենչ ու համբավ, Քնե՜ք, երգե՜ր, գզրոցներում: Երբ կարոտը հոգիս տանջի, Ձեզ կկարդամ մթնալույսին, Ուղևորը հեզ կննջի, Լուսին քույրս ինձ կլսի: Կլսի ինձ քույրս` լուսին, Կրկին, կրկին կհավատամ - Օ՛, չի հակվել չարն իմ ուսին, Գռմռոցն էր իր` անատամ: Կրկին, կրկին կհավատամ Ներշնչանքի խոսքին վերին. ՙՔեզ չի ծնել մութը տարտամ, Զավակն ես դու ոլորտների: Ոչ քո կամքով այստեղ եկար, Ու թող հոգուդ լույսը հորդի, Զվարթ լինես, թե վշտահար, Դու քեզ զգա Աստծո որդի՚: * * * Հավատավոր մի երկյուղով Հրաժեշտ տամ խոսք ու բառին, Մինչև մուսան` ինձ գթալով, Կրկին հուրն իմ բոցավառի… Երբ գա պահը այդ փրկարար, Սի՜րտ իմ, կելնես քո ափերից, Ինչ-որ թեթև ու անծրար Քառատողեր կարտաբերես: Մինչ այդ պահը` թափառենք դեռ Այստեղ-այնտեղ` լուռ, միասին, Լսենք զարհուր բառակույտեր Ուրիշների ու մեր մասին: Դիտենք դեմքեր` մութ ակոսված, Լսենք խոսքեր դատարկ-փքուն, Հոգելույսից հավետ զրկված, Բանաստեղծ են դարձյալ կապկում: Մինչև կգա պահը կանչող, Երբ կհնչես, սի՜րտ իմ սառած, Ողջ աղմուկի բեռը տանջող Կթոթափենք` ոգի առած: Մոռացումը, հրաշք դյութանք, Մեզ կթռցնի հեռու՛, հեռու՛, Հնչյունների օրորի տակ Կբաբախենք այն ափերում… III Հարկ էր, որ դու վաղուց ի վեր ՆՆջեիր, սի՜րտ, հավետ հոգնած, Բայց զարկում ես դեռ կարեվեր, Ծեր առագա՜ստ, պատառոտված: Առաջվա պես չես աղմկում, Բողոք, գանգատ, հույզեր հոսուն Թաքցնում ես խոր հատակում, Քանզի այր ենք արդեն հասուն: Գիտենք քանզի` ով է հեծում, Ով է խենեշ ծանակում մեզ, Ով ինչու է սուտ կուրծք ծեծում, Կամ ինչու ենք խրվել այսպես: Բարբառողին չենք հավատում, Չենք էլ լսում նրան անգամ, Չափում ենք մենք քայլքով արթուն Անապատը գեհենական: Չկան երգեր, թռչնոց դայլայլ, Սովոր ենք մենք ծույլ զնգոցին, Ծարավն այստեղ իմաստ է այլ, Այլ է արեգն այս հնոցի: Ուրիշ շողեր ու լուսաբաց, Բաց են ծիրերն – հարավ, հյուսիս, Բաց երկինք է, արևներ բաց, Եվ աստղերն են բիլ օազիս: Չափում ենք մենք, անցնում առաջ - Հեռուները` տրտում ու կեզ, Աստղերն ի վեր հանում հառաչ, Աստղերը լուռ ժպտում են մեզ: Անմեկնելի ժպտում են բիլ` Վառած շեղջերն հուռութքների, Կամա՞րն է սոսկ մի առասպել, Թե մեզ վրան զղջումների: Թե՞ մեզ դարձի հույս կցողեն` Ափսոսանքի ու գթության, Անհուն կամար, ուր զնգում են Պոեմները անմեղության: IV Այս սրտմաշուկ երեկոն ինձ Հին երազներ բերեց անեղծ, Հոգուս հեռու ո՞ր ափերից Կարոտանքներ վրաս ցողեց: Ծվեններ բիլ, բարդ-բարդ, հուռթի, Գալար ամպեր ցնորական, Ճերմակ ամպեր մայրամուտի, Ամպեր մշու՛շ, փոփոխական: Այս սրտմաշուկ, խուլ երեկոն Սրտիս պարզեց օրեր հանգած, Ցնորքների փնջեր կոկոն, Լռած հոգիս զարթնեց հանկարծ: Աշխարհն է ինձ կանչում կրկին, Շշուկներ տաք ըղձանքների, Ահա սիրտս հուզվում մեկից, Երգ է երգում մի անթերի: Մոռանում եմ անցյալ, տարիք, Սիրտս տանջող հուշի շղթան, Կյանքն է, ասես, միայն բարիք, Ու կա այնտեղ մի խոր դյութանք: Ապրում եմ ես, շնչում եռում, Ու երգում է մուսան իմ ծեր, Ահ ու սարսափ վանում հեռու, Խոստանում է ինձ նոր գանձեր: Կածաններ եմ հիշում անթաղ, Զով ստվերներ, առվի տերցին, Սիրտ ու երազ ցողաթաթախ, Ուր որ չկա ճամփա դարձի: Զառ կանաչում, հրա՜շք եզերք, Շրջում էի, մինչ մութն ընկներ, Հովի սուլոց, խոտերի երգ, Մայրամուտն էր վսեմ պատկեր: Պատանեկան հեռուն հոգուս Պարզ էր, թեթև, անմառախուղ, Չկար խռովք, գինի, Բաքոս, Ու՞ր են երգերն այն սրբաբուխ: Նկա՞ր են սոսկ, պատկե՞ր խաղաղ, Անուրջներն իմ` արդեն խամրած, Երկու սիրուն մունջ կաղամախ, Ի՞նչ աշխարհում տեսա նրանց: Սաղարթներում` տաղեր հազար, Նոր ունկնդիրն ո՞վ է նրանց, Ափերն այս ցուրտ ինչպե՞ս հասա, Ցնորքնե՜ր իմ, հավետ կորած: Բայց շնորհիվ ներշնչանքի, Ետ եմ կանչում ես ձեզ նորից, Ապրեք մի պահ` եկած կյանքի` Հեռու՛, կորած այն ափերից: Դարձյալ ուժ եք տալիս դուք ինձ, Խենթ մի բան է հուզում հոգիս, Նավազի պես հանում նորից Ալյաց ընդդեմ ու փոթորկի: Ապրում եմ ես, շնչում, եռում, Ու երգում է մուսան իմ ծեր, Ահ ու սարսափ վանում հեռու, Խոստանում է ինձ նոր գանձեր: V Անցավ ամառն` անթև, ճղճիմ, Աշուն չքնա՛ղ ու պաշտելի, Հոգուդ երգի ու հառաչի Արձագանքն է սիրտս էլի: Սրտիս մեջ կա ցավ ու հոգոց, Բայց ամառը փակ եմ, աներգ, Երեկոն` տո՛թ, կամարը` գոց, Լուսնի դեմքին` շառագույն ներկ: Լուսնի դեմքին` շառագույն ներկ, Շատրվանը ա՛յլ աշխարհից, Ապրումը` հարթ, հոգին է լերկ, Հառաչանքն է լռում նորից: Անցավ ամառն` անթև, ճղճիմ, Աշուն չքնա՛ղ ու պաշտելի, Հոգուդ երգի ու հառաչի Արձագանքն է սիրտս էլի: Արդ` անմշուշ, պարզ ելևէջ, Ծառի նման վարսաթափ Անցյալի մութ ջրերի մեջ Նայում ես, սի՜րտ, սառն ու սթափ: Ու զնգում է կաթիլ-կաթիլ Հեռու՛, հեռու՛ զանգի հոգին, Զանգն այս խաղաղ լու՞ր է դաշտի, Թե երկնամոտ բարձունքի: Զա՞նգ է հնչուն ու անթերի` Երանելի վերադարձի, Մո՞տ եմ գուցե գերանդորրի Հովիտների առեղծվածին: Ասես պիտի` բացվի, զնգա, Անխամրելի աշխարհ մի լուրթ, Ու էլ հոգիս պիտի չզգա Տանջանքների դժոխքը մութ: Ասես պիտի` ողջը թողած, Ինչով կյանքն է բորբոք եռում, Ներդաշնակի ուղին բռնած, Լսեմ մեսսան հեռուներում: Լսեմ մեսսան հեռուներում, Վաղու՛ց փակված շունչը ԵՐԳԻ Բացվի պիտի, ախ, զնգալու Կապույտներում անեզերքի: VI Լուռ ապրումներ, տրտում, թխպոտ, Խռնվում եք հոգուս խորքում, Մղձավա՞նջ եք, դաժան մի բո՞թ, Թե՞ կյանքն է ձեզ այդպես ոգում: Էլ մանուկ չեմ, որ թոթովեմ` Լացով, ցավով, խուլ ըղձանքով. ՙՀայրենի՜ք իմ, չքնաղ եդեմ, Ինձ գիրկդ առ, կրծքի մոտ քո: Հոգնած եմ ես, վշտով լեցուն, Դիր մատներդ սրտիս վրա, Օրորիր ինձ, քնեցրու, Վանիր ինձնից երկյուղ, վարանք…՚ Բայց տանջվել եմ վերքովդ անանց. Տապալվել եմ, ընկել գետին, Նորից հառնել ապաքինված, Ես չե՜մ եղել որդի հետին: Քո անունն է հար իմ խորքում, Քեզ արժանի խոսք չեմ ասել, Բայց քո սիրուց եմ մորմոքում, Քո բախտն է ինձ հավետ կասել: Թշնամին եմ ոսոխիդ` ցած, Դու իմ ծա՛նր, ծա՛նր հոգոց, Բարձ գագաթ հեռահայաց, Իմ փլուզման գաղտնիք ես գոց: Ապաքինման ե՜րգ վերելքի, Կարմիր իմ վերք, կարմիր կարոտ, Ինչ վատություն որ ինձ հերքի` Ուժ ես դարձյալ ափում քարոտ: Չեմ ձոնել քեզ վսեմ մի երգ, Բայց չեմ եղել ես անառակ, Ինչ կա իմ մեջ` շնորհ ու վերք, Քո սիրուց է, վսեմ պատրանք: Խռովահույզ արյան տանջանք, Մարտիրոսի խոնարհ հոգի, Ահեղական ներումի կյանք, Ողջը քոնն է, տառապանք իմ: Կյանքից կյանքս եմ ես դեռ կորզում` Մոտենալու պատկերին քո, Կարոտախոց ձեռքս պարզում, Քայլ եմ անում տառապանքով: Ու չի խամրում երբեք տխուր, Վսեմական սերն իմ անգին, Չի անթեղվում երազս խոր, Բոցկլտում է հիվանդագին: ԸՆկնում եմ երբ` կյանքում թունոտ, Կուրծքս ջարդված ու մահապարտ, Փյունի՜կ թռչուն, քո անունով Ելնում եմ ես, կանգնում հպարտ: Կելնեմ նորից, ձայնս` հստակ Ոի մաքրված: Դևերը ինձ Թեկուզ նետեն ծովի հատակ, Կմաքառեմ, կելնեմ մահից: Չքնաղ պատկե՜ր վսեմական, Խոսքիս նավը վարեմ առաջ, Դեռ առջևում մութ հողմեր կան, Որ պոկում են սրտիցս հառաչ: Ողբով լեցուն` Խորենացու, Նարեկվանքի կողքով անցնենք, Հոգուս մեջ կա մեծ հեռացում, Գունատ աշուն, Տերյան կա հեգ: Տառապանքի ծովից` հերսի, Կմաքառեմ, կելնեմ` մահից, Մեր թշնամին` ներսի, դրսի, Պիտ ապշի դեռ մեր հառնումից: Նա կպարտվի, կընկնի նա մառ, Զարկեց նա մեզ` նեղսիրտ, թունոտ, Եղբայրության չկար հնար - Ընկա մի օր ես վարանոտ: Ընկնելը դեռ չէ՜ պարտություն, Թող հասկանա ոսոխը ցած, Չունի ոգին նվաստություն, Մարմինն է սոսկ ընդարմացած: Մարմինս էր սոսկ գետնատարած,, Նվաստություն չունի ոգին, Ասենք, խորհենք, անցնենք առաջ, Երազն է սուրբ ու կաթոգին: Հոգու լույսով զինավորված` Մենք կհասնենք հրաշքին մեր, Փյունիկ թռչուն, հայոց աստված, Մեր դպրության հեռապատկեր: Կնորոգենք տունը մեր հին, Ճոխ գանձերի տունը հոգու, Հառաչանքի հյուղից մթին Կելնի առմիշտ երգիչը քո: Պիտի գտնեմ լույսերով քո Կորած ափն էլ այս պոեմի, Փոկ, առասան ձգենք` հոգու, Նավենք միջով կյանք-բոհեմի… Էլ մանուկ չեմ, որ թոթովեմ` Լացով, ցավով, խուլ ըղձանքով. ՙՀայրենի՜ք իմ, չքնաղ եդեմ, Ինձ գիրկդ առ, կրծքի մոտ քո՚: Պարզ է հիմա մոտն ու հեռուն. Հին սպիներ, կնճիռներ բարդ, Սրտիս մեջ կա բյուր ավերում, Լուռ են շուրթերս` գոցված հպարտ: Լուռ են շուրթերս, գոցված հպարտ, Մարդիկ` անզեղջ, անգթասիրտ, Մարդիկ ես-ի կրքով անպարտ – Մեզ ու՞ր տարավ շեղումն այս բիրտ… * * * Սակայն այսօր մոտն ու հեռուն Թեթև մուժ էր, թեթև՛, անցա՛վ, Սրտումս մի բան թեթև՛, ներհուն, Այդ մշուշում լուռ արթնացավ: Երբ արթնացավ լույսն այդ բեկուն, Հեղվեց ապա ծառ ու քարին, Սև, գորշավազ մրուրն հոգում Նկարեց ինձ նախշեր բարի: Ախ, այդ փոքրիկ լույսից` բխած, Գուշակության չկա կարիք, Ողջ ընթացքն է խոհի կախված – Արարվում է հոգում բարիք: Եվ այդ խոհի լույսից փափուկ Արարվում է աշխարհ անգին, Անկշիռ է ու խուսափուկ, Թևավոր է դարձյալ հոգին: VII Սակայն խումբն այն` ստվերի մեջ, Իմ մեղքերն է հիշել նորից, Գրքի նման մի` էջ առ էջ Թերթատում է կյանքս ու ինձ: Հանում է նա կյանքս անցած Հիշողության դարակից մութ, Հոլովում է դեպքեր, դիպված, Ստվերի մեջ` խումբը անգութ: Իսկ ես գիտեմ կյանքն այդ ներհակ` Ինչպես ամպրոպ անհնարին, Խուլ գիշերին, մունջ, անկրակ, Թեքվում եմ ես իր սնարին: Ինչ-որ մեկի սրտի մեջ պաղ Մոռացված եմ, չկա՛մ բնավ, Ինչ-որ մեկի սրտում, ավա՛ղ, Խորունկ վերք եմ, խորունկ մի ցավ: Նավ եմ մեռած` ավազներում` Մեկի հուշի մոխրում անլաց, Նավ խարխլված, նետված հեռու, Չունեմ ո՜չ ծով, ո՜չ երգն ալյաց: Սրտի խորքում ինչ-որ մեկի` Ուղևոր եմ խորհրդավոր, Մեկ այլ սրտում ես մոլեգին Կիրք եմ անսանձ ու հանցավոր: Ու կան մարդիկ, որոնց համար Պահակ եմ ես, գիշերապահ, Այն մյուսի հուշում համառ Ես պոետ եմ անվերապահ: Մեկի սրտում ես, անկասկած, Չնչի՛ն, տաղտու՛կ, վախլուկ մի մարդ, Չի տրված ինձ շնորհի կայծ, Համբակ եմ ու վերջին հիմար: Համբակ եմ ու վերջին հիմար… Սուտ մի նավազ` արյունոտված, Ինչ-որ մեկի սրտում հիմա Խիզախ երգ եմ, կարոտ անանց: Ինչ-որ մեկի գիշերներում Դաժան եմ ես, չար ու քինոտ, Մի սրտի մեջ` դա՛վ աններում, Օձ ատելի, իժ եմ թունոտ: Գառ եմ, ուրեմն, այստեղ` խոնարհ, Աղետալի առյուծ` այնտեղ, Այստեղ` հրդեհ, հուր եմ անմար, Այնտեղ` մոխիր, լռած անթեղ: Խղճի խայթն եմ այն մյուսի, Գիշերը իր` բվի հարցմունք, Անցածն անցավ, ուզի` չուզի, Խիղճն է լալիս, լուռ, անարցունք: VIII Ուշք մի դնի երբեք, պոե՜տ, Բարբաջանքին, չար տարփանքին, Նրանք լեզվակն են սեթևեթ Սին խոսքերի զանգուլակի: Պիտ քարկոծեն նրանք` ատող Քո անունը պարզ ու մաքուր, Լռությունդ` միշտ տվայտող, Ուր խիղճն է քո հսկում անքուն: Միշտ եղել, են, միշտ կլինեն Լուտանք ու թույն, ու կեղծ գգվանք, Դու գանձերդ շաղ տուր անքեն, Երգիդ մեջ դիր հոգի ու կյանք: Չարն` ահագին նվազ` բարին, Բայց դու գիտես գիշեր ու կյանք Ցավ ու բույրով լցնել` բառի, Մութից պեղել կապույտ դյութանք: Երբեք, երբեք ականջ մի դիր Անցողիկին, թմբուկ-դափին, Ալեկոծվիր ու տառապիր, Ոի մի՜ ննջիր դու քո ճամփին: * * * Ձյունե աստղեր լուռ նազանքով Օրորում են թեթև վայրէջք, Եթե պարզես ափերը քո, Մեղմ կհալվեն ափերիդ մեջ: Լուռ կհալվեն քո ձեռքերում Փաթիլներն այդ առկայծուն, Ոնց օրերին քո այն հեռու – Աստղերո՛վ էր խորքդ լեցուն: Հաղորդությամբ` երկրի-երկնի, Երգի՜ր դարձյալ, պոե՜տ, երգի՜ր: Հոգումդ հուշեր թեկուզ` դժնի, Տարիների մուժոտ հերկից: Հիշու՞մ ես դու օրերն հեռու, Թեկուզ շուրջդ աշուն անհուն, Կար քո հոգու լուրթ բառերում Կանաչ շշուկ ու հարություն: Լռության մեջ, մենակ թեկուզ, Երգի՜ր դարձյալ, պոե՜տ, երգի՜ր, Ինչպես մի խեղճ Էմինեսկու, Ինչպես Չարենց – մահը հերքիր: Ու մի թախծիր, պոե՜տ, այդքան, Մի՜ հառաչիր, պայծա՜ռ հիշիր, Թեթև, կապույտ օրեր դեռ կան, Վանիր հեռու մութ ու գիշեր: Կամաց-կամաց սովորենք մենք Դասագիրքը բիլ մեղմության, Կարողանանք, օ, սի՜րտ աննենգ, Խորքերն իջնել թեթևության: Աշնան միջից երկինքն, առուն, Մասրի թուփը` կրակ հագած, Քարաժայռը հայացք դառնում, Գթության են հակում հանկարծ: Ապրի՜ր, պոետ, դու այդ հանգով, Զվարթ դարձրու խոհը դալուկ, Կրակ պահիր խորքերում քո` Կամաց-կամաց բոցկլտալու: IX Լուռ ապրումներ, տրտում, թխպոտ, Խռնվում եք հոգուս խորքում, Մղձավա՞նջ եք, դաժան մի բո՞թ, Թե՞ կյանքն է ձեզ այդպես ոգում: Հիվա՞նդ եմ ես, խե՞նթ եմ անել, Մա՜րդ, ինչու՞ ես դու խենթանում, Ինչու՞ են խոլ ուրվականներ Հոգում անզուսպ խնջույք անում: Ցնդում է երբ գիշերն անհետ, Բացվում այգը` նոթոտ, խոկուն, Ինչու՞ է մարդ մտքերն այդ խենթ Թաքստոցը դնում` հոգու: Թողնում դրանք, ելնում է վեր, Տարուբերվում` հոգսից մղված, Ճզմում են մեզ աղմուկ ու վեճ - Ա՞յս է կյանքը` վերուստ տրված: Ինչպե՛ս ենք մենք տանում անվերջ Առօրյայի տաղտուկն` անձայն, Հնազանդած վիճակին մեր` Տքնում համառ ու ընդունայն: Տանում ենք մենք լկամ ու բեռ, Ձգտում այնտեղ մնալ, սակայն, Ուր աշխարհն է մի քիչ տարբեր Կաղապարից սովորական: Ձգտում այնտեղ, ուր հոգին է Գիշերվա ցուրտ խորխորատում Տագնապների սուրբ բագինին Լույս ժանյակներն իր կարկատում: Եթե խոհը գիշերային Ցերեկվա մեջ թևեր առնի Ու վստահվի առօրյային, Կյանքում նոր բա՞ն գուցե հառնի: Թաքուն է միշտ, գիշերակյաց, Տառապանքի խորքը տարտամ, Գուցե մեր դեմ փոխվե՞ն հանկարծ, Թե մեր հոգին մարդիկ կարդան: Գուցե դույզն ինչ ճանաչեն, սի՜րտ, Նյութդ փխրուն, զղջան մի քիչ, Չվի հավետ խավարը բիրտ, Շունչ քաշենք քիչ` տառապանքից: Բայց բացվում են դռներն օրվա, Գիշերային խոհ ու խորհուրդ, Տառապանքի լույսը քամված Բեռ են թվում մի ավելորդ: Դիմանում ենք բոլոր տարին Հայացքների դաժան զարկին, Ու դնում ենք քարը քարին, Ու միտում է քարը երկինք: Ու միտում է պատը երկինք. Կա առաստաղ, լուսամուտ բաց, Լուսամուտից նայում ենք մենք` Մռայլ ու ցուրտ, դաժանացած: Ինչպես մի պաղ խխունջ մթին, Մեր խեցու մեջ մտնում ենք քուն, Ի դեպ, տեսած համը արդեն Դավ ու քենի` համառ, տոկուն: Հալածանքի դառն հաբերով Բուժվող հիվանդ ենք սոսկ հիմա, Անցնում ենք մեղկ այս ափերով, Հույս են տալիս ապաքինման: Իրողությանն այնպես սովոր, Այնպես հեզ ենք, հեռու խինդից, Թեկուզ մարտն էր մեր` ահավոր` Այս նեղանձուկ ձորում տենդի: Այնպես սովոր սնում ենք մենք Տզրուկներին մեր արնախում, Ասես կրում կյանքում այս նենգ Վերին պատիժ ու ջախջախում: Խմում են մեր գինին քրքում, Պարարվում սի՛ն` ամենայն օր, Մեր երգերին վանդակ սարքում, Մեզ հռչակում ապաշնորհ: Մագիլները` թաքու՛ն, թաքու՛ն, Քեզ են դիտում` հանգի՛ստ, անզե՛ն, Վանդակու՜մ ես, էլ չեն զարկում, Ճոխ կճաշեն, երբ որ ուզեն: Ճոխ կճաշեն, կանեն խնջույք… Փողոցներում շրջիր բքին, Հիմար մտքեր, հիմար հաճույք` Թե կրում ես քո մեջ ոգին: Շրջիր քաղցած` ուրու անթև` Իբրև ճախրո՛ղ ամբոխից վեր, Թող դարձնեն քեզ Աստծո մի խև Ինչ-որ երգեր ու տեսիլքներ: ՙԱնցողիկը կանցնի կերթա, Ստորություն, գործեր չնչին, Մութը լույսին ճամփա կտա, Հենց որ մեռնի` երբ ժամն հնչի՚: Այսպես խորհում, շրջում ես դեռ, Իբրև ճախրում ճահիճից վե՛ր, Մնում պոետ, մնում այնտեղ, Ուր արվեստն է թվում հավերժ: Որտեղ դերն է անհնարին` Սատանայի - Աստծո միջև Նամակատար-թղթատարի, Ուր կեղծ անուն դեռ չի հնչել: Իսկ գիշեր է… Փողոց ու ձյուն, Երկինքն աստղոտ` անմիտ այնքան, Քանզի, ասես, հարբած ես թունդ, Վատն ես, մթնած, թափառական: Վատն ես, մթնած, թափառական… Ու քեզ կարծես գաղտագողի Հետևում է մի ուրվական` Ծալքի տակից մշուշ քողի: Ու թվում է, մի՜տք անհեթեթ, Ոչ թե նրանք, կամքն է վերին, Որ մատնել է քեզ այսուհետ Այս մշուշին, այս ստվերին: Թեև խմում գինին քրքում, Մեր վաստակին դառնում են տեր, Մեր երգերին վանդակ սարքում, Կոչում են մեզ մթին Լյութեր: ԹԵև քաղցած ու սին ուրու` Ամբոխից վե՛ր, սրտով թեթև՛, Տեսիլներն են քեզ պարուրում, Վանում քեզնից ստվեր ու դև: Թեև ապրել, խորհել ես կեզ. ՙՈգու սով է, բայց ո՜չ իմ մեջ՚, Թեև կորա՛ծ են կարծել քեզ Կուռքերը այն` խտրող անվերջ: Գնում ես` կոր: Աղոտ լապտեր… Քմծիծաղ կա մթնում պահված, ՙՍե՞ր կար սրտում, ախ, ի՛նչ ստեր՚, Սատանա՞ն էր, թե ինքն` Աստված: Ու թվում է մի՜տք անհեթեթ, Ոչ թե նրանք, կա՛մքն է վերին, Որ մատնել է քեզ այսուհետ Այս մշուշին , այս ստվերին: X Կյանքիս վրա ու սրտիս Տարածվել է մութը ճնշող, Պատեպատ եմ ես ինձ տալիս, Ու չեմ գտնում պայծառ մի շող: Ախ, թե գտնեմ ինչ-որ հնար, Առեղծվածն այս խրթին` քանդեմ, Լաբիրինթի մուժում այս մառ Անբավ գանձեր գուցե գտնեմ: Եթե փոքրիկ շողով անտիկ Վիշտն այս խորունկ դուրս վանեի, Կաճեի ես եռապատիկ, Ինձնից էլ վե՛ր կհառնեի: Ահա դարձա հանգի՛ստ, մեռյա՛լ, Մեռյալ վիճակ ասես լինի, Ու ցավն այնտեղ հունով քարյա Հոսում է մու՛թ, ինչպես գինի: Բոլորում է ներսում հանդարտ Լիճն արտեզյան արցունքների, Այնտեղ եթե սուզվեմ անդարձ, Հետո արդեն ինձ չեմ ների: Եվ կա, ասես, գաղտնիք որպես` Մի մութ շղարշ` հոգին պատող, Ու պահում է արտաքուստ մեզ Ինչ-որ մի խոսք, մի քառատող: Ու տանում եմ վիճակն իմ այդ, Հոգիների զարկը դաժան, Ոչ խռովք եմ դառնում քումայթ, Ոչ էլ ունեմ մի այլ նշան: Սակայն պիտի կոփվել, Աստվա՜ծ, Ներբող չէի՞ն հենց ինձ խաբող` Խոսքերը այն` վերում ասված – Ախր, թույլ եմ ու խարխափող: Թույլ եմ, այո, հոգով` փխրուն, Վախերով եմ լեցուն աննինջ, Ու վերելքի ԼՅԱՌՆ է հեռու, Ու չի երկնում սիրտս ոչինչ: Այսպես սնանկ ու ամայի Ես չեմ եղել գուցե երբեք, Այսպես թեքված, աշնանային, Այսպես մենակ ու սրտաբեկ: Լուռ փակում եմ դուռ, լուսամուտ, Աչքեր ու սիրտ --- ներշնչարան, Նստում խռով, մենակ ու մութ, Ու դևերն են մտել դարան: Էլ ի՞նչ էի համոզում ինձ, Թե ուժեղ եմ, ամուր` ոգով, Թե չեմ սարսում չար հողմերից, Կրակից չար` նախնյաց կարգով: Այնինչ, խռիվ խոտի նման, Կռնձվեցի հանգեցի, Ախ, կա՞ հնար վերածնման, Կլանեց ինձ լեզուն բոցի: Ուժ կա ժայթքող` տարերքում վարժ - Ծովը հզոր երգ է ու ցոլք, Իսկ պահե՜ր են եղել անշարժ. - Ի՞նչ էիր դու մտորում, ծո՜վ: Ունեցե՞լ ես ինձ պես ժամեր, Մենակություն` ահերով լի, Չե՞ն դարձրել քեզ դև ու քիմեռ Փայլատ-սնանկ մի հայելի: Այսպես ծովին ես տալիս հարց, Լռությունն եմ մի պահ խազում, Բայց սուզում է ծովը անդարձ Հարցն այս հիվանդ ու ազազուն: Ու ելնում եմ, գնում, կորչում, Թափառում եմ` ուրու որպես, Ու աշխարհի կերպը կառչուն Անփոփոխ է առաջվա պես: XI Այսպես ընկած երախն հողմի, Ի՞նչ ենք հածում, գլորվում ու՞ր, Բախտն է նման կույր լլկողի – Գգվենք դեռ, սի՜րտ, պատրանքն` ամուր: Գագաթներ լուրթ` երկինք միտված, Կանչում եք մեզ, ճերմակ ամպեր, Քայլ ենք անում ոգեպնդված, Բայց գտնում ենք խոր վիրապներ: Մեղքի, զղջմանց, աղաղակի, Հալածանքի վիրապներ խոր, Արդեն ջարդված վաղվաղակի - Տրոհվում ենք, քայլում խոժոռ: Գնում ենք դեռ իդեալաբաղձ, Օձերն են մեզ զարկում թունոտ, Ախ, մեր խորքում` անկում ու մաղձ - Հոգու խինդն է մեզ անծանոթ: Գահավիժած, պարտված ենք, սի՜րտ, Երգերը մեր` խոցված` նյութից, Չեն թևածում կապույտում լուրթ, Ու՞ր է օդում կապույտն անբիծ: Ու՞ր է այնտեղ եթերն Աստծու – Ողջը նեխ է, միջատ ու արկ, Նեռի ձեռքն է մեզ հարվածում, Օդում` գարշանք ու լուտանք բարկ: Այդպես ընկած երախն հողմի` Մեղքի, զղջմանց, աղաղակի, Սերունդն, ասես, անցած տոհմի, Բեկորն ենք հին` կորած ասքի: Բայց պահում է հույսը` եդեմ, Հոլովույթում այս աշխարհի, Պահում է մեզ, բացում մեր դեմ Խոսքն իմաստուն գաղտնիքն իր հին: Արմատներին հակվում` կյանքի, Ջինջ ակունքն ենք գտնում խորքի, Բայց պոկում են մեզ ակունքից, Անապատ ենք դառնում խոսքի: Ախ, մեռնում է խոսքը, թաղվում Անհիշատակ դաշտի միջում, Բարբառումն է տոթն իր մաղում` Բիրտ ու անգեղ, սնամիջուկ: Թափառական, ինչպես քամի` Հողի վրա մեր հարության, Ցերեկային մի տո՛թ ժամի Տենդն է բռնում մեզ համրության: Տարիների, հուշերի` մութ, Թիկնած պարկին մտերիմ, Դիտում ենք հի՛ր մի մայրամուտ – Լռությունն է մեր անթերի: Սակայն հոգին` պատրաստ բուրվառ, Ինչպես կուզես շունչ տուր խանդոտ, Միայն թե նա բաբախի վառ, Չլինի՜ սոսկ թախծի անոթ: Չլինի՜ սոսկ ճիգ անհնար, Մոռանալու դատարկ մի ջանք` Ցավ ու վախի լուսնակահար Հուշերը մեր - խուլ հառաչանք: XII Այս իրիկուն կրկին, նորից, Լուսավոր է սիրտս, թեթև՛, Զվարթ մի լույս իմ խորքերից Տվեց նրան ղողանջ ու թև: Ծա՛նր, ծա՛նր քարեր կային Սրտիս վրա` գիշեր ու զօր, Բայց հնոցից երկրային Ասես ելա շողուն ու նոր: Ապրումիս մեջ կարդում եմ թե` Ջրդեղված եմ մինչ գերեզման, Խորունկ վշտեր, նորույթ սրտի,- Պետք չէ երբեք ինձ թալիսման: Սակայն մեկից ու համառոտ Չի տրվել ինձ լույսն այս բեկուն, Տարիները` ժայռեր մամռոտ, Պատմուն են լուռ մարտերն հոգու: Ու աճում եմ, ձգտում դեպ վեր` Սրտով հակված իմ Լազուրին, Շանթեր կան դեռ, հողմ ու դավեր, Մոլեգնում են, բայց իզուր են: Ու ես գիտեմ. ահ կա մթին, Վիհեր կան դեռ` գարշ ու անդեմ, Դեպի ԼՅԱՌԸ տանող ճամփին, Բայց վերելքի երգը գիտեմ: Խորունկ է նա, սիրով լեցուն, Մոռանում ես ամեն տանջանք, Հույսն է այնտեղ դեմքն իր բացում, Կյա՜նք կա այնտեղ, ոգու ճախրանք: Երգի՜ր երգն այդ, կրկին երգի՜ր, Փշրիր այդպես շղթա, կապանք, Հայացքով ջերմ ԼՅԱՌԴ գրկիր, Ոի բարձրացի՜ր, քայլի՜ր անկանգ: Քայլի՜ր զվարթ, քայլի՜ր անահ, Ընկիր, դարձյալ կանգնի՜ր տոկուն, Թող հռհռա բուքը ամա, Քայլի՜ր դեպի ԼՅԱՌԸ հոգու… 1986