ԱՊՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՈՒՂՔՈՎ (բանաստաղծություններ, պոեմ) (համակարգչային տարբերակ)
      ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ   ԿԱՆՉԸ


ՀՈՐԻԶՈՆՆԵՐՆ  ԵՆ  ԿԱՆՉՈՒՄ  ՀՐԱԳԵՍ

Ես խոսում եմ ինձ հետ, ասում եմ՝ հոգի՜ս,
Քո խորքում հեռավոր կրակներ կան դեռ,
Եվ շողում է վառ-վառ այգդ՝ ինձ կանթեղ,
Հանենք հորիզոն նոր ապրումն անհանգիստ…

Սակայն անցյալն է ողջ, որ մղում է վեր…
Եվ վառ հույսն է դարձյալ իմ ճամփին հառնում.
Երբ խավարն է իջնում և գայլը՝ ոռնում,
Երբ մարում է հուրը  կրծքիս տակ ավեր:

Երբ մարում է հուրը կրծքիս տակ ավեր…
Եվ ունայնությունն է Սողոմոնի՝ ճիշտ,
Եվ ստվերներն են ինձ ազդում՝ ամբարիշտ,
Եվ Գեղեցիկն իդեալ ծաղրում է անվերջ.

ՙԱնհաս եմ ձեզ, որպես բարձրերի արձան.
Մութ  կրքերին, մարդի՜կ, միշտ  զոհ եք, ավար,
Կյանքի մեջ եք դուք հար՝ մեղսալի, խավար,
Հազար սրտով մեղքն եք դուք սիրում դարձյալ…

Բանաստեղծն ահա՝ արյունոտված և լուռ:
Մենակ, հեգ, անընկեր: Ընկել է նա ցած,
Ուրագաններից նա հոգով կուրացած՝
Խեղված ձայնով մի խեղճ աղերսում է հուր…

Աղերսում է նա հուր՝ հոգին միշտ ամպած,
Բայց հանգչում է ձայնը աղերսի անբիծ,
Երբ հացի մի պատառ գտնում է ճամփին,
 - Լավ, - ասում է իրեն,- դադարենք մի պահ…

Ու երբեմն նա՝ գոհ, դժգոհ է մերթ էլ:
Ապրելու կրքով նա  բռնկվում է զուր…
Պատերազմ, արհավիրք և սուտ բազմեղջյուր.
Աշխարհն է դղրդում. արյուն է, հրդեհ:

Ահագին աղմուկ սուտ՝ թե լավն է գալու,
Եվ ամեն ոք իրեն մարդ  կզգա մաքուր…
Ու տարված աղմուկով այս ահագնակուռ՝
Գնում է գալիս նա, միշտ մոլոր քայլում:

Շեղված ճամփից երկնի՝ կյանքից անբասիր,
Արթնանում է մի պահ՝ հիվանդ և գունատ,
 Թոհուբոհի մեջ է գցում իրեն նա՝
Հե՛գ, խռովքահար մարդ, հառաչավոր սիրտ…

Գալիս են թափորներ՝ խեղճ կամ կարկառուն,
Աղաղակում, գոռում. ՙՀա՛ց , ջեմությու՛ն, լու՛յս…
Անկախ հայրենիքն եմ ուզում ես հոգուս՚…
Պատերազմում դարձյալ, հայհոյում, լռում:

Այս են ահա մարդիկ: Նա էլ հողմավար,
Արյունոտված վաղուց՝ հիվա՛նդ, հոգնահա՛ր,
Թափառում է մենակ մթնում անհնար՝
Ո՜չ արև այնտեղ, ո՜չ խիզախում կա վառ…՚

Բայց խոսում եմ հոգուս, ասում եմ՝ դեռ կա՜նք,
Քո խորքում՝ հեռավոր կրակների բոց,
Ինձ շողում է վառ-վառ մի նոր այգաբաց,
Ելնենք հորիզոն նոր՝ նոր հու՛ր, նոր բերկրանք…

Ոգևորված սիրտս զարկում է նորից,
Բաբախում կրծքիս տակ: Ապրում է նա: Կա:
Եվ հեռու երգերի ձայնը առնական 
Անհանգիստ է անում, նեղում է նա ինձ:

Ու լսում եմ անվերջ՝ ագահ և քաղցած,
Այդ ձայնը հմայիչ՝ բարբարոս և սուրբ:
Շունչս պահած երկար: Օ՛, երկի՛նք, լազու՛ր…
Խոսքեր են հառնում վառ՝ հեռացա՛ծ, անցա՛ծ…

Ինձ չեք պահի անվերջ ոլորտում ահի,
Արնաշաղ է այստեղ մի պատառ հացն էլ,
Ինձ չի ծաղրի վերից Գեղեցիկը էլ՝
Չե՜մ շրջի այստեղ հեգ՝ եզերքում մահի:

Ուր վիշտն է ապրում միշտ՝ հազարադեմ, ծեր…
Լսում եմ սրտիս մեջ հուզում երկնային.
Բացվում է ինձ քիչ-քիչ ոլորտը այն լայն,
Ուր կերգի դեռ հոգիս: Ե՜տ մտրակը ձեր…

Ու խոսում եմ ես ինձ, ասում եմ՝ հոգի՜ս,
Քո խորքում հեռավոր հորիզոններ կան,
Ի՛նչ կրակներ անհայտ մարեցին, հանգան…
Բայց հորիզոննե՛րն են կանչում հրագես…


				1994թ.



ԵՍ ՉԵՄ ԵԿԵԼ ԱՇԽԱՐՀ ՍՈՍԿ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ես չեմ եկել աշխարհ սոսկ լռության համար,
Ես պետք է ճանաչեմ իմ խորքը, իմ հոգին,
Իմ աստղը վերստին սի՜րտս կբորբոքի՝
Ես չեմ կառուցի ինձ ստրկության կամար:

Ոչ ստոր կրքեր են իմ հոգում խլրտում,
Ոչ ստրկացնելու միտք ունեմ ես՝ մեկին,
Պատանության շեմից պատրանքս էր անմեկին՝
Հակառակ մնալ միշտ չարությանը մարդու:

Տանջել են ինձ մարդիկ տարիներից իմ վաղ,
Շա՛տ են հարվածել ինձ, տարել եմ ես տաժանք,
Արյունոտվել եմ ես ու զրպարտվել դաժան,
Խռովել-փակվե՜լ եմ, ապրել տագնապներ, վախ:

Թափառել եմ մենակ, մեն-մենակ՝ անզվարթ,
Օ՛,  շատ եմ քայլել ես՝ փնտրել սրտիս մի ելք,
Բռնկվել եմ հաճախ՝ ինքս ինձ եմ այրել,
Միամիտ եմ եղել՝ աներկդիմի մի մարդ:

Արվեստն եմ սիրել իմ՝ ճշմարտությունն հոգուս,
Գեղեցիկը պաշտել սիրով մի անհատնում,
Բայց պաշտամունքը իմ, սերը իմ խորանում
Ձեզ համար կի՜րք էր սոսկ կամ խելագար Բաքոս…

Կյանքն ահեղ շառաչեց իմ մոտով ամեն օր…
Բայց հոգ չէ ինձ հիմա՝ ապրումս է երկնամոտ.
Չսարսափեցի ես, ո՛վ հազարադեմ մութ,
Որ քեզ հետ չափվելու չունեմ ձիրք ու շնորք…

Չե՜մ ընկել-չարացել, օ՛, չեմ դարձել ես այլ,
Հոգիս պեղում է դեռ հեռուներն իմ անհայտ.
Դեպ իրենց են կանչել սատանա ու նայադ,
Բայց լույսն եմ ընտրել՝ Այգաբացի՜ շառայլ…


Սխալվե՜լ եմ, սակայն ուղիս չեմ անարգել…
Զենիթից իմ արդեն վայրէջք եմ ես թեքվում,
Բայց լեցուն եմ հույզի արժեքներով թաքուն՝
Սիրտս չի՜ սառել դեռ, սիրտս գիտե երգել…

				1994թ.


* * *

Աստվա՜ծ իմ, ինչքան հիմար եմ եղել,
Ո՛նց եմ վշտացել դատարկ բաներից, 
Աղբյուրը հոգուս երգով չի բխել,
Մթնել եմ հաճախ ավելորդ բեռից:

Եղել եմ, իրոք, վշտերին ավար,
Դարձել եմ տրտում՝ սգավորի պես,
Մինչդեռ անցել են օրերս ամառ ,
Տարիք են անցել՝ ծեր եմ հիմա ես:

Բայց դե, ի՞նչ արած, գլուխը քարը,
Գոնե խելքի գամ՝ ա՜յլ աչքով նայեմ
Անցած-գնացած իմ կյանքին դառը,
Վշտակոծ սրտիս լույսերը վառեմ:

Այդպես խորհելով, խոսելով ինձ հետ,
Ասում եմ սրտիս՝ տե՜ս, այսուհետև
Հոգս մի՜ սարքիր քեզ ամեն աղբ ու կեղտ,
Աղբյուրիդ լույսը թող հորդի թեթև…

				1989թ.








ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ես հիշում եմ այդ երեկոն՝ հնչեղ-արծաթագույն:
Շառաչում էր ծովը, ասես բախվում էին
Սուսերներ
Իրար:
Թավալվում էր ալյաց հառաչների շղթան:
Ես հիշում եմ՝ արևն էր հանգել,
Մութն էր իջնելու,
Ես հիշում եմ, շառաչն եմ հիշում,
Շառաչը՝
Ծովի:
Ես հիշում եմ, ուլտրամարինն էր սևանում աննկատ,
Եվ կոճղեր կային անզգա,  հին,
Փտած կոճղեր՝
Ծովափին:
Շառաչում էր ծովը,
Հառաչում,
Սուսերներ բախվում էին անդ,
Եվ իջնում էր մութը,
Իջնում…

Ես հիշում եմ այդ երեկոն՝ հնչեղ-արծաթագույն…

				                   1976






* * *

Հերիք թափառենք…
Ավելի լավ է՝ լսենք  ծառերին:
Նրանք տավիղ են հնչում մեզ համար,
Լսենք  ու նայենք  հեռու՛ ամպերին…

Թե գթա Աստված,
Օ՛, սի՜րտ,
Այնքան վերանանք,
Այս մեղք ու մահի աշխարհից անմիտ այնքան հեռանանք,
Որ դառնանք մենք էլ լուսավոր, թեթև,
Ինչպես ամպե՛րը, հեռու ամպե՛րը….

				1976


* * *

Հիշու՞մ ես, օրերը տաք էին դեռ…
Թեկուզ չունեինք երազներ,
Բայց նստում էինք արևի տակ
Ու լռում:
Երբեմն ծառերը հառաչում էին,
Ինչպես մեղմ ջութակներ:
Կարծես նստած լինեինք սեմին մի աշխարհի,
Ուր  ամեն ինչ հառաչում էր
Ու լռում:
Հիշու՞մ ես, օրերը տաք էին դեռ…


				1976
ԱՐԱՐՈՒՄ


Հակառակ գորշ օրերիս շարանին,
Որ ահա դիզվեցին ուսերիս՝
Իրենց ձյուներով ու դիմակներով,
Հակառակ ինձ հյուծող ալկոհոլներին,
Հակառակ ամենին, ամենին՝
Աշխարհում,
Ես՝ մի ճակատագրական մարդ՝
Բոլորովին հուսահատ,
Բոլորովին մենակ,
Բոլորովին լռած,
Իբրև մի Քվազիմոդո,
Մոտենում եմ բարձր աշտարակին՝
Հնչեցնելու զանգերը բոլոր,
Հակառակ ամենին անդաշն,
Որոնցով լեցուն եմ ու  մեռնող…

			1976

ԵՐԱԶՆԵՐ  ԿԱՆ

Երազներ կան անհեթեթ, տառապագին և վհատ,
Երազներ կան, որ խանդ են, մթին վախի խորխորատ,
Երբ ուզում ես սպանե՜լ սիրածին քո ուխտազանց,
Ինչու՞, ինչի՞ համար եք, երազներ բիրտ ու անսանձ…

Արթնացար՝  կորավ, չկան… Բայց ճնշում է հուշը դեռ,
Հալածում են դեռ հոգիդ տեսիլքները անհեթեթ,
Խորհում ես լու՛ռ՝ խավարում, ննջարանի մութ գրկում,
Թեկուզ շնչում ես թեթև, բայց մելամաղձ ես, անկում…

Խավարի մեջ մենության այդ երազն է դեռ մոգում…
Խորու՛նկ, խորի՛ն, սրբազան գաղտնարանում քո հոգու
Թաքցնու՜մ ես, ասես անհուշություն է դառել,
Ճշմարտությունը դաժան, որ սֆինքսն է բարբառել…

Խավարի մեջ գիշերվա, անհուն ու չար տանջանքում
Շնչում է լու՛ռ քո հոգին՝ փակ կոպերի դղյակում…
Երազներն են թափառում անդրադարձում հայացքի,
Սրտից դեպ հեռունե՛րը՝ հառաչանքնե՜ր անձկագին…

Երազներ կան այլակերպ՝ սարսափ են  սոսկ դառնահեծ,
Արթնանում ես, թափառում, ասես երկինքն անիծեց,
Շուրջը վհուկ պատկերի, շնչում դժբախտ հևոցով,
Որտեղ ես ապրում, օ, բա՜խտ, տուր խնդության կաթիլ ցող…

Երազնար կան՝ Աստվածը մեր բաղձանքն է սոսկ հիշել –
Շնչում է բա՛խտը բուժիչ… Վայրկանների վա՛ռ գիշեր,
Ուղեկից ես երբեմն ինձ, որպես իդեալն անթերի,
Մինչ զարկվում եմ մշտապես ՉԱՐՈՒԹՅԱՆ մու՜յգ ժայռերին…

						1991



* * * 


Մութ է երկինքը, և սիրտս՝ անկամ,
Զայրույթն է այնտեղ ապրում ու շնչում,
Եվ խոժոռ են միշտ դեմքերն այս կառչուն,
Եվ մենակ եմ ես, ոչ մի բարեկամ:

ՙԲայց մենակ էլ ես պիտ լինեմ անամպ՝
Ինձ հանձնած ընդմիշտ Լույսի ատյանին՚,
Երեկ, տված ինձ այդ մտորումին,
Ապրում էի դեռ անմեղ ցնծությամբ:

Մութ երկինք ու սիրտ՝ առհավե՜տ, ասես,
Բայց կանցնեն, սի՜րտ իմ, ժամերն այս տխուր,
Կողջունես դեռ պայծառ այգահուր,
Եվ ինքդ քո մեջ կբոցավառվես…

				1997թ.







* * *

Թախիծ ու վիշտ վերստին,
Ամպած հոգու տառապանք,
Մենք ի՜նչ գիտենք, որ վանենք
Մութն ու մռայլն անպարփակ:

Եվ անձրևն է մաղում դեռ…
Մենակությու՜ն, չունես վերջ,
Իսկ ժամանակից անդին
Խաղաղություն է հավերժ:

Եվ երանի նրան, ում
Կտա պարգևն այդ՝ Աստված,
Լինել խաղաղ և անվիշտ,
ժամանակից ազատված:

			1988

ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Անսահման է կամարը երկնքի,
Անսահման է պատկերն արևի,
Անսահման է խորությունը աշնան,
Անձրևոտ  օրն է անսահման:

Անսահման է տենչն ազատության,
Եվ շղթայի ուժն է անսահման:
Անսահման է պատկերն ազատության,
Խաչելության փայտն է անսահման…

Անսահման են սեր, ատելություն,
Եվ տանջանքն է հոգում անսահման…

			1988թ.

* * *

Աշու՜ն, մաքուր գավաթ,
Թափանցիկ առավոտ,
Ապրումներս անավարտ
Եվ անցյալս է ցավոտ:

Ողջը դժգունացավ՝
Միտք, ներշնչանք ու կյանք,
Ողջն՝ հալածանք ու ցավ,
Այս ու՞ր, սի՜րտ իմ, հասանք:

Աշու՜ն, մաքուր գավաթ,
Թափանցիկ առավոտ,
Ապրումներս անավարտ
Եվ անցյալս է ցավոտ…

Քեզ պես մի քիչ գինով,
Սրտով լինե՛լ անամպ,
Քայլել այս կածանով՝
Լցված նոր խնդությամբ…

			1997թ.
* * * 

Անցան օրերը պայծառ:
Քամին է հողմնահարում անվերջ
Ծառերի վարսերը:
Շրջում եմ մենակ՝ որպես կարմիր գիսաստղ՝
Հարվածների տակ մտքերիս :
Ահա մութը ներկեց միագույն մեր այգին ցրտած:
Մինչև լույս շառաչի պիտի, հառաչի 
Հսկա ընկուզենին:
Մինչև լույս մենակ, մեն-մենակ,
Ես լսեմ պիտի շառաչը այդ,
Հառաչը այդ՝ այգու մեջ մթին:
Ինչ լավ էր այն տաք օրերին.
Աղոթում էի, քնում հոգնաբեկ, խաղաղ:
Արթնանում էի վաղ,
Աղո՜թք կար սրտիս մեջ՝ պայծառ մի հրաշք…
Պայծառ մի հրաշք էր իմ կյանքը կարծես…

Ահա լուսաբաց:
Դադարեց քամին:
Խոտերը թաց են,
Եվ երկինքը՝ պաղ:
Երամը կռունկների:
Երջանիկ մի խոհ կա, ասես, նրանց թևերին:
Չվում են տաքսիրտ երկրներ:
Ահա էլ չկան:
Մենակություն,
Անհեռանկա՛ր կյանք…

			1997թ.


ՓԱԿՈՒՂԻ,   ԱՇՈՒՆ

Այնտեղ, ուր աշնան խոտերն են խռիվ,
Ուր բորբ մի ծառ կա,
Ու դեղին մի ծառ,
Ուր բարձրահարկից, ինչպես սև, հսկա ջունգլիի վիշապ,
Գլուխն է կախել գետնին թիթեղյա  լուռ ջրհորդանը,
Այնտեղ է հիմա իմ հայացքը:
Եվ ի՞նչ: Աշուն է: Մի սովորական աշնանային բակ:
Ու լռություն:  Ի՞նչ պետք է անեմ:
Ա՛խ, կյանքս այնպես լուռ փակուղի է:
Ի՞նչ միտք ու խոհով ես լուսավորեմ այդ մութ փակուղին:
Ինձ թվում է, թե
Ամեն ինչ եմ ես մտածել – խորհել՝ մի ելք գտնելու:
Ու եկել, եկել, ընկել եմ այստեղ՝
Աշնանային լուռ փակուղին կյանքի:
Ու տարիներ՝ ես՝ ինչպես ուռկանում բռնված նավազ:
Ու չգիտեմ ես՝ ինչի՜ համար են բառերը այս մերկ,
Որ ո՜չ Աստծուն, 
Ո՜չ մարդկանց, ո՜չ էլ ինձ են ուղղված: 
Ես
Այնքան խորհել եմ…

Ի՞նչի համար են բառերը այս մերկ՝
Փակուղու, աշնան…

			1977թ.




ԳԻՇԵՐ

Համատարած կապույտ է երկինքը…
Թախծության պաղ մառախուղից շինված
Պատշգամբի ցուրտ բազրիքին հենված՝
Գիշերերգն եմ լսում աստղերի:

Համատարած կապույտ է երկինքը,
Սրտիս ճյուղին, սակայն, եղերական
Լուռ ծաղկում է մտածումը դաժան.
Ինչու՞ մարդիկ տառապում են այսպես,
Ինչու՞ նեղսիրտ ու չար են մշտապես…

Համատարած կապույտ է երկինքը…
Հանդարտվում հետզհետե ու մի՜այն
Գիշերերգն եմ լսում աստղերի…

			1984թ.



ԱՅԳԸ  ՊԻՏԻ ՈՂՋՈՒՆԵՄ

Վիշտ և՜ բեկում,և՜ սամում,
Ավերում ու մելամաղձ,
Իմաստներ այնքան մաշված,
Հայացքով ձեր անքթիթ
Դուք հսկեցիք մշտապես
Գաղտնարանը իմ հոգու:

Գաղտնարանը իմ հոգու,
Դարպասները նրա փակ
Քարկոծեցիք աղմուկով:
Նետվեցիք ամեն անկյուն,
Տրորեցիք երազ ու երգ,
Լույսը հոգուս անարգվեց:

Ու ես երկար կհիշեմ
Կյանքս՝ կյանքի ափերում,
Ճանապարհը իմ դժվար,
Ճանապարհս մենության,
Որ անցա մի օր տենդով,
Ե՜վ հույսերով, և՜ վախով:

Պիտի ելնեմ ես նորից՝
Հուսազեն ու կարող,
Պիտի վառեմ նոր լույսեր,
Ճամփա ընկնեմ դեռ մթնով,
Բարձունքներում ալպիական
Այգը պիտի ողջունեմ:

Այգը պիտի ողջունեմ՝
Հայացքս հեռու նետած,
Պիտի ճչամ արծվի պես – 
Մութը ճեղքած բորբ թռչուն,
Ձյունը կլինի վսեմ,
Գագաթը՝ սուրբ լռություն…

			1978


ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ հավատում փքուն խոսքերին,
Փայլուն խոսքերին,
Բարձրագոչ խոսքին ինքնապարծության:
Զգուշանում  եմ, մնում եմ ես լուռ.
Էհ՜, Աստված քեզ հետ,
Բառերի ասպետ:
Ինքնամեծարման չունեմ ես առիթ,
Եվ ոչ էլ պետք է, որ դու մեծարես՝
Բաժակդ ձեռիդ:
Ողջ ունեցածս երեգեր են թախծոտ:
Ես մի բան գիտեմ՝
Խորանալ իմ մեջ,
Կարելի է դեռ,
Դեռ է՜լի պեղել:
Լուսաավո՞ր եմ ես.
Կասկածն է կրծում:
Ա՜խ, ի՛նչ դժվար է,
Ծանր է որքան
Սեփական հոգու
Անձավը պեղել:
Խորշեր են մթին,
Ու կարդալ է պետք՝
Ի՞նչն է անդ շնչում:
Դե, սուզվի՜ր, սուզվի՜ր…
Հուսահատվում եմ, երբ բացվում է ինձ
Գաղտնալի գիրքը
Իմ եղերական անկատարության:
Ա՛խ, ինչ դժվար է,
Ծանր է որքան՝
Սեփական հուգու
Անձավը պեղել…

		1987


ԻՐԻԿՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դա մի երեկո էր՝ դժոխային, խորը մտածումի և անձրևոտ:
Ես թափառում էի փողոցներում, որ թվում էին ինձ փակուղիներ
Կյանքի:
Անձրևն էր հոսում  դեմքիս վրայով:
Թվում էր՝ լալիս է բախտը վրաս՝ չարադեմ քաղաքի իրիկնային
Հեռվում:
Անձրև էր: Մահացում: Սաղարթների, աշնան ու քաղաքի
Մահացում:
Մահացում
Մաքուր հույսերի: Մահանում էի:
Դա մի երեկո էր՝ դժոխային, խորը մտածումի և անձրևոտ:
Թվում էր՝ մեռնում է մի երեխա, տխուր մի երեխա՝ հեռվում թախծոտ…

Երեկ հենվել էի մի թեք սյունի: Իջնում էր արևը, թեքվում դանդաղ:
Դանդաղ խմում էի գարեջուր: Եվ սիրտս թեթև էր, հոգիս՝ անամպ:
Եվ մի պատանի հարցնում էր ինձ զգուշորեն, թե ուժեղ հարվածներ կրե՞լ եմ
                                                                                                           կյանքում,
Շա՞տ  են ինձ խաբել հույսերս, մարդիկ:
Ամեն ինչ դեռ առջևու՞մ է, թե անցյալի մեջ է արդեն սուզվում:
Ի՞նչ եմ մտածում: Ուժե՞ղ եմ, թե թույլ:
Ամեն ինչ ինձնից իմանալով՝ նա
Խորհում էր, ծխում: Խմելով դառը 
Գարեջուր:
Հենվել էի սյունին: Օրն էր թեքվում: Ինչպես գավաթը հին՝ գարեջրի…

Կգա մի երեկո դժոխային, խորը մտածումի և անձրևոտ:
Սաղարթաթափ աշնան մի երեկո: Անձրևը կհոսի, կհոսի կիջնի
Դեմքիդ վրայով:
Ե՜վ քաղաքը, և՜ աշունը, և՜ սաղարթը ծեր,և՜ երեխան
Թախծոտ,
Կթվա՝
Մեռնում եք:
Օ՛, դու պատանի՜,
Կթվա՝
Մեռնում եք:
Բայց կհենվես դու տարիներ հետո,
Ինչպես ես հինա՝
Սյունին:
Իսկ մեկ ուրիշը քեզ կհարցնի գուցե,
Քեզ հարցեր կտա:
Եվ հեռու արևը մեղմ կթեքվի, ինչպես գավաթը հին՝ գարեջրի…    

1987



ՔԱՄԻՆԵՐԻ ԴԻՄԱՑ

Դ ու մենակ եղեգ ես քամիների դիմաց,
Դու կապեր չունես ապրողների հետ:
Իսկ ես քաղաքն եմ – հարաբերությունների ցանց.
Չարերը կապվածություն ունեն չարերի հետ,
Բարիները՝ բարիների, և՝ հակառակը:
Նրանք  իրենք  են գրում,
Նրանք  իրենք  են խաղում 
Դրաման, ֆարսը, ողբերգությունը…
Երբ փախչում ես ամենից,
Կճոճվես անվերջ,
Ինչպես տխուր եղեգ,
Եվ օտար կլինես ոգուս:

-	Թող լինեմ օտար,
Ես ուզում եմ մնալ
Հենց ճոճվող եղեգ…

			1976



                    

       ՄՈՏԵՑՈՒՄ

Դեպի քեզ եմ գալիս իմ գիշերվա միջից,  ուր սուզվեցի հետզհետե,
Միայնակ,
Ինչպես քար՝ առանց հոգու,
Երբ, նայելով աչքերիս մեջ, ասացիր, որ այնպիսի քաղաք չես դու,
Չե՜ս,
Ուր երազները հագնում են մարմին:

Դեպի քեզ եմ գալիս
Իմ գիշերվա միջից, ուր սուզվեցի հետզհետե
Միայնակ,
Ինչպես քար՝ առանց հոգու:
Ուզում եմ հասկանալ ես քեզ,
Քեզ հասկանալ եմ ուզում՝
Ուղիղ նայելով աչքերիդ մեջ:
Քաղա՜ք, քաղա՜ք, օ՛, քաղա՜ք…
Ի՞նչ կրքեր են քեզ հարվածում,
Ի՞նչ սարսափներ են հալածում,
Երբ դաժանորեն մերժում ես զավակներիդ:
Դեղատներիդ սուր հոտն եմ ուզում շնչել,
Իմանալ՝ ի՞նչ հիվանդություններ են
Դագաղների մեջ պառկեցնում մարդկանց,
Որդիներդ ինչու՞ են լքված ու մենակ:
Քաղա՜ք, քաղա՜ք, ցարդ հիվանդ եմ ես էլ
Մենակությամբ:

Ոիզում եմ ճանաչել քեզ,
Նորովի նորըդ  ճանաչել եմ ուզում,
Սովորել եմ ուզում բարբառդ ամբողջ,
Որովհետև ես լուռ եմ,
Ես չունեմ լեզու,
Եվ անհոգի եմ հիմա, ինչպես քար,
Ինչպես քար:

				1977








* * *

Թախիծն է իջնում սրտիս, երբ հիշում եմ հանկարծ,
Որ աշխարհի մեջ այս ծեր, համր շուրթերս փակ,
Ապրել եմ ես  մենակ:

Չեմ լսել այնպիսի լուր, որ ինձ երգով լցներ,
Ամեն ինչ միապաղաղ, ներկած ու փայլ տված
Առօրեական գծեր:

Չլիներ ինձ տրված երազի լաստը սահուն,
Օրերիս մեջ տաղտուկ սիրտս կերած կլիներ
Մռայլության չար բուն:

				1976




ԻՆՉ-ՈՐ ՉԱՐ ՄԻ  ՁԵՌՔ

Ինչ-որ չար մի ձեռք  ինձ կյանքից նետել է հեռու,
Սիրտս խորհում է, մենության երազում ինչպես,
Ինձ չեն այցելում, ոչ ոքի ես չեմ այցելում,
Լռությունս է մեծ, ննջում է իմ սիրտը կարծես,
Ալիքն  իջել է, խաղաղ է ծովը ալեհեծ…

Ալիքն իջել է, խաղաղ է ծովը ալեհեծ,
Բայց հուշն այցելում, ելնում է գիշերվա  միջից,
Ելնում է անցյալի մոխրից, ամառվա  հրից,
Արթուն է ծո՛վը… աղետից ո՞վ կպահի մեզ,
Անհայտ է կյանքը հուշերի, անհայտ է ուղին…

Կարծես թաքնված անհայտություն կյանքս թվաց,
Ինչպես գաղտնի մի եղեգնուտ, ինչպես լռություն…

				1979










* * *

Ա՛խ, այս երեկոները անելք
Ու փակ,
Երբ սպասում ես ինչ-որ լավ բանի,
Որ չի լինելու,
Երբ հիշում ես ա՛յլ իրիկուններ՝
Լուսավոր 
Եվ անդարձ հեռացած
Մանկության բակից:

Ա՛խ, այս երեկոները անելք
Ու փակ,
Երբ աշնանային երկինքը կապույտ է,
Անլույս,
Երբ օրը մթնում է հետզհետե,
Եվ հոգում ցուրտը
Տեսանելի 
Է…

Ա՛խ, այս երեկոները անելք
Ու փակ,
Երբ կյանքի գիտակցությունը կախված  է օդում՝
Ահարկու,  արյունռուշտ,
Երբ սպասում ես ինչ-որ լավ բանի,
Որ չի լինելու…

				1979




* * * 

Օրերով լուռ է իմ սիրտը,
Ինչպես ձյունոտ, անծայրածիր դաշտ,
Օրերով լուռ է իմ սիրտը:

Ոչ շշուկ անհանգիստ, ոչ ձայն,
Հանգիստ եմ, խաղաղ, ինչպես մեռյալ,
Ոչ շշուկ անհանգիստ, ոչ ձայն:

Չկա տխրություն, չկա հուր,
Ու մոխիր են բառերը բոլոր,
Չկա  տխրություն, չկա հուր:

Հատակից կելնի իմ սիրտը,
Այս հույսն է դեռ, որ պահում է ինձ,
Հատակից կելնի իմ սիրտը:

Կերգեմ հրե թախիծով,
Ու չի ճնշի ինձ կյանքը այս չար,
Կերգեմ հրե թախիծով…

Ու չի ճնշի ինձ կյանքը այս չար…


			1981



* * *

Մեղմ խոնարհումն եմ սիրում իմ սրտի,
Ահա խորքերս եմ կարդում ես կրկին,
Պարզից էլ պարզ է՝ երկինքն է թեքվել,
Լցրել է մի քիչ իմ սիրտն ու հոգին:

Իրիկնաժամս է խոնարհ-ներանձնյա,
Բնությունն աշնան լացած-հանդա՛րտ է,
Մի յասաման է երկինքը՝ թեքված
Իմ հոգու վրա: Եվ քիչ գունատ է:

Եվ կարդում եմ ես, ըմբռնում հոգիս…
Ես սերս եմ հիշում: Ե՜վ պարզ է, և՜ խոր:
Եվ մրգահասն է իմ հիշողության,
Եվ լիճ-հոգիս է աշնանային խոհ:

Ռոմանս են խոր-խոր ամպերը դանդաղ,
Ընկալված պատկեր՝ նոր ու երկնային,
Բաբախե՜նք, հոգի՜ս, մեր այս ափերում՝
Խաղաղված, հանդարտ և իրիկնային…

				1994







ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Թարմություն ու նոր ապրում,
Բանաստեղծն այս է երազում:
Արթնանալ առավոտ վաղ՝
Զգալ իրեն մի ոգի:
Հնչեցնել ցնծուն ու զիլ զանգը բյուրեղ խոսքերի,
Ողջ օրն զգալ երջանիկ:
Նոր մտքեր ու թարմություն…
Թախիծն է մեզ սպանում:
Արթնանալ ծեգը՝ ծեգին,
Երկնքի ջինջ ավազանում վկան լինել մկրտության
Դեռ նո՛ր բացվող առավոտի:
Ու կնքահոր վսեմությամբ ելնել վեր
Ապրումների սանդուղքով…
Տենչն է այրում օրնիբուն
Չոր, տանջահար կուրծքը նրա.
Կուզի տեսնել աշխարհը նոր
Ու վեհացած…
			1988



* * *

Հեռու է բարձունքը երազած,
Հոգնած ենք, ու տենդն է մեր արթուն,
Չա՞րն էր մեծ, թե՞ սաստեց մեզ Աստված, 
Մաշված են սիրտ ու համբերություն:


Հեռու է կապույտը և՝ թաքուն,
Մռայլված ենք  խիստ ու մթնած,
Մեղքերի բեռն է մեծ՝ մեր հոգում,
Եվ մեր ուղին է արդեն անդարձ…

      				1984



* * *

Հազար ձևի մտածում ենք՝ խրթին ու բարդ,
Միտք ենք անում, տալիս-առնում, վերջը՝ ի՞նչ.
Ոչ կեղծ ու մեղծ առօրեան է մեզ հաշվում մարդ,
Ոչ էլ մենք ենք փոխվել ուզում դույզն-ինչ:

Գորշացել է փնտրտուքի մեր ո՜ղջ ուղին,
Զայրույթն է մեզ ծամում-թքում, թքում ցած,
Ծամոնի պես՝ հոգնեցրած որոճողին, 
Տես՝ ինչպես է կյանքը մեր դեմ ոխացած:

				1988






ՀՈԳՍ

Մի վիճակ կա՝ դժվա՛ր, դժվա՛ր,
Այդ վիճակը ու՞մ ասեմ ես,
Վստահությունս ՝ հողմի ավար,
Ա՛խ, այս կյանքը ի՛նչ դարձրեց մեզ:

Սեղմված է սիրտս հիմա
Զսպաշապկով տարիների,
Տարիներն այդ ՝ մթին կամար,
Դրին սրտիս խարան նեռի:

Լճացման ու նեխման շրջան
Արդ կոչեցին մեր կյանքն անցած,
Գիտենք խորքը մեր պարտության – 
Ուրուներ ենք նվաստացած:

Ուրուներ ենք հոգնած ու հեզ,
Ոչ թե՝ մարդիկ: Կյանքն՝ անհնար:
Ի՞նչ դևեր են հալածել մեզ - 
Սարսափած ենք ու ապշահար:

Բայց հիմա էլ տանջում է մեզ
Նոր սերունդը դևերի այն – 
Նույն պայմանով պիտի ապրես,
Լուծն անունն է փոխել միայն…

				1997






* * *


Օրերի վայրագ ալեբախության մեջ
Մենք պատեպատ ենք զարկվում անվերջ,
Ճնշում են սիրտը հոգսեր անանուն,
Կյանքի մանրուքն է մեզ հաճախ ճկում:
Մի՞թե անցնում ենք  հուր տառապանքով
Տարիների նեղ միջանցքներն անթով՝
Անծանոթ եզերքն հասնելու համար:
Էլ ինչու՞ այսքան ծանրություն հոգում,
Երբ տևական չէ երկրայինը մեր,
Երբ ուրախության պահերն էլ փոքրիկ
Տագնապով են լի,
Վաղանցիկ են միշտ
Եվ անորսալի մեղքով են հղի:
Վիշտն է մնում և բուի նման
Կռնչում է հար մենակության մեջ:
Ճանաչու՞մ ենք մենք լույսը ցերեկվա,
Մեզ համա՞ր է նա երկիր առաքվում,
Ե՞րբ ենք քեզ, արև՜, մենք սրտանց նայում,
Գլխատված ես դու մեր հոգիներում:
Ի՞նչ գիտենք հրճվանքը անսուտ
Խոտի ու ցողի,
Գիշերվա՜ վարագույր, հաստատաված ես դու
Մեր երկնքի մեջ աստղե գամերով:
Իսկ սերը, ինչպես հողմը ավազոտ,
Մեր հոգու բոլոր աստղերն է փակում:
Անարև,
Առանց հրճվանքի,
Առանց անախտակիր սիրո
Մեր վայրկյաններն են կռվում իրար դեմ,
Չնչին հոգսերի երեխեք ենք հեգ,
Ու՞ր է սահմանը լույսի ու մութի…

				1974










ԵՐԲ  ԱՇՈՒՆ Է ԹԱՑ…

Երբ աշուն է թաց, երբ իրիկուն է,
Երբ խուլ պարտեզում
Դողում են ծառեր սևիրան,
Երբ լալիս է երկինքը պարտեզում,
Ուր ամայություն է, չկա ոչ ոք,
Ուր մի կիսանդրի կա՝ բարձր պատվանդանով,
Քանդված,
Ուր ընկնում են տերևները, հանգչում,
Մելամաղձոտ  օրորվելով օդում,
Ծածկում գետինը, ջրափոսերը,
Երբ հայացքը արձանի՝ շուռ եկած  դեպ ինքը,
Մենության արցունքներ է լճացնում,
Կարծես կույր լինի արձանը,
Մեզ չի տեսնում կարծես,
Ու չի լսում նա մեզ…

Օ՛, այդ ժամանակ ես էլ եմ արձան՝ մի խուլ պարտեզում՝
Թրջված, խոնավ, շուռ եկած աչքերով…
Եվ անձրևն է թափվում,
Եվ պարտեզը թաց է,
Եվ տերևները՝ թափված:
Եվ ծառերը սև,
Եվ ծառերը մերկ,
Անհունորեն մերկ են ծառերը,
Եվ գիշեր է գալու,
Եվ լալիս է երկինքը,
Լալիս է:
Եվ անցորդները – 
Նրանք էլ անկումի՜ տերևներ  -
Շտապում են:
Եվ խուլ լալիս է 
Արձանի ոգին…
Երբ փողոցում չկա ոչ ոք արդեն,
Օ՛, այդժամ արձանի ոգին
Մարգարեական խոսքեր է ասում,
Այդժամ արձանի ոգին 
Ինձ իր  երգերն է կարդում….
Եվ անձրև է,
Եվ ծառերը մերկ են անհունորեն,
Եվ գիշեր է գալու…

			1976

ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ

Օ՛, դաշտ ներանձնյա,
Օ՛, անտառ անձայն,
Չորացած խոտեր,
Բնապատկեր խեղճ:
Ճակատագրի
Նմանությու՞ն խոր,
Թե՞ մտածումի
Նույնություն ինչ-որ
Առնչում է մեզ:

Առնչվա՛ծ ենք մենք…
Երկնքի տակ ցուրտ
Բորբոքում եք դուք
Կրակներ իմ մեջ:
Եվ նստում եմ ես
Ու երկար նայում
Հուրերին այդ հին:

Եվ դարձյալ, դարձյալ
Բորբոքվում եմ ես
Ու ձեռնոց նետում 
Անհաշտելիին…

			1982




           ՀՈՐԴՈՐ  

Վերք է՝ կցավի, կանցնի,
Ի՞նչ ես այդքան հառաչում,
Երկինք է՝ կամպի, կպարզի,
Սիրտ է կոտրած՝ կամոքվի:
Կհիանաս ծառ ու ծաղկով:
Արևը դուրս կգա:
Կթռչի մեղուն: Հեռու՛…
Բնությունը կդառնա մեներգ ու դուետ…
Օդը կլցվի բույրերով ծաղկանց:
Արհամարհի՜ր պատկերները նանիր,
Հուշերը չար քամահրի՜ր,
Թաղի՜ր,
Թաղի՜ր հուշերը չար: Ա՜մենևին
Մի՜ զգա քեզ նվաստացած, ու
Կտեսնես, որ 
Աշխարհը կրկին 
Գեղեցի՜կ 
Է…

		1988



ՋՈԿՈՆԴԱ

Պատից անվերջ նայում ես ինձ, Ջոկո՜նդա,
Հոգուս խորքը անվերջ պեղում
Քո անքթիթ ու հասկացող հայացքով:
Իսկ ես, ահա, կասկածող եմ…

Որովհետև մենակությունը
Ամեն անգամ ինձ հետ է նստում սեղան,
Ինձ հետ կարդում,
Մտածում է,
Ինձ հետ տեսնում,
Մտապահում:
Ինձ հետ քաղաքներ է տեղավորում
Հայացքիս մեջ:
Ինձ հետ թաքուն քնքշանում՝
Ե՜վ սիրվելու, և՜ հասկացված լինելու
Անհագ տենչից իմ արթուն:


 Պատից անվերջ նայում ես ինձ, Ջոկո՜նդա,
Հոգուս ամեն ակնթարթը
Երևում է քո աչքերում:
Մերթ հեգնում ես,
Մերթ սարկազմ ես,
Մերթ հայացքն ունես Տիրամոր,
Մերթ զայրույթ ես համակ՝ իմ դեմ,
Մերթ զարմացնում է քեզ խիզախությունը հոգուս:
Ես միշտ զգում եմ քո հայացքը,
Երբ տանն եմ, 
Քո շունչն է տարածվում իմ վրա,
Ջոկո՜նդա,
Իմ վրա,
Ում կյանքի սեյսմոգրաֆն է կարծես
Քո կատարյալ հոգին:

			1975

ԷՔՍՊՐՈՄՏ

Մի՜ երերա, պայքարը թո՜ղ,
Նստիր տանը, կարդա Նարեկ,
Չմոռանա՜ս քաղաքն անթով –
Չկա այնտեղ մաքուր տարերք:

Ամոթ է, ա՛խ, ՑԱՎԸ տարեց
Շրջի այնտեղ, ինչպես երեկ,
Ուր խլել են ողջն իրարից,
Նստիր տանը, կարդա Նարեկ…

				1995


* * *

Քամին վայեց ու հառաչեց, հանդարտվեց…
Գազազում ես, գազազանքով լցվում, սի՜րտ,
Իզուր բեռ է տառապանքդ անարվեստ,
Ներանձնացիր ու հանդարտվիր դու էլ, սի՜րտ:

						1976






ԹՌՉՈՒՄ Է ԳՆԱՑՔԸ ՍՐԸՆԹԱՑ

Թռչում է գնացքը սրընթաց…
Տանում է նա ինձ մահին ընդառաջ,
Տանում է նա ինձ կյանքին ընդառաջ,
Նոր հորիզոններ են բացվում իմ առաջ,
Կապույտի մեջ թռչում է,
Թռչում է գնացքը սրընթաց:

Ահա հովիտ: Տարածություն:
Վայրի, ազատ և ինքնակա բնություն: 
Հովի ձայնը հոգևոր
Ծնունդ է ի՞նչ կեցության,
Ի՞նչ խորհրդի է մեզ առնչում –
Չգիտենք:
Միայն գիտենք՝ օրորվում է խոտը բարակ ու խղճալի,
Եվ ծաղիկներ՝ բարձրացողուն կամ փոքրիկ,
Թրատում են դեմքը քամու,
Եվ այլ նման պատկերներ՝
Հաճախ անմիտ և շինծու:
Միայն գիտենք, կամ թվում է մեզ՝ հեռվից,
Թրթռում են այստեղ-այնտեղ ծաղիկները,
Կրակների պես դեղին,
Կրակների պես կարմիր…

Վայրի, ազատ և ինքնակա  բնություն.
Նախնադարյան թիթեռներ
Խաղաղության և լռության թևերով
Գեղեցկությունն են օրորում
Վայրկյանի մեջ գուցե:
Չգիտենք:
ՙԳուցե՚-ն ջնջենք: Դրանով մեզ կսփոփեք:
Գետն է ապրում կիրճի մեջ՝
Նույնպես վայրի նախաստեղծ:
Ակնթարթներ լսիր միայն, և կհնչի 
Բնության մեծ սիմֆոնիան,
Որ փակվում է արագ- անդարձ
Գաղտնիքի մեջ տիեզերքի:
Մարդ - բներգիչներ, որ բանաստեղծ են կոչված,
Մեզ գծում են բառերով
Բնության ձևը խաթարված:

Թռչում է գնացքը սրընթաց…
Շտապ թերթենք, անցնենք առաջ,
Մեր հայացքը չի դիմանա
Խաղաղության պատկերներին կատարյալ…
Դարե՛ր, դարե՛ր
Մեր աչքերը սամումներ են կերել
Եվ կտցել են ավազները չար:
Արյուն կոխած և տղմուտ 
Հայացքով մեր թշվառ 
Շտապ  թերթենք անցնենք առաջ

Դարե՛ր, դարե՛ր են պետք,
Որ մագաղաթը բնության
Թեկուզ մի քիչ ըմբռնենք…

Կապույտի մեջ թռչում է, 
Թռչում է գնացքը սրընթաց…

			1976

ՏՐԱՄԱԴՐՈԻԹՅՈԻՆ

Իրիկուն լիներ, լիներ դրսում ցուրտ,
Վառարանը տաք՝ բորբոքված խինդով,
Լինեի խաղաղ ու լեցուն՝ սրտով,
Մենակ լինեի երազիս հետ  լուրթ:

Սրտիս մեջ լինեիր, ու հեռու՛, հեռու՛,
Կարոտն այրեր ինձ, շուրջս լուռ լիներ,
Սպասեի քեզ, դրսում ցուրտ լիներ,
Վառարանս տաք՝ սրտիս պես ներհուն:

Այդպես էր երեկ, սիրտս անմու՜թ էր,
Վառարանն ուրախ երգում էր, վառվում,
Ա՛խ, այսօր ցուրտ է, հեռու է հեռուն,
Այսօր տխուր է, մրսում եմ, ցուրտ է…

				2004



ԽԱՎԱՐՆԵՐԸ   ԲՈՑԱՎԱՌՎԱԾ  ՃԵՂՔԵԼՈՎ

ԱՐԹՆԱՑՐՈՒ ԼՈՒՍԱԲԱՑԻՆ ԻՆՁ, ԱՍՏՎԱ՜Ծ…

Արթնացրու լուսաբացին ինձ, Աստվա՜ծ,
Երբ խամրում են աստղ ու լուսին երկնքում,
Կապույտն է լուռ երբ ծավալվում լեռից լեռ,
Բլուրները լուսավառվում ոսկեգույն,
Արթնացրու լուսաբացին ինձ, Աստվա՜ծ:

Ելնեմ ես վեր, սիրտս՝ պայծառ ու լեցուն,
Հյուսեմ ներբող, աղոթք ու տաղ Քեզ համար,
Երգեմ ես Քեզ լուսաբացին, օ՛, Աստվա՜ծ,
Արփին նայի, տեսնի դեմքս լուսավառ՝
Խնդությունից նվիրումիս, օ՛, Աստվա՜ծ…

Օ՛, երկնքի ալմազ դռներ, օ՛, Աստվա՜ծ,
Օ՛, նվիրում իմ հեզ սրտի, օ՛, Աստվա՜ծ…

				2004





* * *

Իրիկունն ստվերներից ժանյակներ էր հյուսում,
Երբ նորից շուրթերից  իմ հնչեց կիսալույսում
Էդգար Պոի ագռավի ձայնը չարագուշակ,
Որ զարկում էր նրան ՙնեվերմոր՚ բառով գուժակ:

Տարիներն են հոսել դեպի օվկյանն անցյալի,
Մռայլ ագռավն Էդգարին դեռ հսկում է էլի,
Մութ ՙնեվերմորն՚ է դեռ սրտի մեջ հնչում այն խեղճ,
Անցյալում ինչպես որ հնչում էր իմ սրտի՜ մեջ:

Այլ է վիճակը հիմա սրտիս մեջ լուսավառ,
Լինորիս մասին ես հարց չեմ տա ագռավին մառ,
Տե՜ր Աստված, Քո լույսով սիրտս անմութ-հանդա՜րտ է,
Խավարի գիրկն է թևել չար ագռավը արդեն…

						2004



* * *

Երկիքն ես դիտում կապույտ ու զվարթ,
Ձյունե ամպերով լցվում՝ անտխուր,
Սիրտդ են լցվում երազներդ վառ,
Կորչում են անհետ վիշտ ու մռայլ խոհ:

Լեռան գծերն է հայացքդ գրկում,
Չես հիշում մարդկանց դավերը ցածում,
Ուզում ես սիրել համայնը՝ հոգով,
Եվ երկինքն է խոր քո սիրտը բացում :

Եվ հավատում ես, որ այլոց հետ էլ
Նույնը կարող է լինել պատահած,
Որ եղբայրներ ենք եղել մենք միշտ էլ,
Որ միացրել է ամենքիս Աստված…

Կամոքի մի օր Հայրը երկնավոր
Սրտերը ցաված և անախտակիր,
Որ ամբարիշտը կսպառվի մի օր,
Եվ նոր կլինեն երկինք ու երկիր…

				2004


* * *

Դու, որ եկար այստեղ,
Այս լեռը խոկման,
Դու, որ եկար այստեղ…

Աղոթի՜ր, դիմի՜ր վերստին,
Որ մնաս այստեղ,
Այս բարձունքում բյուրեղ…

Աղոթի՜ր, որ ցնծաս,
Աղոթքներում  աճես
Մինչև վերընձյուղում…

		2004





ՍԱՂՄՈՍ

Ազատում, փրկում, ընդարձակում ես ինձ, Աստվա՜ծ,
Նեղ տեղից, խավարի միջից, դժգոհ փակուղուց
Սիրտս հանում ես, միտքս Քեզ է առագաստված,
Եվ ոչ մի վիշտ կամ սրտի սուգ անանց չէ վաղուց:

Անանց չէ վաղուց ոչ մի բարձր արհամարհանք,
Ոչ մի անտեսում հավետ չի անարգում-ժխտում,
Դու հանում ես, հենց դիմում եմ, հույսիցս էլ արագ,
Աստվա՜ծ, պահում-պահպանում ես իմ սիրտը արթուն:

Այնպես թույլ եմ ես, կորած-կորսված, անարի,
Դողն է ինձ պատում, թե չեմ կանչում Քեզ խավարից,
Ընկնում եմ ես անուժ արնահոտ սեմին աշխարհի,
Դու վեր ես հանում, կանգնեցնում ես վերստին ինձ:

Արժանի ես, իմ Աստվա՜ծ, որ խոսեմ սաղմոսով,
Որ համբառնան Քեզ աղոթք, և՜ երգ, և՜ օրհնություն,
Ո՛վ հույսիս պողոտա, ո՛վ աներկրային Դու զով,
Զարկում ես ճակատիս, լվանում տոթն հոգուս և թույն.

Փառք Քեզ, Աստվա՜ծ, հավիտյան փառք. ամեն և ամեն:
			,
						2004

    Ա Յ Գ ՈՒ Մ

Ջահել երկինքը կրկին բացված`
Գարուն է կրկին ինձ ավետում,
Լույսի մեջ այգու նորից կանգնած`
Ընձյուղվում եմ ես ու մտորում:

Պատկերը ամպի, ասես, ցնծում,
Ինձ համար է նա սահում հանդարտ,
Ճյուղերի միջից լուսալեցուն
Արտույտն է ձայնում օրհներգն իր վառ:

Տանում է քամին տերևներ հին…
Ողջունում է ինձ, դառնում  խնդուն
Տերևազարդ, պայծառ իմ այգին.
Ծառե՜ր մտերիմ, ձեզ նոր ողջույն:

Ձեզ մոտ, ձեզ հետ եմ ահա կրկին.
Մի ամբողջ սեզոն սի՜րտ կլինենք,
Կարբենանք մենք` նայելով երկինք,
Բախտ է երկնային` կբաբախենք:

Որոտից զվարթ կցնծանք մենք,
Անձրևներով կայծակնահոտ
Ազատությունը մեր կողողենք,
Խոտը մեզ կասի խոսքեր շաղոտ:

Երբ որ դառնա օրը իրիկուն,
Երբ լույս ու կապույտ, իրար գրկած,
Ողջագուրվեն մի պահ երկնքում,
Զվարթն էլ մեր կալիքվի՜ հանկարծ:

Բացվող նոր այգը՝ ավետիս նոր`
Թե լույսն այդ օրն առավե՜լ կուզի,
Առավե՜լ կուզի, որ լինի հորդ,
Ստանսներ մենք կձոնենք լույսին:

Ու կապրենք այդպես լույսերում մենք,
Մայրամուտներ ու այգաժամեր
Եվ իրիկուններ խաղաղարեգ
Կդնեն դրոշմ խորքերին մեր:

Մինչև իջնի կապույտ ու անհեգ
Մի նոր աշուն` երկինքներից խոր,
Այդ աշո՜ւնն էլ մենք կողջունենք, -
Պայծառությունը կլինի նո՛ր…







Պայծառությունը կլինի նոր`
Մեր հոգու մեջ ու մեր աչքերի,
Եվ կգգվեն մեզ աստղերն անդորր,
Ու մեր սիրտը ո՛ղջը կների…

Ու կծագի արևը ամպից,
Ու կլինի պայծա՛ռ իրիկուն,
Ու չենք գանգատվի ո՜չ մի բանից,
Կլինենք պարզ, կլինենք աշուն…

				2004
  


 ԴՈՒ  ԽԱՂԱՂ  ՄՆԱ

Դու խաղաղ մնա,
Աներեր մնա,
Հանդարտ մնա դու:
Չես կորչի բնավ, 
Անտագնապ մնա,
Ասում եմ դարձյալ`
Չես կորչի բնավ:

Լազուրների մեջ
Սիրտդ լվացիր.
Երկրի թախիծ,
Անհունական վիշտ
Չեն ծանրանա վրադ,
Սիրտդ նետիր դու 
Անսովոր հեռուն:

Սիրիր զոհի պես՝
Լռության հոգում.
Քրիստոս, աղոթք, -
Աստվա՜ծ է հսկում:
Սիրտդ թաթախիր,
Սիրտդ թաթախիր
Սիրո լազուրում:

Ու գնա  ճամփադ,
Հեզ, խոնարհ մնա
Քո պաշտած Աստծուն,
Տոթ ու կեզ օրվա
Միջօրեի մեջ
Կհնչի աղբյուրն
Առապարներում….

		2004



                       *   *   *         

Որքան էլ թեկուզ մռայլվես,  եռաս,
Խելառ խոտ կերած, հիվանդ ինձ կոչես,
Ի սրտե ատես, չարանաս վրաս,
Բամբասես բորբոք, բոռաս երեսիս,


Չեմ նստի խնջույք ժանտերի հետ ես,
Չեմ վերադառնա աշխարհը ես ձեր,
Չեմ ասի երբեք՝ ճերմակը սև է,
Արևն էլ ունի մուգ խայտաբծեր:


Եվ հրաժեշտ քեզ, վակխանա՜լիա կյանք,
Թափառումներիս ցոփ աշխարհ արյան,
Սուտ հոգիների գալակտիկան մութ
Էլ չի ազդելու արևներով սուտ:

Ազատագրված՝ կհառնեմ պայծառ,
Կփորձվեմ հրով, աղոթքներով՝ ես,
Կհուսամ միշտ քեզ, ո՛վ սրբությանց Հայր,
Չեմ դառնա  կյանքն այն, որ պիտի այրես…

				2005

         






    *  *  *              

Այնպես լացասիրտ է իրիկունը,
Այնպես տրտմաժաման,
Նստել է իրիկունը այգում իմ,
Մենություն է աշնան:


Հին թախիծն է հին իմ սիրտը ճնշում,
Ուրու է կյանքը մեր,
Տալիս է նա մեզ խոստումներն իր սուտ,
Եվ օրերն են անդարձ:


Ու գալիս է նորից իրիկունը,
Հին թախիծը սրտի,
Աշունը թախիծ, խոհը մեր՝ թախիծ,
Մեր սեմը,  այգին…       
		
			2005


              *   *   *          

Օրերի մուժից հոգնած ու անկար,
Աչքերս հանգել, խավարել էին,
Հույսն էր լքել ինձ, հորիզոն չկար,
Տարիները՝ բեռ, հառաչանքը՝ հին:

Ապրում էի հեգ, մենակ, անընկեր,
Թույն քմծիծա՜ղ կար ոսոխիս դեմքին,
Երբ անցնում էի… Վաղեմի՛ դեմքեր.
Աչքերի միջից նայում է հոգին…

Հալվեց անցյալը, հուշերս՝ տանջանք,
Էլ չեմ սուզվում ես, անցյալը` անցյալ,
Նորացա՜ծ իմ սիրտ, նորացա՜ծ իմ կյանք,
Որ բաբախում եք բերկրալի, անցավ:


Գալիս են դևերն` անխոնջ ու առույգ,
Հուշում են` դառնամ հի՛ն, հի՛ն խոհերիս,
Տրտմությանը հին ու հին վախերիս,
Նրանք վառում են կրքերի խարույկ:


Բայց ակնթարթ են … Գալիս են գնում,
Ազատ եմ դարձյալ կյանքում խոտորնակ,
Հեռու՛ եմ, հեռու՛, ծածուկ եմ, մենակ,
Ու պաշտպանված եմ: Ու  չեմ վախենում…


			2006									



  *  *  *

Իրիկնանում է: Սիրելի երկինք: Սիրելի:
Թեթևությունը  սրտիս ինձ հրապուրում է:
Այնպես մոտ է հեռուն:
Եվ խաղաղ եմ ես: Եվ ժամ է լռության:
Երկրային ողջը մղված է հեռու:
Հեռու է մղված ողջը ասես:
Աստված է տալիս երկինքը մեզ
Եվ շնչառությունը մեր՝ բարձունքում:
Ես լսում եմ անտառի հունչը դարավոր:
Օ՛, մտածում, որ գոհացնում ես հոգիս:
Աստվա՜ծ, Դու ես, որ կաս:
Մղված եմ հեռուն:
Ա՜մպ  եմ, որ սահում եմ:
Օ՛, մեծ հեռու, որ կանչում ես,
Հուզալեցուն իմ սիրտ, հուսալեցուն:
Մղվի՜ր, իմ ներբող, դեպի բարձունքը,
Ցնծա՜, իմ ա՜նձս, որ օրհներգում ես…
Քեզ աղոթք, և՜ ներբող, և՜ փառք,
Աստված  և Հա՜յր մեր,
Որ ողջը Դու ես,
Եվ հավիտյան Դու կաս:

Եվ հավիտյա՜ն Դու կաս…
Եվ օրհնյալ ես ի հավիտյանս.
Ամեն:

			2007







   ԽՈՍՔ  ՄԱՔԱՌՈՒՄԻ

Մի՜ թող, որ թոշնեն երազները քո,
Վառ պահիր հուրդ, մնա դու արթուն,
Մի՜ ննջիր, ոգի՜, դեպ առաջ՝ երգով,
Չարյաց դեմ համառ`  համառ մնա դու,
Աստված գիտի մեզ, և ուրիշ` ոչ ոք:


Եվ ալիքները՝ թունոտ և բարձր,
Սև ալիքները՝ սիմֆոնիաներ սև,
Բայց դու նրանցից բա՛րձր թևածիր,
Ալիքներից վե՛ր, արեգակին մոտ,
Թող ոռնա ծովը, ծովը անձանձիր:
Ծովը անձանձիր թող ոռնա, փույթ չէ,
Եվ ալիքները կաղկանձեն անհույս,
Առա՜ջ, իմ ոգի, մարդը ոչինչ է,
Թե չունի Աստված, թե չունի նա լույս,
Դեպ առա՜ջ, առա՜ջ, աննինջ իմ ոգի:

Դեպ առա՜ջ, առա՜ջ, աննինջ իմ ոգի,
Չենք խաբվի հացով, մեր ուզածն ա՜յլ է,
Մենք քայլենք առաջ Աստծո Խոսքով,
Գիշերը կանցնի, լույսը կփայլի,
Գագաթները լուրթ կտան մեզ ողջույն…

Գագաթները լուրթ կտան մեզ ողջույն…

				2008
















      
 ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ 

Մենք չենք կարող լինել այդպես…
Ինչպես բառարաններ անսիրտ՝ մսեղեն քայլվածքով, 
Որ ասում են` ՙՍա աղբանոց է, սա աղբանոց է,
Բայց իմ հայրենիքն է, բայց իմ երկիրն է, եղբա՜յր,
Բացի դրանից՝ անցումային շրջան է…՚:
Ո՜չ, մենք չենք կարող այդպես սիրել…

Ո՜չ,  մենք չենք կարող լինել այդպես…
Անհամբերահատ ստրուկ որպես՝ վարժեցված,
Ստեր փչող ստահակին լսել,
Որ  իբր խոսում է ճշմարտությունից, Բանից,
Բառերով լեցուն այդ կեղծածառային
Լսել ժամերով, օրերով, տարինե՛ր,
Անհաբերահատ, որպես ստրուկ վարժեցված,
Ո՜չ, մենք չենք կարող այդպես տոկալ…

Մենք չենք կարող գերաքանակ կարծիքներից ընկճվել…
Լռել-սսկվել-սմքել չենք կարող մենք:
Չենք կարող մենք մի հեռացում փնտրել`
Դառնաղի մոռացումի մի վայր:
Մենք չենք կարող կեղծիքախիտ տակառները մսեղեն
Սուտ խոսքերից դատարկել,
Բայցև չենք կարող մենք
Մեր խունկը ծխել
Վայելչատես աղբանոցին բարբառող:
Մենք չենք կարող կեղծակառույց մատուռի մեջ ծունկի գալ,
Մի կեղծ աղոթք հղել երկինք,
Ո՜չ, չենք կարող մենք փարիսեցիաբար
Չարը բարի կոչել և բարին` չար…
Օ՛, ո՜չ, մենք չանք կարող գոռալ այդպես`
Սաստելու համար…

Մենք չենք կարող զինվել երբևէ,
Թիկնապանը դառնալ չարագործի, արնախումի,
Սրիկաների հետ համայնական հարստությունը խժռել,
Չենք կարող երբեք:
Մենք չենք ենթարկվի վախերին այդպես`
Մղվենք պիտի`ճանաչելու Աստված ու երկինք
ԵՎ ճշմարտություն,
Մենք չենք կարող ծառա լինել
Կործանարար Փորձչին…
Խիզախե՜նք, իմ ոգի, խիզախե՜նք…

			2008
ՔԱՅԼԻՐ ՀԵՌԱԿԱ ԵԶԵՐՔԸ ԼՈՒՅՍԻ

Այդպես կլինի, փայլում է լույսը, 
Ապագան՝ խնդուն, իմ աչքերում` լույս,
Սրտիս մեջ, սրտիս, իրական հույսը,
Այսօր լեցուն եմ, սպասելու եմ…

Անխոտոր այդպես, այդպես հաստատուն,
Ամեն օրվա մեջ իմաստ կա հիմա,
Հուսա՜, նվաճի՜ր, ամրապնդվիր դու,
Թե բանաստեղծ ես, ահա վառ թեմա:

Ահա վառ թեմա, անսպառ, անվերջ,
Մտքիցդ վանիր բանակռիվ, վեճ,
Ասել եմ մի օր պահիս ոգևոր`
Ֆուտուրի՛ստ եմ ես չար աշխարհի մեջ:

Մղված եմ հեռու, մեծապե՜ս մղված…
Վառվում է լույսը, լույսը վառ հույսի,
Ձգվում է ճամփաս, տանում է հեռու,
Բանաստեղծ եմ ես բերկրանքի, հույզի:

Ի՛նչ անակնկալ,- փակուղի կյանքից
Դեպ եզերքը նոր, որ սպասում է քեզ,
Որ սպասում է քեզ, ճամփորդ բերկրանքի,
Քայլի՜ր հեռակա եզերքը լույսի…

Քայլի՜ր հեռակա եզերքը լույսի…

  				2004
 
 



 * * *                                                       


Բավ է քրքրես խորքերը քո հին,
Վերքերը սրտիդ, տարիներն հեռու,
Ահա ելնում է զնգացող արփին
Աշխարհի վրա հուրն իր վառելու:

Բա՜վ է, թող կորչի գիշերը անհետ,
Հեռու՜, կոհակներ և ալեկոծում,
Վեր կաց, սի՜րտ իմ, առավոտի հետ,
Պայծառ ներբողդ ձոնիր Աստծուն:

Տիրոջը երկնի փառք տուր գոհությամբ,
Որ արարում է հորիզոնը բաց,
Կապույտն անհունի, կապույտը անամպ,
Հուրհրատում է վերստին Աստված:

Մոռացիր Քենը: Չարն է անհեթեթ:
Մոռացիր լեռը ամբարշտության,
Թռչունի, ջրի, թիթեռների հետ
Ներբողիր Աստծուն: Ժպտա դու Նրան…

				2005 


* * *

Առավոտ  ծեգին նորից արթնանում
Ու դիմում եմ  Քեզ, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ,
Ողջ անցյալը իմ առջևս դրած՝ 
Ապագային եմ հայացքս հառում:

Ինձ չի սասանում աշխարհը Չարի,
Եվ հույսս է աճում, տեսնում եմ ես պարզ,
Եվ զվարթ եմ ես և ոգևորված,
Իմ Աստվածն է ինձ դարձնում արի:

Ես գիտեմ՝ մի օր թատրոնն այս կանցնի,
Կանցնի կեղծիքը, և սուտը կյանքի,
Արդարությունը կիշխի մեր Աստծո.
Նոր երկինք, երկիր, ա՜յս է երազն իմ:

Եվ Աստծո տված Խոսքով եմ գնում,
Եվ սխալներս եմ ուղղում արագ.
Եվ հայացքս միշտ Նրան եմ հառում,
Գոյությանս մեջ միշտ Նա է շնչում…

					2005



* * *
Զով այգաբացը արդեն ինձ բավ է,
Այս լուռ խրճիթիս առանձնության մեջ,
Պալատ  չեն ուզում մրմունջներն հույսիս,
Մտածումս՝ Աստծո, արդեն ինձ բավ է:
Աղոթքների հուր  -  արդեն ինձ բավ է,
Խաղաղության սիրտ, շողեր արևի.
Վիշտը վանում է Աստվածս հեռու,
Արևը հոգու արդեն ինձ բավ է :
Աստվածերգություն… Արդեն ինձ բավ է.
Լուսերգություն է՝ երգել Աստծուն,
Անցած են լինում բռնակալները,
Չեն ճնշում սիրտս  -  արդեն իսկ բավ է:

				2005



ԹԵԵՎ  ՈՒՆԵՍ  ԱՍՏՎԱԾ

Թեև ունես Աստված,
Դեռ չես խաղաղվել,
Եվ երեկոն է անեզր ու մութ:
Եվ ծղրիդն է երգում անվերջակետ ձայնով:
Թեև աղոթքներով ես մտածում, ապրում,
Բայց հուշերն հեռավոր նոր վերքեր են ցուցադրում
Սրտիդ խորքերում,
Եվ վիշտը անլուծելի հարցեր է տալիս դարձյալ
Կեսգիշերային ժամին:
Որ խելագարի առավո՞տ բացվի քեզ համար:
Եվ մի վանք կա,
Հեռու՛ մի աշխարհում՝ մի վանք,
Ո՞ր միջնադարում՝ մի խուց.
Ի՞նչ վանական է,
Աստվածորդի՞ է, թե Սատանի ծնունդ…
Եվ խավարի մեջ գետերն ու՞ր են հորդում…
Եվ ե՞րբ է մարդ-առեղծվածը հանգստանալու…
Եվ շեղված այս հարցը ինչու՞ է գալիս,
Եթե ունես Աստված…
Եվ ինչու՞ չես դիտում պեյզաժը մայրամուտի:
Եվ ինչու՞ տխուր է երեկոն անափ,
Ասես քո սրտից է հառնել երեկոն,
Եվ ծղրիդն է երգում անվերջակետ ձայնով…

					2005







* * * 

Նայում եմ ներսս, հայում եմ, 
Դառն է սրտիս վիճակը,
Անհուր է,
Իսկ ահա լուսամուտից երևում է՝
Ծառը հնչում է լավ հովի տակ,
Օրորվում է:
Ցերեկը շոգ էր, կրակ էր,
Եվ լուսինը բարձրանում 
Է:

Բարձրանում է լուսինը, բարձրանում է,
Պայծառ է, լավն է, բարձրանում է,
Իսկ Հայաստանում մարդը մենակ է:
Ի՛նչ ահավոր է Հայաստանում
Մենակ լինելը:

Պայծառ հնչելու համար, պայծառ,
Ինչպես ծառը լուսնի շողերում հիմա՝
Մի տավիղ,
Պայծառ հնչելու համար, իմ սի՜րտ,
Դիմենք Հայր Աստծուն, դիմենք,
Պայծառ հնչելու համար…

Եթե քունս չտարավ գիշերը,
Կնայեմ լուսամուտից դուրս,
Կլռեմ, թեկուզ մինչև լույս,
Ծառն ու հովը մեղմ թող հնչեն…
Աղոթքից հետո կլռեմ,
Հանգիստ, խաղաղ: Կլռեմ…

			2006


* * *
Եթե գան օրեր առավել դժնի,
Տոկա՜, իմ ա՜նձս, եղիր ուժգին դու,
Ինչպես օրերում հին, որ կանգնած էիր
Ալեծուփ կյանքի հանդիման՝ անահ:

խոնարհվել ես դու Աստծու հանդիման,
Հիմա  առավե՜լ դարձիր դեպի Նա,
Ցնծա՜, իմ ա՜նձս,  որ ունես Հորը,
Դու Քրիստոսի հետքերով գնա:

Միաբան մնա խոնարհների հետ,
Աստծո վախը  հոգուդ մեջ պահիր,
Կգա  արշալույս, կյանքն աստվածալույս,
Կապրես խնջույքը՝ սաղմոսով, տաղով…

Ի՜նչ կա առավել ճշմարիտ ու վեհ,
Քան սիրել Աստված ու լուսավառվել,
Մերժած կյանքը վատ՝ նայել դեպի վեր,
Երկնքի Հորը ամենուր գտնել…

				2006



ԳԻՇԵՐ-ՑԵՐԵԿ

Գիշեր-ցերեկ մտածումս Դու ես,
Հա՜յր մեր Աստված, սու՜րբ Աստված:
Խոնարհվում եմ ամեն օր ես,
Դու  աշխատում ես ինձ վրա,
Կռում-կոփում ես ինձանից նոր մարդ:
Սիրտս կտրում ես աշխարհային խոհից,
Աշխարհային խոհից սիրտս կտրում ես,
Ես կարդում եմ մեծ Գիրքդ ամեն օր.
ՙՀեռացե՜ք, հեռացե՜ք,
Այդտեղից դուրս եկեք,
 Պիղծ բանի մի դպչիք, - ասում ես,-
Դուրս եկեք նորա  միջիցը,
Մաքուր եղեք…՚:
Տերը պիտի գնա իմ առջևից,
Եվ իմ թիկնապահը Դու ես, Աստվա՜ծ…
Եվ ուրախ է սիրտս այսօր էլ,
Վհատությունը՝ հեռու,
Ամպ  լինի դրսում,
Թե մառախուղ ու ցուրտ,
Թե կոտորած ու խժռում համայնում,
Համայնում,
Ինչպես որ կա ամե՜ն պահ,
Դու պահում ես ինձ,
Հա՜յր մեր երկնքի,
Ես ապրում եմ Քո աչքի առաջ,
Ես ապրում եմ Քո աչքի առաջ,
Հավատս էլ գալիքի հանդեպ մեծանում է:

Երգի՜ր, երգի՜ր, ուրեմն,
Աստծուն փառաբանության երգ երգիր,
Քանզի միակն է Նա, իմ սի՜րտ,
Քանզի միակն է Նա,
Ում արժե, որ բանաստեղծը փառաբանի,
Ե՜վ երկրպագի,և՜ խոնարհվի…
Հայրը երկնքի,
Որ ծաղիկներ է հանում՝ 
Գարնանահունչ ներբողներ,
Քնարական թրթռումներ խորքերից,
Խորքերից իմ սրտի:
Ցնծա՜, իմ անձս,
Ցնծա՜ ու երգիր վերստին,
Փառաբանի՜ր, օրհներգի՜ր քո Աստծուն,
Օրհնաբանի՛ր նրան:
Եվ երկինքը երգիր, անբառելի խորունկ երկինքը երգիր,
Եվ գետերը երգիր դու ամեն,
Եվ թռչունների լեզուն,
Եվ թևերը նրանց թեթևաթիռ երգիր,
Եվ թռիչքները քո երգիր, իմ սի՜րտ,
Որ երկնքի Հայրն է հսկում,
Եվ բզզոցը մեղուների,
Եվ ծաղկումը, բողբոջումները ամեն դու երգիր,
Եվ դարձիր վերստին քո Աստծուն ներբողիր,
Եվ ասա՝ ամեն և ամեն…

				2007



ԹՈՂ ԿՐԵՄ ԵՍ ԷԼ ՊՍԱԿԸ ՓՇԵ

Թող կրեմ ես էլ պսակը փշե,
Ծակծկեն միտքս փշերը անվերջ,
Որպես նախատինք, հատուցում որպես,
Որ ձգտում  եմ ես ելնել դեպի լույս:

Խոժոռ հայացքով ծանակեք դուք ինձ,
Նզովք կարդացեք, որ շեղված եմ ես
Դարերով կանգուն սարքից ու կարգից,
Որ խուսափում եմ, հետևում Նրան:

Ում որ խաչեցիք, պաշտեցիք հետո
Սուտ պաշտամունքով՝ միշտ արյան ծարավ,
Ամբարիշտ ու սուտ խոսքերով պատված,
Պատված փողերով և իշխանությամբ:

Մի խոսքով՝ անցնում աղմուկի միջից,
Գնում եմ զարկված, նզովվածի պես,
Որ պիտի խաչվի, որ վերածնվի,
Ես չեմ անիծում… Օ՛ Աստվա՜ծ, Աստվա՜ծ…

					2007






ԷԼ ՄԻ ԳՆԱ ԱՅՆ ՎԱՅՐԵՐԸ

Էլ մի՜ գնա այն վայրերը,
Ուր չարությունն ու նախանձը,
Ուր պիղծ ոգին իշխում է հար,
Էլ մի գնա այն վայրերը:

Ուր երկինքդ է պատառոտված,
Ուր կարիճն է սիրտդ խայթում,
Ուր վիշապն է հսկում անքուն,
Ուր մերժված են Սեր և Աստված:

Զղջա՜, դարձի՜ր, խոնարհվիր հեզ
Աստծո թեթև լծի ներքո,
Հոգսերդ ողջ քամուն կտա
Հայր Աստվածը մեր սիրագութ:

Էլ մի՜ գնա այն վայրերը,
Ուր ընկերդ է դրուժանը,
Եվ իր վարքն է սատանական,
Եվ դևերն են սիրտն իր պղծել:

Չէ՞ որ ունես Աստված, Արև,
Ունես ուղի, հանգստարան,
Մաքուր լույսի Աղբյուրն ունես,
Ունես մղում, Լույսի Աստված:

Մնա՜, զղջա՜ և զորացիր,
Աստված կտա հանգստություն,
Կտա Նա քեզ նոր մի վիճակ,
Նոր առավոտ, նոր խինդ կտա:

Հինը չես դու, հինն է անցել,
Փառք Տիրոջը, Հիսուս Որդուն,
Անձրև, անկում, մղումներ հին,
Չէ՞ որ դրանք անցել ես դու:

Թողած նորից լույսի Աստծուն,
Թողած պայծառ մտածում, երգ,
Գնացել ես մտել նորից
Մգլած, կորած աշխարհից ներս:

Հիմա նորից հակումներ հին,
Դարան, լարում հսկում են քեզ,
Փառք Տիրոջը, Հիսուս Որդուն,
Դարձի՜ր, զղջա՜, կպաշտպանվես:


Էլ մի՜ գնա այն վայրերը,
Ուր երկինքդ է պատառոտված,
Չէ՞ որ ունես Լույսի Աստված,
Նոր առավոտ ու խինդ ունես…


Լույսի Աստծուն թողած նորից,
Թողած պայծառ մտածում, երգ, 
Էլ մի՜ գնա այն վայրերը,
Ուր երկինքդ է պատառոտված…

				2007


ՀԱՎԱՏԱԼՍ

Առաջ ասում էի՝ սուտ է,
Խաբեբա  հրեաներին տես, է՜,
Ողջ աշխարհը ոնց են մոլորեցրել,
Սնել հույսերով սին՝ հավատացյալին:
Աստվածաշունչը գետնովն էի ուզում տալ դառնացած,
Եվ տառապում, թախծում էի, մթնում,
Տարինե՛ր,  տարինե՛ր…
Որ ժխտում էի, չէի հավատում:
Եվ այս աշխարհն էլ ա՜նտանելի մի բան՝
Հավե՛տ մերժելի:

Ինձ օգնեց Աստված…
Մեծագութ Հա՜յր իմ,
Տեսար ո՛ղջ տառապանքը հոգուս,
Մենակությունս տեսար, Աստվա՜ծ,
Չարչարանքս խավարում, խավարում,
Անլույս օրերս, 
Մրսած, դողահար շրջելս…
Եվ մղեցիր ինձ, Աստվա՜ծս,
Մղեցիր դեպի Քեզ,
Եվ լուսապայծառ Հիսուսը դեպի մղեցիր Դու ինձ:
Եվ հիմա Դուք կաք ինձ համար,
Եվ հիմա սիրում է սիրտս Ձեզ,
Եվ քաղցր է լուծը Հիսուսի…
Եվ օրհնյալ եք հավիտյանց հավիտենից,
Օրհնյալ…

				2008


* * *

Հորիզոններ անծայրածիր, հոգեհմա, գրավիչ,
Թրթռումներ ու շշունջներ, ու բնության հառաչներ.
Լիճն է ծփում իր երազի ափունքներում կապտախիճ,
Հմայում ես սիրտս, Աստվա՜ծ, ես լսում եմ սուրբ կանչեր:

Պայծառ խոհեր, հեռաստան լուրթ, կանչեր՝ Լույսի ակունքից,
Նոր ցնծություն է հոգուս մեջ, նոր մտածում, հայացք նոր,
Նոր է ողջը, չմոխրացող, անցրելի, միշտ անբիծ,
Կրակով է սիրտս փորձվում, բորբ է հնոցն ամեն օր:

Օ՛, դեռ կտաս սրտիս, Աստվա՜ծ, աստվածախոհ ձայն անկեզ,
Կտաս Աստվա՜ծ, ոգեշավիղ՝ ցնորքներից գալու Քեզ,
Տառապանքի մթնաձորից հանում ես ինձ լույս եզերք:

Օրհնյալ ես Դու, օրհնաբանված, վսե՜մ Հայր իմ, մեծ Աստվա՜ծ,
Ծածուկներում ինձ գթացիր, ու շուրթերով կրակված
Աղոթում ու ձոնում եմ Քեզ անբիծ սաղմոս, անբիծ երգ…

							2007











ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ո՜չ միջատ, ո՜չ ճանճ, ո՜չ սողուն մի,
Ո՜չ մի բան՝ կծող ու խայթող,
Թիկնել ես զով տեղում՝ բազմոցի վրա,
Փայլում է արևը դրսում,
Փայլատակում է…
Էլ ի՞նչ ես կնճռոտում ճակատդ նորից:
Ահագին գրքեր՝ տարիների արդյունք՝ գրադարակներում,
Բայց քիչ ես կարդում հիմա գեղարվեստ,
Մարդու խոսք…
Կկանգնես գիշերվա այգում դու,
Երբ օրերը գան,
Երբ օրերը գան ամառնաբորբոք,
Կհայես նորից աստղերը առկայծ,
Աստղերը բո՜րբ կդարձնեն հավատդ դարձյալ:
Քիչ ես կարդում հիմա գեղարվեստ,
Մարդու խոսք…
Աստծո խոսքի վրա ես մտորում դարձյալ, մտածում…
Եվ աղոթքը թող այրի մինչև մոխրացում
Խոհերդ տրտում ու դառնակսկիծ,
Թող այրի աղոթքը վշտիդ դեզերը
Ամբողջ այրելին թող այրվի աղոթքիդ խոսքով հուսալից:
Օ՛ , նո՜ր մարդ, բարձրացիր իմ մեջ՝ Աստծով,
Հառնիր աստվածամուղ ոգով նորահայտ,
Օ՛ , նոր կյանք իմ երկնախորհուրդ,
Օ՛, պայծառացում, մտածումնե՛ր նոր,
Նո՛ր մտածումներ աստվածախոհ…
Օ՛ զվարթալիք ջրեր, զվարթալիք,
Որ տանում եք իմ նավը աստվածալույս ափեր,

Թող չարության աշխարհը այդ
Այրված մնա քեզ համար առհավետ,
Որից երես թեքեցիր ջանքերով, ջանքերով մեծաճիգ,
Օ՛ , Աստվա՜ծ իմ, որ մղեցիր դեպի Քեզ…

				2008









ՄԵՐ ԱՉՔԵՐԸ ՀԱՌԱԾ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՒՅՍԻՆ

Սրանից առավել ի՞նչ մեծ բան կա աշխարհում մեզ  համար.
Մեր Աստծո նամակը կարդալ ամեն օր,
Հիշել խոսքերը,  էությունը պահել,
Հետևել, խորհել, կատարել,
Ազատագրված քայլել խնդասիրտ,
Մեր աչքերը հառած երկնային հույսին,
Երկնային հույսին,
Սրանից առավել ի՞նչ մեծ բան կա մեզ համար աշխարհում,
Այ՜, տե՜ս, սաղավարտներ գլխներին հագած,
Մահու զենքերով զինված, զինավառ,
Ուղեղները՝ չար,
Վազում են ժողովուրդների զավակները արու,
Մարտադաշտերում ծունկի են գալիս,
Ժայռի հետևից նշանի տակ են առնում թշնամուն,
Կամ շարքերը նրա հնձում, հնձում,
Գռռացնում, գռռացնում զենքը,
Ի՛նչ անհեթեթ աշխարհ,
Ո՜չ թռչուն կա, ո՜չ բան, խոտերն են արյուն,
Քրտինքն է ծորում հերոսական ճակատից,
Աշխատանք է դա մեծ,
Միտքը թելադրում է՝ սպանի՜ր,
Փամփուշտ, զենք, հրդեհ, մահ ամենուր…
Սրանից առավել ի՞նչ մեծ բան կա 
Ատելության հայրենիքների համար,
Ատելության հայրենիքների համար:
Մենք էլ…
Մեր Աստծու նամակն ենք կարդում ամեն օր,
Հիշում խոսքերը, էությունը պահում,
Չարության աշխարհից ամբողջ առանձնանում,
Ազատագրված քայլում խնդասիրտ,
Մեր աչքերը հառած երկնային հույսին,
Երկնային լույսին,
Սրանից առավել ի՞նչ մեծ բան կա մեզ համար 
Աշխարհում…

					2008









* * * 

Կյանքի հենարան, փախուստի Բերդ,
Բոլոր թշնամիներից ազատման Դուռ,
Որ ինձ հանում ես ազատության սուրբ վայրեր,
Մեծ-մեծ վախերիս փարատիչ-հուսատու,
Դեղերի հնարագյուտ բժշկապետ ու խնամակալ իմ,
Գիտեմ, որ Քո տված ուժն է ինձ պահում, գթահա՜յր,
Քո սուրբ աջը՝ հարվածներից ամեն,
Բոլոր չարիքների դեմ՝ մակընթաց՝, հարակա,
Որ  ուզում են խորտակել-ջնջել,
Ալիքների մեջ սուզել, անշնչացնել ինձ,
Ատելության ձկներին որպես կեր,
Օ՛, իմ պահապան ու փրկիչ փրկարար,
Պահապան ու Հայր,
Ես միայն Քեզանով կամ ու կլինեմ՝
Այսօր, վաղը և հավիտյան...

				2008


ՍՊԱՍՈՒՄ

Դու կաս հիմա, հանդարտված սի՜րտ հուսալեցուն,
Կաս կրծքիս տակ, դու կաս,
Հանդարտված սի՜րտ հուսալեցուն.
Տեսնել եմ ուզում ես 
Հակառակ երեսը հոգուս:
Երազի նորագյուտ հյուլեն է ընկել սրտիս մեջ հիմա,
Որ ասում է՝ այստեղից՝ ոչինչ...
Կաճի, ծառ կդառնա փարթամ,
Եթե հոգա Աստված,
Եթե հոգա Աստված:
Այստեղի՜ ոգուց ազա՛տ լինել ընդմիշտ...

Երազի նորագյուտ հյուլեն է ընկել սրտիս մեջ հիմա,
Կաճի, ծառ կդառնա փարթամ...
Ինձ կմղի դեպի Լույսը, դեպի Լույսը,
Հակառակ երեսը հոգուս կմղի,
Դեպի Աստված կմղի նա ինձ՝ անվերջ ու անվերջ...
Ողջը նոր է լինելու, նո՛ր,
Նո՜ր կյանք՝
Երբե՜մն երազած....

				2008
* * *

Առավոտ է ու թարմություն,
Ելնեմ պայծառ խնդությամբ ես,
Ելնեմ վեր,
Դիմավորեմ կյանքը այս նոր առավոտի:
Քանի չկան տաղտուկ, կեսօր,
Նորոգի՜ր ինձ, լուսաբու՜խ Հայր,
Դիմադրեմ հարձակումին Սատանայի:
Սի՜րտ իմ, խմի՜ր, կյանքը խմիր
Առավոտի երկնքից...
Դիմադրեմ հարձակումին Սատանայի...
					2008



				
* * *

Երկրային հոգսերով երբ տարվում եմ ես,
Մռայլ առեղծված է ողջ կյանքս դառնում,
Երկրային հոգսերով երբ տարվում եմ ես:

Երկինքս խավար է և ամպակուտակ,
Սիրտս չի ջերմանում հրով բոցաշուրթ,
Երկինքս խավար է և ամպակուտակ:

Խեղճ ու հոգսաշատ  են մարդիկ ինձ նման,
Չարն է հրամայում՝ ՙԳործ արա, քայլի՜ր՚,
Խեղճ ու հոգսաշատ են մարդիկ ինձ նման:

Աշխարհը հիմնիվեր փող է ու հաշիվ,
Պատերազմ, արյուն, մահ կյանքի միջո՜ցն են,
Աշխարհը հիմնիվեր փող է ու հաշիվ:

Վա՛խ-վա՛խ ՝ հառաչում եմ մինչև իրիկուն,
Գիշերն էլ երազներ՝ ահավոր և չար,
Վա՛խ-վա՛խ ՝ հառաչում եմ մինչև իրիկուն…

Հենց դեպի Աստված եմ դառնում վերստին,
Ազատագրվում եմ, ապագան վա՜ռ է,
Հենց դեպի Աստված եմ դառնում վերստին…

				2008


* * *


Հավատա դու միշտ, հավատա Աստծուն,
Հորը և Որդուն՝ ամեն ժամանակ:
Ահա իրիկուն: Խաղաղվի՜ր, իմ սիրտ,
Անտրտունջ մնա, վստահիր Խոսքին:

Անտրտունջ մնա, վստահիր Խոսքին,
Աստված ասել է, Նա չի ուշանա,
Ապրի՜ր իմ ա՜նձս, փառք տուր Արարչին,
Այս է կյանքը քո, հավատավոր մարդ:

Այս է կյանքը քո, հավատավո՜ր մարդ,
Բոլո՛ր բաները, որ վեպն են կյանքիդ,
Վաղուց կարդացել, մի կողմ  ես դրել,
Միտվի՜ր ապագան, անցյալն է սոսկ ցավ:                                                    


Միտվի՜ր ապագան, անցյալն է սոսկ ցավ,
Պատրաստիր ոգիդ նոր կյանքի համար,
Մշակիր նրան ամբողջ ուժով նոր,
Ոգուդ պարտեզը հսկում է Աստված:

Ոգուդ պարտեզը հսկում է Աստված:
Ոչ ձանձրություն կա, ո՜չ դրամա, ո՜չ ողբ,
Միտվի՜ր ապագան, ֆուտուրիստ եմ ես,
Ողջը երկինք է, և հոյակա՛պ է…

				2008                         




* * *                         

Շրջում է մարդը դաշտում մոլության,
Փորձանքի դաշտում մարտնչում անվերջ,
Նրա ճամփան է արյունոտ, մահոտ,
Շրջում է նա միշտ դաշտում չարության:

Հեռանում եմ ես, հեռանում, գնում,
Վեհ սրտով շրջում լեռ ու առապար,
Ես չեմ կանգնելու, քայլում եմ անվերջ,
Կունենամ մի օր հույսի լուսաբաց:

Կունենամ մի օր լեռան արեգակ,
Հոգուս ծալքերում լույսը կշողա,
Ես որոնում եմ՝ մոտենալու Քեզ,
Իմ հույսի Աստված, իմ լույսի Աստված…

				2008





* * * 

Ողջու՜յն  Քեզ, ողջու՜յն, Աստվա՜ծ երկնքի,
Ողջույն Քո բացած առավոտին նոր,
Իմ արթնացումը աշխարհում լույսիդ
Խինդ է ինձ համար և պայածառություն:
Հարթվում են սրտիս կնճիռները չար,
Դու ազատում ես կապանքներից ինձ,
Ազատում ես ինձ, պահում ես Դու ինձ,
Տալիս ես ոգի, գիտակցություն նոր,
Իմ սիրտը լցնում գուհությամբ կյանքի,
Իմաստավոր է երկինքս դառնում,
Իմաստավոր են հողը և առուն…
Ու՞ր է մռայլը, հեծումը սրտի:
Պահի՜ր ինձ, Աստվա՜ծ, Քեզանով քայլել,
Ողջ օրը քայլել՝ մոտենալու Քեզ…

				2008




* * * 

Ոգի՜ անաղարտ,
Նվիրյալ և անդավաճան,
Որ հրեշտակների հետ անթիվ,
Նվիրյալների սուրբ,
Փառաբանության երգեր ես երգում երկնքում,
Տիրոջը նրա փառաբանելով սրտով անաղարտ,
Հրեշտա՜կ պայծառ, ներշնչի՜ր դու ինձ,
Որ հագնեմ թևեր ոգևորության,
Որ, դևերից ազատ և անմարդավախ,
Օրհներգեմ ես էլ Տիրոջը երկնքի…
Չարի ոլորտից այս տրտմության,
Ոճիր աշխարհից թևածեմ հեռու,
Սովորեցրու ինձ սիրել Արարչին,
Քեզ նման աներկմիտ փառաբանել Նրան…

					2008




* * * 

Լուսավորի՜ր, իմ պատուհան,
Լույսը սփռիր սենյակիս մեջ,
Խաղաղություն շրշա, դու, ծա՜ռ,
Լույսը սփռիր սենյակիս մեջ…

Եթե Աստված կյանք պարգևի,
Հավետ ապրել ուրիշ մի կյանք,
Կապրեմ նորից աղոթք-երգով,
Հավետ ապրե՛լ ուրիշ մի կյանք…

Աղոթք-երգով՝ առ Աստված,
Լույս և աղոթք, և գոհություն,
Դեպի երկինք, արարչություն՝
Լույս և աղոթք, և գոհություն…

Չկայի ես, ահա և կամ,
Երկինքն է խոր և կապուտակ,
Դու երկնքում կա՜ս, իմ Աստված՝
Երկինքն է խոր և կապուտակ…

Ինձ պահում ես, պահպանում ես
Ամեն վայրկան և ամեն ժամ,
Դու երկնքում կա՜ս, իմ Աստված,
Ամեն վայրկան և ամեն ժամ…

Դու երկնքում կա՜ս, իմ Աստված,
Սրտիս մեջ ես, հոգուս խորքում,
Սիրո Աստված, Լույսի Աստված,
Սրտիս մեջ ես, հոգուս խորքում…

			2008





ԵՍ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԵՄ ԸՆՏՐՈՒՄ


Հները գինի են խմել: Խմել են, խմել ու հարբել,
Որ զվարթացնեն սիրտ և հոգի,
Որ ծովը վշտերի հաղթահարեն,
Որ խոսեն խոսքեր, իմաստներ ասեն՝ հարբած,
Ասեն՝ միրա՛ժ է աշխարհը, և մարդը՝ միրաժ,
Որ հեղեն վշտի խոսքերը, հեղեն,
Գինի են խմել, որ քամահրեն
Քամահրելի աշխարհն ու ասեն՝
Ունայնություն՝ ունայնությանց,
Եվ ամեն ինչ ընդունայն է…
Մոռացի՜ր, խմի՜ր ու խմի՜ր, պոե՜տ,
Թող բոլորը հարբեն, ովքեր դժբախտ են,
Մոռանան իրենց,
Մոռանան աշխարհը ունայն,
Խմում են, խմում ու հարբում…

Խմի՜ր ու խմի՜ր, պոե՜տ,
Մոռացի՜ր աշխարհը ունայն,
Ունայնություն՝ ունայնությանց,
Եվ ամեն ինչ ընդունայն է…
Խմի՜ր ու խմի՜ր, պոե՜տ…

Հիմա ես՝ զգաստ, խորհում եմ զգաստ.
Իսկ արևը, սերը, լուսին ու աստղեր,
Խոստումներն Աստծո ու՞ր ենք թողնում մենք:
Մարգարե մարդիկ՝ երկնքի մեր Հորից ոգեկոչված,
Որ լուր են տալիս մեզ փրկության,
Միթե՞ունայն են, խաբեություն:
Ո՞րը ընտրել՝ մոռացու՞մ գինիով,
Ունայնության մոռացու՞մ՝ գինիով,
Թե խոստումին Աստծո հավատալ.
Որ կազատվենք մի օր մահից ու վշտից,
Մեղավոր աշխարհից՝ միրաժ, կազատվենք…
Ես Աստծո խոստումն եմ ընտրում:

 				2008


* * *

Օ՛, Աստվա՜ծ իմ, պաղատում եմ Քեզ…
Տուր ինձ սիրող սիրտ,
Տուր՝ երկրային մտքից բարձրանալ վեր, միշտ  վեր,
Տուր անհիշաչարություն անաղարտ,
Տուր երեխայի մոռացկոտություն,
Միամտությունը տուր երեխայի խոնարհ,
Տուր, որ սիրեմ իմ մերձավորին,
Քո կամեցած սիրով, իմ Աստված,
Տուր, որ աղոթեմ իմ թշնամու համար նաև,
Ինչպես Քո Որդին մահվան տանջանքում,
Երբ հրճվում էր ամբոխն անաստված՝ 
Ե՜վ կեղծ, և՜ ոճրապաշտ, և՜ պղծասիրտ…
Եվ թող այս խոսքերը Քեզ հասնեն, իմ Աստված.
Ամեն…

			2008



ԱՅՆՊԵՍ ՈՒԺԳԻՆ Է ԿՅԱՆՔԸ ՄԵԶ ԽՓՈՒՄ

Այնպես ուժգին է կյանքը մեզ խփում,
Որ մեր նվաճած բլուր-բարձունքից
Հանկարծ գլորվում  ու ցած ենք ընկնում,
Այնպես ուժգին է կյանքը մեզ խփում:

Մեզ մեղավոր ենք զգում վերստին,
Բոլոր մեղքերը մեզ ծաղր են անում.
ՙՄերն ես հավիտյան, ու՞ր պիտի փախչես…՚,
Մեզ մեղավոր ենք զգում վերստին:

Այլ կյանքը հավետ անհաս է թվում,
Չար պատժարան է մեր սիրտը դառնում,
Ո՜չ պատուհան կա, ո՜չ վերին մի խոսք,
Այլ կյանքը հավետ անհաս է թվում:

Մեր գիտեցածը դառնում է անգո,
Կամ պսակ է սոսկ, փշեղեն ծաղրանք,
Մեր մեջ վայում է անկումը դաժան,
Մեր գիտեցածը դառնում է անգո:

Փշրես պիտի ե՞րբ՝ անգթությունը
Մարդ ու գազանի, ժանիքները կեռ,
Մեզ պահե՞ս պիտի կամարի տակ Քո,
Փշրես պիտի ե՞րբ՝ անգթությունը…

Քանզի Դու այնպես հեռու ես դառնում,
Քանզի  խռովքն է մեզ բախտ պարգևում,
Քո խաղաղությունից զրկվում ենք նորից,
Քանզի Դու այնպես հեռու ես դառնում:

Վազում ենք հլու՝ սվիններ գրկած,
Կանգնում շարքերում չարագութ զորքի,
Արյու՜ն կհեղենք,  հենց հրաման տա,
Վազում ենք հլու՝ սվիններ գրկած:

Մենք չենք դիմում Քեզ ու չենք աղերսում,
Քանզի կարծում ենք՝ Դու հավետ չկաս,
Քանզի կարծում ենք՝ միայն Չարը կա,
Մենք չենք դիմում Քեզ ու չենք աղերսում:
 
Այնպես ուժգին է մեզ կյանքը խփում,
Մեզ մեղավոր ենք  զգում վերստին,
Այլ կյանքը այնպես անհաս է թվում,
Այնպես ուժգին է մեզ կյանքը խփում:

Փշրես պիտի ե՞րբ՝ անգթությունը,
Քանզի Դու այնպես հեռու ես դառնում՝
Վազում ենք  հլու՝ սվիններ գրկած,
Փշրես պիտի ե՞րբ՝ անգթությունը…
					2008








ԴՈՒ ՔՈ ՃԱՄՓԱՆ ԱՆՑԻՐ ԳՆԱ

Դու քո ճամփան անցիր գնա,
Անցիր հանդարտ ու անտրտում,
Մի՜ բռնկվիր, մի՜ ատիր դու,
Մի՜ դառնացիր, անցիր գնա:

Անիմաստ է, դու լավ գիտես ,
Կռիվ չանես ոչ մեկի հետ,
Սիրտդ՝ մաշված, կյանքն ՝ անհեթեթ,
Անիմաստ է, դու լավ գիտես…

Իրիկուն է, հոգնաբեկ ես,
Էլ ի՞նչ պայքար, ի՞նչ նոր վերելք,
Քամին քարոտ լեռից՝ սաստիկ.
Դեռ փչում է՝ ցուրտ  ու մռայլ:

Ցուրտ ու մռայլ՝ շուրջդ, հեռուն,
Մի՜ գանգատվիր հին մի երգով,
Ներսդ նայիր, արիացի՜ր,
Տիրոջն հիշիր, մնա անամպ:

Տիրոջն հիշիր, մնա անամպ,
Նա լավ գիտի հոգսերը քո,
Լուծում կտա ժամանակին,
Հույսդ պահիր խաղաղությամբ…

			2008






* * * 

Ե՜կ, խաղաղաությու՜ն , իշխի՜ր հոգուս մեջ,
Եվ դու, լռությու՜ն, եղիր լուսավոր,
Սպիտա՜կ ամպեր, սահեք դուք հանդարտ,
Երկինքնե՜ր խորունկ, տրամադրե՜ք ինձ…

Տրամադրեք ինձ աղոթքի ցնծուն,
Ձեր ոգու նման լինեմ ես էլ խոր,
Ձեզ նման լինեմ անբիծ, լուսավոր,
Ձեզ նման լինեմ Աստծով լեցուն:

Շատ տառապեցինք, սի՜րտ ամպակուտակ,
Եկանք բխումի չսպասված մի վայր,
Ուր լույսն հարակա տալիս է նոր կյանք,
Հին մղումներն իմ եզրափակվում են:

Եզրափակվում են մղումներն իմ սին,
Հառաչանքներս մարում-հանգչում են,
Արարչությանը փառք իմ խորքերից,
Որ գտա  ճամփան Աստծո, Լույսի…

Որ գտա  ճամփան Աստծո, Լույսի…

					2008




ԱՍՏՎԱԾ ԵՐԲԵՔ ՔԵԶ ՉԻ ԼՔՈՒՄ

Երրորդ օրն է բացվել արդեն,
Ո՞նց ես ապրում առանց Աստված,
Երրորդ օրն է՝ մութ ու մռայլ,
Լքել ես դու, չունես Աստված,
Չունես Աստված…

Այս կողմ, այն կողմ,
Ետ ու առաջ,
Այստեղ պատ է, այնտեղ՝ խավար,
Դու՝ անկրակ ու հոգնատանջ,
Չի հաղորդվում խոսքը սրտիդ,
Խոսքը՝ սրտիդ…

Մի օր այսպես սին ու վհատ,
Մի օր պայծառ խոսքն է բուժում,
Մի օր՝ ուժգին, ունես հավատ,
Մի օր դևն է քեզ խոսք հուշում,
Քեզ խոսք հուշում…

Չարի, բարու խառնուրդ ես դու,
Սատանան է նվագում մերթ,
Մերթ էլ Աստված ձեռքդ ձգում,
Այս աշխարհից շեղում է քեզ,
Շեղում է քեզ…

Աստված երբեք քեզ չի թողնում,
Դու ես թողնում, լքում Նրան,
Մոլորվում ես, վախով լցվում,
Զղջումներով ետ ես դառնում,
Ետ ես դառնում…

Թողություն տու՜ր, նորից, Աստվա՜ծ…

					2009








ՍՐՏԻՍ ԽՈՐՔԵՐԻՑ

Սիրտս լցվում է, Աստվա՜ծ իմ,
Եվ ուրախությամբ հագենում եմ ես,
Հագենում եմ ես,
Սիրտս լցվում է…
Որ ինձ ճանապարհ հանեցիր,
Ճանապարհ հանեցիր Դու ինձ,
Ինձ ուղի տվեցիր քայլելու,
Քայլելու դեպի Քեզ,
Չար աշխարհից հեռացրիր առմիշտ  իմ սրտի խոհը,
Հեռացրիր, Աստվա՜ծ,
Հեռացրիր տանջանք մտածումներից,
Հեռացրիր, Աստվա՜ծ…
Ոտքերիս առաջը լուսավորեցիր,
Լուսավորեցիր ինձ, Աստվա՜ծ…
Եվ գնալիք ճանապարհս էլ անմութ-պայծառ է,
Անմութ-պայծա՛ռ է ճանապարհը իմ…
Սիրտս լեցուն է հույզով, ապրումով,
Օ՛, լեցուն է իմ սիրտը Քեզանով…
Եվ գոհությամբ, գոհությամբ, Աստվա՜ծ իմ, խաղաղվում եմ ես,
Ե՜վ աղոթքով, և՜ հավատով, և՜ սիրով՝ առ Քեզ,
Գոհանում եմ, Աստվա՜ծ…
Պատվիրաններդ եմ սիրում խարապես, խորապես,
Եվ պահում եմ դրանք,
Անխարդախ իմ սիրտը լայնացրել ես, Աստվա՜ծ,
Լայնացրել ես,
Լվացել ես խորքերը նրա, պայծառացրել ես,
Հավատս կա,
Եվ սպասումս էլ, Աստվա՜ծ…
Հեռացրել ես երկրային հոգսերս,
Հեռացրել ես,
Եվ մեղքերս անապատ ես տարել,
Կորցրե՛լ ես դրանք, փրկությա՜նս Աստված,
Ինձ տանջող մտածումները սրտիս փոխել ես,
Քո վրա եմ գցել ողջը, Դու ինձ հուշել ես,
Եվ վերադարձ չկա դեպի հին հունը կյանքիս…
Դեպի հին սիրտը իմ չկա վերադարձ,
Եվ ցնծում եմ ես հոգով,
Չկա վերադարձ…
Ահա թե ինչ արեցիր, իմ Աստվա՜ծս…


Եվ երգում եմ ես, ես Քեզ եմ երգում,
Եվ հեռու է Չարը ինձանից,
Եվ չեմ վախենում,
Ծուղակները Չարի պատառոտում եմ ես,
Քեզանով, Աստվա՜ծս…
Եվ փառաբանություն Քեզ, դարձյալ ու դարձյալ,
Փառաբանության երգ, երգ իմ Աստծուն,
Սրտիս խորքերից, խորքերից, Աստվա՜ծ…

					2009




* * * 

Ստեղծեցիր երկինքը և աստղերը՝ մութի մեջ,
Ե՜վ լուսինը, և՜ գիշերը, և՜ հովերը, և՜ հորձանք, 
Ե՜վ արևը մշտալույս, և՜ դաշտերը ՝ էջ առ էջ,
Ե՜վ լեռները բարձրաբերձ, և ձյուները շողարձակ,
Եվ ձյուները շողարձակ…

Ստեղծեցիր, ո՛վ Աստված, տիեզերքը համագո,
Հեռուները երազուն և ձորերը լայնախոր,
Ջրվեժները ծիածան՝ մեծաքրքիջ վայրէջքով,
Ստեղծեցիր թռչուններ և գազաններ ահավոր,
Եվ գազաններ ահավոր…

Տարածություն-ժամանակ Քո ձեռքի տակ հավիտյան
Ծավալվում են, հեռանում հայացքիդ տակ մշտարթուն,
Ողջը Քոնն է, Քո կամքով, Քեզանից է ամեն բան,
Ուժգին է և գեղեցիկ, և օրհնել ես ողջը Դու,
Եվ օրհնել ես ողջը Դու…

Սակայն ահա սայթաքել, հեռացել ենք Աստծուց
Սադայելով դավաճան: Հեռացել ենք Աստծուց:
Ու մեռնում ենք բազմամեղ՝ դարերի մեջ մենք վաղուց:
Բայց ասել ես՝  համբերենք, գալու ես, որ ազատես,
Գալու ես, որ ազատես…

					2009








ՍՏՎԱԾ ԷԼ ԱՐԴԵՆ ՔԵԶ Է ՍԻՐԵԼՈՒ

Դառնալ մեղմություն, սիրել ու խոկալ,
Աստծուն բարձրյալ, մարդկանց սիրել,
Սիրել լռություն, խինդը հոգեկան,
Աստծու պես ներող, սուրբ սիրով սիրել:

Սուրբ սիրով սիրել, ուխտավորի պես,
Նյութից դուրս լինել, աշխարհից՝ Չարի,
Հակառակ նրան՝ Աստծո պես սիրել,
Իմաստասերից վերածվել հրի:

Խաղաղությունը սովորել սիրել,
Կարկաչը առվի հավերժախոսուն,
Մարգագետին, ծառ, ծաղիկներ սիրել,
Լեռ ու ժայռ սիրել և անհունություն:

Հեռու ամպերը սիրել ձյունական,
Օ՛, դարձյալ սիրել մաքրություններն այդ,
Ընթացքը նրանց՝ սահուն, երազուն,
Եվ հորիզոնը վառ-անրջական:

Հոգու մեջ պահել երկինքը առմիշտ,
Աշխարհը Աստծո՝ վեհական ու սուրբ,
Եվ աղոթել միշտ՝ միշտ սիրել Աստծուն,
Աստված էլ արդեն քեզ է սիրելու…

				2010



* * * 

Դեգերում էի ես աշխարհի մեջ չար,
Ստվերի պես անիրական, անտեսված,
Սիրտս էլ անիրական, լուռ, անիրական,
Դեգերում էի ես աշխահի մեջ չար…

Ոչ ոք չկար, որ ասեր՝ ՙՍթափվի՜ր, ո՜վ մարդ,
Որ չկորչես, որ չկորչես հավիտյան՚.
Մենակություն, մենակություն էր տխուր.
Դեգերում էի ես աշխարհի մեջ չար…

Եվ ինձ հասավ, սիրտս լցվեց լույսը Քո,
Օրհնյալ ես զի հավիտյան, օրհնյալ ես Դու,
Ուղի բացվեց հոգուս համար լուսավառ.
Դեգերում էի ես աշխարհի մեջ չար…

Տեսա ես ինձ, քննեցի լույսիդ տակ,
Ամբողջ կյանքս վերանայում եղավ խիստ,
Զղջում, վախ, ապաշխարանք պաշարեցին.
Դեգերում էի ես աշխարհի մեջ չար…

Հիմա բռնած վառ Քո ճամփան ճշմարիտ,
Լույս շավիղով՝ լուսավառված ու լուսե,
Անբեռ, թեթև, հուսալեցուն, հուզավառ,
Դեպի Քեզ եմ ահա  գալիս, դեպի Քեզ…

					2010




* * *

Իմ մեջ աճում է սաղմը հավատի, որ ծառ կդառնա,
Եվ Աստծո հովանավորությունը կլինի ինձ վրա..
Ու կդադարի հոգիս հուսահատությունից,
Ու կդադարի սիրտս հառաչանքներից,
Ցերեկները ձանձրույթ չեն թափի վրաս,
Իրիկունները կնստեմ իմ տան պատի տակ առանց ցավերի,
Երկնազվարթ հովերում, հովերում մթնշաղի:
Իմ գիշերները կլինեն հանգստավետ, հանգստավետ,
Աստղալեցուն երկինքը՝ անմոռաց երազ,
Կննջեմ առանց մղձավանջների ես…
Հառաչանքներիս դռները կփակվեն առհավետ…

						2010



* * * 

Տվեցիր Դու ինձ իմ ուզածը կյանքում.
Առանձնություն, խոհ և մտորում սրտի,
Եվ խաղաղություն ես պարգևում Դու ինձ:
Ո՛ղջ իմ կյանքը անցյալ քննում ես ինձ հետ,
Ինձ նոր իմաստնության դռներ ես բացում,
Ինձ բացահայտում իմ առաջ ամեն օր
Եվ խորացնում ես ինձ իմ խորության մեջ.
Եվ պարզ ես դարձնում գաղտնապահածը ինձ…

Աշունը դեռ չի խորացել իր մեջ,
Դեռ չկան տերևներ դեղին-գունագեղ,
Արևն ու անձրևն են դեռ հաջորդում իրար…
Ես շուրջս եմ նայում. լռությու՛ն սիրելի…
Ծառեր են: Ու լու՜յս կա: Երկինքը՝ զովամպ:
Ու ո՛ղջը սրտամոտ, ո՛ղջը խոհաբեր.
Գաղտնիքների քողը բացում ես, Աստվա՜ծ,
Որ կյանքս ընդունեմ ես սրտով խաղաղված…
Բուժում ես, Աստվա՜ծ, խելագարությունից,
Խելագարությունից հանում ես Դու ինձ,
Չարության աշխարհից հեռու ես տանում Դու ինձ,
Քո սուրբ խոսքով կերակրում ես ինձ,
Լույսը գիտակցող սիրտ ես դարձնում Դու ինձ…

						2010






ԴՈՒ ՄԻ ՎՇՏՆԱ

Դու մի՜ վշտանա, անվերջ, անդադար,
Թող տեսնի սիրտդ մխիթարություն,
Փռվի երեսիդ խնդություն արդար,
Որ մոտենում ես ճշմարիտ Աստծուն:

Որ մոտենում ես Աստծուն ճշմարիտ,
Փարատիչն է նա ցավերի բոլոր,
Թող հալածանքը հույսդ չմարի,
Հուսա՜ դու Նրան, տոկա՜ ամեն օր:

Տոկա՜ ամեն օր, հուսա՜ Դու Նրան,
Օրենքն է Նրա  միայն ճշմարիտ,
Դու դուրս ես եկել ճամփից կործանման,
Թող հույսդ մարի նետերը Չարի:

Թող հալածեն քեզ, մի՜ վախենա դու,
Դու մնա հաստատ, դեպի վեր միտված,
Աստված կազատի չարերից արթուն,
Քո բռնած ուղին դեռ կօրհնի Աստված…

				2010



* * * 


Ինչպե՛ս թողեցի խոտորնակ ճանապարհները կյանքի,
Ինչպե՛ս հեռացա օրեցօր աշխարհի մարդահոշ զավակներից ես,
Ինչպե՛ս այստեղի աղբյուսները թողեցի,
Եվ ոչինչ եմ համարում, իրավ որ՝ ոչինչ,
Ինչպես որ Պողոսն է խոստովանում մի տեղ:
Բխի՜ր ինձ համար Քո լույսը առավել ուժգին,
Օ՛, երկնայի՜ն իմ Հայր,
Ամեն բարի պարգևի Տվիչ ու Շնորհող,
Մղի՜ր ինձ, մղի՜ր, Աստվա՜ծ իմ, դեպի Քեզ…
Որ Քո մասին մտածեմ անվերջ,
Անկեղծ փառաբանության խոսքեր ուղղեմ ես Քեզ,
Ահա սա բախտ է և շնորհ է կյանքի՝
Տրված բանաստեղծին երկրի.
Լինել երկնքի Աստծո փառաբանիչ ու երգիչ…

					2010


























* * *

Հեռու՛, հեռու՛, հեռու՛ մի տեղ,
Այս աշխարհից հեռու՛, հեռու՛,
Կրակներից չար ու բարի,
Կոպտանքներից՝ բռի, անգութ,
Ու զենքերից ամեն տեսակ,
Դարից հեռու՛, մարդուց հեռու՛,
Պայծա՛ռ, պայծա՛ռ լույսն է ապրում,
Լույսն է ապրում…

Լույսն է շնչում դաշտի վրա՝
Օրորներում ծաղիկների,
Հեքիաթային երազներում,
Ծովի քաղցր շառաչներում,
Ալիքներում, ավազներում,
Իրիկնահեռ մրմունջներում,
Լույսն է շնչում դաշտի վրա,
Դաշտի վրա…

Ու թռչում է հովի նման
Դեպի լույսն այն, դեպի Արև,
Դեպի վայրերն այն հեռավոր,
Դեպի վայրերն այն հեռավոր,
Դեպի ծովը այն շառաչուն,
Դեպի ալիքն ու մրմունջներն իրիկնահեռ՝
Իմ հոգին…

				2010


















* * *

Անցնում են օրերը կյանքիս, չքանում,
Փոխարինում է գիշերը ցերեկին,
Մերթ խաղաղ եզերք է կարծես թե դառնում,
Վրդովք է մերթ էլ, փոթորիկ՝ իմ հոգին:

Առավոտս է դառնում ամպամած գիշեր,
Անհաշտության տարափ, վշտերի հեղեղ,
Որտե՞ղ եք ծածկվել, երկնամոտ իմ օրեր,
Ծաղկաբեռ իմ հույսեր, հույզեր իմ անմեղ:

Օ՛, կյանք-անապատ, ուր քայլում եմ կոր,
Ուր ո՛ղջը կսկիծով է թունավորված,
Ուր, հալածված կուռքերց սուտ և կամակոր,
 Պայծառ մեր կյանքն է հավիտյան ավերված…

					2010





 * * *

Էլ կծաղկի՞ երբևէ իմ սրտի մեջ ծերացած
Աստղալից, զով մի երկինք՝ լուսնյակազօծ, հմայուն,
Լռություն վեհ, լռություն՝ վսեմագույն, վերացած,
Էլ կփայլե՞ն երգերով և՜ խնդություն,  և՜ գարուն:

Էլ կբացվի՞ սրտիս մեջ վարդը սիրո արևոտ,
Որ արձակեմ ոգևոր ճիչը հզոր խնդության,
Արևելքում իմ հոգու՝ այժմ մութ և ստվերոտ,
Կճառագի՞ բարձրագահ արեգակը վեհությամբ:

Թե՞ մեռել է այն վաղուց, թառամել է իմ հոգում,
Ու լռել է երգը վառ, բյուրեղակնյա և վճիտ,
Ու չի ծաղկի երբևէ հոգնաթախիծ իմ սրտում
Ո՜չ մի արև կամ աստղիկ, ո՜չ մի, ո՜չ մի լույսի շիթ…

						2010




* * *


Սպանում է ինձ կյանքը՝ զինված չարությամբ,
Բայց վերականգնում է նորից ինձ Աստված,
Այլայլված, շփոթված, սիրտը իմ՝ սև ամպ,
Տրոփում է վերստին՝ հույսով բարձրացած:

Օ՛,  իմ Աստվա՜ծ, վերից ինձ նայող արթուն,
Որ ուզում ես թողնի սիրտն իմ ցավալին
Եվ նոր կյանք հագնի, լուսալեցուն տրոփյուն,
Թողնի ամեն վատ հուշ, ցնորանք ու ալիք:

Գիշերվա վառ խոհեր, ու՞ր եք դուք ցնդում,
Ու՞ր ես կորչում, երկնային պաշտպանություն,
Ցերեկը գայթակղում է միտքս, բանտում,
Հայացքները կործանում են ինձ  բերում:

Բայց օգնիր ինձ՝ վերստին կանգնեմ, Աստվա՜ծ,
Ամոթապարտ, խոնարհ, հոգիս՝ պարտված,
Կանգնած եմ Քո հայացքի տակ, աշխարհից զատված,
Դարձյալ ներում եմ հայցում, ների՜ր, ողորմա՜ծ,

Անդունդներն եմ ընկնում՝ Քեզանից զատված,
Հնարավոր չէ, կորչում եմ ես անկամ,
Գթա՜, վերականգնի՜ր, բուժիր ինձ, Աստվա՜ծ,
Ո՛վ իմ Աստված, այս էլ ո՜րհարյուրերորդ անգամ…

							2010





* * *

Ես խնդրում եմ, դիմում եմ իմ Աստծուն,
Որ Նա պահի Իր լույսը իմ ճամփին,
Շնորհված լույսից այդ որ չզրկվեմ՝
Ես խնդրում եմ, դիմում եմ իմ Աստծուն:

Եվ ամեն օր ու ամեն պահ եմ ես
Գտնում Աստծուս իմ ճանապարհին,
Ես-ի ցանցից ազատվելու համար
Ես խնդրում եմ, դիմում եմ իմ Աստծուն: 

Եվ աշխարհը ծանոթ  փակ է իմ դեմ,  
Քայլում եմ ես դեպի իմ Աստվածը,
Եվ այն հինը չափսոսալու համար
Ես խնդրում եմ, դիմում եմ իմ Աստծուն:

Եվ կրակ է դառնում սիրտս՝ բորբոք,
Մղումս է մեծանում, վախս՝ ցնդում,
Որ ավելի՜ փայլի լույսն իմ սրտում,
Ես խնդրում եմ, դիմում եմ իմ Աստծուն:

Եվ գոհությունն է խոր սիրտս ծածկում,
Քանի որ սիրում եմ ես իմ Աստծուն,
Եվ իմ ճանապարհին ամենայն օր
Ես խնդրում եմ, դիմում եմ իմ Աստծուն…

					2010 



* * * 

Գիտեմ, ամառը կարմիր է, բոց է,
Եվ թիթեռնիկն է ճախրող մի հիրիկ,
Ցավի մեջ նաև վարդեր են բացվում,
Ո՞վքեր են մեր խինդը աքսորել հեռու:

Եվ գլուխներն են թփերից հանում
Տատասկներն ահեղ բոլոր դաշտերում.
«Ինչպե՞ս հանդգնեց, այդ ո՞վ է հարցնում՝
Ովքեր են խինդն իր աքսորել հեռու...ե:

Եվ լռության մեջ դաշտերը հանգան,
Եվ հեռուները, սույլերով լցված,
Հառաչանքների ալիքներ հագան,
Եվ զարհուրանք էր փշաստանը բաց:

Եվ անցան դարեր, նոր դարեր սգի,
եվ փշերն են ողջ ծիծաղում սրտանց,
Եվ արեգակը փռում է ոսկի
Եվ լուսավորում ծիծաղը նրանց…

				2010




* * *

Մի օր կգա մեծ արթնության ժամն իմ հոգու,
Կբարձրանամ այս խավարից դեպի վե՛ր, վե՛ր,
Կբարձրանամ Աստծու զորեղ հովանու տակ,
Սիրտս՝ խաղաղ, աչքս՝ վճիտ ու անտագնապ՝
Նրա հզոր պաշտպանությանն ապավինած:
Ու կխոսեմ ես ներշնչված Նրա հոգուց՝
Ի՜նչ չարիք է իշխում այստեղ՝ երկնքի տակ,
Ու կլինի սիրտս հրով բոցավառված…

Ու կխոսեմ ես ներշնչված, հոգով՝ ազատ,
Ոչ թե Չարից-Բարուց անդին, անդին կանգնած,
Այլ կխոսեմ  Բարու մասին և ճշմարտի,
Կխոսեմ ես ազատ հոգով ու ներշնչված,
Աստված վերից կունկնդրի, երբ որ խոսեմ,
Հրեշտակները կուրախանան երկնքի մեջ,
Ու  չար մարդիկ կխոժոռվեն այստեղ՝ երկրում,
Եվ Բանսարկուն մարդկանց լեզվով կանարգի ինձ…

Բայց կխոսեմ ես ներշնչված…

					2010





ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ  ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

Բանաստեղծությունը կազմված է տենչերից բազմագույն,
Ցանկություններից, մղումներից այլազան…
Եվ լուսին կա այնտեղ ոսկեփայլ, լուսնյակ գիշերի ամպեր ու հմայք,
Աստղեր, զով հովեր կան այնտեղ մայրամուտային,
Անդորր, լռություն, առվի կարկաչ, ծաղիկների բույր, օրորներ՛ անթախիծ…
Քամիներ կան, հողմեր,  աշնան մառ, տերևներ դեղին, շշուկների պատրանք,
Փաթիլներ կան, ձյունահողմ և սառնամանիք… 
Սիրածի պատկեր մոռացված և հուշե՛ր, հուշե՛ր, լուսավո՞ր արդյոք,
Այնտեղ՝ լռություն…
Ցաված սիրտ կա, դավ կա և դրժում՝ մեզ ակոսած հավիտյան…
Հուսահատ ջութակի հեկեկոց,
Մենության խոհեր:
Աստված կա այնտեղ և անհավատություն ահավոր,
Մեղավոր հոգոցներ, մեղավոր,
Ձոներ կան, ներբողներ առ Աստված,
Սեր և հիասթափության մոխիր կա,
Սիրտ մի այրված, ասես՝ անհառնելի՜ այրված…
Նեղ վիճակներ կան, փակուղի կյանք,
Անել մի բանտ սրտի, սրտի բանտ՝ անարեգ, անկրակ,
Անլուսություն, փշրվածություն, հանգած ճրագ հոգու,
Փախուստ ու կռվի խոսքեր կան այնտեղ, վիճակներ խռով,
Խոհերի խռիվ ամբոխներ, աղմկահու՛յզ ծով…
Վախեր կան, երազներ, ցնորքներ նոր-նոր,
Խոյանքներ կան սուտ, ընբոստության երգ, արյունամած բառեր…
Ամպեղ դղյակներ անէ,
Կյանքի սով կա այնտեղ, մոռացում վերստին և դատարկություն…
Մահվան երկյուղ, գոռոցներ, հեծեծանք, հեծկլտոց ու սպառնալիք,
Լռություն դարավոր…
Ծերության ցուփ, հառաչներ նորանոր, մեղքերի գտածոներ, 
                                                          պեղվածքների կույտեր ահալի,
Լույսը հանգած տուն, անաստղ գիշերներ, մենակություն…
Ամոթ ու բեկում կա, հարբածի կռիվ ու աղաղակ,
Անհաջողություն, փորձանքներ, թշնամություննե՛ր անանց,
                                                             թշնամություննե՛ր անանց…
Ափսոսանք, ափսոսանք ու զղջում խորախոր…
Անապատների արևներ, լայնարձակության ծով,
Լայնարձակություն ծովի և տենչանքներ նորանոր…
Լողորդ մի խիզախ, կռիվ ալյաց դեմ, կռիվ ալյաց դեմ,
Ցնորքնե՛ր…
Զղջումի աղոթքներ առ Բարձրյալն Աստված..
Հուզումների՛ քաոս…
Վախ Աստվածանից, հեզաբարո կյանքի ձգտում, խոնարհություն
                                                                       երկինքների Տիրոջը:
Խաղաղություն հոգու, ասես վիճակ ներվածի, ասես վիճակ ներված - 
                                                                                 -դարձածի, վերադարձածի:
Գովաբանական խոսքեր, սաղմոսներ հուզառատ, գոհության և հույսի բառեր՝
                                                                           վերասլա՛ց, վերասլա՛ց…
Վերածնված մարդ այնտեղ՝ աստվածահառ աչքերով…

							
2010






ԼՈՒՅՍ

Ուրախություն, խնդություն, Լույս, որ կաս,
Եվ խնջույքը հոգու,
Անընդհատ լցվելը նրա՝  Լույսով,
Որին ձգտում եմ,
Որին ձգտում եմ,
Օ՛, նպատակ, գերագույն, անկասելի,
Քանզի մղվում եմ, 
Քանզի չեմ խոչընդոտում ես ինձ,
Ելնում, բարձրանում եմ անծանոթը դեպի,
Ազատագրումս մո՛տ է .
Նորի տեսանելիություն, Լույս, որ կաս այն հեռուներում,
Հետզհետե բացվող՝ մառախուղներից,
Ողբերգությունը փակվում է,
Դրաման, վիշտը հաղթահարվում են,
Չարը պարտվում է Լույսից,
Օ՛, նոր կյանք, որ հառնում ես իմ մեջ,
Դարձիր իմ էությունը ողջ,
Ոգևորի՜ր, մղի՜ր ինձ դարձյալ,
Օ՛ փրկարար Ակունք Լույսի, որ կաս…

				2010






ՀՈՒՍԱ,  ԻՄ ԱՆՁՍ, ՀՈՒՍԱ

Նորից ասում եմ, կրկնում նորից՝
Մի՜ վհատվիր, իմ անձս, մի՜ վհատվիր դու,
Բոլոր ցավերի փարատիչին հուսա,
Բոլոր վշտացյալների մխիթարիչին:
Մի՜ ասա՝ ՙԲոլորը Հուդա են, խաբեբաներ են բոլորը՚:
Մի՜ զարհուրելի տեսարանները հիշիր կյանքիդ,
Մի՜ ասա՝ խավարի վրա՝  խավար,
Խավարի վրա՝ խավար,
Օրվա լույսերիդ մի՜ խառնիր լեղի,
Հայացքդ պարզ պահիր,
Լուսավառ ճանապարհ ունես դու,
Թե ճշարտության մեջ մնաս Նրա,
Աստված կհարթի խորդուբորդություններն ամեն,
Սարերը դաշտ կդառնան,
Անդունդները՝ ուղիղ ճանապարհներ,
Սառնաբքի մեջ արև կշողացնի քեզ համար Տերը,
Թո՜ղ աստվածահակառակություններդ խելագար,
Հուսա՜, զղջա՜ վերստին և ընդարձակվի՜ր, իմ ա՝նձս,
Լայնացի՜ր, զղջա՜,
Մնա շավիղների մեջ Նրա,
Որ խավարը չկլանի քեզ,
Չկլանի…
Հուսա՜, վերստին հուսա՜, իմ անձս,
Վերստին հուսա՜…
Թող դառնահեծ մտածումներդ մռայլ
Փոխարինվեն լուսակիր խոհերի,
Չէ՞ որ նոր ճանապարհ ես բռնել աստվածահաճո,
Հավատի ճանապարհը մեծ:
Բանսարկուն, մռնչող առյուծի պես, ման է գալիս գոռոզ՝
Կուլ տալու քեզ,
Բայց  քո Աստվածը հսկում է քեզ, Նա կպահի քեզ,
Հուսա՜, իմ անձս, հուսա՜…

						2010






ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Էլ չեմ անիծում կյանքը  ես իմ,
Ինչպես որ առաջ, որ ասում էի՝
Անիծյա՜լ իմ կյանք, անիծյա՜լ եզերք…,
Ինչպես որ առաջ, որ ասում էի՝ 
Անիծյա՜լ իմ ես…
Եվ չկար երկրում ոչ մի հենման կետ,
Ոչ մի հենման կետ երկրում ինձ համար  չկար,
Եվ չոր մի տերև էի ես՝
Իմ մայր ծառից ընկած,
Իմ մայր ծառից ընկած,
Բոլոր քամիների բերանն ընկած,
Քշվող դեպի անապատները կորստյան,
Իր մայր ծառից ընկածի ողջ դառնություններով ու 
                           դատողություններով լեցուն…
Եվ չունեի ոչ մի հենման կետ ես:
Այլևս թեթև եմ: Թեթև՛ եմ, ասում եմ ես ինձ,
Մտածումներս՝ լուսակիր…
Ես հավատում եմ, որ լուսակիր են
Մտածումնե՛րը իմ…
Եվ հեռու՛ եմ ես…
Եվ ո՜չ մի դոնկիխոտություն այլևս իմ մեջ…
Առավոտը, աքաղաղի կանչը օրհնվա՛ծ են…
Բարձրացող արևը, արև՛ը բարձրացող…
Եվ ինչպե՛ս եմ սիրում դիմացի բլուրը հեռու,
Եվ չգիտեմ՝ ինչ ոգելից նոր բան է կատարվելու
                                                   դեռևս ինձ հետ,
Անսպասելի ու հանկարծական է քանզի 
Ակունքներից բխող խինդը հոգեկան,
Ակունքներից բխող խինդը հոգեկան:
Օ՛, հաշտությունս իմ Աստծո հետ…
Ողորմած, բարեգութ Հա՜յր մեր,
Որ երկնքում ես,
Որ կաս հավիտյանս հավիտենից,
Որ ստեղծեցիր երկինքը,
Եվ որ կա՜ս իմ սրտում…

Արթնացած խոտերը, ծլարձակումն այս ողջ,
Թարմատերև ծառերի լռությունն այս անմիստիկական,
Որ վերարթնանում  ու շնչում են գարունը բնության ծոցում,
Օրհնվա՛ծ են..
Օ՛ երկինքը, երկինքը՝ խո՛ր, մաքրագործող…
Օ՛, աստվածային հեռուներ, որ կաք,	,
Օ՛, երկինք, որ կաս վերևում, վերևում,
Որ կաս իմ հոգում,
Օ՛, երկի՜նք, երկի՛նք…
Ապաքինված, հոգիս բուժված ու առողջ,
Երկնքի տակ կանգնած՝ ես՝
Վա՜ռ, առանց դառնության, անլաց սրտով,
Ժպտացող հոգով
Ասում եմ՝ Քեզ ողջու՜յն,
Ձգտումներիս շավիղ ու ճանապարհ,
Կապույտ ասպարեզ դու խոյանքներիս,
Ազատագրումներիս ճանապարհին



Ներբողներիս արևոտ ներկապնակ անսպառելի,
Ոգելի՛ց երկինք, մաքրագործմա՛ն ուղի,
Ինձ անցավակիր դարձնող երկինք,
Անանեծք իմ հոգուց քեզ ողջու՛յն, ողջու՛յն,
Իմ ազատագրումներին ՙ բռավո՚ ասող
Սիրելի՛ երկի՛նք, սիրելի…
Օ՛, Աստվա՜ծ իմ, որ կաս Քո ստեղծած երկնքում,
Իմ Բերդ, իմ Ամրոց,
Հավիտյանս հավիտենից որ կաս,
Քեզ Աղոթք, և՜ Ողջույն, և՜ Երգ,
Իմ Աստված…

					2010


ԱՅՍՕՐ ՈՒՐԻՇ ԵՄ ԱՐԴԵՆ

Հորիզոնի կրակներն են բոցկլտում…
Այսօր ուրիշ եմ արդեն,
Սիրտս թռչում է հեռու,
Սիրտս երգ է երգում…

Սիրտս երգ է երգում…
Արևը պայծառ է, չքնաղ,
Ողջը թարմ է ու նոր,
Հառնում եմ ասես ես…

Հառնում եմ ասես ես…
Ելնում եմ տխրություններից վեր,
Ազատագրվում եմ,
Վե՛ր եմ ելնում ես….

Վեր եմ ելնում ես…
Ասես խոր մի քնից,
Ասես մեռած տեղից,
Հեռուն թովում է, կանչում…

Հեռուն թովում է, կանչում,
Դեռ կյանք կա ապրելու,
Օ՛, ինչ մեծ է ողջը,
Ողջը պայծառ է այնքա՛ն…

Ողջը պայծառ է այնքան…
Վիշտը մոռացվում է,
Կյանքս հայտնություն է,
Ներաշխարհս լա՛յն է…

Ներաշխարհս լա՛յն է..
Արևը ելնում է, բա՛րձր է,
Երբ գիշեր լինի,
Աստղերը կժպտան վերից…

Աստղերը կժպտան վերից,
Անծանոթ է սիրտս դարձել,
Գերում է ինձ, ասում՝
«Եկ ծանոթանանք….ե:

Ես նո՛ր եմ, նո՛ր եմ, ախր ես,
Ասում եմ ես ինձ,
Աստվա՜ծ իմ, նոր եմ ես,
Արևը նոր է, բլուրը…

Արևը նո՛ր է, բլուրը…
Ողջը մղվում է հեռուն,
Անհագորեն մղվում է ողջը հեռուն,
Ինչպես ահա ես…

Ինչպես ահա ես…

				2010



* * *
Մառախուղ, անձրև,
Խոնարհ սուգ ծառերի,
Ցուրտը պատում է իմ սիրտն ու հոգին,
Մշուշն է պարուրում ինձ,
Տրտմությունը…

Ձայնս դառնում է խեղված-խեղդված,
Դառնում է ձայնս լռություն անկյանք,
Մառախուղ, անձրև,
Խոնարհ սուգ ծառերի…

Հեռացի՜ր, վի՜շտ,
Խոնարհվել եմ ահա,
Խոնարհվել եմ ես,
Լռության ձայնն են այս բառերս էլ ասես,
Լռությունն ինքն է խոսում տխրագին,
Հեռացի՜ր, վի՜շտ…

Անհա՞ս է միթե Աստվա՜ծ էլ, իրոք,
Մինչդեռ այնքան մերձ էր թվում ու մոտ,
Թե՞ ես եմ տկար,
Անճար ու հիվանդ,
Օ՛, Ա րև՜ հոգու,
Ծագի՜ր, ճառագի՜ր…

Վանիր մուժը հոգուս,
Մառախուղը սրտիս,
Թափանցիր մթին խորշերը նրա,
Արևի՜ր, օ՛, Արև՜ հոգու,
Ճառագի՜ր…

			2010
* * * 

Սիրտդ մաքրիր հրով մի սուրբ,
Ցանկություններդ այրիր ես-ի,
Վերակերտիր դու քեզ հրով,
Թեթև  կանցնես, որպես քամի,
Աշխարհում…

Որպես քամի, կամ թռչուն,
Որպես սոսափ տերևի, 
Որպես վարդի տատանում՝
Առվի վրա բեկբեկուն…

Բայց ընկնում ես բարձունքից,
Բայց ընկնում ես բարձունքից
Անհաղթ ժայռին քո սրտի,
Ջախջախվում…

Եթե լինես դու անտատան, 
Աստծով, 
Եթե լինես չփշրվող
Քո սեփական ալիքներից, քո եսից,
Թեթև կանցնես, որպես քամի,
Աշխարհում…

Որպես քամի, կամ թռչուն,
Որպես սոսափ տերևի,
Որպես վարդի տատանում՝
Առվի վրա բեկբեկուն…

			2010















ԲՌՆԿՈՒՄ

Ի՛նչ հրաշալի է, երբ ասում եմ,
Թե դեպի Լույսն եմ մղվում,
Դեպի Լույսն եմ գնում ես,
Հիմա և մշտապես, հիմա և մշտապես:
Ինձ զվարթ է դարձնում գաղափարն այդ,
Հենց այս պահից գաղափարն այդ
Ինձ դարձնում է զվարթ:
Զվարթ եմ տեսնում ես ինձ:
Եվ հավատում եմ բառերի ներգործությանը ես,
Եվ ներգործությանն եմ հավատում Լույսի:
Հենց այս պահից աճում եմ , ասում եմ ես ինձ,
Ես զգում եմ Լույսը,
Գիտակցում եմ Լույսը, ասում եմ ես ինձ:
Ես նայում եմ ծառերին անտերև, անշարժ, ձմեռային:
Ձմեռային ճյուղերի մեջ էլ ահա Լույսն է ապրում:
Ահա ապրում է Լույսը:
Ես էլ ձմեռային եմ հիմա,
Ապրած, հեռացած և վերադարձած…
Եվ հանդարտ:
Ես ծառ եմ, ասես, մի ծառ տերևաթափ, ձմեռային և լուռ,
Լույսի մեջ, կապույտի մեջ, երկնքի, Լույսի:
Զգում եմ, գիտակցում եմ այդ:  Ու հանդարտ եմ ես:
Ես հանդարտ եմ, ես կամ:
Երկնքի մեջ, Լույսի,
Իմ խոհի մեջ, ապրումիս:
Ես Լույսի մեջ եմ: Եվ Լույսն է իմ մեջ:
Օ՛, անխուճապ  իմ կյանք հանդարտված,
Որ կաս այսօր, կլինես վաղը նոր ուժով վերընթաց,
Իմ մեջ, ինձնից դուրս, օ՛, Լույս, որ կա՜ս,
Կլինես դու մշտապես,
Հակառակ մեծ խավարին, դու կա՜ս, կլինես,
Օ՛, հաղթող Լույս,և՜ փառաբանություն, և՜ խոսք,
Օ՛, Լույս, որ կաս՝
Մեծ Ակունքից դեպի մեզ բխած…

					2010








ՎԵՐՋ ԱՍԱ  ՎՇՏԵՐԻՆ

Վերջ ասա վշտերին, անհուսությանն ասա՝ վերջ,
Երբ գտել ես Աղբյուրը ճշմարիտ Լույսի,
Երբ գիտես՝ Ակունքն է Նա ամեն գոյության,
Ողողում է քեզ լույսով հոգևոր,
Փրկում է Նա քեզ…

Փրկում է Նա քեզ տանջանքներից մեծ,
Փորձանքներից ամեն ազատում է Նա քեզ:
Փրկում է Նա քեզ հալածանքներից,
Խանդ ու նախանձից, չարիքից, դևից,
Չկամ մարդկանցից փրկում է Նա քեզ…
Փրկում է Նա քեզ ամբարշտի  ձեռքից,
Փրկում է Նա քեզ արնախում մարդուց,
Փրկում է Նա քեզ…

Լայն է քո սիրտը, քո սիրտը՝ ցնծուն,
Դու բարձունքներն ես նվաճում հոգուդ,
Թոթափում ես դու ամեն ցավ, տրտունջ,
Թոթափում ես դու…
Թողել ես հի՛ն, փտախտավոր  եսերը բոլոր,
Քեզ հետ է Աստված, քո Լույսը միակ,
Քո Լույսը միակ…

Քո ապավենն է Նա, Քո Հույսը անշիջելի,
Անհանգչելի քո Հույսն է Նա,
Քո Բերդը, քո հացն  ու խինդն է Աստված:
Պատսպարում, պահում է,
Պահում է Նա քո սրտի Հույսը…

Թափառում էիր դու աշխարհում հիվանդ,
Ինքդ էլ հիվանդ, սուս արած, վախկոտ ու ծածուկ,
Թափառում էիր որբ, թափառում մենակ,
Եվ զառանցանք էր քո կյանքը ամբողջ,
Եվ զառանցանք էր քո կյանքը ամբողջ…
Նա  ընդարձակ ազատություն մեջ հանեց քեզ,
Նա է քո Լույսը միակ,
Ակունքաբուխ հավատն է Նա քո,
Քեզ առաջնորդում է դեպի ԱՐՈՏՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ,
ԱՐՈՏՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ…

				2010




* * *

Ապրիր հանդարիտ, խաղաղ, անվեճ,
Շատ մի՜ խոսիր, խորհիր հանդարտ,
Ինչ եղել է՝ լավ թե վատթար,
Նոր հայացքով քննիր քո մեջ:

Քեզ նոր ոգով բացահայտիր,
Թե տանջում են քեզ անդադար
Տարիների հուշերը չար,
Նրանց խորքին ՙվետո՚-ն քո դիր:

Մի՜ մոռացիր, խոսքեր կան նոր,
Սահող ամպեր, դու՝ մեկնող սիրտ,
Մայրամուտներ կան անտխուր
Եվ երկնքի զովն անբասիր:

Հառաչանքից բացի, հոգում
Կան ժպիտներ խորունկ խորքից,
Կան երանգներ գույներում քո,
Դրանք լրիվ երևակիր:

Դրանք լրիվ երևակիր,
Երևակի՜ր, ասա՝ կեցցե՜ս,
Ոգի ամուր, ոգի անծես՝
Քո խորքերում՝ դու լուսակիր…

Մի՜ մոռացիր, մեծ է Աստված,
Տանջանքն ունի հակակշիռ,
Չեն լինելու ցավեր անանց,
Ցավը խենթ է մի արբշիռ:

Քանզի Աստված կբուժի քեզ,
Եթե նայես դեպի երկինք,
Եթե ներես դու Աստծու պես
Ու Աստծու պես եթե սիրես…

			2010







* * * 


Աշնան ծառերը ոսկեդեղին են,
Նաև կանաչ են,
Հովը օրորում է, օրորում է նրանց, 
Սիրտս խաղաղ է,
Հանդարտ-զվարթ է իմ սիրտը հիմա:
Արևը փայլում է, լուսարծարծ է…
Ի՞նչ ասեմ, Տե՜ր Աստված,
Արևը փայլում է, լուսարծարծ է…
Մի չքնաղ աշխարհ ես տարածել իմ դեմ,
Պարգևել ես ինձ այս ոսկի օրն էլ ապրելու համար:
Շնորհապարտ եմ սրտով Քեզ, ի՜մ Աստված…
Ուրիշ ի՞նչ տենչամ ես, ուրիշ ի՞նչ տենչամ.
Դու ինձ մշակում, սովորեցնում ես ամեն օր, ամեն,
Մտածումների պարտեզը հոգուս
Ոռոգում, սնում, խնամակալում ես,
Չոր ոստերը, ճյուղերը մեռած
Հայրահոգ ձեռքով մաքրում հեռացնում ես,
Դալարիքով ես պատում Դու ինձ…
Քո զովաբեր շունչը ինձ առույգ է պահում,
Ինձ լվանում, ազատում ես չարիքներից, վշտից դարավոր,
Նորոգում ես Դու ինձ:
Շնորհապարտ եմ Քեզ, ի՜մ Աստված, շնորհապարտ եմ,
Որ քայլեցնում ես ինձ ճանապարհով Քո նշած…

						2010


















* * *

Երազում էիր խաղաղ անկյուն, անդորր, լռություն…
Բնություն կանաչ, երկինք լազուրյա  և արև,
Երազում էիր խաղաղ անկյուն…
Այդ ամենը ունես: Լռությունը՝ պարգև.
Աստված մեզ հետ է, քանի որ Չարը հեռու, հեռու է մեզանից,
Հիմա ինչու՞ ես դժգոհ, ինչու՞ ես լռում, ի՞նչ է…
Գրքերը կան, Աստվածաշունչը՝ ուղեկից ու առաջնորդ:
Թուղթը կողքիս սպասում եմ: Որ հույզը այցելի,
Դողաս, թրթռաս, ոգևորվենք,
Ոգեղեն դառնանք և խոսենք, իմ սի՜րտ…
Որովհետև հիշում ենք,
Հիշում ենք և՜ ատելություն, և՜ սեր,
Ցավը կա  ընդերքում մեր և կարոտը՝ հիմա:
Եվ Աստված էլ տվել է մեզ աղոթք և զղջում,
Աղոթք և զղջում…
Դեպի կատարելություն ենք գնում կարծես,
Դեպի կատարելություն…
Տրոփի՜ր, տրոփի՜ր դաշն, իմ սի՜րտ,
Ինչու՞ ես դժգոհում,
Դժգոհում՝ իզուր…
Խոնարհ մնա Աստծուն քո,
Գոհացի՜ր, իմ ա՜նձս, գոհացի՜ր…

				2009

* * * 

Միշտ կերկպագեմ, կաղոթեմ ես միշտ, աղոթեմ պիտի
Երկինքների երկնքում բնակվողին, Աստծուն մեր, որ
Րոպեները կյանքիս լցնի իր մասին խոհերով, խոհերով…
Աստված արարեց երկինքը ու երկիրը արարեց Աստված,
Սաստեց Նա  ծովին, գոռ ալիքները,
Տվնջյան լուսատուն Նրա ձեռքի գործն է,
Վառվում է և անմար է լինելու հավիտյան:
Աստված պահում է իրեն հուսացողներին, նա ինձ շա՛տ մոտ է:
Ծագող լույսի պես է հավատի մարդու կյանքը,
Երկինքը նրան օրհնություն է հղում,
Հոգով տկարը ուժովնում է , ճանապարհ ունի միշտ բաց,
Որ հավատում, երկրպագում է…
Վերջ կգտնեն հալածանքները ամեն,
Աստված ապավեն, հավիտյան հույս է,
Հավիտյան Նա կա, Նա է մեր Լույսը…
Այստեղ հոշոտված կլինեինք վաղուց, բայց Աստված
Յոթ հեռաստան է բացում մեր առաջ, ազատագրում է,
Րոպե չկա, որ չմտածեմ Հայր Աստծու մասին,
Միշտ Նա է իմ կյանքը իմաստավորում, լեցուն է սիրտս Աստծով,
Երկինքներ բացեց հոգուս մեջ, ցույց տվեց գութով հայրական,
Րոպե չկա, որ չմտածեմ իմ Աստծու մասին…

								2009




* * *


Ամեն օր է այդպես,
Զտվում, ազատվում, պայծառ ուղևոր եմ դառնում ես,
Ամեն օր է այդպես,
Պայծառ ուղևոր եմ դառնում ես:
Առավոտս կապուտաչյա - լուսահուր է,
Իմ ոտքերի համար հեռուներ են բացվում ամեն առավոտ,
Եվ աչքերս հորիզոններն են բուժում:
Ես գնում եմ, անկանգառ լեռնագնաց ուղևոր եմ ես,
Եվ առավոտս է ոսկի:
Ամեն օրս է այդպես, այո՜, ամեն օրս,
Կյանքս խորագույն իմաստ է դարձել,
Ուրախությունից խենթ եմ ես ասես, 
Նոր-նոր բխումներ ունի հոգիս:
Ես դրանց կապույտ աղոթքներ եմ կոչում,
Եվ ծաղկածիծաղ կարկաչներ կան իմ հոգում,
Եվ Հայր Աստված շնորհ է անում ինձ,
Եվ աղոթքներովս աճում եմ ես օրըստօրե,
Որպես հուռթի սնուցված մի բույս,
Օ՛, աճում եմ ես, ուրախ եմ, խնդուն,
Եվ լեռնական արևից ծծում եմ ես հուր:
Աստծո գթառատ լույսերում,
Լույսերում իմ Աստծո 
Ամեն օրս է հիմա այդպես,
Եվ թող չպակասի իմ հանդեպ գթությունը Քո.
Ամեն:

					2009







* * *

Էլ ի՞նչ մաղձ, լեղի, խոսքերի տարափ 
Ընդդեմ վատ կյանքի՝ որ մեզ չեղծի,
Ի՜նչ Մայակովսկի, ՙՎարտիքավոր ամպ՚,
Ի՜նչ ձաղկող մտրակ բանաստեղծի:

Որ ողջ Ռուսիան է տալիս ոտքի տակ,
Որպես մի ջայլամ անդրծովային,
Կամ խոսքերով մեղմ և թախծանվագ
Գրավում է ձեզ, որպես Եսենին:-

Չեմ գտնում վառը և ոչ էլ՝ թերին…
Հարակա կանչող Աղբյուրը Լույսի
Նոր կյանք է տալիս հանգած սրտերին,
Բանը միշտ էլ կա, նոր խոսք չես ասի…

Սոսկ վառվող նյութ ենք, ընկած ենք պարապ,
Եթե վառվենք վառ, կյանքը չի եղծի,
Ո՜չ Մայակովսկի՝ ՙՎարտիքավոր ամպ՚,
Ո՜չ մտրակ ձաղկող՝ բանաստեղծի:

Սոսկ հավատ է պետք, միամիտ հավատ՝
Մեր վշտի լեռը հալվի, փոքրանա,
Հանդարտվեն, լռեն ալիքները վատ,
Կբոցավառվե՛նք հենց այդ ժամանակ…

Կբոցավառվե՛նք հենց այդ ժամանակ…


					2009














ՔԱՅԼԻՐ  ՀԵՌԱԿԱ  ԵԶԵՐՔԸ ԼՈՒՅՍԻ

Այդպես կլինի, փայլում է լույսը,
Ապագան՝ խնդուն, իմ աչքերում՝ լույս,
Սրտիս մեջ, սրտիս, իրական հույսը,
Այսօր լեցուն եմ, սպասելու եմ…

Անխոտոր այդպես, այդպես հաստատուն,
Ամեն օրվա մեջ իմաստ կա հիմա,
Հուսա՜, նվաճի՜ր, ամրապնդվի՜ր դու,
Թե բանաստեղծ ես, ահա վառ թեմա:

Ահա վառ թեմա՝ անսպառ, անվերջ,
Մտքիցդ վանիր բանակռիվ, վեճ,
Ասել եմ մի օր պահիս ոգևոր.
Ֆուտուրիստ եմ ես չար աշխարհի մեջ:

Մղված եմ հեռու, մեծապես մղված…
Վառվում է լույսը, Լույսը վառ հույսի,
Ձգվում է ճամփաս, տանում է հեռու,
Բանաստեղծ եմ ես բերկրանքի, հույզի:

Ի՛նչ անակնկալ --  փակուղի կյանքից
Դեպ եզերքը նոր, որ սպասում է քեզ,
Որ սպասում է քեզ, ճամփորդ բերկրանքի,
Քայլի՜ր հեռակա  եզերքը Լույսի…

Քայլի՜ր հեռակա եզերքը Լույսի…

				2009




* * * 

Ողջ օրն է այդպես. գնում եմ, գալիս,
Անկյունից անկյուն, նստում, վեր կենում,
Չի տալիս մի ելք լարումը մտքիս,
Չեմ գտնում իմ մեջ մի պարզ ըմբռնում:

Հասկացվող իմաստ, բնություն խոժոռ,
Կամ թե արևած բնապատկեր խեղճ,
Չեմ գտնում բնավ վերընթաց մի խոսք,
Մի շարժում հոգու, ձայնի ելևէջ:

Մինչդեռ անձրև է, երկինքը՝ ամպոտ,
Անընդհատ ցողմունք, հորիզոն ավեր,
Որտե՞ղ ես,  Աստվա՜ծ, թվում էիր մոտ,
Մինչդեռ հեռու ես, երկինքներից վեր:

Շփոթահար եմ. անկյունից անկյուն՝
Գնում եմ, գալիս, մուժապատ, նոթոտ,
Չեմ գտնում իմ մեջ իմաստ անանկում,
Որտե՞ղ ես, Աստվա՜ծ, թվում էիր մոտ:

Այսպես լռամած՝ կյանքս է կորուստ,
Մենության տան մեջ՝ օրերս բոլոր,
Տու՜ր՝, որ ըմբռնեմ ոգով անխոտոր,
Որ մենությունն այս նշված է վերուստ…

Կամ սխալվում եմ՝ գերի խուճապին…
Արև՜ կծագի, բորբ, հրանման,
Ու կլինեմ ես զվարթ՝ իմ ճամփին:
Այս միտքն է աղոտ դառնում հենարան….

					2009








ՄԱՅՐԻԿ

Նորից հիշել եմ  քեզ, տրտմել եմ, մա՜յր իմ,
Ծեր, մաշված ու հիվանդ, ցաված ու մենակ…
Եվ սերըդ իմ հանդեպ անսահման էր, մա՜յր,
Իսկ ես ինչքան եմ, ա՛խ, ցավեցրել քեզ,
Ների՜ր ինձ, ների՜ր, մա՜յր, ների՜ր ինձ, Աստվա՜ծ…

Վիշտս խորն է հիմա, կարոտս՝ անհաս,
Հուշ ես դառել, իմ լուսե, ննջել ես վաղուց…
Իրիկուն է հիմա  սրտիս մեջ , հոգուս,
Մա՜յր իմ, ների՜ր քո որդուն, որ չի հասկացել
Սերըդ սուրբ ու անմար, հեռացած իմ լույս…


                                                          2009


 * * *

Եվ թռել են տարիները ջահել մեր կյանքի,
Եվ հուշ է ողջը՝ հեռավոր, հեռու և անգին,
Եվ ձյուն է մաղել մեր գլխին, ծեր ենք արդեն մենք,
Սիրե՞լ եմ ես քեզ, սիրե՞լ ես դու ինձ՝ չգիտենք…

Ողջը անցյալ է, ողջը հուշ է ու մտորում,
Ու ողջը առեղծված, ողջը լեգենդ է խորունկ,
Հիմա ձմեռն է մեր կյանքի, ձյուն կա մեր հոգում,
Ու հառաչանքով լիքն է մեր սիրտը նկուն:

Չեմ հարցնում այդ մասին ոչինչ, խորանալ՝ ինչու՞,
Լուռ ես նաև դու: Ու մայրամուտ ենք մենք իջնում,
Ու չենք ցանկանում մենք դիպչել առեղծվածին հին,
Եվ այնպես խաղաղ է թվում լռությունդ  ինձ…

Ու դու ես ինձ հետ, ու ես եմ քեզ հետ՝ աննահանջ,
Իմ օտարուհի, իմ միակ ու մտերիմ,
Դու իմ խորությունների գիտակ հոգնատանջ,
Դու իմ միա՜կ մտերմուհիս, հարազատ դու իմ…

					2010

* * *

Թող մտածումն այդ, հույզերը տրտում.
Աշխարհը չար է՝ հասկացանք, գիտենք,
Հնուց են ասել՝ գյուտ չես արել դու,
Աշխարհը չար է, հասկացանք , գիտենք:

Ի՞նչ անենք, սի՜րտ իմ, ընկնենք ու մեռնե՞նք,
Կամ ամպի պես մութ կիտվենք մեր վրա՞,
Անելքության ցուրտ անդունդնե՞րն ընկնենք,
Ի՞նչ է ուզածդ, ասա՝ ըմբռնենք:

Հառաչանքներ լուռ, կուչ եկած վիճակ.
Մի հեռու՛, կապույտ աշխարհ էլ չկա՝
Ոչ ու փուչ կյանքից թողնենք հեռանանք,
Գոչենք ցնծագին ու փոխվենք հանկարծ…

Ա՜նձ իմ վշտահար, վիճակն այս կանցնի,
Դիմիր Արարչին աղոթքով մի խոր,
Լուսավոր խոսքն այդ թող սիրտդ բացի,
Թող սիրտդ բացի, դառնաս անտխուր:

Դու շփոթահար երեխա ես որբ,
Թո՜ղ հառաչելը, աշխարհը չար է --- 
Հասկացանք, գիտենք, ըմբռնել ենք խոր…
Դու բարին խորհիր ու գործիր բարին…

					2010





ՏԵՆՉԱՆՔՆԵՐ

Նոր խորությունների եմ ուզում հասնել իմ մեջ,
Սուզվել, սուզվել եմ ուզում դեռ,
Ի՞նչ կա իմ հոգում, խորքերում նրա՝
Հասկանամ, զգամ ու մտապահեմ,
Որ Չարը չմոտենա  ինձ՝ վտարեմ, վանեմ:
Ուզում եմ ճանաչել ես ինձ,
Ճանաչել սիրտը իմ՝ նորովի,
Ամենախորքերն եմ ուզում թափանցել ես իմ,
Խորությունները իմ սրտի…
Դեռ ուժ  կա, զորություն, կրակ կա, տենչանք կա դեռ իմացության,
Այնտեղ, խորություններում այն, հեռուներում հոգուս
Լեռներ կան գուցե, ձյունապատ, մաքուր գագաթներ պայծառ,
Որ չեմ ճանաչում,
Հովիտներ կան փարթամ, կիրճեր կան հոգում,
Եվ ձորեր կան անելքության:
Բաց արա  հայացքները հոգուս, աչքերս դարձրու,
Սուզի՜ր ինձ, Աստվա՜ծ, խորասուզիր իմ մեջ,
Ցույց տուր ձորերն այն խորունկ և կործանարար,
Կիրճ ու անձավներն այն մշտամռայլ, որ սիրտ են նեղում:
Այն արևոտ գագաթները ցույց տուր՝ լուսաշող,
Որ տենչանքներն իմ մաքուր պահեմ ես արթուն,
Ցույց տուր  ստվերամած աղբյուրները ժայռերից բխող,
Թող իմ մեջ գահավիժող ջրերի շառաչը լսեմ՝ հրաշափառ,
Հավերժի հետ ինձ առնչող խորհրդանիշ գուցե,
Երաժշտություն անմար…
Այն վտանգները, թախիծը անհուն ցուցադրիր ինձ, ՏԵ՜ր
Այն հույզ-ցանկությունները անիրական՝ ցնդող մառախուղ,
Այն Սերը ցողաթարմ, որ ուժգին մղի ինձ դեպի Քեզ,
Եվ դեպի մարդ-պսակը Քո ստեղծագործության,
Մի՞թե չկա իմ մեջ Սերն այդ նվիրական:
Այն դալարուն դաշտերը ծաղիկների ծիծղուն,
Խնդառիթ դաշտերը բույսերի ցույց տուր ինձ, Աստվա՜ծ,
Կամ թե՝ ստեղծիր դրանք իմ մեջ, եթե դրանք չկան,
Լուսավորիր հեռուներն իմ հոգու,
Խավարը լուսավորիր իմ մեջ,
Այս մակերես-տաղտուկը ձանձարալի, թախծալի կյանքիս
Թող կորչի առհավետ,
Բուժի՜ր ինձ, Աստվա՜ծ, և ապաքինիր…
Չէ՞ որ ոգեղեն եմ՝ Քեզանից բխած.
Ցույց տուր իմ մեջ Ճշմարիտն ու Բարին՝
Սովորեցրու ինձ սիրել,
Քանի որ Դու ՍԵՐ ես, Աստվա՜ծ…

		                   2011






* * * 

Երազում եմ դեռ, որ նվիրեմ քեզ մայիսյան վարդեր,
Երբ բացվի գարուն, երբ վարդեր բացվեն կանաչ մեր այգում,
Գարնան որոտով երբ կորչեն անդարձ թախիծ ու անկում,
Երբ բացվի սիրտս՝  նվիրելու քեզ մայիսյան վարդեր:

Մեր օրե՜ր անցած, դուք հողմով տարված մայիսյան վարդեր,
Անցյալն է սրտում ափսոսանք դառնում, վիշտն է մեզ պատում,
Երազ կդառնա և մշուշ՝ հեռվում՝ թախիծն անպատում,
Երբ բացվի սիրտս՝ նվիրելու քեզ մայիսյան վարդեր:

Թող սիրտդ ժպտա, երբ կրկին բացվեն մայիսյան վարդեր,
Երբ խինդով լցվի բնությունն այնտեղ, ուր ունենք մենք տուն,
Մեր այս տարիքում, ճաշակած այնքան վիշտ և դառնություն,
Թող խինդով լցվենք, երբ շքեղ բացվեն մայիսյան վարդեր….

								2011












* * * 

Այս անապատից լացի, Տե՜ր ամենազոր,
Թռցրու սիրտս, ինձ հեռուները Քո տար,
Հոգնել եմ ես չարիքից, կյանքից այս օտար,
Պարուրիր վերստին ինձ գթությամբ այսօր:

Իմ վիշտը վանիր, թախիծը, մաղձը՝ սրտիս,
Ինձ համար հոգա դարձյալ, իմ Աստվա՜ծ, իմ Վեմ,
Որ ակունքից Քո խոսքի՝ ծարաված՝ խմեմ,
Ապաքինի՜ր սիրտը իմ, ապաքինի՜ր ինձ:

Չար կասկածները ամեն, ուր միտքս է եռում,
Հեռացրու սրտից իմ, վստահ դարձրու ինձ,
Լսիր աղոթքս, Աստվա՜ծ, ազատիր վշտից,
Այս անապատից լացի թռցրու ինձ հեռու…

					2011




* * * 

Դու ասում ես ինձ, իմ Աստվա՜ծ,
ՙՈրդի՜ս, եթե ընդունես իմ խոսքերը,
Եվ գանձի պես քեզ մոտ պահես իմ պատվիրանները…
Այդ դեպքում կհասկանաս, թե ինչ է Աստծու հանդեպ վախը,
Եվ Աստծու մասին գիտելիքներ կգտնես…՚
Երբ ասում ես ինձ՝ ՙՈրդի՜ս….՚, ուրախանում եմ ես...
Առաջ այդպես չէի …
Ուրախանում եմ ես…
Քո բոլո՛ր  խոսքերը սրտիս մեջ կպահեմ, իմ Աստվա՜ծս,
Իմ սիրտը կապրի մշտապես Քո խրատների հովանու ներքո.
Թող աշխարհը ճնշի, ոչինչ,
Կհաղթահարեմ Քեզանով ամեն խոչընդոտ ու վախ,
Որ Քո Խոսքով ընթանամ, իմ Աստված…
Որ ազատագրում ես ինձ,
Որ մեծ Բաբելոնի պարիսպներից հանում ես ինձ դուրս,
Օվկիանոսածուփ չարիքներից ամեն ազատու՛մ ես, 
Սիրտս հաստատում ամեն օր Քո Լույսի մեջ.
Ի՛նչ երջանկություն…
Ո՜չ հարստություն, ո՜չ հռչակ, ո՜չ փառք, ո՜չ անուն,
Թող ինձ չգերեն, քանզի ոչինչ են,
Քանզի Աստծուս խոսքով պիտի ընթանամ ես – 
Ահա իմ դրոշակը. 
Աստծուս խոսքով պիտի ընթանամ ես,
Համբուրում եմ իմ այս դրոշակը ես…

							2011




* * *

Մենակություն՝ անբառ, անխոս. լռություն…
Ու՞ր հասար դու՝ այդպես մենակ և ուշիմ,
Ի՞նչ ես ընկել՝ շփոթահար և նկուն,
Մենա՜կ ոգի, մենակության դու գերի:

Ե՜լ, մի՛ մնա այդպես անօգ, սնոտի,
Ոգիդ հառնի թող վերստին, ելնի վեր,
Դու երկնքի Աստծուն նայիր, ելիր վեր,
Կփարատվի ամեն կասկած, ելիր վեր…

Քնի մահճից արթնացիր դու, ելիր վեր,
Քայլիր ճամփադ, ոգևորվի՜ր, ելիր վեր,
Աստված նորից կտա քեզ ուժ, ելիր վեր,
Ելի՜ր, տոկա՜, քայլիր դեպի, դեպի վեր…

				2011




* * *

Ես ուզեցի մի երգ գրել երջանկության մասին,
Մի բանաստեղծություն, մի խոսք, մի երգ,
Մի վարդաստանի մասին, մեղուների պարսի,
Գարնան արևի՝ զենիթում, մի երջանիկ սրտի մասին,
Գրել գեղեցիկ, հյութեղ պայծառության մի երգ երջանիկ մի սիրո մասին,
Երջանիկ, երջանիկ  սիրո մասին մի երգ…

Ես ուզեցի երգել Ուրախության և Լույսի մասին,
Ուախության, Ուրախության  և Լույսի մասին,
Ուախության, Ուրախության  և Լույսի մասին,
Ես ուզեցի երգել եղբայրության, եղբայրության մասին,
Պայծառ, անդավ այդ սիրո մասին,
Եղբայրության, եղբայրության, եղբայրության մասին
Ուզեցի երգել…
Հուռթի այգեստանի պտուղների մասին,
Լռության մասին ուզեցի երգել, պայծառ լռության,
Պայծառ սրտերի, պայծառ խոսքերի մասին մարդկային,
Բայց տրտում էր ողջը, անհրապույր ու խեղճ, և դավադիր…
Եվ ամաչեցի ես, իմ սրտի մտադրությունից ամաչեցի ես,
Որ պիտի երգեր արևի և անսահման Լույսի մասին,
Անսահման Լույսի, անսահման Լույսի մասին,
Անսահման Լոյւսի և խնդության մասին…
Բայց մտադրությունս այդ սուզվեց հատակն իմ տրտմության…
Եվ սիրտս լցվեց խոսքերով տրտում,
Հեռու երազի, դատարկ երազի, անհաս մի կյանքի երգերով տրտում 
Իմ սիրտը լցվեց….

						2011

* * *


Լսիր դու ինձ, օ՛, սի՜րտ դժգոհ,
Եվ մեղապարտ, և՜ խիստ համառ,
Թող ոչ մի խոսք աստվածամարտ 
Էլ չծագի գաղտնիքում քո:

Հերիք դու ինձ տանջես քեզ հետ,
Հոգնել եմ ես վիճակից այս,
Հույզերից այս անհեթեթ,
Սին հույսերից, լույսից անհաս:

Հակասությանց գոռ զորքերի
Կռվի դաշտ ես քո մեջ հարթել,
Ինքնակործան պատերազմի
Զենքեր ես ինձ պարտադրել;

Աստված փրկում, հանում է ափ,
Ինձ դու ծովն ես հրում նորից,
Պատել են ինձ վախ ու տագնապ,
Ու հոգնել եմ ես քեզանից…

			2011






ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ ՎԵՐՍՏԻՆ ԻՆՁ

Ես ասում եմ վերստին ինձ,
Հորդորում եմ ինձ անդադար՝
Լինել ուրախ, հաղթել վշտին,
Հորդորում եմ անդադար:

Մթին ամպեր, մեգ և խոնավ՝
Տրտմեցնելու համար են լոկ,
Ալիքներում ինչպես մի նավ՝
Հուսա Լույսին    և  Արևին:

Դու մաքառիր, այս է ուղին,
Կռվի՜ր, հաղթի՜ր հին քո սրտին,
Նրա միջի մառախուղին,
Հուսա Լույսին ու Արևին:

Չի անարգի Աստված երբեք
Մաքառումը քո անձանձիր,
Դու վառ պահիր հույս ու հավատ,
Հուսա Լույսին, զվարթացի՜ր…

Հուսա Լույսին, զվարթացի՜ր,
Ով գնում է Լույսը դեպի,
Նրա հետ է Աստված, հիշի՜ր,
Ալիքներից մի՜ վախեցիր:

Ալիքներից մի՜ ընկրկիր,
Հակադիր է կյանքը՝ նավիդ,
Փոթորկալի ծովը ճեղքի՜ր,
Հասիր ափերն աստվածային…

			2011












* * *

Ցավը անցավ, բռա՛վո ինձ, 
Ես հաղթեցի խավարին,
Զվարթության երգով իմ
Ես հաղթեցի խավարին:

Ելավ արևն ու շողաց,
Լույս է, լույս է սրտիս մեջ,
Ու չի լքել ինձ Աստված,
Ու կլինի միշտ այդպես:

Այդպես զվա՜րթ ու պայծառ
Շողա՜, երգիր ու մղվիր,
Աշխարհն ինչքան որ մութ է,
Դու առավել լույս եղիր…

Ցավը անցավ, բռա՛վո ինձ,
Ես հաղթեցի խավարին,
Զվարթության երգով իմ
Ես հաղթեցի խավարին…

Ես հաղթեցի խավարին,
Ոգևոր եմ, հրա՜շք  է,
Զվարթության երգով իմ
Ես հաղթեցի խավարին…

			2011





* * *


Ես ինձ ասացի. չառնչվես երբեք, այլևս երբեք,
Այս աշխարհի լավին ու վատին չառնչվես երբեք,
Անընդունելի են քանզի հավիտյան:
Բայց ցավ կար ամեն ինչում,
Եվ խաբեություն կար չչեզոքացվող...
Կնճիռները տես ցավագար մարդկանց...
Դու չես կարողանա ապացուցել երբևէ,
Թե երկու անգամ երկու հավասար է չորսի:
Եվ պայքարն է զուր…
Ջղաձիգ կծկումները, ողջ վիրավորանքը նրանց դու կարդա,
Ստորացվածությունը, խորքերը սրտերի նայիր,
Տես անհնարինությունը արդարության այստեղ և այլուր,
Այստեղ և այլուր,
Դու տես տառապանքը նրանց,
Խենթացածների գիշերային լացը լռության մահճում,
Լռությունը կարդա նրանց հուսահատ,
Հառաչանքները լսիր,
Հարստահարողներին նայիր դու մարդկանց,
Եվ զենքերը, զենքերը նրանց,
եվ հանցավոր սրտերի մեջ նայիր դու նրանց.
Ո՜չ, չի լուծվելու ոչ մի հարց այնպես,
Որ գոհացում տա մեզ այստեղ,
Եվ չկա Սե՛րն աստվածային…
Հայացքդ նետիր դու հեռուն, հեռու՛ն հայացքդ նետիր,
Ու մի՜ վստահիր երբեք դու նրանց,
Որ փոխարինել են իրենցով՝ Աստծուն,
Եվ ասում են. ՙԵրկու անգամ երկու հավասար է, դիցուք, միլիարդի՚:
Թույլ է ազնիվը, ուժեղը՝ գազան, ուժեղն՝ ավազակ,
Մի՜ հավատա նրա խղճին մարդկային,
Խաբկանք է ողջը ու պատրանք, պատրանք…
Դու չես կարողոնա ապացուցել երբեք,
Որ երկու անգամ երկու հավասար է չորսի.
Կյանքն է զառանցանք,
Կյանքն է զառանցանք…
Միայն Աստված և ուրիշ՝ ոչ ոք…
Կփոխի ողջը, երբ որ այցելի երկիրն այս նեխած…
Աստծուն հուսա  բացառապես,
Եվ միայն՝ Աստծուն…

						2011




* * *

Օրեր են լինում՝ մահացու տանջանք,
Մահացու մի ցավ զարթնում է իմ մեջ,
Խավարն եմ կարդում էությանս ողջ,
Սիրտս չի գտնում լուսավոր մի էջ:

Ահավոր վշտի օրեր ու ժամեր
Կիտվում են գլխիս, փորձություն որպես,
Կռանում եմ երբ անցյալիս վրա,
Ամոթի ցավից խորտակվում եմ ես:

Փշաքաղվում եմ, ժապավենն եմ երբ
Դիտում իմ կյանքի, պատկերներն այդ հին,
Դժբախտ եմ, մթին, որպես հեգ անցորդ,
Անցյալի՜ հուշեր, մտրակում եք ինձ:

Ուրիշ ելք, հնար չի մնում արդեն,
Խայթել է սիրտս մահացու մի իժ,
Կանգնած է ահա  իմ եսը իմ դեմ,
Որպես անարգանք ու որպես պատիժ:

Հուշերից ինչպե՞ս ձերբազատվեմ ես,
Որ դատում են ինձ ու դատապարտում,
Զոհեցիր Որդուդ, որ հոգիս փրկես,
Բայց տապալվել եմ այս ահեղ մարտում:

Ա՛խ, անմեղությու՜ն, արժեք ես անհուն,
Որից զրկվեցի ընթացքով իմ չար,
Օգնիր ինձ, Աստվա՜ծ, ցույց տուր գթություն՝
Գտնելու ուղին, ուր լույս կա պայծառ…

				2011



* * *  
Ախ, ինչպես եկավ, է՜, ալիքը այս ջինջ՝
Ոգևորությանը պայծառ ես հասա,
Ինչպես որ աղբյուրն է հոսում թավուտում՝
Սուրբ լռության մեջ երգեցիկ հոսանք,
Ինչպես որ աղբյուրն է հոսում թավուտում…

Դու ես տալիս հույզն իմ՝ մաքրաջինջ կայլակ,
Ինձ արև ես հանում մուժից մթամած,
Երգեցողությամբ վառ, հույսով եմ լցված,
Սևամաղձս չկա, սիրտս է հրացած,
Երգեցողությամբ վառ, հույսով եմ լցված…

Ես թակեցի համառ, բացվեց ինձ համար,
Փնտրեցի՝ գտա, գտա ես Լույսը,
Շնորհեցիր Դու ինձ՝ լիապես, առատ,
Աղոթում եմ, երգում, քայլում դեպ Լույսը,
Շնորհեցիր Դու ինձ՝ լիապես, առատ…

Տրամադրությունը, հույսը տվեցիր,
Մութից հանեցիր ինձ բարձունքը Լույսի,
Լույսի պայծառացման տոն է հոգուս մեջ,
Եվ գոհություն եմ ես, աղոթք եմ, հույզ եմ,
Լույսի պայծառացման տոն է հոգուս մեջ….

				2011








ԱՆԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսքան խոսքերից հետո՝ թե փուչ, թե իմաստալից,
Այսքան ընթերցումներից, որոնումներից հետո – մի ողջ կյանք,
Այսքան բանաստեղծներից հետո, 
Ես կասեի՝ անթիվ անհամար,
Այսքան հռչակավոր ՙգերաստղերից՚ հետո,
Հոմերոս, Դանթե, Շեքսպիր, Նարեկացուց հետո,
Ինքնավազքից հետո՝ հևիհև,
Այսքան ցուրտ երկնքի ներքո,
Այսքան երկար մի կյանքից հետո,
Այսքան վտանգավոր աշխարհի սարսափներով լցված,
Այսքան ռազմաշունչ երեսների դիմաց՝
Այսքան պատերազմներում արյունաթաթավ, դաժան,
Այսքան աղոթքներից հետո ամենօրյա,
Ի՞նչ ասեմ, այլևս՝ ի՞նչ…

Այսքան սոսկումներից հետո՝ սրտի,
Այսչափ հառաչ-բանաստեղծություններից հետո,
Աստվածահայտնությունից հետո՝ աշխարհում,
Աստվածաշնչից, Հովհաննես առաքյալի ՙՀայտնություն՚- ից հետո,
Այսքան ունայնաշունչ, անկենդան կուռքերից հետո,
Ու դարձից հետո,
Հիասթափություններից հետո այսքան,
Երերումներից, հոգու երկրաշարժերից,
Դղիրդ-կործանումներից, փլուզումներից հետո՝ ողբալի այսքան,
Այսքան մենակությունից հետո,
Այսքան անապատ տենչալուց հետո,
Անհավատության ու հավատի միջև
Այսքան ցավագին վայրիվերումներից,
Խմիչքներից, արբեցումներից, ծխախոտից հետո,
Այսքան սին թափառումներից,
Զղջումներից, վախերից, փշաքաղումներից,
Կասկածներից հետո այսքան,
Ինչ ասե՞մ, այլևս՝ ի՞նչ…

Այսքան  զայրույթ-գժտություններից հետո, գալարումներից,
Հայրենի երկրից այսքան, այսքան խենթացած-խռով լինելուց հետո,
Այսքան ուրացում-վերադարձներից հետո,
Այսքան թոշնումներից հետո,
Այսքան կռիվ-փոթորիկներից, վեճերից հետո՝
Տաղտկալի, անհամ,
Լեռ-լեռ թշնամանքներից հետո, մեծ գլխացավանք,
Այսքան անմարելի ատելությունների կրակներից հետո
Անհաղթահարելի,




Այսքան ափսոսանք-մեղմություններից հետո,
Այսչափ նվաստացուցիչ պարտություններից հետո,
Անդնդախոր մեղանչումներից հետո, այսքան ցավատանջ,
Այսպես փոշիանալուց, ջնջվելուց հետո,
Այսքան ինքնավատնիչ ու ամոթալի կրքերից հետո ապականիչ,
Այսքան սառնարյուն դատողություն-եզրահանգումներից հետո,
Ինքնադատապարտում-դատափետումներից հետո՝
Անողոք-մշտագո,
Այսպես ողբագին գլխահակումներից հետո՝ անհույս, ցողունաջարդ, 
Այսքան ինքնահորդոր-խրատներից հետո անօգուտ,
Այսքան պաղատանք-աղոթքներից հետո,
Բոլոր դոգմաները, տաբուները ամեն
Ջարդուփշուր անելուց հետո այսպես,
Այս լռության ձորում, ուր իմ վշտի գետն է հոսում,
Այս տարաժամին ի՞նչ ասեմ, այլևս՝ ի՞նչ…

Ինձ մնում է միայն սպասել Աստծուն ...						

                                                             2011






ԵՍ ՆՈՐԻՑ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ

Ես նորից մոտենում եմ ինձ,
Այսինքն՝ հանում եմ ինձ առօրյայի միջից,
Կսկծալի ծխից հոգևոր, առօրյայի միջից, առօրյայի,
Որ անհասկանալի խորհրդանիշ է դարձել,
Դեպի երկինք աճող դառնության ծառ է դարձել ինձ համար՝
Կեղծիքների դալար տերևներով պատված-պարուրված,
Կռիվը նրա խորհրդանիշ է, տանկը թրթուրավոր
Եվ ահարկու բոինգը նմանապես,
Բոլո՛ր արյունոտ պաշտոնյաները աշխարհի 
Չարի հայտնագործություններն են նմանապես,
Չարի խորհրդանիշ-առեղծվածներ…
Բա՛ն չեմ հասկանում,
Չեմ հասկանում ոչինչ,-
Ինչու՞ է մարդն այդպես, մեկնաբանե՜ք ինձ,
Թե միայն Աստված և Սատանան գիտեն:
Բայց դե գիտեմ՝ Չարն է շեղել…

Թեկուզ եթե ինձ տային աշխարհի բոլո՛ր հանքերը ոսկու,
Բոլոր հանքերը ոսկու,
Կմերժեի ես գողանալ կամ շորթել տասը դրամ իսկ,
Ինչ որ մեկից, ինչ որ տեղից,
Թեկուզ եթե ինձ տային աշխարհի բոլոր հանքերը ոսկու:
Նույնիսկ թեկուզ հանուն այն բանի, որ տերը կդառնայի
Անբա՛վ մի հարստություն… Հարգանք ու պատիվ,
Ես կմերժեի…
Թեկուզ տպագրեի բանաստեղծություններիս հատորները՝
Կազմերով ոսկեցոլ,
Գովազդ-կարծիքներով հանդերձ՝
Մեծարող խոսքերը իմ բոլոր,
Նույնիսկ եթե անհայտությունից դուրս լողայի ես,
Ապշահար լինեին թեկուզ հենց այդ պատճառով
Բոլոր նախանձահույզ, չկամ գրամոլներն աշխարհի…

Թողած չարության աշխարհը՝ այլասերված այսպես,
Ես նորից մոտենում եմ ինձ…
Ես երգում եմ քամին, քամին,
Որ թռչում-անցնում է,
Հեռացող նավը, որ հառաչածին կարոտս է պահում արթուն,
Նա՜վն եմ ես երգում՝
Ազատության և փախուստի խորհրդանիշ,
Երգում եմ գիշերը,
Աստղերը և լռությունն եմ երգում ես,
Ես երգում եմ կանաչօրոր ծառերը
Լռության հատակում ձորակի,
Կարկաչը փախչող առվակի, հովը…
Ես երևակայում եմ ինձ քարանձավում մենակության,
Եվ քարանձավիս դռանը աճում է
Մենակությանս ծառը վշտալեցուն, երկնահաս,





Եվ այնտեղ ես սիրում եմ արևը,
Երկնակապույտ հեռուն,
Եվ ես լեցուն եմ երգով, խոսքերով,
Կյանքո՜վ եմ լեցուն անհատակ,
Իմ ստեղծիչ Աստծո՜վ,
Եվ շնչում է իմ սիրտը առողջ ելևէջներով,
Եվ իմ անձավի դեմով, սուր-սուր քարերի վրայով
Թռչում-վազում է մի լուսավոր գետակ՝ մի պատկեր,
Բյուրեղյա ցողեր արևի շողերում դյութիչ, ցոլքեր,
Թեկուզև երկնահաս է մենությանս ծառը վշտալեցուն…
Եվ ես երգով եմ լցված, լույսով,
Երկինք եմ նայում, երկինք,
Ճախրում, երգում են թռչունները,
Չկա նեխահոտ առօրյան  ո՛ղջ երկրագնդի,
Եվ ազատ եմ ես, և երգում եմ ես,
Եվ սպասում իմ Աստծուն,
Որ պիտի գա  դարձյալ,
Առավոտ, կեսօրին, իրիկնապահին սպասում եմ ես,
Եվ սիրում եմ ելնող աստղերը ես…

					2011


* * *
Լույս եմ ակնկալում,
Բայց խավարի թիկնոցն է ուսերիս,
Խինդ եմ երազում անխառնածին,
Դավադիր թախիծն է անձրևում,
Հավատում եմ, թե ունեմ պաշտպանություն վերին,
Ու նույն պահին էլ քմծիծաղում  ինձ վրա,
Եվ խիստ տրտմած խոնարհվում  է սիրտս,
Լռամած կախվում ցած,
Ինչպես ջարդված ցողունի վրա
Հասկը գլխահակ:
Գթա՜  ինձ, Աստվա՜ծ, խավարը վանիր,
Վերականգնի՜ր ինձ,
Մի՜ թող, որ քմծիծաղեմ իմ հույսի վրա մարած,
Հուսահատությունս հույսի վերածիր,
Գիտեմ, որ հոգիս քարանձավ է խավար,
Լույս ծագեցրու այդ խավարի մեջ, Աստվա՜ծ…

				2011

* * *

Խոնարհ մնա, դարձիր լսող, դարձիր հեզ,
Աստծո ձեռքում՝ փափուկ կավ,
Թույլ տուր Նրան, որ աշխատի հոգուդ վրա,
Մի՜ տրտնջա, մի՜ զայրացիր
Առիթներով աշխարհի,
Խոնարհվիր Աստծու հզոր ձեռքի տակ:
Այլապես մեղքը դռան ետևն է…
Եսիդ բոլոր հանգույցները արձակիր՝
Որքա՞ն պիտի ների քեզ Աստված,
Մի՜ խանգարիր, թույլ տուր Նրան աշխատել,
Նորից, դարձյալ ասում եմ քեզ՝
Խոնարհվիր Աստծու հզոր ձեռքի տակ…
Ու հուսա, ու կծագի քո սրտում
Ուրիշ, ուրի՛շ այգաբաց…

				2011



* * *

Տու՜ր մեզ, Աստվա՜ծ, առողջ երկինք հոգու,
Բնակարանն այս բուժի՜ր, ապաքինի՜ր,
Հարություն տուր խնդություններին մեր,
Դու մեր հույսի ամենազոր Աստված:

Մեր վիշտը տես, տխուր հայացքը՝ հոգու,
Հույս տուր Դու մեզ, Չարի հետքը ջնջի՜ր,
Շաղ տուր մեր մեջ լույսի շողեր պայծառ,
Ազատի՜ր մեզ, խինդով, երգով լցրու:

Տուր՝ չընթանալ, չքայլել առանց Քեզ,
Տուր՝ հեռանա  Չարը մեր ճամփեքից,
Տուր մեր անձին աղոթասեր ոգի,
Անբեկ ուղի մաքուր՝  Քեզանով սոսկ …
                                                               
                                                 2011








ԵՐԳ



Գովաբանենք մեր Աստծուն ամեն կերպ մենք,
Գովաբանենք հնչեղ սրտով և ազատ,
Գովաբանենք, օրհնաբանենք մեր Աստծուն:

Ուր էլ տանի, ուր էլ ելնենք կամ իջնենք,
Գովաբանենք մեր Աստծուն, գովաբանենք,
Գովաբանենք, օրհնաբանենք մենք Նրան:

Հուսանք, սիրենք մեր Աստծուն, սիրենք, հուսանք,
Մեր սրտերը՝ բաց դարպասներ, պահենք բաց՝
Որ գա Աստված, մեզ այցելի ամեն պահ:

Թողած կասկած, վախ և անհավատություն՝
Առաքենք  վեր մեր Աստծուն միշտ գոհություն,
Սաղմոս, աղոթք և գոհություն՝ մեր Աստծուն:

Սաղմոս, աղոթք և գոհություն՝ մեր Աստծուն,
Նա մեզ պահում-փրկում է հար, պահպանում,
Նա՝ մեր Աստվածն ամենազոր, ամեն օր:

Մեզ պահում է ամեն օր Աստվածը մեր,
Սնում կենաց Խոսքով ժամանակում չար,
Չարից ազատում է մեզ Աստվածը մեր…

Մեզ տալիս է երգ, լույս, արև, հաց և ջուր,
Ամուր ոգի, որ դիմադրենք  մենք Չարին,
Գովաբանենք մեր Աստծուն, օրհնաբանենք…

					2011




* * *

Արև՜, որ ելար այսօր էլ լուսավորելու մեզ,
Երկինքը, հողը, սար ու քար, կյանքը շրջակա,
Դու Աստծո ձեռքով վառված ջահ ես մշտահուր,
Եվ խորհուրդն ես Նրա կենսապարգև…
Թող տա Տերը երկնավոր,
Որ շողերը Նրա հոգու հասնեն իմ սրտին,
Որ տրտմություն, վիշտ և հոգու կուրություն
Փախչեն ինձանից, թող իշխի բարին:
Ոճրալի աշխարհում Սատանան է իշխում,
Բայց թող իշխի բարին իմ մեջ, զվարթ խինդը հոգու,
Իմ հոգու մեջ, իմ անընթեռնելի խորություններում
Թող լուսավորի ամեն սև բիծ և անմիտ կասկած,
Թող հաղթահարեմ դրանք հույսով երկնավառ,
Թող հեռացվեն դրանք,
Թող մութը մեռնի, թող լույսը շողա…

Ես անվերջ, ամեն օր և ամեն գիշեր
Այդ երկնամուղ մտքից եմ ձգտում մնալ կառչած,
Որ չտապալվեմ, որ հուսամ աներկմիտ,
Քանի որ երկրում Սատանան է իշխում,
Թող որ հույսս երկնքի վրա մնա կառուցված,
Որ չարիք կյանքի մեջ, խավարուտում այս կուռ
Շողա ինձ համար Լույսն այն կենսատու…

						2011





* * * 

Մենությանս վանքից ելնելով՝
Ես նորից ու նորից երգում եմ Լույսը:
Լույսը այգաբացի,
Որ ծավալվում է հետզհետե,
Պայծառանում ավելի,
Որ դառնա հրե մի կեսօր…
Ես նորից ու նորից երգում եմ Լույսը,
Եվ սիրտս շտապում է վերափոխվել,
Թռչուններին եմ  երգում ՝ ճչացող, երգող ու կանչող,
Ես ծառերն եմ վերակերտում, հոգուս ակվարելը իբրև,
Ու պահում սրտիս հուշերում,
Ես ուզում եմ ընդգրկել բոլոր գույները պայծառակերպվող,
Բնության և հոգուս գույները բոլոր,
Ազատագրվում եմ, ասես, խավարից,
Երգելով էությունը լույսի:
Արթնացել եմ ես վաղ առավոտյան,
Որ տեսնեմ ծնունդը լույսի,
Երկինքը տեսնեմ մավի, հմայվեմ լույսով,
Հակառակ ո՛ղջ իմացությանս՝ հիվանդացնող ինձ,
Ողջ թախծին, հուսալքումին,
Տիեզերական ողբին աշխարհի՝ իմ սրտում,
Ես  բարձրացնում եմ սրտիս լուսավորվածությունը,
Հույսիս թևերի վրա եմ դնում ես նրան, Աստծով,
Խավարից դեպի լույսն եմ վերակերտվում ես,
Եվ լույսն այդ դառնում է ամենուրեքյան խավարը ճեղքող,
Ինձ համար, ասես, գրոտեսկային հրաշք,
Որ հեղում է Աստվածը վերից…
Վաղ առավոտյան եմ արթնացել ես,
Եվ երգում եմ լույսը
Եվ սպասումն եմ երգում իմ պայծառակերպման,
Սպասումն եմ երգում իմ պայծառակերպման….

Նաև պիտի երգեմ վարդենին՝ հողից հառնած խորհրդանիշ,
Ասես Եդեմի պարտեզից մնացած հիշողություն,
Ես պիտի երգեմ առուն անտառում, թավուտները լուռ,
Գետը դաշտամիջյան,
Խաղաղության երազները իմ պայծառ
Եվ լռությունը սուրբ պիտի երգեմ ես,
Թավուտների  անոտնահետք լռությունը:
եվ ինձ բժշկող հորիզոնը պիտի երգեմ ես,
Խոստումները Նրա՝ սևամաղձս բուժող սպեղանի,
Եվ պիտի քայլեմ այլ ափեր և դեպի երգեր ուրիշ՝
Իմ հոգու անծանոթ, անտես խորություններից  բխեցող,
Ու լույսը պիտի ծավալվի, ծավալվի,
Ու երկինքը պիտի ծավալվի՝  աստիճան առ աստիճան,
Խորություններս պիտի խորանան, ողողվեն լույսով,
Եվ կծավալվի Աստված, կծավալվի,
Բոլոր հեռաստանները լցրած իր լույսով, Իրենով,
Հենց Ինքն է Լույսը,
Եվ կերգեմ ես Աստծուն և Լույսը Նրանից ճառագված…

							2011







* * *

Այլ խորություններ հոգիներում կան,
Այլ կերպ ես հիմա տեսնում դու կյանքը,
Երկինքն է ուրիշ, շանթի փայլն անգամ, 
Մարդն է փոխվել խիստ, խոսքի երանգը:

Շերտեր կան խորքում՝ մահացու, թաքուն,
Դավերն էլ քո դեմ քեզ խինդ են առթում,
Ա՜յլ ծփանք ունեն հասկերը արտում,
Իմաստունն ուրի՜շ խոսքեր է հղկում:

Ա՜յլ է հայացքը, հոնքի խաղը կեռ,
Որ պատերազմի ձեռնոց է ահեղ,
Ա՜յլ է սիրտը մեր ՝ փոխված ու երեր,
Այլ՝ ուժը նրա և սերը անմեղ…

Ամեն ինչ ա՜յլ է, նոր ու անքնին,
Նոր ակոսներում նոր սերմ ես նետում,
Նոր արժեքներ կան, նոր գունաթափում,
Ողջու՜յն քեզ, սրտիս նո՜ր իմացություն…
                                    
                                                          2011
                                                          
   






* * *

Կյանքը խոստացած, որ կտա Աստված,
Կլինի հրաշք, հրաշքն Աստծու,
Թշվառությունն այս՝ մեզ պարտադրված,
Մինչև հիմա դեռ կյա՜նք եք դուք կարծում:

Ու տրտմություն է աշխարհը հագած,
Ու մարդն է անվերջ չարությամբ հարբում,
Եվ երջանկության պատրանքը գրկած՝
Այլոց էլ է նույն կեղծիքով խաբում:

Ա՜յլն եմ երազում քնիս մեջ անգամ,
Եվ ոչի՛նչ այստեղ ընդունելի չէ,
Չկա շուրթ անկեղծ, չկա բարեկամ,
Աստծո աշխարհն է իմ անմահ տենչը…

Տենչում եմ անվերջ, ամեն ժամանակ,
Կտրած ամեն կապ, պատրանքներ կամ հույս,
Առանձնացել եմ, մնացել մենակ,
Ատելության մարդ ինձ կոչեք թեկուզ…

Ատելության մարդ ինձ կոչեք թեկուզ՝
Առանձնացել եմ, մնացել մենակ,
Կտրած ամեն կապ, պատրանքներ կամ հույս,
Տենչում եմ  անվեջ, ամեն ժամանակ…


Կյանքը խոստացած, որ կտա Աստված…

                                                      2011      






ԱՌԱՎՈՏ

Հորիզոնում բացվում է վարդը արևի,
Դու, արև՜, շողա  հրադեմ,
Հեղիր ճառագումներդ իմ գլխին...
Եվ առավոտը բա՛րձր է,
Ու կապույտ է առավոտը,
Անհնարին մի ծագմունք ասես,
Եվ կիսաբաց կոկոնն արևի հսկա
Ինձ հուզում է չափազանց վայրերում այս անմարդ,
Եվ կթաքցնեմ վերքերս բոլո՛ր-բոլորից…
Եվ գնում եմ տեղանքով անուղի,
Ոչ ոք չկա, ոչ մի շունչ, լռություն է խորին:
Թաքուն վայրեր են, ծածկված ցավեր են,
Մեծ հորիզոն է,
Մեծ լռություն է,
Անճանապարհ հեռու է
Եվ մենակություն…
Արև՜, հեղիր վարդ հուրերը քո իմ գլխին,
Իմ սրտին հեղիր ճառագումները քո
Տարածքներում այս մենակության,
Դեռ չի վերջացել ոչինչ անուղիում իմ,
Դեռ քայլում եմ վայրերով կուսական…
Եվ ողջունում եմ այս մեծ լույսը երկնքի,
Եվ ոգևորված գնում եմ առաջ,
Եվ արևն հեղում է իր ճառագումները իմ գլխին…

			2011




* * *

Ոիրեմն պարզվում է՝
Ինչքա՛ն դժվար է քրիստոնյա լինելը:
Իսկ իրականում պարզամիտ էիր չափազանց:
Եվ դժվար է չարության աշխարհում փոխվելը,
Այևս մենակ չզգալը, փոխվելը…
Նո՛ր լինել, իրոք, նո՛ր,
Երբ կրկնում ես ամեն օր՝ մենակությու՛ն, մենակությու՛ն…
Դժվար է հայտնագործել մեկ ուրիշ տարածք ու երկինք՝
Գյուտարարը լինել սեփական հոգուդ:
Ու ես հաստատում, պնդում եմ նորից՝
Չարության աշխարհում ենք ապրում մենք,
Եվ դժվար է այստեղ մենակ լինելը:
Իսկ ցատկոտում են, երգում են, պարում,
Գրում են, տպում, կամ ցուցադրում:
Այնինչ, սկուտեղի մեջ,
Որ գրկած պտտվում են, մատուցում,
Ճշմարտության կաթիլ իսկ չկա:
Եվ զբոսնում են ձևացումնե՛րը…
Եվ այստե՜ղ չէր, որ խավարում նստողները լույս տեսան:
Եվ պարզվում է՝ մխիթարիչներն են ստահոդ,
Հազարամյա գոյեր, հազարամյա գոյեր,
Եվ Հոբն է հակաճառում անվերջ այդ ստասիրտ մարդկանց,
Եվ Սատանան այնպե՛ս թաքուն է գործում:
Դժվար է, իսկապես, քրիստոնյա  լինելը,
Կարողանալ դուրս գալ մենակության ձորից
Եվ գոչել հավատով՝
Ես մենակ չեմ այլևս, Աստվա՜ծ է ինձ հետ,
Դժվար է, իրոք, չարության աշխարհում սիրելը…

					2011   













ՀԻՎԱՆԴ ԻՄ ՍԵՐ

Այդպես մենակ, այդպես տրտում ու գունատ,
էդ որտեղի՞ց եկար, իմ սեր, ոնց ստվեր,
Այդպես մաշված, հուսահատված ու հիվանդ,
 Վիշտ բարդեցիր սրտիս վրա , ինչպես լեռ:

Վիզդ՝ նիհար, թեթև ծռած դեպի աջ,
Ու աչքերդ գետնին հառած, ասես՝ վայրէջք,
Ցավը սրտիդ ինձնից թաքուն միշտ պահած,
Դու խարույկ ես  տանջանքի վառել իմ մեջ:

Մազերդ՝ մոխիր, աչքերիդ տակ՝ փակագիծ,
Գաղտնի, թաքուն հառաչանքով սուս արած,
Սակայն գիտեմ, ողջը գիտեմ, իմ անգին,
Հիվանդ իմ սեր, Աստծու կողմից ինձ տրված:

Տրտմությունդ հոգուս մեջ է միշտ մնում,
Դու սրտիս մեջ խորախոր վիհ ես բացել,
Դու չես խոսում, վիշտդ խորն ես թաքցնում,
Իմ մեծասիրտ, մեծահոգի հիվանդ սեր…

						2011




* * *

Իմ սիրուն, իմ վառ, մազերդ՝ եղյամ,
Ճակատիդ՝ կնճիռ, դու հիվանդ մի քիչ,
Աչքերդ փակած ննջում ես ասես,
Իմ սիրուն, իմ վառ, մազերդ՝ եղյամ:

Աչքերդ փակած ննջում ես ասես,
Ու ես կողքիդ եմ, ու հուզվում եմ ես,
Ոչինչ ինձ պետք չէ աշխարհից հանուր,
Աչքերդ փակած ննջում ես ասես:

Ոչինչ ինձ պետք չէ աշխարհից հանուր,
Միայն թե դու միշտ իմ կողքին լինես…
Աչքերդ փակած ննջում ես ասես,
Իմ սիրուն, իմ վառ, մազերդ՝  եղյամ…

				2011





* * *

Որպես մխիթարություն, որպես ապավեն,
Որպես միակ հնարավորություն,
Որպես միակ հույս աներկբայելի,
Որպես գերակա  ուժ, Քեզ եմ ես դիմում,
Քեզ, որ ազատում ես ինձ Չարից դարձյալ,
Պատսպարան իմ և միակ հույսի ամրոց,
Աստվա՜ծ Բարձրյալ…
Ամեն առավոտ, երբ լույսը նո՛ր ճեղքում է խավարը,
Երբ լույսը նո՛ր ճեղքում է խավարը,
Երբ շփոթահար աշխարհն է քնած դեռ՝
Զարհուրելի նիրհի մեջ ընկած,
Ես ելնում եմ վեր՝ Քո անունը շուրթերիս,
Ես ելնում եմ վեր.
Եվ իմ աղոթքն է հնչում՝ հստակ ու պայծառ,
Երբ դեռ առավոտը նո՛ր արթնանում է…
Միակ բարձրյալ, ես Քեզ եմ դիմում,
Հիսուս Որդուդ անունով, ամեն առավոտ
Ես Քեզ եմ դիմում,
Որ զատված պահես ինձ՝ աշխարհից ունայն,
Ոչ թե աշխարհին, այլ Քեզ եմ ապավինում …
Պահպանիր ինձ և իմ մերձավորներին՝ Չարից,
Մինչև որ գա Քո Օրը աներկբայելի…

					2011






ՎԵՐԱԾՆՎԱԾ ԵՍ           

Հանդարտ եմ ու խոր:
Աշունը լուռ է, 
Երկինքն անամպ է,
Լացած անձրև է,
Ճանապարհն էլ թաց է:

Ճանապարհը թաց է,
Ծառերը հաշտ են,
Դեղնականաչ են, 
Եվ կան, որ կարմրահեր են:
Այնպես հարազատ և այնպես մոտ են
Ծառերը:
Աշունն աշուն է առաջվա նման,
Այդ ես եմ փոխվել…
Ես խաղաղվել եմ, ես հանդարտվել եմ:
Անգամ ողջ կյանքում 
Թշնամանքի  հուրը
Սրտում բորբոք պահած ու ինձ սաստիկ ատողին
Ես արդեն ներել եմ: Գուցե ներել եմ: Դա շնորհն է Աստծու,
Ես հավատում եմ :
Ո՜չ պարտություն, ո՜չ լաց՝ սրտիս մեջ,
Ոչ էլ քեն անզոր:

Աշունը հին է,
 Նոր այցելություն է առաջվա նման,
Կանգնել է սեմին:
Ծառերը հաշտ են,
Դեղնականաչ են,
Եվ կան, որ կարմրահեր են:
Աշունը հին է…
Սի՜րտ իմ, այդ դու ես նորը,
Աստծու շնորհն է՝
Վերածնվա՛ծ ես…

			2006








* * *


Դու քո Աստծո խոսքերով ապրիր,
Փնտրտուք է դա՝ և՜ զուր, և՜ անել,
Որ որոնում ես աշխարհում Չարի
Սուրբ Ճշմարտություն, որ չի էլ եղել:

Տե՜ս, սպառվել են և՜ հույզ, և՜ ապրում,
Փակուղիները չես կարող բացել,
Արճիճե պատեր, կյանքի խաթարում
Ամեն տեղ, ամեն: Փախի՜ր, հեռացի՜ր:

Ճշմարիտ ես Դու, Որդի Աստծո.
ՙԼույսը քեզանում խավար է եթե,
 Ապա խավարը որքա՛ն ավելի՚:
Այդ խավարում ես քո կյանքը վատնել:

Այդ խավարում ես կյանքը քո վատնել,
Զուր փնտրտուք է, զուր հուզում սրտի,
Դու քո Աստծո խոսքերին՝ ընտել,
Սուրբ խոսքերում այդ մնա դու արթուն:

ՙՓախի՜ր, հեռացի՜ր՚: Այդ բառերը քո,
Այդ գաղափարը ասա, կրկնիր,
Ամեն առավոտ, ամեն երեկո,
Որ քո Աստծո Լույսի մեջ մնաս:

Որ քո Աստծո Լույսի մեջ մնաս…

				2007






ՍԱՂՄՈՍ

Թե չէիր եղել մեզ համար հույս և ապավեն,
Մենք ի՞նչ պիտի անեինք,
Ովքե՞ր պիտի լինեինք, ովքե՞ր,
Մեր հույսի՜ Աստված,
Մեր Լույսի՜ Աստված:
Աշխարհը չա՛ր, չար է,
Ի՞նչ պիտի անեինք:
Լկտի, նողկալի, զազրելի է աշխարհը ոճրագործ,
Մենք ճնշված պիտի մնայինք՝
Հավիտյան լացող,
Հավիտյան լացող,
Մենք անարգված և ոտնահարված, ինչպես որ կայինք,
Պիտի մնայինք,
Եթե չէիր եղել մեր հույսը, մեր Լույսը, Աստվա՜ծ:
Մութ գիշեր ու խավար կլիներ մեր կյանքը խավար,
Խավարության մեջ, խավարության մեջ՝ խավար,
Եթե չէիր եղել մեր Աստված-Ապավենը,
Մեր հավատի Հայրը չէիր եղել եթե, Աստվա՜ծ:
Մթամած գիշերը մեր լուսաբացվում է հույսով, հույսով,
Եվ Քո ողորմության արևը
Ջերմացնում է մեզ,
Ջերմացնում է մեզ…
Արդ մարդ ենք մնում՝ և զվարթասիրտ, և՜ անխարդախ,
Ճշմարիտ Լույսիդ հետևորդ,
Ճշմարիտ Լույսիդ հետևորդ…
Օրհնված ես հավիտյան, Աստվա՜ծ…

						2008







ԿԱՐՃ  ԱՍԱԾ

Դու, որ այդքան հակադիր ես,
Հակառակ ես անվերջ այդքան,
Ես էլ դեպի իմ Աստվածն եմ նետվում,
Ու չեմ հանձնվում:
Դու, որ ամեն պղծություն անում ես այդպես,
Որ գոյատևես և իշխես ամբարիշտ ձևով,
Ու որ չպատառվի իմ սիրտը,
Չպայթի զայրույթ ու ցավից՝
Ես էլ իմ Աստծուն եմ ապավինում,
Միակ իմ հույսին: Այո՜: Ամենակարողը:
Որ խաղաղ մնամ: Չընկնեմ շնորհից: Սպասեմ հույսով…
Անժաման չէ Աստված: Կգա: Երբ էլ որ լինի: Կգա…
Ինչը որ խոստացել է ինձ՝ հավատացողիս:
Հա՜, այսպես:
Մի խոսքով՝ ի՞նչ երկար խոսեմ.
Որ ամեն ինչ այնքան պարզ է…
Անհեթեթություն է կյանքս առհավետ,
Եթե չգա Աստված,
Եթե չգա Աստված…
Դու էլ լավ գիտես, թե ինչ կա աշխարհում,
Եվ ով է իշխում:
Է՜, ի՞նչ ասեմ…
Ես էլ իմ Աստծո ամրոցն եմ մտնում,
Ապավինում Նրան հավիտյան,
Ապավինում Նրան հավիտյան:
Ահա իմ կռիվը: Սա է:
Անժաման չէ Աստված, կգա:
Երբ էլ որ լինի: Կգա…
Սա է,
Վե՜րջ…

				2008






* * *

Երբ ինձ հետ էիր Դու,
Երանելի՛ օրեր, երանելի…
Անցան-գնացին,
Օ՛, վիշտ, դառնություն…
Այցելի՜ր սրտիս մեջ, այցելի՜ր,
Մաքրի՜ր, ազատի՜ր,
Վե՜ր հանիր հողի ոլոտից…
Ես կայի, չէ՞, գուցե,
Հաշտեցրու Քեզ հետ վերստին,
Դու, միայն, Դու…
Հույսս թող վառվի,
Չսարսափեմ, չասեմ՝ մենակ եմ,
Մենակ մի մարդ եմ ես անցավոր:
Օ՛, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ,
Միակ իմ ապավեն,
Իմ Բերդ աննվաճելի,
Մշտամիակ Աստված,
Անբարբառելի կյանք….

			2007














* * * 
 
Ոնց սայթաքեցի, է՜,
Ընկա, ընկճվեցի՞ արդյոք…
Կոխրճեցին ինձ չարերն աշխարհի.
Վե՜ր հանիր,
Թե՞ կմնամ ընկած այսպես, խորտակված…
Կկորչե՞մ, Աստվա՜ծ…
Գթա՜ և ների՜ր,
Կարոտ եմ Լույսիդ, Լույսիդ,
Մի՜ լքիր, Աստվա՜ծ,
Այս անապատում չար
Մի՜ թող ինձ մենակ,
Մի թող ինձ մենակ…

				2007 







* *  *


Ինձ կուլ է տվել աշխարհը աստվածաընդդեմ,
Ինչպես կետ-ձուկը կլանեց Հովնանին որովայնի մեջ,
Ազատի՜ր ինձ, Աստվա՜ծ, աշխարհից ամբարտավան,
Որ անհաշտ է Քեզ հետ,
Եվ իր հոր հետ միադաշն է հավիտյան,
Մինչև որ կգան օրերը Նրա կործանման,
Աստվա՜ծ, Դու գիտես միայն իմ անձը,
Դու՜ ես քննում իմ սիրտը մշտապես,
Եվ տալիս ես ինձ խորին հասկացողություն իմ մասին:
Քանզի իմ մտածումների իմաստները խորին Դու՜ գիտես միայն,
Իմ հառաչանքները լսում ես գիշերով…
Իմ հոգու վերքերի տեսանող միակ,
Ես հասկանում և ընբռնում եմ խորքից,
Որ անբարիշտներից և նրանց իշխանից  չարության
Չունեմ ազատում հավիտյան՝ առանց  Քեզ:
Ո՛վ երկինքների Տեր և գերիշխան ամենազոր,
Ազատի՜ր, փրկի՜ր և պատսպարի՜ր Դու ինձ…

					2010
* * * 

Մի տրտմություն, մի խոնջանք, մի գիշեր,
Մի կորած անցյալ, հեռացած մի հուշ,
Գալիս լցվում են իմ սիրտը մի պահ,
Մի տրտմություն, մի խոնջանք, մի գիշեր…

Անցյալի՞ց, արդյոք, գրքերի միջի՞ց,
Մի տխուր ձորափ, մի խոխոջ աղբյուր,
Մի պատկեր ծերի, հարազատ մի դեմք,
Անցյալի՞ց, արդյոք, գրքերի միջի՞ց…

Մի հայր լռակյաց, լուսադեմ մի մայր,
Մի եղբայր, մի քույր, մի մեծ շիրմատուն,
Եվ լռություն մի հավիտենական,
Մի տրտմություն, մի խոնջանք, մի գիշեր…

					2010





ԱՅՆ ԿԱՊՈՒՅՏ ԺԱՅՌԸ

Այն կապույտ ժայռը, որ կա,
Ինձ գրավել է, գրավել է ինձ,
Ծովն աղմկում է ու լռում հանկարծ,
Անհողդողդ ժայռը լուռ է հավիտյան:

Ցավեր ու տանջանք կամ խնդության հուր
Ունի՞ իր սրտում՝ չի ասում ոչինչ,
Նա գրանիտյա մի ժայռ է ամուր,
Ժայռը ծովափի գրավել է ինձ:

Ծովն աղմկում է ու լռում հանկարծ…
Չարությանց հանդեպ՝ բա՛րձր, անթերի,
Նայում է հեռու ժայռը մենակյաց,
Ողջույնն իր հղում ուրի՛շ ժայռերի…

				2010





* * *

Բառերով կյանքն եմ արթնացնում իմ մեջ,
Ես խոսքեր եմ գրում ջերմ ու թրթռուն,
Առանց հրե խոսքի չունենք գոյություն,
Հրո գիրքս եմ գրում սրտով իմ անշեջ:

Եվ ոգևորվել, ոգեշնչվե՛լ անվերջ,
Կրակի պես վառվել, ճառագել հրով,
Այդպես է արևը, վառքը աստղերի,
Ես էլ նրանց պես պիտի լինեմ անշեջ:

Գիտենք մենք, անշուշտ, խավար է կյանքն այս բիրտ,
Եվ ի՛նչ խավարամած դարեր են դիզվել,
Բայց արևն անշեջ է երկնակամարում,
Ու փայլատակում է, ժպտում հրասիրտ:

Բառերով կյանքն եմ արթնացնում իմ մեջ,
Գնում եմ ճանապարհ սրտիս միջով՝ ես,
Բռնկուն է սիրտս հորիզոնի պես,
Օ՛, լինել միշտ այդպես ու փայլել անշեջ…

				2010




* * * 

Ապրում եմ լուռ ու մեկուսի,
Հեռու Չարից, չար աշխարհից,
Տրված խոհին, մտքիս լույսին՝
Ես ձգտում եմ լինել խաղաղ:

Լինել խաղաղ, լինել լռին՝
Իմ ձգտումն է ամենօրյա,
Զուր է ողջը. ալեկոծում,
Խռովք սրտի, հուզում արյան…

Խռովք սրտի, հուզում արյան…
Իսկ դու կասես. ՙԵս չեմ խղճա,
Ես կսպանեմ, քեզ կխաչեմ,
Եթե պետք է… Ու չեմ զղջա՚:

Զուր է ողջը. խռովք սրտի,
Ալեկոծում, հոգոց ու ախ,
Խնդիրը այս թեկուզ բարդ է,
Բայց ձգտում եմ լինել խաղաղ…

			2011






* * * 

Չկա հաշտություն, չկա հնար…
ՙՈչ՚ եմ ասում ես Չարին,
Ում սրտում էլ լինի նա,
ՙՈչ՚ եմ ասում ես Չարին:
Ու անցնում եմ ճանապարհով ամայի…
Ամեն օր է այս նույն  խոսքը իմ հոգում՝
ՙՄենակութնուն և Աստված,
Ահա ազատությունը իմ.
Մենակություն և Աստված…՚

			2011







* * *  


Լուսավորիր ինձ, Աստվա՜ծ, դեռ տգետ եմ, թույլ և  երեր,
Աշխարհային հողմերը դես ու դեն են նետում ինձ դեռ,
Թույլ հավատով թվում է թե պիտի մեռնեմ՝ Քեզ օտար,
Այնինչ՝ կուզեմ տևե՛լ, մնա՛լ, լուսավորվե՛լ դարեդար:

Այնինչ կուզեմ վերանա ատելության աշխարհը չար,
Բարին ծաղկի, պտուղն իր տա, քաղցրանա անդադար,
Աշխարհն ավեր - կործանումից կուզեմ փրկես, ազատես,
Չարը կորչի, այրվի, կորչի, կորչի, չգա էլ հանդես…

					2011




* * *


Ես չեմ հղում պաղատանքի խոսքեր  Աստծուն,
Որ պատժի իմ թշնամիներին չարակամ,
Չեմ կեռվում մտքի վրա այդ՝ թույնով լեցուն,
Աստված գիտի մեզ, մեր չմտածածն անգամ:

Սակայն դժվար է չափազանց սիրել անամպ,
Ինչպես որ դու ես պատվիրել, օ՛, Հիսու՜ս, մեզ,
Բայց և ձգտում եմ չլցվել ատելությամբ,
Անմեղությամբ խաղաղ մնալ եմ ուզում ես…

					2011



* * *

Խավարը ինձ չի սարսափեցնում արդեն,
Ես առաջ եմ գնում, ու երգ կա իմ սրտում,
Վերին մի կոփվածություն եմ ասես հագել,
Թեթև են քայլերս և հոգիս՝ անտրտում:

Եվ ինչ էլ որ լինի՝ ձախորդություն և վիշտ,
Եվ ատելություն, վրեժ և զայրույթ անհատնում,
Կատաղի քամի,  ձյունաբուք ամբարիշտ,
Ես չեմ կանգնելու երբեք, առաջ եմ գնում:

Ես չեմ կանգնելու երբեք, առաջ եմ գնում,
Ոգով պինդ եմ առավել, առավել համառ,
Օ՛, ուժեր վերին, որ կաք, օրհնում եմ ես ձեզ,
Դուք պահում եք ինձ, մղում, դարձնում եք ինձ վառ…

Ես չեմ ընկրկելու, ու չեմ ընկնելու ես…

					2011









* * *

Հին ողբերգության ջութակդ փշրիր,
Դու ուղի ես ելել մի նոր,
Լուսավորված է հիմա քո ճամփան,
Եվ ոտքերիդ համար էլ ճրագ ունես, որ չգայթես,
Եվ շավիղով քայլես ազատության:
Մի՜ թեքվիր աջ կամ ձախ,
Դեպի ելքն ես գնում դու,
Անտառը մթին է և ահարկու,
Եվ խավար են ուղիները բոլոր,
Դեպի Լույսն ես գնում դու,
Մի՜ թեքվիր աջ կամ ձախ,
Գնա ուղիղ և մի՜ երկնչիր…

			2011





* * *

Ես սիրում եմ այս աշունը՝ հանդարտ ու լռանիստ,
Իրիկնադեմի արևը, գունազարդ այս այգին,
Հուշերիս խորքերն եմ սիրում ես կարդալ վերստին,
Հոգուս աչքերով ծալքերը ընթերցել հուշերիս:

Ու ո՛ղջ չարությունը, փորձանքները ո՛ղջ իմ կյանքի,
Որ այնքան վիշտ տվեցին ինձ, դառնություն՝ դեռ մանկուց,
Հիմա հեռու են շատ, հեռու են մղված իմ հոգուց,
Հանդարտություն է, խոհ է, լռություն է և հանգիստ:

Մտածող աշուն եմ կարծես, մտածումի պարտեզ,
Թող որ ամենքը  մոռացել կամ հիշում են ինձ չար,
Սակայն ես ունեմ մտածումի իմ տունը պայծառ,
Ուր Աստված է բնակվում, Նրանով եմ ես լցված…

						2011







ԽԱՎԱՐՆԵՐԸ  ԲՈՑԱՎԱՌՎԱԾ ՃԵՂՔԵԼՈՎ 

Առավոտը մռայլ է, թեն,
Անձրևում է, և հուշերդ են արթնանում,
Եվ հուզվում ես հանկարծորեն,
Դառնածնունդ արցունքներդ են
Մղվում դեպի կոկորդը քո,
Ո՞վ, և ինչու՞ է դրանք ծնում քո խորքերում:
Հին եմ՝ ապրած, մտածած…
Անցուդարձ եմ անում նորից
Արահետով, շավիղներով իմ անցած:
Եվ մենակ եմ, վիրավորված, մենացած:
Սակայն ես չեմ ամաչում, այս խոսքերը ասելով,
Չեմ թաքնվում, որպես մարդ.
Ես մենակ եմ, վիրավորված, մենացած:
Սակայն… սակայն ուշք ու միտքս սրված նորից՝
Գմբեթվում են սրտիս վերև,
Ինձ հուշում են խիզախ խոսքեր,
Պայծառ խորքեր մղում հոգիս.
Մի՜ ընկճվիր, տրտունջ լալով,
Թե անցել է ջահել հույզը,
Փարթամ, շքեղ, ջահավառված
Կրակ լույսը քո կյանքի…
Ողջը խորն է, ողջը խորք է,
Մենություն է, բայց դու մնա, վա՜ռ մնա,
Աստվածային մղումներդ հիշելով՝ դու վա՜ռ մնա,
Նոր խոսքերիդ դրոշով քո անցիր առաջ՝
Խավարները բացավառված ճեղքելով…

Դու մի՜ սնվիր անվերջ, անվերջ
Մառախուղով, թախիծով,
Աստված Ինքը ուրախության Աստված է,
Թեև շուտով խոր անդունդը բաժանեց
Արարչին ու ստեղծվածին,
Աստված Ինքը երջանկության Աստված է,
Դու մի՜ ապրիր անվերջ, անվերջ
Մառախուղի, վշտի մեջ:


Եթե աչքերդ ուղղես դեպի վերև,
Ասում եմ՝ դեպի վերև եթե աչքերդ ուղղես,
Ցավ, տանջանքի հայրենիքից,
Պիղծ խնդությանց, պիղծ երգերի ու պարերի
Աշտարակից ամեն մարդու
Եթե սիրտդ ու աչքերդ հեռացնես,
Ուղղես դեպի վերև, դեպի հեռուն,
Կընդարձակվես, կխորանաս, կմաքրվես
Թախծից, վշտից, մոլորումի փակուղուց
Դու դուրս կգաս ուրի՛շ եզերք,
Ազատություն…


Ուրիշ եզերք, ուրիշ ափեր, արևներ,
Արևներ ու աստղեր՝ ուրի՛շ, ուրի՛շ,
Անմեգ օրեր, հրաշք օրեր,
Անմառախուղ, պայծառ մի սիրտ կունենաս,
Փարթամ հույզեր այլախոհ՝ նորի՛ց, նորի՛ց,
Միտքդ վսեմ, լուսավորված…


Ո՛վ դու տրտմած,  խիզախի՜ր,
Նոր խոսքերիդ դրոշով քո անցիր առաջ՝
Խավարները բոցավառված ճեղքելով…

				2011

























* * * 


Եվ փչում է սաստիկ քամին իմ դեմքին,
Եվ բոլոր ալիքները նետվում են դեպ ինձ,
Եվ ծովն է խիստ փոթորկալի…
Եվ չեմ խոնարհվում, հառաչում, լալիս,
Եվ ծագում են նոր ուժեր հոգուս մեջ,
Ամեն հակառակությանը հակառակ եմ ես,
Ամեն չարությանը՝ ընդդեմ:
Եվ ողջունում եմ կապույտը երկնքի,
Եվ ծիծաղում եմ ահա ես զվարթ,
Եվ նոր խնդությամբ է սիրտս ողողված,
Եվ բացվող այգն եմ ողջունում խինդով,
Եվ լռությունը, և բարձրությունն եմ ողջունում արևի,
Եվ սովորում եմ նորանոր խոսքեր երկնքից,
Եվ նոր մի լեզվի այբուբենն եմ մտապահում,
Եվ սովորում եմ մի նոր հրաշք լեզու ես,
Երկնայի՛ն բարբառ…
Մղված եմ, այո՜,
Որ իմաստուն խոսքեր մտապահեմ՝ վերից,
Սուրբ իմաստներով լցնեմ իմ հոգին…

				2011






* * * 

Եթե չէիր եղել ինձ համար իրական գոյություն,
Եթե լինեի անաստված մի դժնաբարո,
Եթե այսքան սխալմունքներս չտեսնեի ես,
Խավարների մեջ դեռ խարխափեի պիտի:

Աստվա՜ծ, մեծագույն գոյություն և Ստեղծիչ իմ,
Լույս ծագեցրիր մոլորվածիս Ճանապարհին,
Տվեցիր ելքը և ուղին, լույսը Քո Ոգու,
Եվ հիմա անվերջ ձգտում եմ Քեզ մոտենալու…

					2011



* * * 


Աստծուց են մեր մեջ և՜ գթություն, և՜ սեր,
Զղջումի, ցավի արտասուքը ծով,
Ամեն լավ բան և ճշմարտություն լուսե
Սնուցվում են մեր սրտում  ձեռքով Աստծո:

Մեղավոր ա՜նձս՝ Աստծուն օտարացած,
Հնազանդվի՜ր Նրան, դարձիր դու խոնարհ,
Լսո՜ղ եղիր, զղջա՜, արցունքներով լաց՜,
Սգո սի՜րտ դարձիր, մտիր ուրի՜շ աշխարհ:

Սիրի՜ր դու Աստծուն, ինչպես Նա սիրեց քեզ,
Թող չվերադառնա սիրտն այն կասկածուն,
Սատանայից զգու՛յշ՝ նորից վայր չընկնես,
Կազատի քեզ ընդմիշտ՝ մոտեցիր Աստծուն…

					2011




* * * 

Չկա մի գաղափար, իդեալ, դավանանք,
Որի վեմից ես ջուրը խմեմ կյանքի,
Ստեղծվածն է փլվում ժամանակի մեջ,
Եվ մենք թողնում ենք մեր պատրանքներն անկյանք:

Ամայի, խաբված կանգնում ենք մեր դիմաց,
Եվ չարիքն ընդունում, որպես մեզ ավանդ,
Մեր ունայնությունն է բացված առեղծված,
Ունայնության շնչից մեր սիրտն է հիվանդ:

Մեր երազներն են շնչում ունայնությամբ,
Նինջ-երազներից չենք սթափվում երբեք,
Իսկ երբ հանկարծակի արթնանում ենք մենք, 
Իդեալ, գեղեցկություն կորչում են այդժամ:

Անգե՜ղն է մեր դեմ ողջ վայրագությամբ մերկ,
Գահավեժ, վայրընթաց գնում ենք մենք հեգ,
Եվ սարսափն ու ահն են մեզ ասում՝ ՙԱյո՚,
Մենք պատրանազերծ ունայնության մեներգ:

Ինձ ուղղի՜ր, շտկի՜ր, ուսուցանի՜ր Դու ինձ,
Որ գտնեմ ճանապարհը Քո լուսավոր ,
Ինձ մի՜ թող մենակ, մռայլ ու խորտակվող,
Պատրանքներս են փուչ, լուսավորի՜ր Դու ինձ…
 
Լուսավորի՜ր ինձ, լոսավառի՜ր անմեգ, 
Նոր կյանք եմ հայցում՝ հինը մի կողմ հրած,
Նոր հայացք, ուղի, նոր աչք անահաբեկ,
Նոր արև իմ հոգում ու նոր լուսաբաց…

				2011





* * * 


Դու ինձ ազատում ես,  ուղղում ես, շտկում,
Զվարթ է սիրտս, ու չունեմ ես անկում,
Ինձ տանջող քիմեռ-հրեշներն անհեթեթ
Ոչինչ են, ու չի ազդում մութն այսուհետ:

Ինձ տարար շա՛տ հեռու աշխարհից Չարի,
Տվեցիր  ուղի՝ ճանապարհն այս բարի,
Հոգով բարձրանում եմ, բարձրանում էլի
Դեպ Աստվածը սիրո՝ խոստումներով լի:

Ես չեմ խորտակվի, չեմ հուսահատվի ես,
Եվ սիրտս՝ թախծից մեռած ու վշտակեզ,
Արևի անոթ է դառնում խնդագին,
Շողում է լույսդ, անմու՜թ է իմ ուղին:

Չունեմ այն սև վիշտը, օրերը անկամ,
Ես սիրում եմ, ու հանդարտ եմ ես, ես կ՜ամ,
Դաշտ, ծով, հորիզոն և արև, լեռ ու ձոր
Մե՛ծ պայծառություն են հագնում  օրեցօր…

				2011








ՍԼԱՑՈՒՄ

Դու լվացվել ես, դարձել ես դու այլ,
Աստված ներել է, էլ չսայթաքես,
Աստված պոկել է մտքերից մռայլ,
Մռայլ աշխարհից ազատել է քեզ…

Նայիր՝ ինչպես են տքնում արյունռուշտ,
Որ դիզեն, դիզեն, դիզեն ու դիզեն,
Որ ՙքցեն՚ ու խաբեն, թալանեն անկուշտ,
Բայց դրանք արդեն թող քեզ չհուզեն:

Ազատվել ես դու աշխարհից այս ցած,
Էլ ու՞ր ես նորից այդ դաշտը նայում,
Խո  հի՛ն, հնադար աշխարհ է հոտած,
Էլ ու՞ր են դարձյալ աչքերդ հածում…

Ծառս եղիր նորից, վրնջա՜, իմ սի՜րտ,
Սլացի՜ր, իմ մի՜տք, սլացի՜ր առաջ,
Արձակության մեջ, ազատ, անբասիր,
Թռիչքի մեջ քո մնա աննվաճ:

Ի՞նչ բիզնես, ի՞նչ փող, ի՞նչ օլիգարխներ,
Ի՞նչ առյուծ ու գել, ի՞նչ պայքար-խաբկանք,
Ի՞նչ խորհրդարան, ի՞նչ նոր դնչկալներ,
Սլացի՜ր, հոգի՜ս, ցնծա՜ անկապանք…

Թռցրու՜ ինձ, մղիր հեռունե՜րն անդարձ…
Ուր լիրբ աշխարհի երգերը չկան,
Խոսքերը հոտած, գործերը փտած,
Սլացի՜ր, հոգի՜ս, սլացի՜ր անկանգ…

Անհայտ հեռուներ, ուր  չե՜մ լինի հեգ,
Նոր կերտումներ՝ նոր, որ Չարը չայրի,
Մտածումներ սեգ, երկինքներ անմեգ,
Հեռաստաններ ճոխ՝ աննեխ ու վայրի:

Ոգևորվի՜ր վեհ, ուռճացի՜ր, իմ սի՜րտ,
Նոր խոսքեր երկնիր, նոր կարոտներ խոր,
Օ՛, երգի՜ր իմ ես ամպերի մասին,
Թափառիր անհուշ, անհու՛շ, անտխուր…

Աննեխ ու վայրի, վայրի ու աննեխ,
Կուսական, պայծառ ու չվերծանված
Նոր խոհեր ու միտք, ու նո՛ր աշխարհներ,
Հինը ընկել է, խորտակվել անդարձ…

Ինչ որ խորհել ես հին կյանքի ափին,
Մտորել ցավոտ՝ ցնորք ու երազ,
Կորել են անդարձ, հույսեր մի՜ կապիր
Հին կյանքի ափին՝ հավիտյան անհաս…


Էլ խաբեաշուրթ խոսքեր մի՜ լսիր՝
Զարհուրելի սիրտ, ա՜չք արյունալից – 
Մենք ինչքա՜ն ասես տեսել ենք զազիր,
Եվ փսխում եմ ես այս աշխարհն ինձնից…

Գլուխդ՝ բա՜րձր՝ վեհ երգեր երգիր,
Ազատություն ես ստացել, իմ ես,
Իմ աստվածաբաղձ խոհերի երկինք…
Սլացքդ, իմ սի՜րտ, հանկարծ չընդհատես…

Դեպի նոր ափեր, եզերքներ նոր-նոր,
Արևներ նորաչք և ոչ թե հանգած,
Նոր աստղեր թարթող, երկնի կանթեղներ,
Դեպ Նոր Բեթղեհեմ՝ նոր իմաստ հագած…

Նոր իմաստ հագած իմ նո՛ր ապրումներ,
Խարհրդակիր վեհ մտածու՜մ ներհուն,
Լուսավոր սրտիս պայծառացումնե՜ր,
Երգով ու մտքով թռչենք դեպ հեռուն…

				2012




 





        







       ԴԵՊԻ  ԱՍՏՎԱԾ							
                (պոեմ)
                
                     1

Ուժդ առնելով Հորիցդ երկնավոր,
Փրկում էիր,Հիսու՜ս, մեր փրկիչ,
Ախտակիրներին, բորոտներին ամեն,
Կույրերին, խուլ ու համրերին,
Մեղավորներին ամեն տեսակի:
Դևերից զարկվածներին:
Ով դիմում էր Քեզ հավատով խորին`
Բուժում էիր, Հիսու՜ս:
Կամ հազիվ Քո փեշին ձեռքը դիպցրած հույսով` 
Վերականգնվում էր:
Հիսու՜ս, Որդի՜ Աստծո,
Տրտում է այսօր դարձյալ իմ հոգին,
Տրտում է սիրտս, անզվարթ…
Քեզանով, որ Դու’ ես կյանքը և Լույսը,
Որ Հորիցդ եկար մեզ փրկելու,
Թող երկնավոր Հայրը Քո լսի իմ այս աղոթքը հիմա,
Լսի՜ր Հիսուսով, երկնավոր Հա՜յր մեր`
Դադարեմ հիշել պատահածներն ինձ հետ` երկրում,
Որ ամբողջ իմ կյանքում հալածում են ինձ,
Եվ չունեմ ես հանգիստ ու դադար:
Բարեխոսիր, Հիսու՜ս, զվարթասիրտ  դառնամ,
Որ խաղաղ լինեմ ես այսօր, 
Լինեմ ես խաղաղ….
Երկնավոր մեր Հոր Լույսը
Թող սրտիս մեջ կաթի,
Այսօր էլ ուղիս թող թեքվի դեպի
Աստծուն տանող ճանապարհը նեղ…
Փա՛ռք երկնավոր մեր Հորը. 
Ամեն:

                     2

Քնել է հոգիս մուժում անխռով:
Եվ ես եմ ահա դատարկված մի մարդ,
Մի տեսակ, ասես, անխորունկ սրտով,
Դժգոհ ամենքից, ինքս ինձ` օտար…
Դժգոհ ամենքից, ինքս ինձ` օտար,
Երկրագնդից ողջ, հարազատ երկրից,
Իմ այս անկյունից խռով եմ դարձել:
Դարձել եմ խռով:
Նստած սեղանի մոտ ամեն օր,
Կամ թիկն տված մահճակալում իմ,
Ասես թոշակառու մի ծեր,
Ալեհեր և սկլերոտիկ,
Ամենքից լքված,
Մի գիրք եմ վերցնում, թերթում,
Ձանձրացած՝ մի կողմ նետում անուրախ,
Հոգոց հանելով, հոգոց,
Մնում եմ շվար, լուռ, ու անմիտ ընկած,
Հիվանդ, գաղտնապահ երեխայի պես,
Երեխայի պես մենակ:
Մեկ ուրիշ գիրք: Կարդում եմ.
Անխորասույզ-անկրակ,
Անհոգևոր:
Նետում եմ մի կողմ նորից:
Մեկ ուրիշը` նույն կարգի:
Եվ կյանքի չարիքը դարանակալ
Ոչ մի րոպե չի լքում հիշողությունս:
Հետո հորանջն է ինձ պատում:
Ու ատում եմ ես ինձ:
Որ թույլ եմ: Աներազ:
Հավատս` կորած:
Որ այսպես ժամանակս եմ լցնում ձանձրախտով,
Այլոց խոսքերով, գուցեև` սին:
Նրանց ստեղծագործած-հնարածի բովանդակությամբ,
Որ ոչ էլ հասկանում եմ կարգին:
Եվ ի՞նչ են բանաստեղծություն, արձակ,
Որ այնքա՛ն ուզում ենք ճշմարիտ լինեն:
Եվ չգիտենք էլ, գուցե, ինչ է Ճշմարտությունը`
Պիղատոսի պես…
Թե՞ գիտենք մեր ձևով`
Պիղատոսի պես:
Պիղատոսը:
Որ հարցրեց Հիսուսին.
ՙԻ՞նչ է ճշմարտությունը՚:
Եվ լռում էր նրա դեմ կանգնած Աստծո խոնարհը` խարազանված Որդին Աստծո:
Դեմքը` նիհար, գունատ, մունջ`
Ապտակներ կերած և բռնցքակոծված…
Շատ էլ վեր-վեր մի թռիր, հա’:
Դու, որ քեզ բանաստեղծ ես կարծում,
Որ մրցանակի ես ագահ ծարավի,
Կամ թե մրցանակներով ես պսակված արդեն,
Կարո՞ղ ես լինել Հիսուսի նման,
Հայացքդ երկնավոր մեր Հորը հառած,
Վարձք ու փրկություն Նրանից տենչալ:
Թե Հիսու՜սն է քո մեջ,
Էլ ի՞նչ մրցություն կամ մրցանակավազք:
Կկանգնե՞ս արդյոք Պիղատոսի դեմ`
Հիսուսի նման խարազաններ կերած:
Չես կարող ասել: Ուրեմն՝ թո՜ղ կատակելը մեզ հետ:
Թե՞ գիտես դու էլ Ճշմարտությունը:
Հիսուսի՞ նման, թե՞ Պիղատոսի:
Լա՜վ, սա թողնենք մի կողմ:
Ուրեմն, ահա, իմ հոգին
Քնած է դարձյալ մուժում անխռով,
Եվ չի արթնանում խոսքերից այլոց:
Համենայնդեպս` մտորում եմ ես.
Թեկուզ Հայրը մեր երկնավոր
Չի առաքել ինձ փրկելու երկիրը մեղքերից համայն,
Բայց պարտավոր եմ աշակերտ լինել Ուղարկված Որդուն: 
Ներծծել Խոսքը Նրա:
Ներծծել Խոսքը Նրա…
Նա է ճանապարհը և կյանքը` Նա;
Հիմա համոզմունքս է սա:
Փրկվե՞լ եմ ուզում…
Մինչդեռ ես ահա,
Կաթվածահար ընկած,
Ուզում եմ ընկած հոգիս արթնանա:
Ուղարկված Որդին
Ճանապարհն է ու կյանք:
Հավատում եմ ես:
Մթին ճամփեքից վերադարձրու, Տե՜ր,
Դառնահեծ հոգիս.
Մի առեղծվա՜ծ լուծվի,
Բացվի գաղտնիք մի`
Հոգիս մի նոր լիցքավորում առնի`
Հակառակ մեխանիկային երկրի:
Հակառակ բստրված-բորբոսնած
Օրենսգրքերին ո՛ղջ երկրագնդի,
Որ հնարաբանված են խրթին`
Կամքով սադայելակենտրոն:
Որ ստրուկներ մնանք` կատարելապես ծուղակված,
Ոչ թե լիաթոք շնչող, ժպտացող գոյեր լինենք մենք`
Մարդիկ աստվածասեր և աստվածավախ:
Հակառակ մեխանիկային երկրի,
Ուզում եմ սրտախորքերն իմ իջնել,
Երկնքին հառած հայացքս խոշտանգված,
Հոգիս երկնքի լիցքերով լցվի:
Դառած ուշադրություն համակ`
Կըմբռնեմ ողջ արձակն ու պոեզիան էլ
Երկրի:
Որ կուտակել են դարերը անխոնջ:
Տե՛ր, արթնացրու դառնահեծ  հոգիս,
Ա՜յդ եմ աղերսում:
Եվ նրանից է հոգիս դառնահեծ,
Ամենայն լույսից Քո ընկած ու մենակ,
Որ թողեցի ես ուղին Աստծո, ուղին երկնքի…
Փարիսեցիների շրջանում խավար
Եղա գլխահակ, տրտում ստվեր մի`
Մոռացած Հորը և Որդուն Նրա:
Ողորմի՛ր, ո՛վ Հայր,
Եղի՜ր  ինձ միջնորդ, Հիսու՜ս, մեր փրկիչ…
Ո՞վ եմ ես հիմա.
Մահամերձ չնչին,
Դիակնացող մի խեղճ,
Բարեխոս եղիր, Հիսու՜ս,
Հորդ և իմ միջև,
Որ արթնանա հոգիս,
Որ արևն էլ դառնա կրծքիս տակ ազատագրված
Անմեղ մի ժպիտ:
Հոգուս երկնքում, Քեզանով, իմ Աստված,
Թող ստեղծագործվեն մարդ ու տիեզերք…
Հոտնկայս, արթուն, ու քաված արդեն
Պատրաստ լինեմ, Տե՜ր,
Քո Օրվա համար…
Եվ փա՛ռք Քեզ, Հիսուս փրկիչով մեր,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:


                            3

Հիսուսով լսիր,Տե՜ր,
Այսօր էլ լսիր.
Ստության հայրը խոսքեր է տալիս
Իր զավակներին,
Անլույս հոգու թաքստոցներից իրենց 
Ռոբոտասիրտ խոսում են նրանք
Մթահած բանդագուշանքները իրենց:
Խավարի հիվանդներն են նրանք.
Այսահարված խեղճեր են որբ`
Հայր Աստծուց զրկված:
Ստության հայրը, հայրն ատելության…
Խոսքեր է տալիս
Օրորիչ երաժշտություն, ասես, 
Օդահած, անորոշ ցնորքների
Ռոբոտներին:
Արհեստական հոգու երկնքից
Աստղերը անլույս խավար են հեղում:
Ստության հայրը, հայրն ատելության…
Բառաձևեր է պարգևում,
Խելագար ցնորքի խորքեր,
Բանդագուշանք-խոսքեր`
Հուռութքներ` նրանց`
Դատարկ և անմիտ: 
Վերջին օրերն են…
Պար, երաժշտություն անսուրբ,
Պոռնոշարժումներ, ձևեր, 
Տռփալի ձևեր նորագյուտ,
Մերկություններ նորահնար,
Բոզաերգեր, խոսքեր, կրծքեր,
Աչքե՛ր բոզական: -
Գազազել է ստության հայրը`
Լույսի հալածիչ:
Բայց Աստված անվարան 
Իր Լույսն է ցայտում հոգիների մեջ.
Վերջին օրերն են…
Այսքան ահեղ խավարներում, խավարներում,
Հիսուսով, երկնավոր մեր Հորով
Գաղափարը ապրիր Լույսի:

Գաղափարը ապրիր Լույսի…
Քո խորքերից աղոթք ասա`
Հղված Լույսի Աստծուն,
Աղոթք հղիր,
Որ քեզ դարձնի լուսահոգի.
Որ ուղարկի ամեն օր քեզ
Իր Սուրբ Հոգին մխիթարիչ`
Արթուն մնաս,
Այսքան ահեղ խավարներում
Չընկճվես…
Համբերություն, սպասման հույս,
Խաղաղություն քո մեջ գտնես,
Եվ, Հիսուսով` մեր թագավոր,
Փա՛ռք Տիրոջը երկնավոր,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:
                         4

Ահավոր են, Տե՜ր, վերքերը, 
Որ Չարն է մեզ հասցրել:
Հենց սկզբի առավոտները լուսաշող,
Խաղաղ գետը աստվածային, որ բաժանվում էր չորս վտակների`
Տիգրիս ու Եփրատ, Փիսոն ու Գեհոն,
Որ ուրախացնում էր աչքերը նախնիների մեր
Եվ ոռոգում Այգին Դրախտի:
Հենց Ադամն ու Եվան`
Անմեղ ու վճիտ զույգեր
Չքնաղ պարտեզում դրախտային,
Եվ հենց Դրախտը աննման,
Եվ հենց Հայր Աստված Ինքը
Շարժեց նախանձը նրա:
Մնացած պատմությունը դարերի ձիգ
Մենք հիշում ենք արդեն դառնացած հոգով:
Դարերով մեզ զարկեցին
Որդիներն ապականության:


Եվ նստած էինք մենք խավարներում`
Վերքեր ստացած և հուսակտուր,
Եվ չէր ճառագում մեզ Հույսի Արև:
Եվ մարդն՝ ապականված, ընկած, 
Արնակոլոլ:
Հենց նայում էին իրար` վե՜րջ,
Ատելությունն էր սրտերը պղծում…
Այսօրվա’ նման:
Կազմած բանակներ զարհուր`
Ելնում էին կոտորում իրար:
Կոտորածներն անվերջ`
Այսօրվա՜ նման,
Անվերջ հերոսներ, պարծանք ռազմի:
Եվ պալատներ արքաների`
Արյան ծովերի վրա`
Այսօրվա՜ նման:
Բոլորը Բաղդասարներ հիմար:
Եվ աշխարհն էր տնքում սարսափահար
Հեշտասեր հերոսների շնչից ռազմի:
Տրոյական պատերազմը վկա:
Աքիլլեսն ահարկու, Ագամեմնոնը…
Օ, Բրիսեի՜ս, Հեղինե՜, որ  փախար Պարիսի հետ`
Թողած պալատը ամուսնուդ և հայրենի երկիր:
Աշխարհն հեշտամոլ 
Ձեզ տիրելու համար ինչքա՛ն արյուն է հեղել:
Եվ աստվածները ձեր չաստվածներ էին`
Խտրական, խաբող և դաժան…
Երկնքից իջան երկիրը մեր
Որդիներն Աստծո,
Մարդկային մարմին հագան որդիներն Աստծո`
Հի՛ն-հի՛ն դարերում:
Նրանք` հակառակորդ Աստծո,
Գեղեցիկ ցեղից կանանց գայթակղված,
Ամենքն իրենց հավանածներից
Կին էին առնում:
Եվ հսկաներ արդեն կային երկրի վրա:
Այն զորավորներն էին նրանք,
Որոնց զարկերից դղրդում էր երկիրը համայն:
Եվ ուժեղը խեղդում, ճնշում, ճզմում էր տկարին:
Եվ ամեն ոք ապականել էր իր կյանքի ուղին:
Եվ առհասարակ՝ ամոթն ու խիղճը վերացած,
Եվ դարե՛ր լքել էին մարդիկ
Ճշմարտության ուղին:
Այն ժամանակ զղջաց Աստված,
Որ մարդ ստեղծեց երկրի վրա:


                        5

Եվ Նոյն էր ապրում մարդկանց քաոսում:
Նոյը…
Աստծո Խոսքի ունկնդիրը երկյուղած:
Ծեր, փորձառու:
Եվ քարոզիչ արդար:
Որ Աստծո առաջ շնորհք գտավ:
Բայց ո՜վ էր լսողը,
Եվ ո՞վ  կար, որ ժամանակ ու հոգի տրամադրեր քեզ,
Ո՛վ նահապետ ծեր:
Եվ մեծ վարպետությամբ հղկեցիր ընտանիքը քո:
Քո ընտանիքն էր լսում սոսկ քարոզները քո:
ՙՄոտ է Օրը Աստծո:
Լսե՜ք, մեղք մի՜ արեք հոգիներին ձեր,
Քավե՜ք, ապաշխարեցե՜ք,
Արյունից դարձե՜ք,
Դարձե՜ք գործերից պիղծ,
Մա՜րդ եղեք, մարդի՜կ,
Աստծո Խոսքը լսեք,
Տվեց ողջը ձեզ, որ վայելեք անմեղ,
Ոչ թե հոշոտեք, այլ սիրեք իրար,
Ոչ թե խլեք իրարից,
Գայթակղեք անմեղներին,
Կույսերին մաքուր, պղծեք իրարու,
Ապականության որդիներ մի՜ լինեք,
Ողորմած է Տերը, դարձի՜ եկեք,
Աղոթե՜ք, դիմե՜ք, կփրկվեք,
Վերջին օրերն են…՚


               6

Վերջին օրերն են,
Արթնացրու ինձ,Տե՜ր,
Վերջին օրերն են.
Իմ վերջնական հանգրվան,
Իմ աղոթք, իմ Աստված:
Ի՜մ Աստված…
Հնչեցրու իմ աղաղակը իմ մեջ,
Եվ վիշտը, որ կրեցի կրծքիս տակ,
Հնչեցրու, Տե՜ր, որպես աղոթքներ,
Որ համբառնան դեպի Քեզ,
Քո ոտքերի տակ եմ դնում դրանք…
Դու ես իմ վաղորդայնի զովը ամառվա,
Դու ես իմ հրավարս կեսօրը, Աստվա՜ծ,
Եվ իմ կաղնու ստվերը հանգստավետ,
Դու ես իմ աղբյուրը սառնակայլակախոս,
Իմ ծարավի հանգրվան ակունքը Դու ես,
Դու ես իմ խաղաղությունը,
Իմ մահացու հոգնության քամիչը Դու ես,
Ինձ կենսաբաղձությամբ տոչորողը Դու ես,
Ո՛վ իմ Աստված,
Որ վազեցնում ես ինձ
Դեպի դաշտերը Քո զվարթության,
Արթնացրու ինձ,
Ամենայն արևներիս ակունք,
Ամենախորքերիս Աստված,
Աղոթքներիս շշուկներն եմ ուղղում Քեզ վերստին,
Մի՜ մերժիր, Տե՜ր, աղոթքներիս խունկը սրտասուն,
Միա՜կ հանգրվան,
Միա՜կ եզերք  իմ,
Բաղձանքիս եզերքի Աստված,
Միակ անստախոս,
Անստահոդ լուր,
Միակ ապավեն իմ,
Միակ Լույս,
Մխիթարիչ միակ,
Միակ ճառագում,
Միակ դատավոր,
Միակ ուսուցող` տգետիս,
Միակ անկորչելի ակունք երազողիս,
Միակ անվերջաբուխ Սեր,
Հավիտենախոս Հայր,
Միակ փարատիչ վշտերիս,
Վախերիս ցրիչ, դևերի սատակիչ,
Հոգեծարավս հագեցնող,
Դժկամություններս բուժող երկնահայր,
Իմ սրտի բժիշկ,
Նորազնիվ բաբախումներով սիրտս թարմացնող,
Իմ Աստված,
ԱԼԷԼՈՒՅԱ…
Որ բյուրամեղիս
Դարձնում ես աշակերտող Քեզ,
Գիր ես ուսուցանում ու Խոսք
Վայրենաբարբառախոսիս,
Խոնարհեցրու ինձ, ի՜մ Աստված,
Ուսուցիչ, Ճշմարտության Հայր,
Աչքերս միայն կեղծիք են կարդացել,
Ճիշտ դասագրքերդ փռիր իմ առաջ,
Եվ տուր անխոնջանք կամք,
Որ ճիգ անեմ ու ջանք`
Խավարից դեպի Լույսդ ելնելու…
Հենց կամենում եմ`
Հրավիրում ես,
Վերնայիններիդ ունկնդրելու ես կանչում,
Ո՛վ պայծառ օդ իմ կյանքի,
Ո՛վ մռայլությունս վանող Լույս,
Ո՛վ շնչարգելությունս փարատող բժշկապետ,
Ո՛վ բուժիչ իմ Հայր` զավակիդ:
Ո՛վ միակ պատվիրաններ տվող`
Որ ճշմարտությունը գործեմ,
Դևերը մահ են ինձ տալիս,
Ընկերանալով ինձ,
Իսկ Դու` միայն կյանք,
Ո՛վ հեռավոր ու մոտիկ`
Եթե լսում եմ Քեզ,
Եթե հեռու եմ բաղձանքներից
Սադայելահաճո…
Փարատի՜չ, գթա՜, ուսուցանի՜ր ինձ
Ճանապարհներդ, 
Բոլո՛ր ուղիներից մոլորեցուցիչ
Դարձրու քայլերս դեպի սրբությանդ բերող
Ճանապարհը միակ,
Տե՜ր, նորոգի՜ր հոգնամեռնողիս,
Շտկի՜ր, դարձրու՜
Կյանքաբաղձ հիվանդ խոտորյալիս,
Տե՜ր, արթնացրու Լույսիդ համար
Հոգիս…
Եվ փա՛ռք Քեզ Հիսուսով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:


                   7

Եվ իմացա, որ Դու կաս,
Որովհետև սիրտս հավատաց ավելի խորը այսօր,
Որ Դու կաս ինձ համար, ո՛վ Աստված,
Եվ սիրտս դողում է հրճվանքից,
Ճշմարտության Լույսիցդ ուրախանում է սիրտս,
Ո՛վ միակ Բարձրյալ,
Կասկածներիս փարատիչ,
Իմ ճանապարհները հատվում են,
Իմ ճանապարհները դառնում են մի`
Դեպի Լույսը, դեպի Աստվա՜ծ,
Օ՛, ցնծա՜, իմ սիրտ,
Որ տրտում էիր,
Որ տրտմության խոհն ես հառաչել քո մեջ,
Ցնծա՜, իմ սի՜րտ, ցնծա՜ դու այսօր,
Եվ պայծառ եղիր առմիշտ` Հիսուսով, Հիսուսով,
Որ բարեխոս է միշտ Հոր առջև քեզ համար:
Օ՛, պայծառություն, 
Օ՛, բարձրություն իմ Աստծո, 
Որ միակ բարձրագույն Լույսն ես
Ողջ տիեզերքում ինձ համար,
Մխիթարվեց սիրտս, որ կաս,
Միակ Լույս` ինձ համար,
Քեզանով կընթանամ, ո՛վ Աստվածս,
Խավարը ցրող միակ Լույս ինձ համար,
Թող այս աշխարհը կուտակվի իմ դեմ
Չարի զորքերով, զայրույթով,
Չեմ վախենա,
Ո՛վ մեծագույն հույս իմ, իմ Վեմս,
Կփրկես, գիտեմ, Տե՜ր իմ, Հիսուսով…
Էլ գտնվա՛ծ ես.
Ի ցնծություն անձիս`
Կլցվի ողջ կյանքս արդեն Քեզանով,
Բովանդակություն կլինի պայծառ
Ողջ կյանքս ծայրեծայր,
Կչվեն հոռետեսություն ու մելամաղձ,
Սենտիմենտ, հիվանդ խոհ,
Ոչ թե ունայնություն՝ ունայնությանց,
Այս աշխարհում ունայնությանց,
Այլ Դու՜ կլինես, Աստվա՜ծ,
Աղբյուրը կյանքիս,
Որ Սեր ես, Աստվա՜ծ…
Այլևս ոչինչ են թուլություն, հիվանդություն,
Տրտունջ ու գանգատ, որ կանցնեն,
Իմ խնդրվածքների Աստված ու Հայր,
Վերականգնում ես, ազատում ես ինձ,
Ես ազատության երգն եմ երգելու
Տիրոջ դաշտերում` ճոխ ոռոգված
Ճշմարտության ջրով, սրբությամբ,
Ո՛վ իմ Աստված,
Կիզակետ իմ խոհերի,
Ո՛վ հոգուս երկնքի ստեղծիչ, Հա՜յր իմ երկնավոր,
Աստվա՜ծ իմ:
Որ փրկում, ազատում, լվանում ես,
Օծում ես մաքրությամբ Քո.
Արցունքն է հոսում հոգուս աչքերից,
Երբ անօրինություններն եմ հիշում անցյալիս,
Երբ անսեր, խռովահույզ, ապստամբ հոգով
Շրջում էի քաղաքի մեջ ամբարիշտ,
Երբ ունայն էր շուրջս ո՛ղջը ինձ համար,
Ժխտու՜մն էի ես մռայլ,
Եվ չէի գտնում հաստատուն ոչինչ,
Որովհետև չունեի Քեզ,
Հա՜յր Աստված, ո՛վ Սեր,
Որ ուսուցանում ես, շտկում ես ինձ,
Սուրբ են դասերը Քո, Աստվա՜ծ,
Ուշիմ աշակերտ ես դարձնում Դու ինձ,
Երկնքիդ գրքերը դնում մտքիս առաջ,
Ո՛վ մեծագործ ադամանդյա միտք,
Լույսիդ փշրանքներով եմ եթե սնվում անգամ,
Հրճվում եմ, ո՛վ բովանդակ Լույս,
Ազատիչ` դարձնող դեպի Քեզ…
Մեղքերիս ողջ զանգվածը խտացած,
Որպես տիեզերական սև անցք` բարին կլանող,
Քո հայացքի դեմ է,
Հալեցրու, ի չիք դարձրու
Տիեզերքի չափ ընդարձակվելու ընդունակ այդ սևը,
Ո՛վ ազատիչ և բարեգործ,
Սպառված են էպիտետները մտքիս,
Հա՜յր, խոնարհությունը ընդունիր խնդրարկուիս,
Առավել խոնարհեցրու ինձ,
Պահիր Քո Լույսի տակ ինձ, բժշկի՜ր,
Օտարացածիս վերստին մոտեցրու Քեզ,
Երևակի՜ր, ցույց տուր հիվանդություններս բոլոր,
Ասա, որ բժշկված կլինեմ բոլորանվեր,
Ո՛վ Միակ Լույս,
Իմ գլխավոր հիվանդության արմատի անունն է խավար,
Որը որ Սատանան է աճեցնում,
Խնամում և ոռոգում չարաբաստ.
Կախվում են պտուղները դառնագույն
Ճյուղերից փարթամ,
Եղեռնագործ ձեռքերով,
Մատուցվում ինձ ու ամենքին,
Արմատախի՜լ արա  ծառն այդ դառնաղետ,
Բուժի՜ր ինձ, Աստվա՜ծ…
Մանկուց այստեղ էի ես,
Խավարի գրկում,
Նա է ինձ դայակություն արել,
Իր դառնաթույն կաթով կերակրել է ինձ խավարը,
Ինձ իր գիրկն առած՝ շրջել է,
Զբոսանքի է ինձ տարել իրիկունները
Խավարամած մարգերի մեջ կյանքի:
Գուրգուրել է ինձ, իր սև գրկի մեջ առած,
Իր խավարամաղձ սև կաթով ուռճացած
Սև ստինքներին մոտիկ`
“Բա՜յ, բա՜յ, բա՜յ”, ասելով քնեցրել է ինձ,
Աչքերս սև կերպասով կապած,
Որ լույսը չխանգարի՛ նիրհել ինձ
Իմ խավարակուռ օրորոցի մեջ…
Խավարն է ինձ ասել օրոր,
Սատանայի հրեշտակը հսկել, հսկել,
Որ լույսը չթափանցի աչքերի մեջ հոգուս,
Արդ գտել եմ Քեզ, իմ միակ Լույս,
Եվ փա՛ռք Քեզ, Հիսուսով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:                
           
                 8

Տիրոջը հուսա, իմ հոգի,
Տիրոջը հուսա,
Անվերջ, անդադար հուսա,
Տիրոջը հուսա,
Ոչ թե մարդկանց
Եվ օրենքներին նրանց խաբեբա:
Դու մենակ ես, հուսահատ, անօգ,
Դու թշվառացած ես ձեռքով անօրենների,
Դու մենակ աղաղակ ես ձորում խավարի,
Աղաղակ անօգնական` վախի, կորստյան,
Կորստյան, մահը գիտակցողի բարձր հառաչանքն ես դու,
Աղաղակ ես խուճապ-փախուստի,
Եթե չես կանչում սուրբ անունը Տիրոջ…
Աղաղակիր դեպի երկինքն Աստծուդ,
Դեպի հոգետունը Նրա պոռա,
Խնդրի՜ր, կանչի՜ր…
Ո՛վ Տեր Աստվածս,
Փրկի՜ր, ազատի՜ր գուբից, վիշապ-կլանողից,
Կարմիր կատաղությունից հափշտակողի,
Քո սերովբեներին ասա, որ հովանի լինեն, Տե՜ր,
Քո ապահովության դաշտն եմ նետել ինձ հավիտյան,
Աստված ու սուրբ Հայր իմ…
Մառախուղից հանի՜ր,
Մոլորագնա քայլերս ուղղիր,
Կանգնեցրու ոտքի դողահարիս,
Ահարկու վախերս կորցրու,
Բոլոր չար աչքերը դարձրու ինձանից,
Հրամայիր,Տե՜ր, որ պահպանեն հրեշտակներդ
Կացնահարողներից, ռմբարկուներից,
Իշխանավորից՝ անուղղաոտ, անուղղահայաց, շլահոգի,
Սատանայաընթաց հարկահանի ձեռքից ազատի՜ր, Տե՜ր,
Հարստահարման որոգայթից նրանց
Ինձ հանիր…
Թաքցրու ինձ սատանայի զորքից,
Պահպանիր Քեզ հուսացողիս, իմ Աստվա՜ծս…
Սովորեցրու ինձ ճիշտն ու ճշմարիտդ ամեն օր,
Դարձրու դևերի աշխարհից իմ անկյունը ապահով`	
Քո Լույսի ներքո,
Ինձ պահիր Քո այցելության Օրվան  սպասող,
Տուր` որ տքնեմ անխոնջանք ամեն օր`
Ճանաչելու Քեզ,
Հեռացրու սրտիցս եղերական խոհերը բոլոր,
Եղերական ցանկություններն ընդմիշտ հեռացրու,
Մաղովդ մաղիր ինձ,
Ինձ անմեղ Քո բույսերի պես օրորիր
Հեզաբարո խոհերով Քո Լույսի զգացողության,
Աճեցրու ցողունն իմ`
Դեպի կատարելությանդ  կամարը թեքվեմ
Երկնուղեշ խոհով,
Բոլո՛ր ուղիներից խոտորեցնող քայլերս դարձրու
Դեպի միակ ճանապարհը` սրբությանդ բերող,
Վերստեղծի՜չ Աստված,
Շտկի՜ր, հայացք նետիր վրաս, դարձրու՜…
Ես հրճվանքով, հրճվանքով կսպասեմ այցելությանդ,
Աստված ճշմարտության, կսպասեմ,
Կհանդիմանվեն բոլոր ստահոդները,
Ճշմարտության դեմ նենգ բոլոր ոխերիմները
Գլուխներն իրենց ցած պիտի գցեն,
Աչքերի մեղավոր բիբերը անուղիղները
Գետնին պիտի հառած պահեն,
Սարսափեն պիտի ահավորապես,
Հարստահարիչները սնանկ պիտի հռչակվեն,
Լուսավոր պալատների բնակիչները
Վրան իսկ չեն ունենա պատսպարվելու,
Բոլոր հալածվածները կգոհանան,
Ճշմարտություն կխմեն ծարավները հրճվանքով,
Օ՛, Տիրոջը հուսա հրճվանքով,
Պատրաստ եղիր, արթուն կաց ու հսկիր սրտագոհ,
Տերը գալու է, գալու է Տերը, գալու,
Սրտապնդվի՜ր աղոթքով, մնա դու արթուն,
Վառ-վառ տրամադրությամբ մնա,
Տիրոջ ճանապարհից մի՜ հեռացիր երբեք,
Հրճվանքով, հրճվանքով սպասիր Նրան դու,
Չի ամաչեցնի քեզ Աստվածը քո,
Չի ամաչեցնի,
Հուսա՜, որ կազատվես, կապրես,
Միշտ հուսա…
Բոլոր ՙհեյ վախերդ՚  պիտի մարեն,
Բոլոր հուսահատություններդ պիտի նիհարեն-հանգեն,
Բոլորովին Տերը քեզ գոհացում կտա,
Հրճվանքով, հրճվանքով սպասիր, հուսա՜…
Միշտ աղոթիր Տիրոջը հաճելի օր մթնեցնել…
Եվ փա՛ռք Նրան Հիսուս Որդիով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                          9.

Վերստին ուղղում եմ իմ աղոթքը Քեզ,
Ինձ ուղիղ արա Քո առաջը, Տե՜ր,
Խոտորված ուղիներից հանիր ինձ,
Փուշ ու եղինջ, ու տատասկ,
Ու տոթ կիզման,
Ու անապատ` աչքերիս դեմ,
Ու ահավոր հուսահատություն
Վախատրոփ սրտիս մեջ,
Ու պարապություն հոգու,
Ինքնադժգոհանքի լեղի,
Եվ չար գիտության ճարպ`
Փորոտիքս պատող,
Եվ անընկերասիրություն-աններողություն,
Եվ անջերմ հայացք,
Եվ ծանոթի հանդիպելու սարսափ,
Եվ ծուլություն անչափելի` ճանաչելու Քեզ,
Դատարկաշրջություն,
Արբելու մոլուցք,
Ամենուր կրպակները իմ մեղքերի համար են
Մայթերին ցցված, ասես,
Դատարկաբանություն քառասուն տարվա ընկերոջս հետ,
Եվ բամբասանքի բրետն է խայթում իմ սիրտը հանկարծ,
Եվ զայրույթի կայծակնային որոտմունք նաև,
Եվ վրեժի ծարավ` Աստծով`
Անցա՛ծ գնացած օրերի նստվածքում,
Նրանց դառնաղետ մրուրում թաքնված վրեժի ծարավ,
Արգելափակված շունչ,
Ապստամբ հոգու վերք ու ցավ անբուժելի,
Ահեղ անսիրություն,
Ատելության ծովի հորձանքներից շնչահեղձ ողողվածի
Ողբալի տեսք,
Մռայլություն անհնար,
Գարշելի աթեիզմով փսորված սրտի անհավատություն,
Անկարեկից հոգու նինջ,
Անաստվածական գաղափարների երկար ժամերով 
Ունկնդրություն,
Անդրդվելի աստվածամարտության դեմ
Վախկոտ պապանձում-լռում,
Դառնագին հիշողությունների անվերջանալի,
Մանրամաղ անձրևում ու շամանդաղ
Չգրված մագաղաթներին հոգուս,
Սարսափի խժռում,
Որ սարսափով եմ կենդանի,
Քայլում եմ, շարժվում, գնում,
Խոսում եմ, դատողություն անում`
Կենդանի սարսափը կուլ տված,
Հսկայական կետ-ձուկ սարսափը հոգուս մեջ,
Աղոթքներս այդ սարսափի ստվերում նստած է 
Հոգիս վերամբառնում  Քեզ.
Ամեն պահ քայքայվում եմ ես,
Հոգուս քիմիկատ-թույները բյուրաթաքստոցային 
Ինձ մահվան ճիրանների մեջ են պահում.
Սեղմումներ, ծակոտումներ, խոշտանգումներ տարաձև,
Տարաբնույթ, ցավագին պրկում-լարումներ անհնարին,
Մահվան խածոտումներ, ծուղակում թփրտում եմ ես`
Անլեզու, համր մի ձկան հանգույն թփրտում եմ ես,
Ջրերդ` լա՛յն, հարածփու՛ն,
Ես` ծուղակված, մահվան գերի,
Ուժակորույս, արագ ծերացող,
Խեղճ, անել, զառանցանքներում նիրհող,
Առավոտներս փակուղի են տանում ինձ,
Կյանքը` հեռու՛, աչքս` տկար,
Իրիկուններս խոնջանքների կապույտ դաշտեր են`
Փռված հայացքիս դատարկության առջև,
Գիշերը բերում է անխաղաղական նիրհ,
Գրոտեսկ երազների ահավոր պատկերներ
Անմեկնաբանելի,
Համր, սպանիչ հետապնդումների սատանական կերպավորումներ,
Սահմռկեցուցիչ արթնացումներ`
Ճնշվածության սառնագույն քրտինքը այլափոխված ճակատիս,
Ցերեկային պատկերների հիշողության տառապանք անձուկ,
Մենակություն:
Ահեղապարզ թշնամանքի գիտակցություն,
Ամեն աչքի մեջ արյունալի հեղափոխականության տեսիլքն եմ տեսնում,
Բաղձալի ապստամբականության հարթակի որոնումն եմ տեսնում
Ամեն բիբի մեջ: Ամեն հայացքի մեջ` ինքնապաստանություն:
Կամ վիզը ծուռ խեղճություն թափորների,
Հողն են փորում, մշակում, փորում,
Դատարկահոգի, տրտում նստում իրիկունները
Իրենց տան դռանը` առանց Աստծու, խեղճ,
Այս բոլո՛ր պատկերների աղաղակն է տանջում 
Մահվան հիվանդիս,
Գժտություններն ամեն,
Թշնամանքներն` անջնջելի-անանց,
Բոլո՛ր խոժոռումներն իմ դեմ,
Բոլո՛ր վտիտությունները, վիհերն անօգնականության,
Բոլո՛ր հարամ գիրությունները աշխարհիս,
Հարամ հրաման-կարգադրությունները արնախումային,
Բոլո՛ր մարդկային հածում-թափառումները,
Բոլո՛ր անորոշությունները` վհատեցնող ինձ,
Բոլո՛ր գողահայաց նայվածքները ամենուրեքից.
Սարսափների արևներից, Տե՜ր,
Լուսնագիշերներից, քաղցր սենտիմենտներից պարապ,
Բոլոր անապատ տանող ուղիներից դժնի,
Դեպի բոլոր ցավերը մեկնած-խենթացածիս
Բեր գավիթը Լույսիդ,
Հանգստացրու՜, բուժի՜ր,
Սնուցի՜ր Քո Խոսքով,
Բուժի՜ր հոգեվարքի մեջ զառանցողիս…
Ես խենթացել եմ անիրավություններից,
Ես չեմ կարող շտկել ոչ մի անօրինություն,
Ոչ մի թշվառ աչք ուրախացնել,
Եվ ոչ մի հարված հակահարվածել,
Ոչ մի հայհոյանքի պատասխանը տալ,
Ոչ մի զրպարտանք լույս աշխարհ հանել,
Ոչ մի դիմակ չեմ կարող պատռել,
Ատելությունը սիրո վերածել:
Միշտ ընդդիմախոսվում-հակաճառվում-հերքվում եմ ես,
Որպես սխալ վարկած անընդունելի,
Ռմբահարվում եմ ամեն կողմերից ուժգնակի,
Դառնացած հեռանում եմ, կորչում,
Ինքս իմ մտքերից կործանվում, դույզն ինչ ճկունություն իսկ չունեմ ես,
Որպես ճաքած սերմ` հողմի շնչով տարվում
Դեպի ժայռերը խոժոռ, չարագութ,
Դեպի ծովերն ամենակուլ,
Դեպի անապատ եմ քշվում:
Ես ունայնանում եմ.
Օգնի՜ր, բուժի՜ր, նորացրու՜ ինձ, Աստվա՜ծ,
Նորոգիր անպտուղ իմ կյանքը
Խոսքիդ հատիկներով,
Տեղա  կենսաբեր անձրևներդ
Գարնան տաք շամանդաղներով
Հոգուս ամայության վրա,
Թող ամրանա Քո ճշմարտությունն հոգուս մեջ…
Եվ փա՛ռք Քեզ մեր թագավոր և փրկիչ
Հիսուս Քրիստոսով.    Ամեն:


                      10.

Տե՜ր, ողորմեա՜,
Ես չեմ գտնի ելք, ապաստան, փախուստ, 
Ապահովություն չեմ գտնի առանց Քեզ երբեք,
Առանց Քեզ ունայն է իմ խոսքը,
Առանց քեզ պատիր է իմ ջանքը բանաստեղծելու:
Առանց Քեզ չեն աճի հասկերը բերրի արտերում,
Խորշակը կայրի դաշտերը ոսկի…
Առանց Քեզ կապույտ, աչքաշոյ մշուշը սիրուն
Չի ըմբռնի իմ աչքը լայնաբաց,
Երբ ամառվա քարաժայռից կանաչած
Դեպի երազ հեռուները նայեմ,
Չի զովանա  գագաթների ձյունապատ տեսքից,
Չի թարմանա սիրտս կարկամած:
Իսկ ինչպե՞ս եմ ապրել, երկնավոր Հա՜յր իմ,
Առանց Քեզ,
Եվ Դու ներե՞լ ես հայրամոռացիս, ներե՞լ…
Աշխարհի ինֆորմացիաներով ես` լեցուն,
Հույզերով, գրքերով ամենակուլ,
Մի տխուր ճառագայթ եմ եղել մենասեր,
Ստվերում աճած դալուկ,
Դեպի ամենուրե՛քն են ոտքերս տարել ինձ,
Աշխարհից փախչելու տենչը այրել-խանձել է անձս,
Աստղերը թարթել են տխուր, ինձ նայել,
Լույսից թափուր սրտի խոսքեր եմ հյուսել ես տրտում,
Օրորել են ինձ աստղոտ գիշերները մենության,
Բայց ո՜չ խոհերս` Աստծո,
Փա՜կ է եղել երկինքդ ինձ համար, մշուշ…
Մշուշ, անելք հածումներ, անձրև,
Կարոտ անանուն, թախիծ և անկում,
Արբեցում անձնապաստան, տրտում,
Երաժշտություն անելք,
Աշխարհը որպես խորհրդանիշ անմեկնելի,
Ուր բանաստեղծը իր սրտի թախիծն է հեղում,
Իր սրտի արյունով ասես
Իր մշուշոտ երգերն է գրում:
Տերևաթափ, աշուն, գունատ խոհ,
Եվ ոչ մեկին պետք չեն
Ոչ քո խոսքերը նրբահյուս, ոչ քո կարոտը, բանաստե՜ղծ,
Ոչ էլ աղջկան քո սերը գունատ:
Տերյան ենք հիշում, Պոլ Վեռլեն,
Էդգար Պո – ՙՈւլյալում՚, ՙԱգռավ՚,
Կարոտում ենք, կանչում  ու հիշում…
Հիշում ենք մենք խենթագույն Չարենց բանաստեղծին փոքրամարմին,
Այնքան  հուր, էներգիա չարենցյան այսօր
Բեմերից արտիստն է  հեղում ամբոխին,
Ինչպես տերտերը բուրվառով իր հին
Խնկարկում է իր հոտին,
Փռում ծուխն անուշ  չորս դին:
Եսենինն էլ, ոսկի հերքով բանաստեղծը մեղմ
Իր թախիծով կաֆե-շանտանները հուզեց:
Ապրեցինք այդպես կես դար բանաստեղծների երգերով տխուր,
Գիտենք Եսենին, Մայակովսկի,
Որ ինքնասպան եղան: 
Ոչ մի ելք: Մեզ թախիծն է խժռել…
Աստվա՜ծ, ողորմի՜ր նրանց և ինձ,
Լուսավորի՜ր, գթա՜, վերստեղծի՜ր…
Ես միշտ այստեղ եմ, 
Իմ խուց-սենյակում հոգուս,
Միշտ մենախոհ, այստեղ եմ,
Քո մասին եմ խորհում, Աստվա՜ծ,
Անձրև լինի թե արև օր,
Ես Քո վրա եմ հույսս դնում,
Եվ ահավոր վախ կա իմ մեջ:
Գիտես, Աստվա՜ծ, մանկու՛ց, մանկու՛ց,
Հույս չեմ դրել այս աշխարհին,
Վշտերի մեջ` չգիտեի,
Որ Չարն է այս աշխարհի իշխանը,
Նա է լարել մեր դեմ ծուղակ,
Հիմա գիտեմ,
Նա է թշնամին Քո հինավուրց,
Որ մոլորեցրեց աշխարհը ողջ,
Իմ հոգում էլ մինչև հիմա
Նրա հասցրած վերքերն են դեռ արնածորում:
Որքա՛ն, որքա՛ն ժողովուրդներ ու մարդիկ,
Նրա ոսկե կառքին լծված,
Ծառայում են նրա գործին ամեն պահ,
Նրա կողմն են դիրք բռնել:
Իմ վերքերն են արնածորում,
Տե՜ր, ողորմի՜ր, գթա՜, բուժի՜ր…
Ես Քեզ եմ սոսկ ապավինում, միայն Քեզ,
Խոստացված է.ՙՏիրոջն ապավինածները
Կնորոգվեն ուժով,
Թևերով վեր կսլանան արծիվների պես,
Կվազեն և չեն վաստակիլ,
Կգնան և չեն հոգնիլ՚:
Աստվա՜ծ, գթա՜, նորոգի՜ր…
Այս աղոթքս լսի՜ր, Աստվա՜ծ, մեր Հիսուսով.
Ամեն:
                         11.

Աստվա՜ծ, Հա՜յր, որ բարձրերում ես բնակվում…
Աղքատներն ու տնանկները, որ հեզ են,
Քնում են նրանք առանց վախի,
Իրենց Աստծով` Քեզանով լցված,
Եվ նրանց հացը արյունով չի հունցված.
Արդարները չեն քաղցելու երբեք,
Տիրոջ սեղանից կվայելեն հրճվանքով,
Չեն ծարավելու արդարները երբեք,
Տերը պահապանն է նրանց և օրենսդիրը միակ,
Ո՛վ իմ Աստվա՜ծս, երկնային իմ Հայր,
Թող իմ հացին գիշություն չխառնվի,
Թող նենգ վաստակ չլինի իմ ըմպելիքը,
Թող չխոժոռվեմ երբեք չար վաստակի գիտակցությունից,
Թող գիշերն իմ բարձը չտառապի
Անքնությունից իմ,
Թող չար արթնությունը չդարձնի ինձ
Ավերակների խելացնոր բու,
Կուր՝, Հա՜յր, որ հեզ լինեմ Քո առաջ,
Թող դառնաջուր չդառնա աղբյուրը ծարավիս,
Մի՜ ձանձրացիր իմ խնդրվածքներից,
Ո՛վ աղոթքներ լսող Հայր,
Թող աղոթքներս սրբեն սիրտս Քո առաջ,
Ո՛վ սատարիչ,
Նեղություններիս փարատիչ,
Ամեն պահ հսկի՜ր, պահիր սիրտս անվթար,
Առավել խոնարհ, հեզ դարձրու իմ անձը Քո հանդեպ,
Լսի՜ր, Սու՜րբ Հայր, այս դիմումս,
Որ հավատքով ձգտում եմ
Դեպի երկինքդ,
Դեպի Քեզ մղվել…
Ահա լուսաբացիդ հետ,
Որ պարգևել ես այսօր էլ ինձ,
Նորից դիմում եմ Քեզ, խնդրում, հայցում,
Որ ամրացնես սիրտս հավատքի մեջ դարձյալ ու դարձյալ,
Ես ամեն օր Քո կարիքն ունեմ, ամեն ակնթարթ`
Թուլացած աստվածամուղ հույզերս նորոգելու համար,
Ոգեպնդվելու, միտվելու դեպի Քեզ, Աստվա՜ծ իմ,
Մի՜ մերժիր ինձ` խելագար այս աշխարհից պոկվելու
Անզուսպ ցանկությունն հոգուս կարդա հայրաբար,
Այսօր ևս օգնիր քայլեր անելու,
Ո՛վ մեծագույն բարձունքների ստեղծիչ,
Քանի որ նոր-նոր ոտ ելած
Թոթովախոս մանուկի պես եմ ես,
Վայր եմ ընկնում անսպասելի,
Ծնկներս արյունոտում,
Բարձրացրու ընկածիս,
Լացս դադարեցրու,
Աչքերս սրբիր արցունքներից,
Ցավը մեղմիր անձիս,
Մոռացրու:
Քայլեցրու ինձ,
Ձեռքերով ու խոսքով կանչիր ինձ դարձյալ,
Խրախուսիր սիրաբուխ, նայիր ու կանչիր վերստին,
Սովորեցրու քայլել, իմ Աստված,
Ում ընտրել եմ առհավետ-առմիշտ,
Օ՛, տիեզերքի միակ գերիշխան ու վարիչ,
Անձիս ուժերի տվիչ ու շնորհաբաշխ.
Թող դևերը չվեն,
Թախծագազերով փքունացած-այտուցված հոգուս
Քո սուրբ հաբերից տուր՝ կլլելու,
Որ վշտաթափ լինեմ ես,
Վշտաթույներից դալկացած երեսը հոգուս զվարթացրու,
Խաղաղեցրու,
Գալարումներից ազատիր ինձ, Աստվա՜ծ երկնքի…
Չարության բանաստեղծի խոսքերից ազատիր անձս,
Գոտեպնդիր ինձ, Աստվա՜ծ,
Վերստին, վերստին լսիր խնդրվածքներս` կցկտուր դուրս մղված իմ սրտից,
Փարատիր վիշտս, վտարի՜ր,
Հոգուս արցունքի աղբյուրներն ամեն ցամաքեցրու,
Առ նշանիդ տակ կյանքս, իմ Աստված…
Եվ փա՛ռք Քեզ, Հիսուսով, հավիտյանս հավիտենից.
Ամեն:



                            

                                  12.

Շա՛տ ներող ու խնդրվածքներ լսող Աստված,
Զորացնում ես հոգիս, զորացնում ես ընկճվածիս,
Փարատում ես վիշտը, չվում են կասկածները,
Թեթևամիտ թռչուններն այդ` երամներով թռչող ,
Երբ դիմում եմ` առողջացնում ես,
Եվ ինձ պետք չէ երկրային հեթանոս բժիշկ,
Խորհուրդների և կյանքի՜ Աստված,
Չես կորցնի ինձ, Քո աչքից հեռու չես նետի երբեք,
Ինչպես արձակված գնդակի պատիճ`
Չեմ լինի թաղված հողում, կորսված…
Ո՛վ հավիտենության Տեր,
Զորացնում ես,
Մղում ես,
Սովորեցնում,
Գոտեվորում ես՝ կրթվելու,
Լույսն ընկալելու,
Պահելու,
Լույսի միջից նայելու,
Լույսով փառավորելու միակ Աստծուդ,
Ո՛վ իմ խոսքի շուրթերի բարձրյալ Վարպետ,
Ամենակալ, գերակա,
Լույսի կամարն ես իմ,
Ուր պահվում եմ` պատսպարվելու
Խավարահած առյուծից կրակամռունչ,
Կռինչներից չար թռչունների գիշերաթռիչ,
Արյունից, մահից, մահերից,
Հուսալքումից,
Սարսափներից ամեն տեսակի,
Ո՛վ իմ Հայր Աստված:
Տուր դեռ այն խոսքերը հոգուս,
Քո լուսավոր Վեմից բխեցող խոսքերը կամեցող,
Որոնցով օրհնանք ու ներբող հյուսեմ պիտի Քեզ,
Գեղեցիկ բացեմ շուրթերս` խոսելու`
Աշակերտած, ուսուցված,
Ոչ վայրիվերո, մի կերպ իրար բերված  չափածո խոսքով թափթփված`
Ստահոդ, կարկամ, վրաս մեղքեր բարդող,
Այլ որ համարձա՜կ կշռույթին տիրեմ խոսքի,
Որ ուրախացնեմ սիրտդ, երկնքի՜ իմ Հայր,
Ամենի Տեր ու Բաշխիչ,
Շավիղները ձուլիր ահավորապես ծարավածիս,
Միաձուլիր, մոլորություններից հանիր`
Դեպի Քեզ գալու, դեպի Վեմիցդ կայլակող Աղբյուրը,
Որ տոչորվածների և կամեցողների համար ես
Կարկաչեցնում, Աստվա՜ծ…
Քանզի խելակորույս, մեղքերով բոցավառված-բեռնավորված`
Թափառել եմ վայրենախորհուրդ մացառուտներում կյանքի,
Շոգից քրտնխաշված, քամիներից խորշակված,
Գռեհներից եմ խմել ախտակիր,
Տոչորվել դարձյալ ու դարձյալ,
Աչքերս ու սիրտս` սովյալ,
Լացիս արցունքները կոկորդս հասած սրտով
Թափառել եմ անապատում ես,
Խշտյակիս մեջ վայել է 
Հողմը ունայնության…
Տե՜ր, մեղքերս ջնջում ես մառախուղի պես,
Ամպերի պես ցրում ես դրանք,
Հույսս զորացնում,
Զվարթությանս բլուրները զովություն են հագնում,
Ո՛վ ամենապարգև Հայր,
Թող չշեղվեմ, չմոլորվեմ,
Անխառն ոգևորության Աստված,
Թող գրիչս սրտիս միջից խոսի`
Քո պարգևած լույսի ուղեծրով շարժվի
Հոգուս դեռ չգրված մագաղաթների վրա,
Օրհնանքներ ու ներբող հյուսեմ Քեզ, Հա՜յր,
Խոնարհության և պաշտումի նամակներս հղեմ,
Եվ, անձանձի՜ր Հայր,
Աղոթքներս լսիր ամեն օր,
Որ դեպի Քեզ եմ մղում…
Բայց վախենում եմ, թե խռով ես ինձանից`
Հանցավորիցս,
Որ նախկին մեղքերիցս նեղված՝ կանչում եմ Քեզ,
Եվ գալիքներից եմ ահագնապես սարսափում,
Ամոթ եմ անում, որ գիտես մեղքերս ու նեղվելս,
Թեև կանչում եմ Քեզ, բայց սարսափի մեջ եմ մնում,
Քանի որ կուրացա և չտեսա երկինքները Քո,
Խլացա և չլսեցի խրատներդ հորդաբուխ,
Եվ երբ կանչեցիր, լռեցի դողահար,
Լռեցրի լեզուս` հանցանքներս իմանալով,
Ինչպես մեղավոր Ադամը Դրախտի Այգում,
Հույսիս աղոտալույս պատրույգը
Մեղավոր ափովս հանգցրեցի ես,
Արարքիս մխահոտը  լցվեց ռունգերս,
Դառնապես մենակ նստեցի խավարում,
Փափուկ հանգիստը փախավ իմ սրտից,
Գիշերը պատեց ինձ,
Աչքերս մեռան,
Չտեսա առավոտդ` արևի վարդը կրծքին`
Տոնազգեստ, զովակապույտ առավոտդ բարի,
Աստվա՜ծ, մեղավոր եմ ես,
Ների՜ր, լուսավորի՜ր,
Բուժիր մահացու խոցված
Հիվանդ իմ հոգին…
Քանզի ոչինչ են ճիգերս` ըմբռնելու,
Հասնելու կատարյալ, աղոթասեր կյանքիս,
Հավատիս փոքրությունից մահապարտ եմ զգում ինձ դարձյալ,
Կրակներս չեն տաքացնում սիրտս դողահար,
Եվ անընդունակ եմ շող ու ժպիտի,
Սիրո և կյանքի անընդունակ եմ ես,
Եվ մարդավախությունից թաքնված եմ ապրում ես,
Չի ուրախացնում ինձ դեմքը մարդկային`
Սարսափով եմ նայում մարդու աչքերին,
Գնում եմ` հայացքս հեռուները նետած,
Անլույս, խավարամած գլորվում եմ ես,
Անմիտ ոչխարի պես գլխախոնարհ մնում`
Անբարբառ-անլեզու,
Եվ ոչ մի նեղվածի չեմ կարող օգնել,
Եվ ոչ մի դիվագնաց-խոտորվածի`
Բարի ավետիսը տալ,
Քանզի ինքս էլ անօգ եմ ու կորած,
Դալուկ մի տերև եմ ես`
Կյանքի ծառից պոկված,
Խորշակի շնչի առաջն ընկած,
Փոշիներում կորած մի սաղարթ եմ ես,
Քշվում եմ ձոր ու առապարներով,
Եվ չեմ կարող թվարկել տագնապներս ամեն,
Բայց Դու գիտես ողջը ի սկզբանե,
Դարձիր ինձ, խռոված ու ցաված Հայր,
Ների՜ր, լուսավորի՜ր, բուժիր մահացու զարկված,
Հիվանդ, խորշակահար,
Ժայռերին բախված, հողմերով ծեծված,
Խելագարված-տրտմածիս,
Օ, աստվածների  Աստված,
Արարիչ հրաշքների ամեն,
Խավարի և Լույսի Արարիչ և Տեր,
Խավարի, մռայլի վրա  իշխող երկնային Հայր,
Վերստին լսիր աղոթքը տրտմածիս,
Խավարում նեղվածիս խոհը լուսավորիր,
Հույսի ճրագով լուսավորիր Դու ինձ,
Ցրիր տրտումն ու խավարը հոգուս,
Գթա՜ խավարում տանջվողիս,
Տուր` հուսամ, որ չես ուշանա,
Որ կգաս շուտով`
Ցրելու խավարը կյանքիս…
Լսիր աղոթքս, Տե՜ր, լուսավորիր`
Հուսալու և սպասելու Քեզ
Հավատքով,
Շնորհ արա, Աստվա՜ծ,
Ձեռքս բռնիր,
Ապաքինության այգին ինձ տար…
Ասա ինձ Խոսքդ հուսադրիչ ու մեղմ,
Թող հանդարտվի վիրավոր- վրդովված հոգիս,
Ուժգին բաբախումները խաղաղվեն սրտիս,
Վշտի արցունքների տիկ դառածիս
Արցունքներն հեղիր երախտազգաց իմ հոգուց,
Աղի արցունքներս փոխիր խնդության լույսի,
Տե՜ր, աղաղակներիս  կոկորդից վախ ու սարսափի
Հնչյունները հեռացրու,
Ուրախության ձայնարկություններ պարգևիր սրտիս…
Ձեռքս բռնիր, գոտեվորիր հույսով,
Ապաքինության զովություններում պտտեցրու ինձ,
Քո օրհնված ժայռերի ստվերնեում,
Ճոխ ծաղկունանցդ տեսքը հոգեկազդուրիչ
Թող վերածնի հուսահատվածիս հայացքը հանգած,
Թող չհեռանա Քո խնամքը ինձանից,
Թող Քո սրբակարկաչ առվի երաժշտությունը
Շոյի լսելիքն իմ` խժալուր ձայներից բթացած,
Սուրբ ու ալպիական սարերդ հանիր ինձ,
Թող հուր խոտերի,
Հուր-վառ ծաղիկների բույրը երկնային
Ինձ առողջություն տան` Քեզանով, նորոգվեմ,
Ապրեմ սրբասուրբ սարերիդ կրծքին,
Քո շնորհված ազատության երգերով ապրեմ ես…
Անձնասիրության, անձնապաստանության
Գրանիտաժայռի վրա ողորկ
Ամուր կեցել էի ես`
Ընդդեմ աշխարհի չարիքին, խոստովանեմ,
Ինձ բա՛րձր, մաքուր էի կարծում, Աստվա՜ծ,
Անկործանելի ազատ,
Օժտվա՜ծ,  գեղեցկահոգի՜, գեղեցկասի՜րտ,
Ու բարիքի շտեմարան`
Անորո՛շ մի աստվածության հաղորդ,
Գերագույն մի ուժի, որ կոչում էի աստված,
Ես ինձ կոչում էի բանաստեղծ եզակի,
Որին պետք է աշխարհը արժանին հատուցեր,
Բայց աշխարհը, անտարբեր, ահա
Իր ոճիրն էր ապրում:
Իսկ ես աշխարհից խռով` արդեն քաշվել էի մի կողմ,
Ստեղծել էի աշխարհն իմ մենակության,
Ճգնակեցություն մի ինքնածին ու ինքնահնար:
Անապատ, մենության խոհ, մենակություն:
Դատում-դատապարտում էի ո՛ղջը իմ հոգում –
Ների՜ր, Աստվա՜ծ, օրենքդ չէր գործում իմ սրտում.
Գթությունս՝ քիչ, սերս` պակասավոր, անհստակ,
Ի՜մ օրենքն էր գործում իմ սրտում անձնասեր,
Թե՞ դրդիչ դևի,
Ես ճշմարիտ էի կարծում ինձ,
Բոլորը աչքիս` չարագործ, թերի,
Եվ ոչ ոքի մեջ չկար ճշմարտություն և լույս, և գեղեցկություն:
Եվ ինքնաբավ ապրում էի այդպես օրեցօր
Գաղափարը Լույսի:
Երգեր էի գրում,
Թախծապարույր խոսքեր չափածո,
Ասես անելք էր իմ լույսը` ճառագելու,
Եվ, ների՜ր, Աստվա՜ծ,
Չէի ճանաչում դույզն ինչ Քեզ,
Այժմ էլ…
Ների՜ր, լուսավորի՜ր,
Մեծամոլության հիվանդիս հանիր
Վիհից անձնապաստանության բանաստեղծի ինքնաբավ,
Նայիր խորքերը իմ,
Մաքրիր իմ սիրտը հաշիշներից մեծամոլության,
Սնափառ տենչերը ջնջիր իմ սրտից`
Հանց զեռուններ վխտացող,
Որ ավերել են անձս, կործանել,
Բաբախեցրու սիրտս հանգիստ,
Խաղաղություն տուր նրան,
Լույսիդ զվարթության մե՜ջ  արթնացրու Դու ինձ…
Ամեն պահ թող տեսնեմ ինձ
Քո հայրագութ աչքերի առջև, Հա՜յր,
Ուր էլ լինեմ,
Իմ սրտի, իմ հոգու մեջ եղիր, ինչ էլ որ անեմ,
Եվ Քո բարձրից հսկիր ինձ այստեղ,
Խնդրվածքներ լսո՜ղ և հիշո՜ղ Աստված,
Հիշիր աղոթք-դիմումներս,
Եվ թող Քո կամքը լինի,
Եվ փա՛ռք Քեզ հավիտյանս հավիտենից՝ Հիսուսով.
Ամեն:
                           13.

Վերստին լռած, դատարկված սիրտս 
Դեպի Քեզ եմ ուղղում,
Դեպի երկինքդ սուրբ,
Տե՜ր, խոսքեր ու լույս եմ պաղատում նորից Քեզանից,
Որ լցվի լռությունս Քեզանով,
Գիտեմ, Քո կամքով է ողջը,
Թող սխալ ընթացող կամքս հալվի
Խոսքիդ հնոցում, եթե կամենում ես Դու,
Թող ձուլվեմ այնտեղ, ըստ Քեզ ձևավորվեմ ես,
Ելնեմ ու տեսնեմ ինձ նորոգված - փոխված` 
Զավա՜կ Աստծո:
Տուր` Քո շնորված խոսքով շուրթերս բացվեն,
Տե՜ր, մեղք ու զղջումներից ազատագրված, 
Ներբողեմ Քեզ, ազատի՜չ, երկնային Հայր,
Անձրևիր հոգուս մեջ գարնանաբուխ անձրևը Խոսքիդ…
Ազատի՜ր, Տե՜ր,
Քանզի քամիներն ու հողմը պատեցին կյանքս,
Պատեցին նորից ինձ, պատառոտեցին առագաստս,
Ես երերում եմ ջրերում ալեգոչ,
Օրորվող նավս` կործանման եզրին է նորից,
Եվ վշտահալած մի խեղճ մարդ եմ ես, վշտահալած,
Եվ այլ պատկերներով չեմ կարող խոսել հիմա,
Եվ ալիքներն են ինձ զարկում,
Շնչահեղձ եմ լինում ես,
Ահավորապես մութը աչքերս է լցվում,
Անաստղ երկինք, անաստղ,
Միայն խավարն եմ տեսնում,
Կուրացել եմ ջրերի մռունչում,
Կուրացել եմ ես, դեպի խավարն եմ գնում տագնապահար,
Վիթխարի ապտակներն հզոր ջրերի
Տապալում են ինձ …
Ահա փորձություն,
Անուղի մի նավ,
Ահա փորձություն…
Շփոթահար մի ուղևոր եմ ես,
Շփոթահար մի ուղևոր շնչահեղձ,
Ե՜վ գիշեր, և՜ ցուրտ անլուսաբաց…
Մթածավալ հորիզոն ու վախ,
Մթածավալ հորիզոն ու վախ,
Կուրություն աչքերի – հոգու…
Ազատի՜ր, Աստվա՜ծ, խորտակվողիս շնչահատ,
Փորձություններից հանի՜ր,
Անհանգստացի՜ր, տե՜ս` կորչում եմ ես,
Ների՜ր, անհանգստացի՜ր, Աստվա՜ծ,
Լուսավորիր կյանքիս նավը` խավարներում հածող,
Փարոսներդ վառիր իմ դիմաց,
Փարոսներդ վառիր, հանդարտեցրու ծովը սևահողմ,
Գթա՜, ողորմությա՜ն Հայր,
Թող ժայռերին չբախվեմ փշրվեմ, Հիսու՜ս, բարեխոսիր,
Թող չկորչեմ առհավետ,
Խոսքովդ ինձ խաղաղության եզերքը հանիր Քո լույս, Հա՜յր իմ…



             *    *    *

Երեկո է արդեն,
Արագահաս փրկությա՜նս Աստված,
Բայց լուսաբաց է հոգուս մեջ, լուսաբաց,
Ի՛նչ լավ է Քո Լույսի ներքո,
Հանեցիր ինձ ափ,
Խաղաղությանս Աստված, ի՛նչ լավ է,
Աղոթքս լսել ես, խաղաղվեցի, Հա՜յր,
Շնորհել ես հիմա լույս և լռություն պայծառ,
Հիմա զվարթ է Քո մասին մտածումների սիրտս,
Հիմա զվարթ է,
Եվ կյանքիս իմաստի շուրջն է բաբախում,
Ջրերից խավար ինձ հանեցիր, միտքս հստակվեց.
Չար աշխարհի դեմ իմ վահանն ու սաղավարտն ես առմիշտ,
Եվ Քո լույսերում հանդարտ եմ հիմա,
Քո վրա եմ կռթնած,
Իմ Վեմ,
Վերագտել եմ Քեզ, Հա՜յր,
Տագնապներս ցնդել են,
Մոտիկ ես ու մերձ,
Մեգի փոխարեն արև է հոգու,
Համրության փոխարեն` լռությու՛ն, հանգի՛ստ…
Հողմը չի կռվում, չի զարկում էլ ինձ,
Գիշերն է անցել.
Հանդարտություն ամոքիչ,
Անչարություն.
Լուսարծարծ ներումներ համապարփակ` հոգուս մեջ,
Զայրագնումներս` սպառված,
Հուսահատությունս` չված.
Կապույտ հածումներ Քո երկնքի մեջ` հոգով,
Սեր` վայրագնածուփ խռովքներիս փոխարեն,
Եվ ուրիշ պարգևներ,
Որ չեմ վերծանել դեռ,
Բայց հավատում եմ` դեռևս կա՜ն,
Ո՛վ  շռայլաբաշխ Հայր անհիշաչար,
Զգույշ բուժում ես մահացու դիվածեծված հիվանդիս,
Սիրտս ուրախ է, զվարթ,
Դևերը փախել են հեռու,
Եվ հավատում եմ ես` լռություններիս սրահի սպասուհին անտեսանելի
Աստվածային մատուցարանիդ վրա կբերի Խոսքիդ շնորհը ինձ,
Օ, Աստվա՜ծ, որ Սեր ես,
Քո` ինձ տված սրտիս խորքերից
Սաղմոսնե՛ր կառաքեմ ես Քեզ` Հիսուսով,
Զի օրհնված ես, Հա՜յր,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                       14.

Հա՜յր Աստված,
Մեր և տիեզերքի արարիչ, Միակ Լույս`
Հրեշտակների և մարդկանց,
Ես Քեզ չեմ մոռանում,
Թող ամաչի իմ սիրտը, մնամ գլխահակ մինչ ի մահ,
Թող խորտակվեմ հավիտյան, գերեզմանում մնամ,
Եթե մոռանամ ես Քեզ,
Սրտիցս հանեմ եթե Ստեղծիչին իմ.
Ահա, երկնային Սուրբ Հայր,
Աղոթքս վերստին շարունակվում է,
Սա իմ խունկն է, որ ծխում եմ առ Քեզ,
Որպես խնդրվածք և խոստովանություն,
Որպես գոհության խոսք, ի՜մ Աստված,
Որ պահում ու պահպանում ես ամեն օր Դու ինձ`
Անարժանիս,
Թեև բարձրաձայն չեմ աղաղակում ամեն օր Քո անունը ես,
Որ անհավատների մեջ չեմ կարողանում տարածել Խոսքդ աստվածային,
Քանի որ չեն լսում,
Եվ թուլանում եմ ես Սատանայի աշխարհում:
Ծածուկ իրենց սրտերի մեջ ասում են`
“Աստված չկա,
Սատանա էլ չկա,
Չենք ուզում խոսես,
Ստախոսում ես դու,
Մենք չենք հավատում,
Սուրբ գիրքը սուտ է ,
Մարգարեությունները` հորինաբանություններ են սոսկ. . .”:
Էլ գլուխ չեմ դնում…
Ամենայն, ամենայն մեղքերով վերքոտված, շարավոտված
Հոգիներ են, Տե՜ր,
Ինչպես որ գիտես,
Քթների տակ քմծիծաղում են, ծիծաղում`
Չարությամբ փքված,
Եվ շարունակում են, իրար կողմ դառած,
Չար պատմություններն իրենց անցյալից:
Մեռելատների այրեր են, նստոտած դռանը, առանց վշտակցության,
Ուր տարածվում է հոտը դիակի,
Իրենց խայտառակ անցյալից, անցյալից
Շարունակում  են «հերոսապատումներե պատմել իրար,
Ստաբանելով սպասում են, որ մեռելը հանեն,
Կանանց լաց ու կականի ներքո
Մեռելը հանեն,
Որ հանեն տանեն գերեզմանները:
Որ կեղծ տրտմություն դեմքերին փռած`
Հող լցնեն վրան, ծածկեն,
Որ գան, շարվեշարան, հոգեհացի գան,
Ձեռքները լվանան,
Որ հոգեհացն ուտեն, սեղաններին առատորեն դրված,
Իրար հետևից օղու բաժակները կոնծած, ճառաբանած,
Հարբած ցվրվեն գնան, բարձրախոսելով անամոթաբար,
Չար գործերի հետևից գնան իրենց,
Ինչպես որ հի՛ն-հի՛ն դարերում
Կային այդպես, Աստվա՜ծ…
Ծանր է դատարկաբանության աշխարհում ապրելը,
Ուր նյութն է, նյու՜թը գերիշխան, և Սատանան
Առատ բերքն է հնձում մարդկանց մեղքերի,
Նյութի մասին է ողջը.
Նողկալի է խոսքը և ողբն էլ մարդկային.
Մարդը քայլող սուտ և սին չարչարվող,
Առանց Աստծո,
Սատանայի զենքերով զինված,
Ըստ ամենայնի՝ մերժում են Քեզ, Տե՜ր:
Աստվա՜ծ, լուսավորի՜ր, հանի՜ր ինձ այստեղից,
Մեռելատներից,
Մահվան փողոցներից, քաղաքներից մահի,
Արիությու՜ն տուր սրտիս,
Քո կամքի ճանապարհն ընթանալու անշեղ,
Հիսու՜ս, մեր Փրկի՜չ,
Բարեխոսիր ինձ համար երկնքում,
Եվ փա՛ռք մեր Տիրոջն հավիտյան.
Ամեն:

                    15.

Երբ թեքվում եմ  դեպի Քեզ,
Կյանքս է հոսում դեպի Քեզ,
Խև դևերն են թաքնվում,
Աղոթում եմ երբ որ Քեզ,
Երկնքի իմ հոգևոր Հայր,
Ինձ ակնդետ դիտող գերհզոր աչք,
Լավ ասաց Երեմիան,
Որ սրտիցս է խոսում.
ՙԲարձրացնենք մեր սրտերը
Մեր ձեռքերի հետ
Դեպի երկնքում լինող Աստվածը…՚
Ես էլ նրա պես եմ խորհում, կամենում,
Եվ մեղապարտ եմ համարում ինձ
Երեմիայի պես,
Քննում եմ ճանապարհս ամեն պահ,
Եվ փորձում եմ կարդալ ես ինձ,
Եվ դիմում եմ վերստին,
Որ ամպով չծածկի իրեն,
Որ լսի աղոթքներս,
Եվ վշտի ամպերն են պատում իմ անձը,
Վշտի ամպերը…
Բայց առկայծում է պատրույգը հույսիս.
Գուցե, Տե՜ր, կփոխվե՜ս իմ հանդեպ,
Կլսես աղոթքներս, որ սրտիցս են ելնում,
Կազատես ինձ Սատանայի լծից…
Եվ ո՞վ է ինձ լուր տվել, ո՞վ` մանկությանս օրերին Քո մասին…
Եվ ամեն օր դիմում եմ, Տե՜ր, որ սատարես,
Որ ձգտում եմ Քո կամքի ճանապարհին մնալ`
Կյանքի և մեղքի աշխարհից հեռու՛, հեռու՛…
Նրա շավիղները չհիշել այլևս, Աստվա՜ծ:
Չարերից ծածկի՜ր ինձ, թաքցրու՜,
Խոտորագնա մարդկանց որոգայթները փչացրու,
Մի՜ հիշիր, երկնավո՜ր Հայր,
Հի՛ն-հին մեղավորություններս բազմաբնույթ,
Հանկարծահաս հանցանքներս ջնջիր ինձանից,
Ո՛վ գերախիղճ փրկիչ,
Որ գիշերահած կյանքիս օրերում 
Բարդվեցին ինձ վրա`
Չգիտեի,
Լեռ-լեռ մեղքեր, որ ճնշում են սիրտս, բազմապատկվում են,
Աստվա՜ծ, գթա՜,
Ազատիր հուշերիս բեռից,
Ճանապարհիս հսկիչնե՜ր կարգիր Քո հրեշտակներից,
Որ գթասիրաբար շեղեն ինձ հեռու 
Քողարկված գուբերից մեղքի,
Որոգայթներից դեռ չեկած կյանքիս,
Սրտակեղեք բռնկումներիցս անձս ազատիր,
Անցյալիս հանկարծական վերահարձակումներից  փրկիր,
Հսկիր իմ սրտին` խութերին չբախվեմ,
Թող ոճրաշառաչ հեղեղները պղտոր
Չքշեն զարկեն ինձ ժայռեժայռ,
Գթա՜, ազատի՜ր դեպի քեզ դարձածիս,
Լույսիդ միջավայրում պահիր, գերհզո՜ր Հայր,
Արագ խոտորվողիս պահիր,
Աստծուդ սանձը հագցրու սրտիս երախին,
Ուղղորդի՜ր ինձ, Հա՜յր,
Որ գիշերի մեջ չընկնեմ`
Անաստղ, անլուսին սատանայագիշեր,
Կրթի՜ր, հղկի՜ր Քո ոգով,
Վերազինիր ինձ, –
Նորից սաղավարտ դիր ծերացող գլխիս,
Նորից վահան եղիր թուլացող անձիս,
Եվ փա՛ռք Քեզ, Հիսուսով, մեր փրկիչով գերհզոր, 
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:
                               16.

Տե՜ր, գիշերների խավարները կլանեցին ինձ,
Ես զարկվեցի իմ բոլոր օրերում,
Քո աչքի առաջ,
Դու գիտես ողջը,
Դու գիտես իմ նեղությունները,
Իմ բոլոր լարումները տրտում,
Որոնումներս Լույսի,
Եվ հիմա հալածված եմ ես,
Երկրի խավարը սանձարձակված է քանզի,
Եվ սովյալներն են աղաղակում ի Լույս,
Քո օգնությունը նրանց թող հասնի`
Սովյալներին ոգու,
Քո երանիները թող նրանց հասնեն:
Ինձ էլ լվացիր մեծապես,
Վիրահատիր, Տե՜ր,
Իմ աղաչանքը լսիր,
Դեն նետիր վիշտ և հառաչանք ինձանից,
Եվ ճնշվածի հուշեր,
Եվ հալածական սիրտ,
Եվ անկոպար գիշերներ,
Եվ մտածումներ անլուսակիր,
Եվ ահավոր զայրույթ ցավածի,
եվ մշտագրգիռ տեսք,
ԵՎ դառնացածի խավարապատրույգ աչք,
Եվ սնոտի տենչ,
Եվ արյունահոտ կռիվ,
Եվ գինեմոլության կիրքը իմ հին,
Եվ պարապ թափառումներս քաղաքում աստվածամերժ,
Եվ ատելության մուժ անփարատելի,
Եվ առանձնության բարձրահոնություն,
Եվ մեղապարտների հանդեպ եփվող սրտի մաղձ,
Եվ մոռացում կրքի հորձանքում` Աստծուդ,
Եվ անհոգ զբոսանք մարգերում կանաչ,
Եվ կուշտ կերածի դատարկաշրջություն,
Եվ սովյալ աչքերի անդունդներ հուսահատ,
Եվ անասնական անհուշություն,
Եվ երևակայության չար տեսիլքներ մտաբորբոքային,
Եվ գրամոլի սնափառություն ատելի,
Եվ փառքի մարմաջ,
Եվ իշխանավորից վարձատրության սպասում չարաբաստ,
Եվ անձրևների տակ խեղճություն նվաստ,
Եվ խորհրդանիշեր անձնապարար,
Եվ հպարտ սլացում չարագործի մոտով, ասես` աներկյուղ սլացք,
Եվ զղջում` դառնադառն` աղետ անփարատելի,
Եվ օգնության համար չմեկնվող կռկված ձեռք՝ վախկոտ-վարանոտ…
Սատանայի անտես ներկայությունը
Թող չկործանի իմ անձը,
Գերհզո՜ր իմ Աստված,
Այս ամենից ազատի՜ր, փրկի՜ր, սատարի՜ր,
Եվ փա՛ռք Քեզ, երկնաստեղծ Հայր, Հիսուսով, Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                                17.

Եթե ամեն օր չեմ դիմում Քեզ, Աստվա՜ծ,
Թեքվում է իմ ճամփան խավարը դեպի,
Ես մռայլվում եմ, գոյամաքառմամբ տարվում,
Չնչին տենչերի թակարդն եմ ընկնում,
Եվ սերս է փոխվում դժնի ատելության.
Չէ՞ որ ասում էր Ուսուցիչը երկնային մեր.
“Աղոթեք նաև ձեր թշնամիների համար
Եվ ներեք նրանց դուք,
Եվ երկնքի ձեր Հայրն էլ նմանապես կների ձեզ:”
Եվ ապա` “Մի՜ դատիր, որ չդատվես”:
Եթե ամեն օր չեմ աղոթում Քեզ, Աստվա՜ծ,
Իմ սիրտն է կորչում պղտոր ջրերում:
Ծանրանում է ինձ վրա անեծքը Չարի,
Շնչահեղձ է լինում իմ հոգին,
Աշխարհային հոգսերն են կլանում երբ որ ինձ`
Ապականվում եմ: Եվ ի՞նչ եմ ես,
Երբ հեռանում եմ խորհուրդից Լույսիդ,
Որ ուղարկեցիր Գառի տեսքով խոնարհ`
Փրկելու մահից ինձ հավիտյան,
Դեպի կյանքը կոչելու:
Մեզ համար մահն ընդունած մեր Փրկիչով
Փրկագնված եմ, ոչ իմ արժանիքով,
Շնորհ արա, Աստվա՜ծ, Քեզ աղոթողիս,
Թող ազատ լինեմ ամենից,
Ինչը ճնշում է ինձ,
Ազատի՜ր, մաքրի՜ր, ու սրբիր դարձյալ
Երկրային չնչին հոգսերից հոգիս,
Վերստին, Աստվա՜ծ, հաստատիր Դու ինձ,
Աղոթքի ճամփին կանգնեցրու նորից,
Լցրու սիրտս խոնարհությամբ դարձյալ,
Թող չար աշխարհի վաճառանոցները ամեն չճնշեն հոգիս,
Որ հեռու են աղոթքից, սիրուց և կյանքից,
Ուր վաճառված է և՜ աղոթք, և՜ սեր, և՜ կյանքի լույս,
Բայց գիտեմ, Աստվա՜ծ,
Ծախված բանը հարատև չէ, ճշմարիտ Լույսի Հա՜յր,
Թող չար աշխարհի վաճառանոցները ամեն
Չճնշեն հոգիս, չընկճվեմ թող, Աստվա՜ծ,
Եվ սիրտս չպապանձվի,
Թող աղոթի սիրտս դարձյալ ու դարձյալ:
Թող աղոթքներս հասնեն ՔԵզ մեր միակ Փրկիչով,
Որ բարեխոս է միշտ Քո առաջ մեզ համար,
Որ ուղղվենք, ձգտենք, հուսանք, ու փրկվենք,
Որ Լույսը կրողիդ մեջ ապրենք,
Ոլորտում ապրենք Լույսիդ` Քրիստոսով ապրենք լուսակիր,
Քանի որ ստեղծել ես մեզ ըստ Քո պատկերի, Աստվա՜ծ,
Եվ հավիտենությունն ես դրել մեր սրտում,
Եվ հույսն ես տվել մեզ հավերժի կյանքի,
Եվ հավատն սպասման, երբ որ Օրը գա,
Մահը հավիտյան դժոխքը կիջնի:
Հա՜յր, խնդրում եմ, պաղատում դարձյալ,
Թողություն տուր մեղքերիս, աղոթքս լսիր,
Սիրտս թող առնչվի Ստեղծիչին իմ,
Արժանի չեմ թեկուզ, շնորհ արա, Աստվա՜ծ,
Ուրիշ անգամ խոստովանել եմ Քեզ,
Թե դրել եմ սրտիս մեջ, մտադրվել եմ,
Նվիրվել ճշմարտությանը երկնքի Աստծու,
Որ չար աշխահի դեմ կմնամ հաստատ:
Արդ լսիր աղոթքս`
Վրդովք և աշխարհային ցավ հանիր իմ միջից,
Հանգստություն, խաղաղաություն և լույս
Թող իջնի սրտիս,
Եվ փառք և օրհնություն Քեզ մեր թագավոր Փրկիչով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:
 
                   18.

Երկնավո՜ր Հայր,
Հանկարծ տիրում է խավար և գիշեր
Սրտիս խորքերին,
Իջնում է վրաս տրտմության մուժ,
Երբ հիշում եմ` որտեղ եմ ապրում,
Ի՜նչ աշխարհում է իմ կյանքը մաշվում`
Օրերում դժնի և արյունածավալ,
Ի՜նչ մարդկանց սիրտ է նայում աչքերով
Իմ աչքերի մեջ` նայվածքով չարկամ,
Երբ հիշում եմ դարձյալ ու դարձյալ,
Թե ոնց են ճնշվել, քայքայվել անվերջ
Մարդիկ` և՜ խեղճ, և՜ աղքատացած,
Թե ոնց են կողոպտել երկիրը հանուր,
Թե ո՜նց են պանդխտում վայրերը օտար`
Բնօրրանը թողած հայրենի,
Թողած տուն և՜ ընտանիք:
Անարդարությունը սարերի գագաթներն է ծածկել,
Խեղդված են մարդիկ հոգեպես,
Դղյակներ ճոխ և ապարանքներ,
Թե ինչպես մարդիկ օտար են իրար,
Եվ զարհուրելի ատելություն` օդում:
Թե՜ յուրային, թե՜ օտար, դառնահոգի են,
Եվ մոլորված են, առանց հավատի,
Եվ հանրահավաքների աղաղակն է հնչում,
Եվ ծեծ մահակներով, և փախուստ ոստիկաններից,
Բողոք ըմբոստաձայն և կոչեր գոռ-գոռ,
Մարտահրավերներ,
Եվ խաբեական խոստումներ` օդում,
Կյանքը բարենորոգելու  ծրագրեր դատարկախելոք,
Ո՛ղջը, ամենը Քո սիրտը գիտի, Տե՜ր Աստված,
Եվ մարդու հանդեպ
Չունեմ հավատի ոչ մի կայծ,
Քանզի ասված է`
Լավ է Աստծո ձեռքը ընկնել, Աստծուն հուսալ,
Քան թե մարդու…
Ո՛վ Հայր,
Չկա իրավունք և չի լինելու ձեռքով մարդկային,
Լսի՜ր աղոթքս,
Լուսավորիր գիշերացած սիրտս տրտմախոհ,
Ազատիր վշտերից ծանր և կորստամատնիչ,
Որ ես ապաշաված, քաված,
Եվ հուսալից, հուսալից
Սպասեմ ծագմանը Օրվադ…
Երբ նոր կլինեն երկինք ու երկիր,
Երբ նո՛ր հայրենիք կպարգևես Դու ինձ`
Ե՜վ արդար, և՜ ճոխ, 
Երկնապայծա՛ռ եզերք,
Երբ շնորհես ինձ կյանք,
Երբ սատակած կլինեն ամբարիշտները առմիշտ,
Ե՜վ հարստահարիչը, և՜ իշխանավորը չարակարգ
Վերցված կլինեն առմիշտ,
Եթե դարձի չգան և չապաշխարեն:
Տուր`, որ սպասեմ խոնարհաբար,
Ծագմանը Օրվադ սպասեմ…
Եվ փա՛ռք Քեզ, մեր փրկիչ Հիսուսով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:
                  19.

Հա՜յր մեր, որ երկնքում ես,
Գիտեմ, որ պիղծ է մարդը Քո առաջ,
Անարգանք է դիզել իր գլխի վրա դարերով,
Եվ սրտի մեջ վառվում է կրակը
Չարագործությունների:
Իսկ մեր դա՜րն է ահավորը,
Եվ դարձ չկա, ասես,
Եվ ապաշխարանքն է ձև,
Բայց երանի՛ դարձողներին, երանի՛,
Ապաշավողներին ճշմարիտ` երանի՛,
Որովհետև ոչ մեկի կորուստը չես ուզում, Աստվա՜ծ,
Որովհետև փրկությունդ կշնորհես նրանց,
Կճերմակացնես նրանց ձյունի պես պայծառ,
Բայց հիմա արյուն է քաղաքների մեջ,
Եվ աղաղակներ մեծ,
Եվ բռնություններ, և՜ բռնաբարություններ ահավոր,
Ամեն օր: Կայենի զենքերն են նորագյուտ,
Արյուն ու ոճիր, արյուն ու ոճիր,
Եվ կաշառված գործում են մարդասպանները,
Չկա՜ ճշմարիտ բացահայտում ոճրագործությունների,
Սպանված է խիղճը հայրենիքներում բոլոր,
Հայրենիքներում բոլոր,
Եվ ողջը ծես է, ճշմարտասիրության ծե՜ս,
Որ ծածկվի ճշմարտությունդ, Աստվա՜ծ,
Որ սուտը ճշմարիտ կոչվի,
Ճշմարիտ Աստվածդ` անգո…
Ինչպես որ Երուսաղեմի մեղքերը դիզվեցին
Մարգարեի դեմ,
Այդպես շատ են մեղքերը քաղաքների մեջ, անթի՛վ,
Ե՜վ գյուղերում բոլոր, և՜ ավաններում համայն, և՜ աուլներում կորած,
Եվ մոտեցել են օրերը կործանման,
Այս հին աշխարհի վախճանը մոտեցրել ես, Տե՜ր,
Եվ թող լինի Քո կամքը, Հա՜յր մեր,
Ինչպես որ երկնքում է, այնպես էլ երկրում,
Քո կա՜մքը թող լինի,
Եվ թող արդարությունդ գա,
Եվ փա՛ռք Քեզ Քո Հիսուս Որդիով, մեզ համար զոհված,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                        20.

Հա՜յր Աստված,
Իմ մեղքերի խոստովանություններն ահա
Դնում եմ Քո առաջ և աղոթում հույսով.
Եվ Քեզանից ծածուկ չի՜ մնա ոչինչ,
Քանզի զգում եմ, քանզի, Ամենատե՜ս,
Դու ողջն ես տեսնում`
Ինչը որ ես չեմ կարող տեսնել իմ մեջ
Կամ թե երևակայե՜լ իսկ.
Կեղծիք կլիներ դա, ապաշավություն սուտ,
Թե արդարանայի խոսքով:
Ոչ մարգարեական շնորհ ունեմ` Քեզանից, Աստվա՜ծ,
Ոչ էլ կեղծ մարգարեների պես
Խոսք եմ խոսել ինձնից` վերագրելով Քեզ:
Ես բանաստեղծ եմ եղել վշտի,
Եվ մի մարդ եմ ես,
Որ վերքեր ունի սրտի:
Որովհետև ավելի շատ կռվել եմ հոգով,
Ավելի շատ ատել, խռովքը ապրել, քան թե սիրել, Աստվա՜ծ:
Քանզի չե՜մ տեսել բարեկա՜մ  մի դեմք,
Խոստովանում եմ, չեմ արդարանում,
Չի թնդացել սիրտս, ափեափ լցված, չի թնդացել երբեք,
Երբ տեսել եմ երեսն իմ եղբոր կամ բարեկամիս,
Ընկերոջս հանդիպելիս չեմ ուրախացել, ո՜չ,
Ամեն մեկի մեջ, ինչ որ չափով, Աստվա՜ծ,
Կայենն եմ տեսել: Կայենը, այո՜: Աններողամիտ լռել,
Փախել եմ հեռու ամենից.
Չեմ սիրել՝ մի խոսքով: Չեմ կարողացել սիրել սրտանց և ոչ մեկին:
Եվ մեծ ցավ է դա ինձ եղել, մեծ ցավ է դա ինձ եղել,
Ուրեմն` մեղքերս են բազում, Աստվա՜ծ…
Քո Խոսքի իմացությամբ պետք է խոսեի,
Պայծառ արևդ լուսաշողեր պիտի խորքերը սրտիս,
Պատգամներիդ հուրը աստվածային
Բարդ-բարդ կուտակված ամպերս հալեր,
Շողար պիտի հոգիս` Քեզանով լցված,
Եվ երգերս լինեին սաղմոսերգություն,
Ձոն լինեին պիտի, հիմն ու գովքեր անամպ,
Որ ուրախանար սիրտը երկնային իմ Հոր,
Որ կարողանար պատասխան տալ
Իրեն անարգողին՝ Աստված:
Մինչդեռ երգել եմ տրտմությունն հոգուս ամպաթափառ,
Շարավների պես ժայթեցրել վշտապատումը սրտիս.
Ե՜վ մենակության երգ, և՜ թախիծ անհույս,
Ե՜վ ժայռեղեն ամրության որոնում հոգուս մեջ անվերջ,
Անձնապաստանություն, մենակություն բարձր, որ չվախենամ…
Կյանքս խորհրդանիշ  ու երազ դարձնելու ձգտում…
Քո Խոսքի գինով արբած պետք է ցնծայի ես,
Մինչդեռ որթատունկի գինին է հաճախ աղմկել իմ մեջ…
Ծխախոտի ծուխն եմ սիրել` վշտերիս տակ թեքված:
Տե՜ր, վերստին, նորից ու նորից դիմում եմ ահա,
Մաքրագործո՜ղ Հայր,
Ների՜ր, շտկի՜ր, նորացրու սիրտս և հոգիս,
Լսիր աղոթքս ու գթա խավարում ապրածիս,
Եվ փա՛ռք Քեզ հավիտյանս հավիտենից.
Ամեն և ամեն:


                     21.

Ելնում է արևը արարչական, վսեմ,
Որ լուսավորի աշխարհը դարձյալ,
Ելնում է բարձր երկնքի խորքից
Ճառագայթելու աշխարհի վրա,
Քաղաքների վրա՝  բազմամբոխ-թշվառ,
Գյուղերի վրա՝ ուժահատ ճգնող,
Ելնում է արևն աղբակույտերի վրա համայն աշխարհի,
Մարդկային մտքի` լուսավորելու: Ելնում է արևը:
Որ թաքուն ոչինչ չկա Քո առաջ, Աստվա՜ծ:
Տե՜ր, այս աղոթքս երբ մոտենա Քեզ, Հիսուսով,
Մի՜ մերժիր, ողորմա՜ծ Հայր,
Եվ թող ձանձրույթ չպատճառի այն Քեզ,
Թող լինի սրտախորքիս պաղատանքը վերստին,
Թող կեղծաբուրվառ խունկ չլինի փսորված,
Թող, ցավագին ծուխ որպես, վերամբառնա Քեզ:
Թող բուժող գութդ շարժվի վրաս,
Այս սրտխառնուք-զզվանք-մորմոքը,
Որից հիվանդ եմ դարձյալ ու նորից,
Թող չդառնա պատիժ` անձս կործանող,
Այլ հիվանդությունս վանիր, գթությա՜նց Աստված:
Այնքան կռապաշտական ձևեր կան աշխարհի վրա,
Որ հիմա բարձրացել է արևդ լուսավորելու,
Եվ ես հիվանդ եմ հարվածներից կեղծիք-եղծանքի:
Մողոքասիրություն: Բահալի աչքերով մեռյալ՝
Ոգևորված ելնում է նորից սուտը իշխելու:
Կայսրություն Չարի:
Հոգնապատիր ելնում փնտրում են,
Գտնում կեղծիքը , արագությամբ, կարոտագին պագում,
Նորից սեղմում կրծքներին, ասես, չեն հագենում կարոտից,
Ասես, վաղուց էին կորցրել նրան,
Իրար ձեռք են սեղմում,
Բայց դավում են իրար դարձյալ ու դարձյալ,
Ու՞ր է աստվածասիրությունը մարդու,
Եվ ու՞ր է մարդկայնությունը, Աստվա՜ծ,
Փառքի տենչից վառված,
Նյութի, նյութի տենչից,
Ստախոսում, ստահոդում են դարձյալ,
Ստահամբուրվում: Ստվերներն են, ասես, դևերի մթին:
Եվ վհուկները բազում Բահալ-Մողոք-Մարդուքների
Իրար պատիվ են տալիս դարձյալ ստաբար,
Իրարից պատիվ են առնում դարձյալ` ստահոդ,
Եվ վաճառվում է այդ սուտը բազմատիրաժավորված,
Եվ հալածվում է դարձյալ ճշմարտությունդ, Աստվա՜ծ:
Եվ մենք անուժ ենք, հանգած-անկատար,
Հալածված-լռած, անհուր-խռոված,
Նեղսրտած, անբաբախ, վերստին ընկած,
Մեր  նվաճած փոքրիկ բլրի լանջից մաքրության
Գլորված ենք նորից ճահիճն հարթության:
Ա՛խ, աղաղակում եմ նորից`
Միայն Քեզ ու Որդուդ լսելի, և հրեշտակներիդ,
Ազատի՜ր, բուժի՜ր, կանգնեցրո՜ւ ինձ վերստին,
Պահի՜ր, ամրացրու՜, Աստվա՜ծ,
Մի՜ զարկ հոգուս ձեռքերին՝ վերապարզված դեպի երկինք,
Մի՜ փշրիր դրանք,
Ցավից չկաղկանձեմ, որպես մի խեղճ շուն՝
Լուսնի տակ փախչող.
Գիշերը թող չընկնի վրաս, Աստվա՜ծ:
Ես ահա բոլոր ծեսերից անդին,
Բոլոր կեղծ անոթներից` ոսկի և արծաթ,
Բոլոր մոմերից` վառված սնոտի,
Կեղծաթափահար բոլոր բուրվառներից անդին,
Զանգ ու զանգատներից` հեռավոր ու մոտիկ,
Բոլո՛ր պատմուճաններից երկայնաքղանցք-կեղծափրկիչ,
Բոլոր պատկառազդու խոստովանահայրերից`
Բոլորովին ճշմարիտ Աստծուց հեռացնող մեզ,
Բոլոր ձևերից այդ աստվածափախ,
Բոլոր ծես-հանդիսությունները ահա ճեղքած,
Բոլո՛ր այդ ամենից խռով փախստավազքով,
Թոնրի պես վառված-բորբոքված սրտով ես իմ,
Վիրավորված, շիկացած, մահապարտ զարկված,
Մենակ ու գաղտնապահ, ճնշված-հիվանդ,
Վերստին, վերստին, լիքը սրտով, արցունքով,
Դիմում եմ Քեզ, իմ Աստված, վերստին,
Մաքրի՜ր ինձ, կործանվում եմ ահա,
Սրտիս բուրվառով կրակված պաղատում եմ Քեզ,
Ազատի՜ր, փրկի՜ր, 
Տար ինձ ամպհովանուդ տակ վերստին,
Չարի կայսրությունից փախցրու ինձ, Աստվա՜ծ:
Քո պատկերով եմ ստեղծված, Տե՜ր,
Եվ ոչ թե կապիկն է իմ նախահայրը`
Ինչպես Դու, ես էլ, իմ Աստվա՜ծ,
Զզվել եմ բոլոր զեղծումներից իմ մեջ,
Փութա՜, շտապի՜ր, ազատի՜ր կլանվելուց, Աստվա՜ծ,
Նոր հորձանքներ տուր պաղատանքների`
Չհեռանամ շավիղներից Քո, ողորմա՜ծ Հայր,
Հասի՜ր, վերականգնիր վերստին, Աստվա՜ծ,
Թշվառությունից հանի՜ր, մոտեցրու Քեզ,
Այս հեկեկոցներիս  արցունքները խեղճ
Հոտոտիր, որպես խունկ,
Գիշերը թող չընկնի վրաս, լուսավորի՜ր,
Եվ, Հիսու՜ս, Որդի՜ Աստծո,
Աղոթքս,  ո՛վ միակ Ճանապարհ, Քեզանով
Թող հասնի Հորդ օրհնաբանված,
Եվ փա՛ռք վերստին Աստծուն մեր.
Ամեն:
                            22.

Աստվա՜ծ, վերստին պաղատում եմ Քեզ,
Ների՜ր ինձ, լսի՜ր այս աղոթքս հիմա,
Ուղղի՜ր, շտկի՜ր, հավատս մեծացրու՜,
Մեծացրու հավատս, Տե՜ր,
Տատանում, կասկած, երերմունք ահավոր,
Ինձ տանջում, չարչարում, խոշտանգում են ինձ,
Աստվա՜ծ, վերստին պաղատում եմ Քեզ,
Թող հին ուսուցումներիս վրա չդոփեմ ես դարձյալ,
Առաջ ընթանալ օգնիր վերստին,
Տատանում, կասկած, երերմունք ահավոր…
Վանի՜ր, հեռացրու՜, ի չիք դարձրու դրանք,
Թեև ծեր եմ արդեն, բայց այր չեմ դեռ հասուն՝
Մարդավախություն, նեղսրտություն, անհավատություն դարձյալ…
Զղջում եմ, վերադարձրու կորուստները հոգուս,
Ամրացրու, որ նորից չքշվեմ հեղեղներով,
Ո՛վ միակ Ժայռ՝ հորձանքների դեմ…
Թող աշխարհն, ինչպես ուզում է՝ ընթանա,
Դու դեմքս դարձրու դեպի Քեզ,
Ո՛վ մենակությունս հաղթահարող Պատվար,
Բոլոր հյուլեներն այսաշխարհային այրիր իմ սրտում,
Անկումներից դարձրու դեպի ուղին վերելքի,
Բարձր տեղերդ հանիր Դու ինձ,
Հոգեվշտերս վերածիր խինդի ալիքների,
Չար հուզումներս կորստյան մատնիր հավիտյան,
Ես մոռացել եմ աղբյուրներդ վճիտ՝
Հոգելույս ջրերով կայլակվող,
Տար հիվանդ ծարավածիս հասցրու վերստին աղբյուրները Քո,
Ծարավը կոտրիր տոչորվածիս,
Վերստին վերականգնիր, ինձ առաջ մղիր,
Մի՜ դարձրու ինձ անեծքի ենթակա մեկը,
Որ պիտի այրվի հավիտյան,
Ծագեցրու վերստին հույսը իմ հոգում…
Աղոթքներիս փնջերով սրտաբուխ
Վերադառնամ դեպի Քեզ, իմ Աստված..

Պարտություն, նահանջ. փախուստներով լեցուն եմ ահա,
Ինձ թշնամին հետապնդել, զարկել է ահավորապես,
Ես ընկած եմ կիրճում նեղանձուկ, վիրավոր, ջախջախված,
Հառաչանքներով եմ լցված հոգեվարքային,
Մոտեցիր, գթա՜ծ, դարձյալ Քեզ եմ կանչում խավարներից ես,
Դեղ դիր վերքերիս, տար ինձ իջևանատունը ճամփի վրայի,
Պատվիրիր բուժեն ինձ,
Դու՝ Սամարացի բարի, ես ճանապարհի վրա ընկած,
Կողոպտված, ծեծված, ջարդուխուրդ եղած ավազակների ձեռքով,
Մահամերձ տնքում եմ ուշագնա,
Ուշքի բեր ինձ, Աստվա՜ծ…
Ես չկարողացա դիմադրել այս մեծ պայքարում,
Փախա, փախուստի դիմեցի, չհավատալով Քեզ,
Օ՛, հավատակորույսի մենակություն.
Դառնություն, արտասուքներ հոգու,
Գթա՜ ինձ, Աստվա՜ծ, վերադարձրու,
Բուժիր մահամերձ ծեծվածիս…
Դիմում եմ, քանի որ հուսով եմ, կդառնաս դեպի ինձ,
Դարձյալ ես կընթանամ լուսավոր շավիղներով Քո՝
Քո գովքը ապաքինված սրտիս մեջ,
Շուրթերիս վրա հոգևոր երգեր,
Ծնծղաներով հոգու, ոգևորության խոսքերով երկնառաք,
Դու ինձ վեր հանիր քնից վաղ առավոտյան, առաջվա նման,
Արթնացրու Դու ինձ,
Որ գոհություն հայտնեմ Քեզ, երկինքդ տեսնեմ,
Գովաբանեմ ես Քեզ…
Դիմում եմ, քանի որ հուսով եմ, թե կդառնաս դեպի ինձ,
Սատանայի հետապնդումից կթաքցնես ինձ ծածուկ մի վայր,
Մինչև որ ուժովացնես, բուժես, վերականգնես,
Հանես լայնարձակ հովիտներում Քո շնչել-ապրելու,
Կազդուրվելու վերջնականապես:
Նորից սաղավարտ, զրահ ու հոգևոր սուրը կրելու
Արժանի դարձնես ինձ, մարտադաշտից փախածիս
Դարձնես խիզախ մարտիկ անզիջում.
Եթե կամենաս, ես կփոխվեմ ամբողջապես,
Եվ արև՜ կծագի խավարամած իմ հոգում,
Ո՛վ երկինքների Աստված,
Եթե կամենաս կառաջնորդվեմ Քեզանով ես,
Ամուր կկանգնեմ,
Չեմ փախչի մարտադաշտից այլևս,
Ինչպես որ այսօր փախա,
Ինչպես որ՝ երեկ.
Ամոթապարտ, ջախջախված եմ հիմա…
Պարզ չէ՞ քեզ, իմ հոգի,
Եթե կամենա Աստված,
Ես ցայգալույսը կտեսնեմ պայծառացող
Եվ երեկոների մեջ կհանգչեմ,
Կապույտը կըմբռնեմ ես՝ բուժված, ապաքինված,
Թռչունների ճախրը, ազատության ձայնարկությունները նրանց
Ինձ հասկանալի կլինեն,
Աչքերս պայծառությու՛ն կտեսնեն,
Առավոտների շամանդաղը դաշտերի վրա
Սիրելի կլինի ինձ հոգևին,
Թեթևությունը հոգուս ինձ հաճելի կլինի,
Սիրտս կերգի տաղերն իր գոհության…
Եվ երբ Քրիստոսը գա,
Չի գա իմ մեղքը վերացնելու,
Քանի որ մաքրված կլինեմ ես արդեն,
Քանի որ փափագով կսպասեմ իմ փրկությանը ես…

Ո՛վ  ամենակամեցող, զորությունների Աստված,
Որ փրկում ես մեզ, եթե կամենանք նաև մենք,
Արդ, թույլ տուր, Աստվա՜ծ, որ կամենա՜մ ես,
Կամենալ տուր ինձ և կկամենամ ես,
Օգնիր, օ՛, Աստված, փրկությա՜նս Աստված,
Կամենալ տուր ինձ, որ կամենամ ես,
Կամեցիր, որ կամենա՜լ կարողանամ,
Ազատագրիր ինձ, Աստվա՜ծ…
Կամեցիր Քո ճշմարտությունը ստույգ իմանամ,
Իմանալուց հետո իմ հոժար կամքով
Մեղք չգործեմ հիմարաբար,
Այլապես ինձ պիտի մնա միայն սպասելու
Ահեղ Դատաստանին և կրակոտ խանդին Քո,
Որ սպառելու է հակառակվողներին,
Ինչպես որ գրված է…
Պաղատում եմ, Աստվա՜ծ, կամեցիր, որ ազատագրվեմ…
Եվ օգնիր իմ մերձավորին, հարազատներին էլ իմ,
Բոլոր Քեզ ձգտողներին,
Որ տկարություններն իրենց հաղթահարեն,
Չարն է մեզ ատել և հիվանդացրել,
Նրանց էլ բուժիր հոգով և՜ մարմնապես, և՜ սրտով.
Վերականգնիր մեզ, իսպառ բժշկիր, Աստվա՜ծ,
Արժանի լինենք Քո փրկության Լույսին.
Փառք և գովություն Քեզ մեր հավատի Զորագլուխ Հիսուսով.
Ամեն և ամեն:



                       23.

Փակվեցին բոլոր ճանապարհներս,
Երբ կորցրեցի հանդարտությունս ու չարացա ես,
Ընկա վերստին թոշնած ու մահադժգույն,
Սաստիկ անհանգստությունները գրավեցին խորքերը սրտիս,
Արևի լույսը նվազեց վրաս ու հանգավ,
Սև գիշեր հագավ զվարթությունս հուսալից,
Մոլորվեցի ես խավարի բավիղներում ,
Ճանապարհս կորավ բազմաշավիղներում,
Փակվեց ամեն ելք ու հնար ինձ համար,
Փակուղի կյանքը դարանակալեց ինձ,
Մոլություններս, մոլորություններս գլուխ բարձրացրեցին,
Օ՛, մենակություն ու չարիքներ ուժգնահարված…
Ես կորացա անհավատության բեռան տակ,
Որպես մի գրաստ մշտածեծված, խոնարհ,
Մայր մտավ հոգուս երկնքի արևը պայծառ:
Միայն Դու կհանես այդ մեծ գիշերից ինձ, Աստվա՜ծ:
Ինչպե՞ս թե Դու չկաս, ոչ Աստված, ոչ Սատանա՞,
Հապա ինչպե՞ս է, որ ես կամ այսպես սասանված:
Ես վհատվել եմ, ողորմությունների Հայր,
Լույսդ ցողիր վրաս, կարեկցի՜ր, ների՜ր, 
Ո՛վ երկնային իմ ծնող, եզակի, միակ, Քո սուրբ հոգով,
Ես չնչին մտածումների գերին եմ դարձել ամեն օր,
Տրտունջ ու գանգատ անպակաս են սրտիս խավարում,
Ես բազում վայեր եմ լսում անվերջ խորքերից նրա խժալուր,
Զարհուրում եմ ես…
Հոգևոր չարիքների բազմությունը բազմաղաղակ գրոհել է
                                                                  ահա անձիս վրա,
Եվ լռությունս է մահագույժ:
Միտքս՝ անպտուղ, խոսքս՝ սնոտի, տենչերս՝ մռայլ,
Որոգայթ ու ծուղակ պաշարել են ինձ բոլոր կողմերից,
Մահվան դարպասները ուրախ ճռինչով բացվել են ինձ համար,
Օ՛, զայրույթ ու կռիվ, որ ծուղակել են իմ սիրտը թշվառ,
Գթությունների՜ Աստված, մի՜ անտեսիր ինձ…
Ես չպահեցի Խոսքդ…
Գայթակղությունների քարի վրա ընկա ջախջախվեցի ես:
Եթե ձեռք մեկնես, մեղքերս ներես,
Միայն դա է քանզի ճանապարհը զղջացող մարդու.
Եվ ո՞վ  կա Հոբի պես, Դանիելի, Նոյի…
Այս  արդարներն օրինակ են անհասանելի և ոգեշնչող…
Եթե Դու ներես,
Այս ժամանակ կվերականգնվեմ ես…
Ինչպես վաղեմի դարերի մեղավորներին ես ներել,

Որ աղաղակել են դեպի Քեզ՝ սգավիշտ լացով 
                                       մշուշապատված երեսով տրտում.
Մահից հանիր ինձ,
Թող խավարածը տենչալի Քո լույսը տեսնի,
Գթությունների Հա՜յր, մի՜ անտեսիր ինձ,
Հույսի և հավատի բարի լուրի ավետիսը տուր խոնարհվածիս,
Կամակոր-փշրվածիս,
Որ առավոտներիդ արևը շողա ինձ համար պայծառածիծաղ,
Եվ երեկոները իջնեն ինձ համար հանդիսավոր ու խաղաղ…

Օգնի՜ր,  Տե՜ր, ինձ,
Էլ չեմ ըմբոստանա,
Չեմ ապստամբի իմ Աստծու դեմ ես,
Եվ իմաստ էլ չունի…
Կվերադառնամ դեպի ճշմարիտ հունըդ,
Որքա՞ն ես Դու ինձ հանդուրժել, անպատկառիս,
Դեպի Սատանայի ծուղակները վազ տվողիս…
Ես չարացել եմ  Քո դեմ, չարացել,
Երդմնազանց եղել, նեղվել անհամբեր,
Չեմ թողել, որ Դու ձևավորես ինձ,
Ձև և իմաստ տաս ինձ՝ Քո կամեցածի հանգույն…
Որքա՛ն ես Դու ինձ սպասել,
Տենչացել, որ իմ անձը ազատես ,
Համբերատար, գթասիրտ  Հա՜յր իմ երկնքի…
Էլ չեմ ըմբոստանա խոտորնակի,
Ներիր ինձ, Հա՜յր, ես սիրում եմ Քեզ,
Ես սիրում եմ Քեզ, իմ Աստված…
Էլ չեմ ապստամբի իմ Աստծու դեմ ես,
Քեզ չեմ վշտացնի,
Չեմ վիրավորի Քեզ…
Անմտություն է, հիմարություն՝ որոնումս,
Ուղի չէ դա, ճանապարհ չէ,
Սրտիս վիշտը վկա, թախիծը սրտիս…
Եվ չկա ինձ  ճանապարհ իմ Աստծուց դուրս…
Մերթ այս եմ, մերթ՝ այն, - իզուր փորձանքներ իմ հոգու համար,
Տու՜ր, իմ Աստվա՜ծ երկնքի, էլ չսայթաքել,
Օգնի՜ր ինձ, Աստվա՜ծ,
Թե սայթաքեմ՝ ոտքի կանգնեցրու Դու ինձ վերստին,
Էլի լավ է, որ ամբարշտիս պահել ես մինչև հիմա
Հրաբաշ առյուծի երախից,
Որ ման է գալիս մռնչոցով,
Փնտրելով՝ թե ու՜մ կուլ տա…
Ամբարշտիս պահել ես մինչև հիմա
Ու դեռ չեմ կործանվել անհուսալիորեն:
Վերադարձրու՜, Աստվա՜ծ իմ,
Անապատում թափառողիս սգալի,
Քանի դեռ կյանք կա իմ մեջ,
Դեպի Քո ոտը վերադարձրու ինձ,
Դու, որ երկինքներն ստեղծեցիր
եվ ծովը:
Կամակորությունս ջարդուփշուր արա,
Խրատիր ինձ վերստին, վերստին,
Օ՛, իմ Աստվա՜ծ երկնքի…
Էլ չեմ ըմբոստանա,
Տու՜ր չըմբոստանալ ինձ, Աստվա՜ծ…
Ու ես ձգտելու եմ, ձգտելու եմ ես…
Չեմ ապստամբի իմ Աստծու դեմ՝ չարացած,
Այդպես մտադրվե՛լ եմ…
Քանզի սիրում եմ իմ Աստծուն,
Եվ Նա է իմ ՀՈՒՅՍԸ…
ԱՍՏՎԱԾ Է ԻՄ ՀՈՒՅՍԸ ՄԻԱԿ…

                    24.

Աստվա՜ծ իմ,
Ազատի՜ր ինձ, փրկի՜ր ինձ, Աստված,
Սատանայի հարձակումներից ուժգնակի,
Գրոհներից նրա ամենօրյա պահպանի՜ր Դու ինձ:
Ողորմա՜ծ, գթա՜,
Մի՜ հիշիր մեղքերը իմ հին,
Եվ երեկվա մեղավորությունը իմ,
Ների՜ր ինձ, Աստվա՜ծ…
Պահպանի՜ր, պահի՜ր և վերականգնի՜ր,
Դեն մի՜ նետիր ինձ, Աստվա՜ծ…
Օգնող ձեռքդ մեկնիր ինձ,
Որ ինքնատիրապետում ունենամ,
Որ չգրգռվեմ, չդրդվեմ Սատանայից ու չչարանամ,
Որ զայրույթս կործանում է ինձ.
Աստվա՜ծ, պահի՜ր ինձ, պահպանիր հարվածներից թաքուն,
Խավարի միջից հարձակումներից նրա ազատիր, Աստվա՜ծ…

Լացով եմ լցված,
Մեղքերս հիշելիս փշաքաղվում եմ ես,
Տրտմությամբ պատված եմ ես,
Ինչպես լեռ քարն է պատված քարաքոսով անհեռացնելի,
Հեկեկոցներով եմ լցված անզսպելի,
Դարձել եմ նկուն,
Գլուխս խոնարհվել է կրծքիս,
Ինչպես վիզը ջարդված հասկն է կախվում ցողունի վրա:
Կտորտանքն եմ ես, ասես, ափսեի,
Որ զայրագնած հոգով տվել են գետնովը…
Փշուրփշուր եմ եղել, երկնքի՜ Աստված,
Ինձ մի՜ ավլիր, դեն մի՜ գցիր Դու ինձ,
Այլ հավաքիր փշրանք առ փշրանք՝ գետնասփռվածիս,
Վերականգնիր, պահիր ինձ Չարից, որ էլ չփշրվեմ,
Հիսու՜ս, Որդի՜ Աստծո, բարեխոսիր Հորդ առջև ինձ համար,
Աղոթքս ընդունելի արա, Հիսու՜ս, մեր Փրկիչ.
Ամեն և ամեն:



                         25.

Աստվա՜ծ, երկնավոր Հա՜յր իմ, որ հսկում ես ինձ,
Խաղաղության սիրտ եմ դառնում Քեզանով,
Հանդարտ եմ, հանգիստ, տագնապներս մեռան –
Դու լսել ես աղոթք-խնդրվածքներս,
Եվ հիմա իմ սրտում ես, Հա՜յր Աստված, բնակվում,
Սրտիս ամենածածուկ խորքերում ես հիմա,
Եվ ես օրհներգում եմ Քեզ, իմ Վեմ, իմ Պատնե՜շ, 
Պահապանի՜ր, Աստվա՜ծս` հեղեղների դեմ:
Ամե՜ն ինչում ես, ամենուրեք ես ներկա,
Ուր որ լինում եմ ես,
Ամենուրեքյան Աստվա՜ծ իմ, Դու կաս:
Տերևի սոսափի մեջ ես,
Թռչունի պայծառացած հոգում,
Որ երգում է ինձ համար –
Դու՜ ես ասել նրան, որ երգի ինձ համար,
Աստղի հայացքի մեջ պայծառանում ես հեռվից ինձ համար,
Եվ գրքի էջերից, որ կարդում եմ խորասույզ,
Այնտեղից էլ ինձ ես դիտում հայրաբար,
Եվ լռությանս մեջ ես լռում.
Իմ գործելիք ամեն ինչում արդեն կլինես, Աստվա՜ծ:
Տառապալի անցյալս էլ չի ցավեցնում.
Այն առապարները, խորդուբորդություններն այն,
Վիհերն այն վախազդու, անսիրությունը`
Երաշտը  հոգու այն մահաշուք,
Նայում են ինձ այժմ, որպես փոխադրամիջոց-էքսպոնատներ,
Որ հասցրել են ինձ այստեղ:
Ողջը պատրաստեցիր հրաշալի կերպով,
Հրաշալի՜ իմ Աստված.
Ըմբոշխնելի է երկինքդ պարգևած,
Եվ հուսալից-հրճվալից եմ սպասում
Վաղվա օրվան իմ,
Որովհետև պահում ես ինձ,
Իմ խաղաղությա՜նս Աստված,
Եվ փառք Քեզ հավիտյանս հավիտենից,
Եվ օրհնանքս այս նորաբուխ մեր Հիսուս Փրկչի բարեխոսությամբ
Թող հասնի Քեզ արագ,
Երկնավո՜ր իմ Հայր:
Եվ փա՛ռք Քեզ վերստին.
Ամեն:


                  26.

Աղոթք և աղոթք, վերստին աղոթք,
Որ համբառնա Քեզ, իմ Աստված, վերստին,
Այնքան մեծ է հավատս, թե լսում ես ինձ,
Իմ սրտի մրմունջն ես լսում, Աստվա՜ծ,	
Որ անմեղություն է տալիս ինձ` Քեզանով,
Այնքան մեծ է հավատս, թե չեմ մնա ամոթապարտ քո առաջ, 
Երբ Օրը գա, Աստվա՜ծ,
Եվ թող Քո կամքը կատարվի,
Թող իմ համբերությունը ամրապնդվի Քո գութով,
Որ Օրվան սպասեմ հուսավառ,
Սատանան ընկավ երկնքից երկրի վրա,
Եվ վա՛յ երկրին և ծովին,
Իրոք, վա՛յ  մեզ, վայե՛ր,
Որ անցնում ենք ուղի երկրային,
Վա՛յ մեզ, որ հեծում ենք սրտախորքերում մեր,
Բայց ով Տիրոջ անունն է կանչել`
Կփրկվի:
Արդ կանչում եմ Քո անունը` սրբացած հոգիներում,
Վերնայինների մեջ,
Վերի՛ն օրհնական երգերում նրանց սուրբ,
Որ սուրբ է Աստված, որ Սեր է Աստված:
Արդ, Աստված բոլորի, Հայր և ստեղծիչ,
Տուր`,  որ գտնվեմ հովանուդ տակ, չամաչեմ,
Տուր`, որ հեծեծանքներին չդառնամ գերի վերստին,
Չչորանա սիրտս, չկռկվի վշտից, չհամրանա,
Տուր` հոգուս ձեռքերը, որ պարզում եմ Քեզ`
Հայցելու, աղոթելու, չթուլանան, չընկնեն,
Այլ մնան աղոթքիս պահին
Հավատքով պարզված դեպի Քեզ:
Թող չփշրվեն նրանք հոգևին,
Որպես սուտ պարզումով կարկառված երկինք,
Այլ ճշմարիտ դիմում-հավատքով մնամ,
Թող աղոթեմ, հայցեմ, ո՛վ պատկառելի Հայր,
Թող ուղղորդված լինեմ դեպի Քեզ մշտապես,
Թող չխաբի ինձ վերստին Սատանան,
Թող նրա մոտ չլինի երբեէ իմ անձը ծառա.
Ոչ որպես պալատի դռնապահ,
Ոչ որպես իշխող` ի վնաս իմ անձին և այլոց, որ կորչեմ,
Ոչ որպես հտպիտ-դերասան` անդեմ-խաբեբա,
Ոչ որպես ծառա-հարկահան,
Ոչ որպես վաշխառու,
Ոչ որպես կաշառառու չինովնիկ անմաքրաձեռ,
Ոչ որպես  սուտ վկա զրպարտիչ,
Ոչ որպես արվեստագետ` պոռնկություն քարոզող,
Ոչ որպես բանաստեղծ` Սատանայից ստացած
Դափնին ճակատիս ամոթասև, 
Կեղծ բառերի մեծածախ վաճառորդ ճարպիկ,
Թող չընկնեմ երբեք, իմ Աստվա՜ծ,
Պահիր, որ չընկնեմ:
Թող իմ սիրտը, որ Քո շնորհած շավիղն է ընկել,
Չխոտորվի այլևս, այլ մղվի դեպի Քեզ,
Թող չդատարկվեմ աղոթքներից ես, չամլանամ սրտով, 
Թող իմ Աստծո կամքը աշխատանք թափի վրաս,
Ձևավորի դեռ ինձ,
Թող հղկվեմ, զտվեմ Քո քուրայում մաքրագործիչ,
Ո՛վ իմ Աստված,
Թող Քո կամքից չշեղվեմ.
Թող դառնամ աղոթքի տաճար՝ սրտախունկի ծխով առլեցուն,
Եվ չպակասի հոգածու Քո գութը իմ հանդեպ,
Եվ թող, լուսաբե՜ր Հիսուս, մեր Փրկիչ,
Վստահաբար կարողանաս խոսել իմ մասին, բարեխոսել կարողանաս Դու
Հորդ առջև՝ երկնքում, ո՛վ կյանքի Առաջնորդ Հիսուս,
Եվ փա՛ռք Տիրոջը մեր և օրհնություն,
Հավիտյանս հավիտենից,
ԱԼԷԼՈՒՅԱ.
Ամեն:


                     27.

Տերն իմ օգնականն է,
Իմ պահապանն է Տերը,
Նա ինձ հանում է նեղություններից ամեն,
Իմ սայթաքած տեղից բարձրացնում է ինձ վերստին,
Ցրում է զառանցանքներս անմիտ,
Իմ հայացքը պղտորված պարզում է Տերը,
Ո՛ղջ խելացնորանքս փոխում խելամտության,
Նա իմ մեղքերը ջնջում է, հույս է տալիս նորից ինձ,
Վերականգնում է փշրվածիս, մեղանչածիս,
Կորստյան անդունդն ընկածիս ազատում է Տերը,
Նորոգում է խայթվածիս, օձերով, կարիճներով շրջապատվածիս,
Հառաչանքի ձորերից հանում է վտարված-մենացածիս,
Դեպի իր դռները հրավիրում ինձ նորից,
Դարձնում է ինձ լեռնագնաց,
Դեպի պայծառության լեռները հանում հոգնաթախիծ իմ անձը,
Դեպի ձյուները պայծառ ճերմակության:
Նա ինձ ցույց է տալիս հեռաստանները պայծառ,
Նա  նվիրում է դրանք  իմ աչքերին`
Բուժված արդեն  հայրահոգ ձեռքով,
Վստահեցնում է դարձյալ ինձ,
Նա իմ բոլո՛ր մեղանչումներն է ներել,
Տարել է իմ բոլոր խենթությունները,
Երբ Սատանայի զարկերից ցնորված էի ես,
Երբ նույնիսկ ստահոդ էի հայտարարել խոստումը Աստծո,
Հավատախռովությունից հանում է մինչև
Վեմը հաստատունության:
Ներող Հա՜յր, հանգստացնում ես, ամրապնդում ես նորից ինձ,
Եվ փա՛ռք Քեզ, Հիսուսո՜վ, 
Հավիտյանս հավիտենից.
Ամեն և ամեն:

                     28.

Ես սիրում եմ իմ աղոթքը,
Ամեն առավոտ` իմ աղոթքը,
Կեսօրին, իրիկնաժամին, գիշերը,
Ես սիրում եմ աղոթել, դիմել ու հայցել,
Ես սիրում եմ իմ Աստծո աչքի առաջ կենալ,
Ես սիրում եմ ոգևորվել, երբ հավատս է ամրանում վերստին,
Ես սիրում եմ պարծենալ Քեզանով , ի՜մ Աստված,
Ես որոնում եմ առիթը, որ երգեմ Քեզ, աղոթեմ,
Երբ երգում եմ Քեզ, սիրտս խնդագին է, հուր է,
Եվ ցնծագին օրհնաբանում եմ Քեզ,
Սաղմոսերգու եմ դառնում ես,
Ես Դավիթն եմ, ասես,
Ողջու՛յն, իմ սրտագին Հայր, ողջու՛յն,
Քեզ պատարագ իմ սրտից,
Ե՜վ խնդություն, և՜ գոհություն,
Վիհերից  ինձ հանո՜ղ իմ Աստված,
Ճշմարտությանդ մղող,
Իմ խոպանացված անջուր հոգու դաշտերը բուժող,
Եվ վարդաստաններ ես խոստացել Դու ինձ,
Ինձ պարգևում ես, Աստվա՜ծ, սոսկ պարգևում,
Անաշխատ շնորհներ ունեմ ստացած բազում,
Իմ սգահառաչ սիրտը դարձրեցիր
Խինդակայլակ աղբյուրի պես երգող-զրնգուն,
Զովություններ պարգևեցիր մահացու հիվանդ-դեղնախտավորիս,
Առողջացրիր ինձ, Աստվա՜ծս,
Ինձ հանեցիր բորոտների հիվանդանոցից, հանեցիր,
Խենթերի հետ էի ապրում, դև կար ինձանում,
Ինձ Քո բարձունքների վրա արթնացրեցիր,
Սատանայով բռնվածները բռնցքածեծում էին ինձ,
Դեմքս չանգռոտում, արյունոտում,
Դու վեր հանեցիր հատակից
Մահատրոփ իմ սիրտը մշտամռայլ,
Մահվան մահճից հանեցիր նրան,
Եվ խավարահույզ սարդերը չեն խածոտում սիրտս,
Խավարամած գիշեր էի,
Սատանայի զավակները մարդ էին թվում աչքիս ու ընկերներ,
Հիմա Քո արևն ես դրել սրտիս մեջ, Քո արևը,
Որ հրճվալից ծիծաղեմ զովաշունչ,
Եվ գինով լինեմ Քո ճշմարտության լույսով,
Պարգևի՜չ, ամենավառ երևակայությունս իսկ՝ խենթի`
Դեպի պայծառ ցնորքները տանող, խաբկանաստեղծ,
Չէր կարող ինձ այդպես մղել, մղել,
Քանզի պատրանքային էր, սոսկ պատրանք` ինձանով հրահրված,
Իսկ Դու ցուցում-խոստանում-պարգևում ես
Ճշմարիտ Սեր, և՜ գեղեցկություն, և՜ քաղցրություն,
Եվ արև, և՜ պայծառ գիշերում ժպտացող աստղեր,
Շողացնում ես ուրախաբախ սրտիս մեջ
Լույսեր, իմ Աստված,
Եվ իմ ներբողներն եմ Հիսուս Որդիովդ սիրասուն
Ուղարկում ՔԵզ, և՜ օրհնություն, և՜ աղոթք,
Ինձ սիրող Աստվածս,
Եվ փա՛ռք Քեզ և գովություն հավիտյանս հավիտենից.
Ամեն և ամեն:

                          29.

Եթե չեմ եղել գազանաբեկ,
Եթե ինձ չի հոշոտել առյուծը հրաբաշ,
Եթե չեմ դարձել ծովի ձկներին կեր,
Եթե գուբի մեջ օձերը չեն խայթել բիբերս,
Եթե վիշապը չի ջարդել ողնաշարս,
Եթե բանսարկուի զրպարտանքից չի պայթել սիրտս,
Եթե ինձ չարախոսող մարդուն դեռ բարևում եմ ես,
Եթե իմ մահը տենչացողի մոտով անցնում եմ անզայրույթ,
Եթե ոչ մեկի հացը չեմ դարձրել իմը,
Եթե Սատանայի թաթը չեմ սեղմել` ասելով` գոհ եմ,
Եթե այսպես բանսարկված դեռ կենսուրախ եմ,
Եթե ինձ ուզում են դարձնել փոշի, բայց ես կամ դեռ որպես մարդ,
Եթե մռայլությանս մշուշներից արև է ծագում ծիծղուն,
Եթե թշնամուս պատահելիս չեմ այլակերպվում ես,
Եթե իմ աչքերը չեն շլվում խենթագին զայրույթից,
Եթե չեմ դառնում ժայռ` ընկնելու չար մարդու գլխին,
Եթե խելագարված՝ չեմ դառնում մարդասպան
Եվ այդպիսով խորտակում ես ինձ,
Եթե խաղաղ եմ մնում չար ատելության դեմ անանց,
Եթե  մարդու հիշաչարությունը չի ուզում, որ այս կյանքում ես շնչեմ իսկ,
Բայց դեռ շնչում եմ ու ապրում, և հետաքրքիր է դեռ կյանքս ինձ,
Եթե իրեն ինձ բարեկամ կոչողը դավում է ինձ հուդայաբար,
Ու վշտից չեմ ընկնում մեռնում խենթացած,
Եթե ողջ իմ անցյալը ակնթարթի մեջ
Դառնում է ամպոտ ու կայծակնալեցուն երկինք ինձ համար,
Բայց քիչ անց տեսնում եմ դեռ արևոտ հորիզոններ անփակ,
Եթե գանգստերը իր ատրճանակի բոլոր գնդակները
Չի շարել ճակատիս և աչքերիս մեջ,
Եթե ես ծանրագույն ծանրաձողը վշտի հրում բարձրացնում եմ գլխիցս վեր
Ու շպրտում մի կողմ թեթևորեն,
Եթե ես ուշադիր գիտեմ դեռ պեղել խորքերը  սրտիս,
Խորքերը պեղել խեղճ ու թշվառագույն  մարդկանց,
Եթե ես լալիս եմ պատանեկան փուչ կռիվները կյանքիս,
Եթե ես հիշում եմ մեղքերս ու խիստ ամաչում-նեղվում,
Եթե ես զինավառ աշխարհում այս հանդգնություն ունեմ 
Ապրել առանց Սատանայի զենքերի, 
Եթե ես երազում եմ դեռ չքնաղ, պայծառ օրեր իմ կյանքում,
Եթե ես գիտեմ Լույսի խորհուրդն ու խավարում սպասում եմ անհամբերահատ,
Եթե ողջ կրքերիս վրա իշխում եմ բարձրահայաց հոգով,
Որպես լուսաբաղձ քարանձավաբնակ մի ճգնավոր,
Եթե խավարի պատն եմ անվերջ մրճահարում, 
Եթե անհոգնաջան տենչում եմ Լույսը ես,
Եթե զղջումի աղոթքներ եմ առաքում առ Աստվածն իմ,
Աղոթքներ, աղոթքներ` անվերջ, անդադար, աղոթքներ, այո’,
Եթե հուսահատությունս փոխվում է հույսի,
Եթե լացս դառնում է սաղմոսերգություն,
Դու ես ողջը անում,
Դու ես ինձ պահում, իմ Աստվա՜ծս,
Եվ փա՛ռք և գովաբանություն Քեզ մեր թագավոր Հիսուսով.
Ամեն:

                             30.

Ի՛նչ գուբերից ես ինձ հանում, իմ Աստվածս,
Ի՛նչ զարհուրելի հուշեր ես ջնջում իմ մտքից,
Որ չտառապեմ չարաղետ` սիրտս լիքը լաց,
Ի՛նչ կրակներից ես հանում` անվնաս-անաղարտ դարձնում ինձ,
Փայլեցնում ես ինձ, տրտմությունս փոխում խինդի,
Ի՛նչ հրաշալի լռություններ ես պատրաստում շուրջս,
Որ չխանգարվեն խոհերս իմ Աստծու մասին,
Ի՛նչ հրաշալի ուղղում ես սիրտս դեպի Քեզ, իմ Աստված,
Ի՛նչ մթագին դեմքեր ես մոռացնել տալիս Դու ինձ,
Որ վշտից չխաթարվեմ ու լինեմ պայծառ վերստին,
Ի՛նչ սև ժայռի բախվեց կուրծքս մթագիշեր ժամի,
Բայց ինձ փրկեց իմ Վեմը Ճշմարիտ,
Խելագար-դիվահարների ձեռքից ես ինձ ազատում աստվածորեն,
Ի՛նչ գոհունակ ես դարձնում սիրտս`
Աղոթքներով լեցուն, իմ խնդության Աստվածս,
Ի՛նչ երախտագիտություն ես դնում իմ հոգու մեջ,
Ինչը որ Դու ես շնորհում, ես հենց այն եմ սիրում,
Ի՛նչ երկնքի ու կապույտի տենչեր ես պարգևում դու ինձ,
Ի՛նչ քաղցրագին է դառնում կյանքս Քո Լույսի մեջ,
Ի՛նչ լեցուն եմ Քեզանով, իմ երգ ու աղոթքի Աստված,
Ի՛նչ հեռու ես տանում սիրտս Չարի աշխարհից,
Ի՛նչ խոհական ես դարձնում հույզս երկնքի մասին,
Ի՛նչ ներող ու սիրող սիրտ ես պատրաստում ինձանից,
Ի՛նչ հույսեր ու ներշնչում խորապայծառ առավոտների,
Որ կտան ինձ երգ ու տաղ` կապույտներց խոսող,
Ի՛նչ անվերջանալի խոսքեր ես տալիս աստվածաբուխ,
Որ ինձ մղես ոգեղեն խորհուրդների նոր,
Ի՛նչ բարեկամության, բարեկրթության հրաշքներով եմ  սնվում ես,
Եվ Քո կողմից, իմ Աստված,
Ասես ուղարկված սիրտ եմ երկրի խավարում,
Եվ ցնծությունն է բողբոջում իմ մեջ,
Որ կլինեմ օրերում ավելի վառ ու պայծառամիտ,
Որ այլևս զայրույթ ու խռովք ու նեղություններ բազում
Կչվեն իմ սրտից հեռու՛, կչվեն հեռու՛,
Ես հրճվագին սրտով զուտ սաղմոսերգու կլինեմ Քեզ համար,
Մեզ համար վշտացած Աստվա՜ծս,
Որ այսպես ընկել ենք ցած` չհավատալով Քեզ,
Տե՜ր, ուղղում, շտկում, վերականգնում ես,
Պղծության աշխարհից դեպի Լույսն եմ գնում,
Շուրթերիս աղոթք սրտաբուխ ու գովք Տիրոջը երկնքի,
Եվ փա՛ռք և գոհության երգեր Քեզ երկրից,
Մեր թագավոր ու Փրկիչ Հիսուսով, Հիսուսով.
ԱԼԷԼՈՒՅԱ...


                             31.

Տե՜ր իմ Աստված, ամենագութ ու ներող,
Շտկում ես ճանապարհս,
Ճանապարհս ուղիղ ես անում իմ առաջ,
Որ կարողանամ դեպի Քեզ գալ.
Ես վեր եմ կենում առավոտ կանուխ,
Եվ առավոտս մեծ է` լեցուն  Քեզանով,
Սիրտս լիքն է հրճվանքով, հրճվանքով,
Ե՜վ հիմնի, և’ գովքի, և’ աղոթքի պատրաստ կանգնած եմ ես,
Որ հենց ներշնչես` սկսեմ, Աստվա՜ծ:
Եվ սկսել եմ  իսկ, Աստվա՜ծ իմ, փառաբանությունս,
Որ ինձ ազատում ես երախից վիշապի,
Հափշտակիչը չի կարող առևանգել ինձ,
Չի կարող պատանդ առնել սիրտս,
Տե՜ր, Դու ես իմ ուժը, իմ ուրախությունը Դու ես,
Ես այլևս մենակ չեմ` Աստվա՛ծ է ինձ հետ,
Դու լսում ես ինձ, աղոթք ու սաղմոսներ լսող Հայր,
Ուրախաբախ ես անում սիրտս առավոտները,
Դրանք հենց Քո ափի մեջ դրած մեկնում ես Դու ինձ,
Իմ աչքերը տեսնում են արևածագը մեծաշուք
Եվ իմ հոգում էլ արևածագ է լինում,
Եվ պատրաստ եմ լինում ողջ օրը շողալ,
Քո Սերը շա՛տ մեծ է,
Իմ Աստվա՜ծ,
Ամեն ինչ ներդաշնակ է Քո մեջ,
Միայն թե ես էի խենթացած, չար հողմերով քշված,
Չարն էր  ինձ դարձնում անհույս ու մռայլ,
Պատանդն էր սիրտս վշտերի…
Ե՜վ երգ, և՜ սաղմոս, և՜ պսակներ սոնետների, 
Տե՜ր, տալիս ես առատապես սրտիս,
Որ փառաբանեմ Քեզ ու հնչեմ,
Սրտիդ հետ դա՜շն հնչեմ ես,
Օ՛, Սիրո Աստված ու Սեր անբավ,
Ի՛նչ մեծ է կյանքս, որ պարգևել ես ինձ,
Ի՛նչ լեցուն եմ Քեզանով, Աստվա՜ծ…
Լեցուն Քեզանո՜վ, Քեզանո՜վ լցված,
Շուրթերս բացում ես հրճվանք-երգով,
Միանում եմ կապույտին, խորքերին երկնքի, կապույտին,
Միանում եմ շողերին արևի, արևներին,
Սրբաօծուն  ամպերի սահքի՛ն, ամպերի սահքին`
Չքնա՛ղ-սիրելի…
Վաղորդայնի երգերին թռչունների ամեն,
Քեզ փառաբանող ամեն արարածների և ջրերի հրաշածուփ մրմունջին, երգին,
Փառաբանության երգին ո՛ղջ տիեզերքի,
Եվ սովորում եմ օրհներգերը սուրբ, օրհներգերը սուրբ,
Էլ չե՜մ վտարանդվի,
Չե՜մ թափառի դռներում անսուրբ,
Չե՜մ լացելու` մերժված ու մենակ,
Թախիծների երգերս` սոսկ անցյալի հետքեր`
Կհիշե՜մ, որ չվերադառնամ նրանց`
Քեզանո՜վ, Աստվա՜ծ…
Ես ցնծում եմ, արևում եմ հոգով,
Պարզ օր եմ ես դառնում`
Աստծուս սիրտը բացված է վրաս,
Բոլոր վշտերս, վերքերս անցյալի ծովն են սուզվել,
Բայց ընթերցված են, որպես դաժան արձանագություններ բռնակալների`
Թե ի՜նչ են կատարել հոգուս մեջ ու հոգուս հետ
Սարդանապալներն անցյալում, ձեռքով Սատանայի…
Սրբազան Հայր իմ երկնավոր,
Ազատում ես հետզհետե ինձ,
Ամեն օր Քո Խոսքի ունկնդիրն եմ քանզի,
Սովորեցնում են ինձ ծառաները Քո,
Սովորում եմ ճանաչել Աստծուդ և Օրենքդ սուրբ` ընդունում,
Եվ ինձ կործանող ապրում-հույզերը աշխարհային
Մարում են օրեցօր իմ մեջ. Քո հովանու տակ
Թող ընթանա այսպես կյանքը իմ հոգու, Աստվա՜ծ,
Դադարեմ իսպառ դևերի ակումբում
Արտասանություններ լսելուց, 
Ես, Տե՜ր, ունկնդիրն եմ դառնում թելադրանքիդ, խոնարհվում,
Ե՜վ փառք, և՜ օրհնաբանություն Քեզ,
Մեր թագավոր և փրկիչ Սիրո Հիսուսով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:
                     32.

Ողջը Քոնն է, Աստվա՜ծ,
Եվ Քեզ է վերադառնում…
Ոչինչ անտեսված չէ Քեզանից, և` ո՜չ ոք.
Ո՜չ ճանապարհները, որ ձգվում են հեռուներն անհայտ,
Որ տանում են մեզ դեպի երջանկության զգացողություն և գիտակցում,
Երբ մեզ հետ ես Դու,
Որ տանում են մեզ դեպի կործանում և խելագարություն,
Եթե հեռու ենք Քեզանից, Աստվա՜ծ,
Որ մղում են մեր տենդագին հոգին
Դեպի որոնում ու դեպի Աստված:
Եվ պատրանք չէ ճանապարհը մեր:
Ոչինչ անտեսված չէ Քեզանից, և` ո՜չ ոք.
Ո՜չ ժայռերը անթարթ, որ նայում են հեռուն,
Լսում շառաչյունը ծովի,
Ո՜չ նավը, որ արևախինդ թնդյունով
Դեպի այդ ժայռոտ ափն է մղվում անհամբեր,
Ո՜չ մարգագետինը, ուր հիմա երկու չքնաղաբաշ
Ձիեր են կանգնած նայում հեռուներն հորիզոնի:
Ոչինչ անտեսված չէ Քեզանից, և` ո՜չ ոք,
Ո՜չ լուսաբացը, որ լռահայաց լեռների վրա
Փռում է ոսկեցոլ շող-հրայրքները իր,
Ի խնդություն մեզ` որ լու՛յսն է արարվում  նորից մեզ համար,
Որ լու՛յսն է արարվում նորից մեզ համար,
Ո՜չ անապատը փորձությունների,
Ո՜չ ես, ո՜չ Նյուտոնը, ո՜չ մեղավորնե՜րը ամեն տեսակի,
Եթե քավում են ամեն օր, մաքրվում, փայլում,
Եվ նոր մեղքեր չեն դիզում եթե:
Ողջը Քոնն է, և` ամեն ոք,
Եվ Քեզ է վերադառնում, ինչպես Քրիստոսը,
Պայծա՛ռ է եթե:
Տուր`, որ լիազգաց շնչեմ երկինքդ.
Միշտ էլ սիրել եմ հեռուներիդ խորքերը կապույտ,
Եվ թող պայծառանա հոգիս ու երգի միշտ Քեզ,
Եվ  թող սիրի ո՛ղջ արարչությունը Քո.
Ամեն ստեղծածդ երգելով` ես Քեզ են երգում,
Ամեն ինչի միջից, որ վսեմ է, պայծառ,
Ամեն ոքի աչքերով, որ մաքուր են, պայծառ,
Դու ինձ ես նայում, Աստվա՜ծ:
Եվ սիրում եմ մրմունջը առվի,
Երկնուղեշ բարդիներն այն լուսաթրթիռ,
Թեթևագնա այն ամպերը լուսազօծ,
Եվ մենատրտում մարդկանց բոլոր,
Որ Քեզ են որոնում ներսույզ.
Տուր`, որ գտնեն Քեզ, Աստվա՜ծ,
Եվ թող չխոտորվի վերականգնվածը Քեզանով,
Եվ փա՛ռք ՔԵզ, Հիսուսով, փա՛ռք և օրհնություն,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                              33.

Ես այս խեղճ գյուղն էլ սիրեցի, Աստվա՜ծս,
Ցավեցի ստրկուհիներն հողի,
Արևավառ միջօրեին թեքված բույսերի վրա,
Որ բարձրանան փխրեցված հողում և աճեն.
Ես սիրեցի արևախանձ, հրով վառված դեմքերը մարդկանց`
Արդարատենչ, և’ խեղճ, և’ մոլորված,
Սիրեցի փոշոտ, շոգ փողոցները ամայի,
Ուր ոչ ոք չկա կեսօրին, բոլորն են գործի:
Ես սիրեցի ներել նրանց տգիտությունն անանց՝
Նրանց կռիվներն  ու վեճերը` ջրի,
Քրտնած, հոգնատանջ մարդիկ գյուղերի,
Որ բանում են օրնիբուն՝ հանուն բերք ու հացի.
Ինչպես պատվիրել ես` անհիշաչար եմ ես`
Ես իմ խորքում սիրում եմ բոլոր նրանց,
Որ սնում են բույսերին հոր ու մոր նման,
Հսկիր այս խեղճերի կյանքը,Աստվա՜ծ,
Որ ճանաչեն Տիրոջդ երկնային…
Ա՜յ,  հիշի’ր, հոգի’ս, քաղաքը, փողոցները նրա,
Ուր շրջում են աղջիկներ` տաբատներ հագած,
Տաբատներ հագած և պորտերը` բաց, բաց:
Ա՜յ, հիշի՜ր, հոգի’ս, երգչուհիներ սին և երգիչներ անմիտ:
ՙԻմ նոր կլիպը, համերգները իմ Լոս Անջելեսում,
Վաշինգտոնում՚,  ասում են նրանք…
Բայց ի՞նչ եք տալիս մարդկությանը թշվառ,
Դուք` երգիչ-երգչուհիներ համաշխարհային բեմերի:
Նույնը չէ՞ աշխարհն արյունոտ, առանց Աստծու,
Իսկ ձեր պորտերը բաց են բեմերի վրա,
Օ՛, «ցիվիլե կանայք դարիս արվեստի:
Տե՜ր, գթա՜, ողորմի՜ր, ուղղի՜ր, շտկի՜ր,
Սատանան և իր հրեշտակներն ընկած են երկնքից
Մեր երկրի վրա, և վա՛յ երկրին,
Գթա՜, ողորմի՜ր, Աստվա՜ծ,
Եվ փա՛ռք Քեզ վերստին, որ կգաս Հիսուսով.
Ամեն:

                              34.

Եթե չէիր օգնել, գթացել, Աստվա՜ծ,
Հիմա կորած էի ես, ահավոր ընկած, փչացած,
Հոգով մահացած, գուցե չարագործ դառած,
Ա՛խ, ինչպես ես պահում ամեն փորձանքից,
Ամեն ախտերից, խորտակումից, Տե՜ր, ազատում ես ինձ,
Որովհետև լսում-խոնարհվում եմ Քեզ,
Եվ հիմարությունս փոխում ես իմաստության,
Ուղի ես ցույց տալիս, ազատում վարմերից Չարի,
Կարդալ ես տալիս սրտերը գոռոզամիտների,
Որ մեծ բան են համարում իրենց, մե՛ծ բան,
Իսկ այլոց` ոչնչություններ, էշեր, հիմարներ:
Աղմուկ, կռիվ, վիճաբանություններ տարաբնույթ,
Մարդուց առած փառքն ու պատիվը կործանում են նրանց.
Ինձ հեռու ես պահում երկրային իմաստուն ամբարշտից, Աստվա՜ծ,
Փքվում, ուռչում են բարձրահոնությամբ իրենց,
Ինքնաբավությամբ լցված` չեն ճանաչում Քեզ,
Բայց, Աստվա՜ծ, Քոնն է, շնորհների տվիչ, ողջը,
Որից տալիս ես խոնարհին, հեզին,
Տանում ես դեպի խաղաղություն նրան,
Անչար ու արդար ես դարձնում նրան Քո առջև,
Սրբում ես երկրի մեղքերից հոգին,
Եվ գտնում է նա ազատություն և Աստված:
Երբ որ չարերին խորտակես, այնժամ պապակած սրտերը կզորանան,
Չարերը պիտի խափանվեն, ասել ես, Աստվա՜ծ,
Իսկ հեզին տալիս ես իմաստություն և աստվածային սիրտ.
Կատարելության ուղիով ես տանում նրան,
Ով Քո կամքի մեջ է մնում ամեն օր,
Ով գնում է ուղի անմոլոր` Քեզանով:
Տու՜ր`, չպարծենամ և ոչ մի բանով,
Չհոխորտամ և ոչ մի կերպ,
Խոնարհությունս մեծացրու Աստվա՜ծս,
Կյանքիս նեղվածքներից,
Խորշերից առաստաղացածր,
Մթին, սարդոստայնապատ խշտյակներից մտածումների հանիր ինձ,
Որ քայլեմ առանց կորանալու
Մեղք ու հանցանքի գիտակցությունից,
Ազատի՜ր, Աստվա՜ծ, խութերից խոհերիս,
Լայնաբաց դարձրու նայվածքներն հոգուս,
Շունչս ազատիր ստրկացումից ամեն,
Քո կամարի տակից մի՜ վտարիր ինձ,
Եվ թող աղոթքներս չստվեն Քո առաջ, իմ Աստվա՜ծ,
Եվ փա՛ռք Քեզ, մեր Տեր Հիսուսով, Հիսուսով.
Ամեն:


                          35.

Վերստին դիմում եմ Քեզ, Աստվա՜ծ,
Սիրտս անլույս է ու խավար,
Եվ հազար ակունք ունի թախիծը իմ մեջ,
Որ ալիքվում է հոգեխորքերում իմ,
Եվ վշտիս դաշտն է փարթամ ու բերրի:
Ոչինչ չի հնչում անաղարտ, մաքուր,
Պայծառ բխումի և ոչ մի ակունք չենք գտնում կյանքում:
Ողջը կորուստ է,
Անհանգիստ գրգիռ, մտատանջություն,
Ողջը աղաղակ է գիշերվա երախում,
Ոճրագործն է մահվան լեռներում իր զիկկուրատից
Չարին աղոթքներն իր հղում,
Խեղճերի սրտներն են կծկված հեծում:
Մենակություն, խավար:
Չար արյուն և կիրք անսանձ,
Հարամ վայելքներ, լրահոսք հարամ,
Դևերի քրքիջ, խրոխտանք զենքով:
Աղքատություն և հարստություն- 
Ատելավառ բևեռներ երկու:
Երբեք չենք հաշտվի:
Բայց անզոր ենք մենք:
Անլուսություն կյանքի վայրահակ,
Անլուսություն կյանքի վայրահակ.
Սրտերից սուտն է հորդում:
Գիշերվա սալարկն է արյուն:
Ատելության լեռներում ենք ապրում մենք, ատելության,
Չար քաղաքներում թափառում օրնիբուն,
Սատանայի ռազմադաշտում
Թնդանոթն է որոտում,
Ռումբերը պայթում,
Խավարակուռ կյանքում
Մեր ՙուռա՚ - ն է թնդում:
Նողկալի խեղճեր ենք մենք:
Եվ մարդ ենք կոչվում:
Եվ մարդ ենք կոչվում:
Ողջը մահ է ու կորուստ Աստծու,
Ում որ թողել հեռացել ենք վաղուց: Վաղուց:
Ամեն մարդ` ունայն:
Տե՜ր, պահպանիր նրան,
Ով Քեզ է կանչում ձորից խավարի,
Ազատի՜ր, լուսավորի՜ր, ների՜ր,
Եվ թող Քո կամքը լինի` 
Ինչպես երկնքում է,
Այնպես էլ երկրի վրա:
Մոտեցրել ես, իրոք, վախճանը օրերի…
Եվ փա՛ռք Քեզ, միակ Աստծուդ, Հիսուս թագավորով մեր.
Ամեն:
                       36.

Նորից Տիրոջ Խոսքն ինձ հետ է,
Խոտոր Ճամփա չեմ գնա ես,
Էլ ի՞նչ տրտմություն,
Էլ ի՞նչ սրտնեղություն աշխարհում Չարի,
Աստված կջնջի Չարը, կջնջի:
Տերն ինձ ուսուցանում,
Դաստիարակում է ինձ Տերը,
Ոչ ոխ է պահում,
Ոչ չարություն կա Նրանում,
Համակ Սեր է Աստվածն իմ,
Դարձնում է ինձ խաղաղ, հուսալեցուն մի սիրտ,
Իմ կյանքը դեպի հանգիստ հանգրվան է առաջնորդում,
Ինձ հով է անում Աստվածս հայրահոգ,
Որ զովանա սիրտս այրված, որ տոչորվել էր,
Երբ անապատում ինձ կորցնող մտածումներ էր մտածում սիրտս,
Իմ սրտի դաշտերին ոռոգող ջրեր է բացել երկնքից,
Կենդանություն եմ առնում, հագենում, գոհանում եմ սրտով ես,
Կշտացնում է ինձ Տերը,
Երկնային հացով իր սնում,
Տիրոջ Խոսքին անսա միշտ, իմ ա՜նձս,
Թող ազատի քեզ,
Որ չկորչես` խոտորագնա,
Ներում հայցիր, խոստովանիր խորքերից քո,
Դիմիր, որ ուղղի, շտկի,
Որ ջարդվածքներդ կապի Տերը,
Ո՛վ փշրված կավ, վերականգնվես,
Որ զգույշ չես բնավ,
Խոտորամիտ, տարընթաց, անհաստատ, ընկնճվող ես դու,
Մնա  Խոսքի մեջ և կպահի Տերը,
Կյանք կունենաս երկնքի Հորից քո,
Լույսի աղբյուրը կերգի սրտիդ մեջ,
Լույսի աղբյուրը…
Եվ փա՛ռք մեր Աստծուն երկնային մեր Ուսուցիչ Հիսուսով.
Ամեն:


                        37.

Այսօր տագնապ ես, դող ես այսօր, իմ սի՜րտ,
Ինչու՞ ես վախենում չարերից այդպես,
Մեր Տեր Աստվածը մեզ հետ է,
Մի՞թե լքել ես ինձ, իմ Աստվա՜ծս,
Ինչու՞ ես վախենում, դողում ամբարշտից, իմ սի՜րտ:
Զորացի՜ր, սի՜րտ իմ, զորացի՜ր, հուսա՜,
Մարդավախությունը չտանջի թող քեզ,
Մեզ կպահի մեր Տեր Աստվածը, կպահի,
Զորացիր մեր Տեր Աստծով, զորացի՜ր, հուսա՜,
Դու միայն կանչիր, դու դիմիր միայն Աստծուդ,
Նա կդառնա դեպի քեզ,
Քո Աստվածը կդառնա դեպի քեզ 
Չի թողնի Նա քեզ,
Մի՜ երկնչիր, կանչիր ու գնա,
Մի՞թե լքել ես ինձ, իմ Աստվա՜ծս, մի՞թե լքել ես.
Մեղքեր ունեմ ես,
Աստծո առաջ մեղավորություն ունեմ ես,
Ինչպես` ամեն ոք, և աղոթել եմ…
Ներող է Աստված, բազմագութ,
Դիմի՜ր վերստին, կների դարձյալ,
Անոխակալ է Աստված, հուսա՜,
Մեծախիղճ է Աստված,
Հայրը մեր երկնավոր,
Մեծախիղճ է Նա,
Չի թողնի Նա քեզ երախի առջև գազանի,
Հուսա՜,
Նա քո ապավենն է ընդդեմ գազանի,
Հուսա՜,
Եվ ապահով ես դու Նրանով, իմ ա՜նձս,
Հուսա՜,
Խաղաղ մնա չարությանց դեմ,
Մի՜ ալեհուզվիր,
Դու հանդարտ մնա,
Մի՜ տրոփիր, սի՜րտ իմ, տագնապահար այդպես,
Մի՜ մնա երկչոտ, իմ անձս,
Դիմի՜ր վերստին, հուսա՜,
Նա չի ծիծաղի քո երկչոտության վրա,
Քո Աստվածը չի ծիծաղի քո վախերի վրա,
Նա քո ճանապարհը ապահով կանի քո առաջը,
Մի՜ երկնչիր, իմ սի՜րտ,
Դիմիր և կշնորհվի քեզ
Եվ օգնություն, և՜ ելք, և՜ ապահովություն,
Մի՜ երկնչիր, հուսա՜,
Տե՜ր, զորացրու՜ իմ սիրտը,
Տե՜ր, օգնի՜ր Դու ինձ,
Վանի՜ր իմ վախը, Աստված ու Հայր իմ երկնավոր,
Փարատի՜ր, վանի՜ր տագնապներս,
Երբ ճամփա ելնեմ` գնալու ,
Մի՜ թող ինձ մենակ,
Մի՜ թող ինձ, Տե՜ր, մենակ,
Եղիր ինձ հետ չար դաշտի մեջ կյանքի,
Ների՜ր իմ մեղքերը, վերստի՜ն ներիր,
Շնորհի՜ր, Հա՜յր, Քո օգնությունը հուսացողիս,
Միա՜կ ապավեն, Դու ես Ճշմարտությունը,
Միա՜կ իմ Վեմ:
Առավոտ կանուխ հանիր ինձ քնից,
Առավոտ կանուխ, իմ Աստվածս,
Արթնացրու, որ դիմեմ վերստին, առավոտ կանուխ,
Որ աղոթքս հղեմ զղջումի, որ քավեմ,
Սրտաբուխ խոնարհությունս զգաս վերստին, լսես,
Առավոտ կանուխ հանի՜ր ինձ քնից, իմ Աստվա՜ծս,
Նոր օրվա հետ հոգու նոր կյանք
Պարգևիր Դու ինձ,
Հուսա նոր օր, նոր կյանք` Աստծով, իմ սի՜րտ,
Եվ փա՛ռք Նրան մեր Թագավոր Հիուսով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:


                                 38.

Առավոտ վաղ վեր կացա, Աստվա’ծս,
Քեզանով ոգևորված` դարձա զվարթ, հուսալեցուն,
Հեռացան հուշերի մառախուղ և տանջանք,
Սիրտս Աստծուդ կրակով լուսավո՛ր է, լուսավո՛ր է,
Բելիարի զորքը չի ազդում արդեն,
Հեռուներիդ հույսն է մխիթարում, հեռուներիդ լույսը,
Խավարի փակուղուց ազատել ես ահա,
Հանել ես մտածման խաղաղավետ մի դաշտ,
Տե՜ր, վերականգնել ես փշրված սիրտս,
Կյանքի Լույսն ես լցրել խորքերը նրա,
Կորցրել ես անապատներում ամեն վախ և չար հիշողություն,
Կորցրել ես, Տե՜ր, հիվանդություն և ցանկություններ փուչ,
Քեզանից եմ սպասում, Աստվա՜ծս, ամեն բան,
Դու ես ամենայն հույս,
Եվ սեր, և՜ հավատի խորացում, և՜ մխիթարություն
Դու ես տալիս, Աստվա՜ծ.
Թող կորչեն առհավետ պատկերները կուռքերի ամեն,
Ամեն ստախոսություն մոլորեցուցիչ,
Ամեն խավար աչք գերանակիր,
Ամեն խորամանկ խաբեություն խորագետ,
Ամեն ժանտ սրտի հարձակում ամենուրեքից,
Ամեն դառնություն` խորտակման տանող,
Ամեն ջղաձգություն կործանաբեր,
Ամեն կռիվ ու վեճ, ամբարշտություն սև,
Ամեն համբույր հուդայաթույն,
Ամեն կեղծաժայթ սիրո ցուցադրանք,
Ամեն խորություն անաստվածալույս,
Ամեն չար խորհուրդ` ամեն ակնթարթ,
Ամեն քայլող դի` հագագով ստաբուխ,
Ամեն ձեռք, որ կեղծ փաստաթղթեր է գրոտում,
Հանում  ի լույս` ճշմարտի տեսքով,
Ամեն մռունչ` ժայթքող ռունգներից սադայելադրոշմ,
Ամեն սև ածուխ` կրծքի տակ վառվող, ասես` սիրտ,
Որ Բելիարի կնիքով է կնքված – հաստատագրված,
Ամեն արյունոտ քայլ, որ մահվան գերանդուն է աճապարում,
Որ հնձի լույսը սրտերում մեր,վերստին հնձի,
Ամեն խոհ ու խորհուրդ ժողովարաններում Չարի,
Ամեն բռնադատություն, ստրկացում ամեն,
Ամենը, Աստվա՜ծ, հեռացրու՜ իմ ճամփից,
Որ Քեզ է բերում, երկնավոր Հա՜յր իմ,
Պահի՜ր, պահպանի՜ր իմ սիրտը, Աստվա՜ծ,
Եվ փա՛ռք Քեզ, մեր միակ Հիսուսով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:
                 
 
                     39.

Նորաբուխ խոսքեր կտա ինձ Տերը, Նա չի հապաղի,
Որ ճամփա գնամ աղոթքով, աղոթքով խոնարհ,
Նոր լռություններ կտա աստվածալույս հեռուներում հանգստաբեր,
Նոր թոթափում կտա մառախուղներից բազմադաշտ,
Ես խիզախումի նոր քայլեր կանեմ դեպի նավը իմ փրկության,
Ինձ սուրբ Աստվածը կկանչի հուսադիր ձայնով`
“Ե՜կ, մի՜ երկնչիր, նո՜ր Պետրոս, - կասի ինձ, - արի՜”,
Ես խիզախումի նոր քայլեր կանեմ դեպի նավը իմ փրկության`
Ալիքների վրայով գիշերածուփ ծովի:
Չեմ պարծենում, Աստվա՜ծս, չեմ գովաբանում ես ինձ,
Որովհետև Դու ես ձգում ու կանչում,
Այդժամ ո՞վ եմ ես` փոշեհատիկ մի երկաթի,
Քո կամքը մեծամագնիս է, իմ Աստվա՜ծս:
Էլ ի՞նչ տարակույս կամ վեհերոտ ընթացք ուղղվածության,
Լույս է ինձ անում Տերը ամենուրեքյան,
Որ դրուժան ջրերից խավարահեծ կյանքի
Դեպ ազատության հանգրվանը քայլեմ`
Ալյաց վրայով ծովի,
Ալյաց վրայով ծովի:
Ինչպե՛ս չմեռա ես, երբ չունեի փարոս,
Եվ չէի գիտակցում ձեռքը օգնական Աստծո,
Ինչպե՛ս չհոշոտվեցի հազարադեմ գազանից բազմագլուխ,
Զազրատեսք  բոան անթվելի ողնաշարներեր է դարձրել խյուս,
Իր շոգ գալարքներում մահաորովայն,
Եվ չկան, դարձել են կերակուր Չարի:
Անքննելի են ճանապարհները Տիրոջ.
Օ՛, պահեցիր ինձ, Աստվա՜ծ, խոստումների Բարձրյալ Հայր,
Մահը չի մոտենա ինձ, եթե Քոնն եմ այլևս,
Երբ ժամանակը հալվի, երբ գա ապագան,
Կհանես գերեզմանից  Դու ինձ կենդանի,
Ինձ կտաս անտագնապ կյանքի Լույսը նորընծա.
Մեծացրու հույսս, Տե՜ր Աստված, որ փրկես,
Որ երբ հաղթանակիդ կռիվը Չարի դեմ ավարտես,
Եվ մահը դժոխք իջնի հավիտյան,
Եվ Սատանան տապալվի, ընկնի ու կորչի,
Քո կերպարանքը Լույսի,
Ողողի դաշտը իմ կյանքի:
Օ, Աստվա՜ծ Սիրո, իշխի՜ր ինձ վրա.
Գիշերահած տառապանքը Չարից ժամանած` քառաթևյան,
Թող չմնա թառած ճակատիս խոհերին,
Եվ սիրտս չքամի վրիժաբռունցք սեղմումներով իր,
Չփշրի զովաշունչ ցողունը բարձրացող հույսիս,
Թող Չարը չկռթնի հուսահատությանս որմին,
Որ ինքն է կառուցում գաղտնագիշերում,
Թող փլչի, փոշիանա այդ որմը առհավետ, առհավետ,
Թող մռայլ մտածումներիս կծիկը սևաթել
Ընկնի հույսիս կրակը` դեպի Քեզ բորբոքված,
Թող հոգուս երկնքի գիշերը թեքվի
Դեպի լուսաբաց,
Ամպերը հալվեն,
Եվ արևելքի սրտի խորքերից
Ժպտա ինձ արևդ ամենապայծառ:
Եվ փա՛ռք Քեզ, Աստվա՜ծ, մեր Արև Հիսուսով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:
                             40.

Ա՛խ, ես հիվանդ եմ, Աստվա՜ծ իմ, հիվանդ վերստին,
Անկարելիորեն հիվանդ եմ ես, Տե՜ր,
Անհավասարակշիռ, խռովքահեծ մարդ եմ, ասես՝ մշտապես,
Ես չեմ կարողանում սիրել,
Տանել, հանդուրժել, համբերել,  ներել…
Եվ պայթում է զայրույթս մոլեգին,
Ծանր խոսքեր եմ ասում,
Վիրավորում եմ,  երբ վիրավորում են ինձ,
Թշնամանում, երբ թշնամանում են,
Ես հիվանդ եմ,
Մռայլ մի մարդ եմ ես մենահեծ,
Օգնի՜ր, փրկի՜ր,
Հաշտեցրու, ազատի՜ր, Աստվա՜ծ իմ,
Որովհետև ահա ես հանգած եմ,
Որովհետև խոհերից սրտիս սասանվում եմ ահավորապես,
Այնպես է դատում իմ մասին սիրտս,
Որ ընկճվում եմ ես: Գուցե ճշմարիտ է ասում,
Կյանք չի մնում ինձանում,
Եվ ի՞նչ կարող եմ անել, Աստվա՜ծ,
Այս է իմ սիրտը,
Այս եմ ես` ըստ նրա: 
Գուցե Դու ես բացում նրան այդպես իմ դեմ,
Անկարող եմ հաղթահարել նրան ես,
Որ այլ կերպ դատի – մտածի իմ մասին, գնահատի,
Միայն, գիտե՜մ, աղոթքներ լսո՜ղ Հայր,
Դու միայն կարող ես փոխել նրան,
Մի սիրտ տալ ինձ, Աստվա՜ծ, երջանկազգաց, երջանկախոհ:
Հասկացա մտածումները նրա, որ չար են,
Եվ չի կարող նա բարին մտախոհել,
Ես հուսահատված եմ,
Ես ինձ զգում եմ հանգած մի կրակ, որ անցել է վաղուց  և  հուշ է դարձել,
Որովհետև բացվել երևում եմ ես ինձ,
Այդ չար հույզ-մտածումներն են իշխում ինձ վրա,
Եվ չեն թողնում ինձանում արևը ծագի,
Եվ գիշեր է իմ մեջ, գիշեր մենության,
Եվ հուսահատված, ջախջախված եմ ես,
Եվ հեռու է ինձանից Խոսքը ճշմարիտ,
Եվ ես չեմ կարող ուղղել Քեզ
Հիվանդիս գանգատ-աղաղակները խավարից,
Խավարից դեպի Լույսդ հառնել,
Սահմռկեցուցիչ ընկնավորությունը իմ
Կաշկանդել է իմ սիրտը` գալու դեպի Քեզ…
Երբ լքել էիր ինձ, Տե՜ր, քանզի հեռու էի Քեզանից,
Քանզի չար վայրերում էի շրջում վերստին, վերստին,
Դևերին բաց թողեց վրաս Սատանան,
Նրանք խուժեցին իմ սիրտը,
Եվ չարացա ես նորից.
Չէ՞ որ ոչ-ոք չկա բարի, ասել ես Հիսուսով,
Եվ զայրույթ դառա ես դարձյալ,
Ուրեմն` անարդար և կռվասեր նորից դարձա ես,
Ես առճակատեցի ճանապարհին թշնամուս հետ,
Ի վտանգ ինձ` հակառակեցի, հակառակեցի,
Եվ եթե չպահես ինձ, Աստվա՜ծ,
Ես չեմ ազատվի ձեռքից Հակառակորդի:
Բայց թող ես համր լինեմ,
Եվ Խոսքդ բուժի,
Կարիք, սրտմտություն և տանջանք,
Ընկնավորություն, հոգու ցավ,
Զի բացակա է բարությունը իմ սրտից,
Նրա խորքերի չար ծովն է եռում հարակա,
Եվ հնարավոր է` ես բռնկվեմ նորից,
Երբ լինեմ վայրերում օտար,
Ամենուր է օտար, երբ պաշտպանված չէ սիրտս.
Բռնկվեմ այն ժամի բռնկումիս պես ես,
Երբ երկինքը խաղաղությամբ էր բոցավառված մայրամուտային՝
Աստծո բարբառ ու պատգամ այլախոս, որ կար,
Որ չլսեցի ես, չհնազանդվեցի.
Չըմբռնեցի՛ ես:
Բայց հիմա, հիմա,
Երբ խոսում եմ այսպես,
Երկինքը այնքա՛ն պայծառորեն կապույտ է արդեն.
Երևում է ինձ ծառի բացերից: Եվ վերևից էլ երևում է  ինձ,
Այնքա՛ն  խորունկ է երկինքը…
Թվում է, թե օգնել ես ինձ արդեն, Աստվա՜ծ,
Լույս, խաղաղություն և կապույտ…
Քանզի խաղաղ է սիրտս էլ հիմա,
Ուրեմն` լսե՞լ ես, խաղաղեցրե՞լ ես…
Տեսանելի դարձրեցիր սրտիս խորքի մեջ
Ա՛յլ մտածումներ արդեն: Քո ապահովության դաշտում պիտի ապրել ընդմիշտ:
Գուցե նաի՞վ եմ…
Չարը թող կործանվի իմ մեջ և բարին հաղթի…
Եվ օրհնանք Քեզ լուսապայծառ Հիսուս Որդիովդ,
Օրհնանք` առաքված Քեզ ինձանից, Աստվա՜ծ.
Ամեն և ամեն:


                     41.

Ե՜կ, Աստվա՜ծ, ներկա եղիր իմ մեջ,
Այս լռությունը մարմնիս տաճարի
Թող լցվի հրճվանքով, հրճվանքով,
Թող լցվի սրբությամբ Քո, Աստվա՜ծ:
Թող զվարթ խնդա սիրտս Քեզանով,
Չվի թախիծը, վհատություն և վախ,
Թող պայծառ խինդը շողա իմ սրտում,
Սիրտս լինի թող Աստծո Լույսի իջման վայր,
Թող հույսը իշխի,
Հուսահատությունը չվի,
Ծովը խաղաղվի, ալիքները հարթվեն,
Չար հուշերը հանգչեն, հանգչեն,
Թող շողա ամպերի, ամպերի տակից ելած
Արևը ներսիս,
Լցվեմ երկնքովդ օրհնված,
Հավատս մեծանա, Աստվա՜ծ:
Խռովք, զայրույթ, չար անցյալ հեռանան,
Մաքրագործվեմ ես, օրհնելով Քեզ, Աստվա՜ծ,
Թող սրտիս դռան կողպեքը բացվի,
Երկնային ավելով թող ավլի իմ հոգածու հրեշտակը
Մեղքերից, զառածումներից, սխալներից ամեն
Սենյակները սրտիս,
Որ մաքառման մեջ չընկնեմ հուսահատ, մեռնեմ,
Քաջալեր եղիր վերստին դեպի Քեզ եկողիս, Աստվա՜ծ,
Եվ այս աղոթքս էլ թող հասնի Քեզ Հիսուսով, Հիսուսով,
Եվ փա՛ռք Քեզ հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                                  42.

Երբ ամբարիշտ, անսուրբ մարդկանց օդերում, օդերում,
Վշտահեծ սրտով շրջում եմ անհուր, մթին ժամերիս,
Ո՞վ է ինձ մղում վայրերն այդ օտար,
Քանի որ պանդուխտ եմ երկրի վրա օտար,
Ուր համայնն է սուզված ոլորտը Չարի,
Ո՞վ է ինձ մղում վայրերն այդ օտար:
Երբ դիմում եմ, Աստվա՜ծ, արթնացնում ես,
Ցնցում, մղում ես վերստին հոգիս,
Դեպի Լույսն ես մղում, զղջումը դեպի, ո՛վ ներող Հայր իմ,
Հեթանոսներից դառնում եմ երբ որ,
Նստում է սիրտս դասերի վրա Աստծուս գրադարանում,
Հինը անցնում է, ազատվում եմ ես, վերադարձած եմ երբ ես,
Սուրբ Աղբյու՜ր, ո՛վ Լույսի անխռովահույզ բխում դեպի ինձ,
Վերահաստատում, մղում ես վերստին, վերստին,
Խնդրվածքներ ու ներբող ուղղում եմ Քեզ վերստին,
Բոլո՛ր վարմերը ինձ բռնող պատառոտված են լինում,
Օ՛, Աստվա՜ծս, պատառոտված են լինում,
Դեպի ազատություն մղում ես հոգիս,
Դեպի սուրբ խոհերի շտեմարանները Քո,
Ուր մանուկներ լույսի հրաշախինդ
Պարգևում են ինձ ոգևորություն իրենց աչքերի խնդությամբ,
Որ մղվեմ.
Ապրում եմ լույս մտածումներ, իմ Աստվա՜ծ…
Ո՛վ Սուրբ, թող չհակվեմ դեպի խավարները,
Ամբարիշտ աշխարհը, Աստվա՜ծ,
Թող հոգս չպատճառի առաջվա նման,
Թող վիշտը չկրեմ սրտիս մեջ, որպես չար քարկոծում ամեն օր,
Թող նոր վերքերս առողջանան,
Քայլերս ամրանան վերստին` դեպի Քեզ գալու,
Թող Քո դասերին, Աստվա՜ծ, լինեմ ուշիմ աշակերտ մի,
Գիտեմ, անդարձ է ճանապարհը, որ բռնել եմ ես,
Անդարձ է հետ դառնալը` չար աշխարհի դռներում
Էլ չեմ որոնելու Ճշմարտությունը ես,
Դարձը, Աստվա՜ծ, անդառնալի է Քեզանով,
Թող պահպանեն Քո հրեշտակները թույլիս,
Մեծաչար է աշխարհը, և գիտությունս է պակաս,
Եվ հարձակվում են դևերը ուժգնակի,
Պահի՜ր, որ դիմադրեմ Քեզանով ամեն ժամ,
Տուր ջանք և օրհնությունը Քո,
Այս իմ ճանապարհը անցնելու, Աստվա՜ծ…
Եվ գիտեմ, Տե՜ր, հավատքի մարդը տրտմում  է ինձ պես,
Տառապագին վշտով է լցվում ամեն օր, ամեն ժամ,
Քանի դեռ մեծ չէ խոստումների հանդեպ
Հավատքը նրա:
Հավատքիս պակասը ների՜ր,
Կրկնաբանություններս ների՜ր, Աստվա՜ծ,
Որ ամեն օր եմ դիմում Քեզ,
Տե՜ր, բարենորոգի՜ր բոլորանվեր, համակողմանի,
Եվ օգնի՜ր, և ողորմեա՜,
Մեծացրո՜ւ հավատս` ազատության և փրկության հասնելու, երբ Օրը գա,
Եվ փառք Քեզ հավիտյան Հիսուս Որդիովդ.
Ամեն:

                          43.

Թող չշեղվի իմ անձը, Աստվա՜ծ,
Նեղյալիս զվարթացրու,
Թող հույսս միայն Դու մնաս վերստին.
Երբ  տեսնում եմ մարդը լրբենի
Ոնց է Աստծուդ օրենքը ժխտում իր մեջ ամեն պահ,
Իր նմանի արյունն ու քրտինքը խմիչք է դարձրել,
Իր հացն է դարձրել տքնանք ու ջանքը,
Տանջանքը ուրիշի:  Երբ տեսնում եմ`
Իր պալատ-դղյակն է լուսավոր, պայծառ,
Բայց դառնաթախիծն է նստած սրտի մեջ կառուցողի դրա:
Ճնշված և աղքատ: Աղաղակը կոկորդում`
Ինչպես ստրուկները Եգիպտոսում  հին,
Թող հույսս միայն Դու մնաս վերստին, Աստվա՜ծ, վերստին,
Երբ խավարում, խավարում տառապում ենք մենք,
Երբ զավակները Չարի անարգում են մեզ,
Օ՛, խաբեբաները այդ, որ բազում են մեր շուրջը, բազում,
Անթիվ-անհամար են ավազակները,
Եվ բազում են մարդասպանները անպատիժ,
Անթիվ-անհամար են նրանք, անթիվ-անհամար,
Եվ չունի մարդը օգնության ձեռք վստահելի,
Թող հույսս վերստին Դու մնաս, Աստվա’ծ, վերստին,
Որ պահես, պահպանես Դու ինձ,
Եվ նրանց, որ Քեզ են հուսացել վերստին,
Անարգանքից Չարի և օրենքներից արնախումների,
Պահպանիր Դու ինձ հալածանքներից դևերի,
Որ մարդ են, ասես, կերպարանքով,
Ոտ ու ձեռք ունեն,
Միկրոֆոն և գրիչ,
Որ գեղեցիկ շորեր են հագնում,
Եվ փողկապ են կապում գեղեցիկ,
Եվ չար չեն երևում, և խորհուրդ են անում,
Եվ մարդ են կոչվում մեզանում մինչ այսօր:
Եվ թող աղոթքը չնվազի իմ հոգու խորքերից,
Սրտախորքերից իմ,
Որ, ամենազո՜ր,
Ապավեն լինես անզենիս վերստին, վերստին,
Զինյալների դեմ չարազոր,
Որ պահես պահպանես իմ նմաններին նմանապես,
Մեր սիրտը պահպանես չար խորհուրդ-խավարներից, Աստվա՜ծ,
Եվ այս իրիկունը, որ խաղաղ է աշնանավարի,
Թող իմ սրտի մեջ Քեզանով, Աստվա՜ծ,
Բարի խոհերով առկայծի, վառվի,
Եվ խաղաղ աշունն էլ խոհերիս` դեպի Քեզ թեքված,
Խորին մի խորհրդով պսակվի աստվածահաճո,
Եվ փա՛ռք Քեզ, ո՛վ երկնային Հայր իմ,
Մեր փրկիչ Հիսուսով.
Ամեն:
                           44.

Նորից ելնում եմ առավոտ վաղ,
Սրտի խորին ախերով, վախերով սրտի,
Հառաչանքներով լցված հազար ու մի,
Լույսին եմ նայում` հետզհետե բացվող,
Մռայլ աշնանամուտի երկնքին, ամպին,
Ողջ աշխարհի չարիքը առջևը դրած հոգուս`
Չեմ գտնում ոչ մի ելք,
Ոչ մի խոհ ճշմարիտ,
Բացի աղոթքից, իմ Աստվա՜ծ,
Բացի աղոթքից,
Որ խնդրվածքներս առաքեմ առ Քեզ,
Որ բարեմիտն  էլ մի փոքր արահետ  գտնի,
Գնա իր բաժին արևով ժպտա, Քեզ հուսա,
Որ չարացածների սիրտը ապական
Դու բերես զղջման և աղոթքի,
Զղջման և աղոթքի.
Որ Ճշմարտության կանչը լսեն,
Որ Դու ես Ճշմարտությունը միակ,
Ամաչեն, քավեն, որ չկորչեն,
Երբ Օրը բերես Ահեղ Դատաստանիդ,
Չթեքվեն նորից մարդահոշ դառնան,
Տե՜ր Աստվա՜ծ, որ Սատանային թողնեն,
Վարագույրի հետևից հուշարարն այդ բազմահմուտ
Ինչե՛ր ասես որ չի հուշել, որ մարդը կատարի:
Երբ բառեր չունեմ խոսքի, աղոթքի,
Դու լուռ տանջանքը լսիր, լուռ խնդրվածքները լսիր
Իմ հոգնաբեռ սրտի,
Ազատիր խավար փակուղիներից կյանքի նաև ինձ,
Լուսավորի՜ր խորքերը Դու իմ,
Գթա՜, Տե՜ր, աղոթքս այս լուսաբացի լսիր,
Թող սիրտս ծխա բուրվարում հույսի…
Թող գիտակցեմ, հիշեմ,
Որ Աստծո նավը մտնողը
Դեպի Լույսը կընթանա,
Որ ալիքները կլռեն,
Ջրերը կծփան խաղաղ,
Նավը կսահի…
Վախերը կմեռնեն ամեն,
Զվարթության ծառը կծաղկի վերստին` նրա,
Եվ կտանես նրան
Դեպի լուսաբացը, Աստվա՜ծ,
Եվ փա՛ռք Քեզ մեր Առաջնորդ Հիսուսով.
Ամեն:

                           45.

Ես ոգևորված ելնում եմ դեպի Քեզ գալու,
Հա՜յր Աստված, դեպի Քեզ գալու,
Ես աղոթքներ եմ հղում դեպի Քեզ,
Դու տվեցիր խաղաղության և խինդի կայլակումներ վերստին սրտիս,
Եվ հուզավառ եմ ես սրբությանդ սատարումով մեծ,
Որ մռայլը ցրեցիր դաշտերից սրտիս,
Հույսս արթնացավ, հեծումներս մեռան,
Սիրտս բացում ես դեպի Քեզ, իմ Աստված,
Ընդարձակում ես ինձ դարձյալ ու դարձյալ,
Ցնդում է ամեն գաճաճ խոհ և մտորում,
Ամեն դիվային պատկեր,
Ամեն  խավարներից  կանչող  սիրենաձայն`
Կործանաբեր ալիքների միջից:
Ալիքնե՛ր, ալիքնե՛ր…
Որ Սատանայի մարտն են մղում Աստծուդ դեմ:
Ալյաց  վրա, ինձ  կոծող,  ալյաց վրա
Երեր Ոդիսևս էի մի հեթանոս`
Կորցրած հայրենի Իթակե և  խնդություն հոգու,
Փրկեցիր վերստին, իմ Ժայռ, իմ Վեմ,
Հանեցիր ինձ  դարձյալ
Լուսալեցուն դաշտը ազատության,
Հուսադրոշս է ծփում խաղաղաբեր հովերում Քո  սուրբ,
Զվարթ խոհերով է  սիրտս տրոփում, տրոփում,
Ես իմ Աստծուն փառաբանող
Սաղմոսաբուխ բանաստեղծ եմ նորից դառնում,
Ես հալվում եմ, ասես,
Քո պարգևած բառերի մեջ, Աստվա՜ծ,
Հնչյունների մեջ իմ օրհներգության,
Իմ ազատության փրկագինը վճարված է
Հիսուս Որդիովդ միածին,
Որ Սեր է Քեզ նման` դեպի ինձ դարձած,
Որ Խոսքիդ կատարմանը խոնարհ կանգնած է Քո դեմ,
Ում նվիրեցիր մահին` ի խնդիր իմ փրկության,
Որ անարգ էի և խրատախոտոր,
Որ սատանայախաբ` մահն էի ընտրել.
Ո՛վ  իմ  մեղքը քաված Հիսուս Առաջնորդ,
Շնորհակալ եմ Քո Հորից` Քեզանով,
Եվ Քեզանից, ո՛վ  Գառ,
Անարատաբուխ Հորիցդ կայլակված լույս`
Դեպի մեր խավարները ճառագված,
Ո՛վ իմ փրկիչ, հավիտյան իմ Փրկիչ,
Հիմա երգում եմ Քեզ
Եվ Քո Հորը, Եհովային սուրբ,
Ո՛վ մեծություններ անբավ,
Որ սիրում  եք ինձ` խոտորյալիս,
Որ դարձ ու զղջումի Գողգոթան եմ գնում դեպի,
Եվ խնդությամբ եմ գնում և հեծումի արցունքով,
Որ աղոթքի խունկով է լեցուն և ապաշավանքով,
Որ օրհներգում եմ Ձեզ` Ձեր շնորհված ձայնով,
Եվ հիմա էլ,
Վերացած դևերի աշխարհից ոգով իմ,
Օրհնաբանում եմ իմ Ստեղծիչ Աստծուն,
Սուրբ են Քո դասերը, Հայր աստվածություն,
Եվ փա՛ռք Քեզ, ԱԼԷԼՈՒՅԱ, Հիսուսով.       
Ամեն:

                               46.

Դեռ չնչին չափով եմ ճանաչում Քեզ, Աստվա՜ծ,
Դեռ նո՛ր-նո՛ր բացվում է ծերպը քիչ-քիչ,
Եվ երկնքիդ Լույսն է նշողվում ինձ համար,
Որ նորադարձ  զղջացողների համար է
Եվ նորոգվողների, Աստվա՜ծ:
Պայծառ հառնում է Լույսդ խոստացված,
Եվ խավարն է  ցնդում քիչ-քիչ,
Մեգը հեռանում,
Թախիծը մեռնում:
Նավս է ընթանում:
Սուրբ  հովերը ճակատիս,
Սուրբ հովերը ճակատիս:
Փարոսներդ լույս են ինձ անում,
Ալիքներին հրամայել ես, Տե՜ր,
Եվ հանդարտ է ծովը փորձությանց,
Եվ ծիծաղ կա իմ սրտում:
Օ՛, հզո՜ր Աստված,
Օ,՛ հանդարտվա՜ծ ծով:
Ջարդուխուրդ թևերը մուսայիս շտկված են,
Շտկված են,
Եվ ես Լույսի երգեր եմ երգում,
Օրհներգեր եմ երգում Քեզ,
Իմ Աստված,
Որ Դու ես ճշմարտությունը,
Օ՛, Սիրո Աստված և Հա՜յր մեր` երկնքի:
Եվ ամեն օր իմ շուրթերը սրտիս խորքերից
Այս են խոսելու երկնքիդ դիմաց,
Քո փառաբանությունն եմ անում ես,
Բարձր երկնքիդ գովքը
Թռչում է իմ սրտից ոգևոր.
Որ պիտի  քանդես աշխարհն ապական,
Եվ նոր կյանք կհառնի երկրում, նոր կյանք,
Քո Լույսի ներքո` սուրբ, անապակ:
Աստվա՜ծ, թող դև ու փորձություն
Չխաթարեն հնչյունները քնարիս օրհներգու:
Վիշտը ճնշել,
Հոգուս կյանքն էր պղտորել ամբողջ,
Եվ դևերը թախիծ էին թափում ամեն օր
Սրտիս լարերին:
Հնչում էր վիշտ և հուսահատ անկում,
Դու գիտես այդ անկումը, Աստվա՜ծ,
Եվ մաքառումներս անձնապաստան`
Չարյաց դեմ:
Հիմա գովքն է սրտիս լարերից վերամբառնում,
Գովքը Աստծուս
Եվ երկնքին Նրա:
Քո Սերը, Աստվա՜ծ,
Ինձ խավարի դաշտերից հանեց, հանեց,
Եվ փառավորությունն եմ երգում ես տիեզերքիդ,
Եվ հույսն է ապրում ու շնչում իմ հոգում,
Եվ արթնացրեց իմ Աստվածը իմ հույսը,
Երբ դիմեցի` վերականգնեց,
Եվ թող չմարի իմ հույսը,
Եվ թող առավել ճանաչեմ Քեզ ամեն օր, իմ սրտում,
Եվ փա՛ռք Քեզ սուրբ Հիսուսով մեր,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

               47.

Օրհներգիր վերստին,
Վերստին՝ Աստծուն հավերժական,
Օրհներգ ձոնիր Նրան, ասա`
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ,
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ, ԱԼԷԼՈՒ՛ՅԱ,
Նա քեզ հանեց
Պայծառության ճանապարհը դեպի,
Մաքառումով, մաքառումով
Դու այստեղ հասար, իմ ա՜նձս,
Զուտ չարիքի միջից ելար`
Քո Աստծով,
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ:
Հիսուսն է քեզ ուղեկից,
Նրանով ես փրկվում,
Որ հոգուդ դիմագծերը փոխվում են,
Խաղաղվում ես դու, ԱԼԷԼՈՒ՛ՅԱ:
Համասփյուռ մահավազքից,
Էշելոններից մահվան ճամփեքով ընթացողների,
Լեգեոնների միջից մահասփյուռ, բազմաչարիք,
Քեզ հանեց քո Աստվածը, քեզ հանեց,
Օրհնի՜ր մեր Տիրոջը, օրհներգի՜ր,
Խինդի արցունքներով լեցուն իմ սիրտ երախտազգաց,
Ասա` ԱԼԷԼՈՒ՛ՅԱ:
Որդի Հիսուսով`
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ, ԱԼԷԼՈՒ՛ՅԱ:
Ես կապույտ խորքերը երկնքիդ տեսնում եմ,
Որ պատրաստել ես դրանք իմ աչքերի համար,
Եվ հիանում-հրճվում եմ ես, իմ Աստվա՜ծ,
Եվ աշնան ծառերի սաղարթը ինձ բուժում է
Խաղաղության լույսով, լույսով…
Անցյալիցս թեքվել դեպի ապագան եմ նայում,
Դեպի ապագան եմ քայլում հուսալեցուն,
Ես Քո հովանի ձեռքն եմ զգում, իմ Աստվա՜ծ,
Եվ լեգեոնները Չարի
Չեն վրդովում ինձ, իմ Աստված:
Ինձ օրհներգու սիրտ ես դարձրել,
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ,
Ազատել ես Չարից, չարիքներից,
Հոռետեսությունից,
Կույր հածումներից,
Բռնկումներից անօգուտ ազատե՛լ ես,
Կյանքով ես սիրտս լցրել, իմ Աստված:
Եվ ես երգում եմ Քեզ, օրհներգում եմ Քեզ,
Եվ ամեն օր թող լինի այդպես,
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ, ԱԼԷԼՈՒ՛ՅԱ,
Ամեն:
                  48.

Դու իմ պահապան,
Պահպանիչ իմ ամենազոր,
Խինդս պայծա՛ռ է:
Դեռ բողբոջ է, որ կբացվի:
Օ՛, Արև և Լույս,
Օ՛, Արարիչ Լույսի:
Էլ չեմ հուսահատվում,
Չեմ մտածում դառնահուշ.
Հիմա ունեմ ես Աստված:
Աստվա՛ծ…
Երկինքներում է բնակվում,
Եվ այնքան մոտ է Արարիչը,
Մերձավոր է,
Սրտիս մեջ է Նա շնչում:
Խնդրվածքներս ամեն օր են,
Մաքրված բնակարանը ներսիս
Երբ մտածումներն են գրոհում,
Երկրային աղտեղի մրցակցությունների ոգին
Երբ մռայլեցնում է ինձ դարձյալ,
Ես դիմում եմ, աղոթում:
Աչքերս  երկինք եմ բարձրացնում ես,
Ինձ փոխում է, վերածնում,
Կազդուրում է Աստվածս ինձ:
Պարիսպ է ամրակուռ իմ շուրջը դրել,
Չար աշխարհից զատել,
Ազատել է
Իմ մեծ Հայրը երկնքի:
Ես կռվում եմ ամեն օր,
Առավոտից իրիկուն,
Առավոտից իրիկուն
Եվ գիշերը.
Հին խոհերիս հաղթում եմ:
Եվ հույս ունեմ` կկանգնեմ,
Տիրոջ առջև կկանգնեմ
Արդարությամբ հավատիս:
Նա հանեց ինձ Եգիպտոսից,
Քուրմերից, փարավոնից ազատեց,
Բաբելոնի՜ց հեռացրեց ինձ Աստվածը:
Ե՜վ Սոդոմից, և՜ Գոմորից…
Ծծումբ ու կրակով երկնքի
Որ հրդեհի՜ պիտի:
Ես ներբող եմ բոցավառ`
Ձոնված պայծառ իմ Աստծուն:
Եվ փառք Նրան, Հիսուս Որդիով,
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                    49.
                      
Քո աչքի առաջ, Աստվա՜ծ,
Քո աչքի առաջ փլուզվում եմ ես,
Դու ես այդ անում, Տե՜ր,
Ես կավ եմ Քո ձեռքերի մեջ,
Փշրված բրուտի աման,
Դեռ հունցում ես ինձ,
Ես հանձնվում եմ, Աստվա՜ծ,
Որ վերածնես` նոր ու  հրաշալի:
Երբեմն էլ դառնում եմ կամակոր, հիմար,
Անհավա՜տ գարշելի.
Ողջ անցյալս է քարշ  գալիս հետքիցս դարձյալ,
Ծանր հառաչանքների իմ գիշերները ողջ
Վայում են ինձ վրա,
Իմ արյունոտված ցերեկները Դու՜ գիտես,
Եվ տենդը սրտիս մահատրոփ,
Եվ բոհեմական արբեցումները իմ, ուղիներից խավար
Կեսգիշերին տուն վերադարձս` հառաչելով, հառաչելով,
Որ հիմա հիշելիս սահմռկում եմ, Աստվա՜ծ,
Իմ մղումները դեպի իդեալն անորոշ,
Որ Դու էիր լինելու, Աստվա՜ծ,
Իմ խոսքերը Քո առջև են եղել,
Եվ գիտես, որ չեմ հավատացել երբեք
Ո՜չ կոմունիստական խոստացյալ դրախտին ես,
Դու հիշում ես մշտատրտում երեսը իմ,
Ո՜չ գազանային բուրժուական իդեալին,
Թե՞ վայրենի կապիտալիզմ էին ասում այն օրերին
Գազանություններն այդ հիմնավորողները…
Հիմա միլիոնատերեր են դրանք
Եվ միլիարդատերեր.
Դու՜ գիտես դրանց, երկնավո՜ր Հայր,
Որ արյունարբու աչքերով
Նայում են խե՛ղճ ամբոխներին աղքատ-վշտացյալ,
Դու՜ գիտես դրանց, երկնավո՜ր Հայր…
Բայց ինձ ասել ես, որ դուրս գամ ես
Համաշխարհային այդ Սոդոմ-Գոմորից, իմ Աստված:
Շտապեցնում ես քայլերս, և աստվածային քաջալերանքդ, Տե՜ր,
Նոր շունչ է տալիս հոգնաբեկյալիս:
Ես քայլում եմ, շտապում եմ ես հևասպառ,
Որ Խոսքդ մի լավ սրտիս մեջ պահեմ,
Փայփայեմ հավիտենության խոստումներդ` կյանքի,
Տե՜ր,
խնդրվածքս լսիր Հիսուս Որդիովդ,
Անցյալս հիշում ես, չմոռացո՜ղ,  բժշկի՜ր, գթասի՜րտ Հայր,
Եվ Քո մասին թող անսխալ գիտությունը
Բացվի ինձ համար ավելի,
Որ Քո Օրվան սպասումս հրճվալից դառնա,
Եվ փա՛ռք Քեզ հավիտյանս հավիտենից.
Ամեն:

                            50.

Հուսա՜, իմ ա՜նձս, Տիրոջը հուսա՜,
Նա ազատում է քեզ հոգսերից ամեն,
Նա ամբարշտի ընկերակցությունից ազատում է քեզ հավիտյան,
Նա քո նեղված սիրտը ընդարձակում է,
Նա քո հոգու գիշերների վրա լեռնական արև է կախում,
Երևակում է քո խավարությունը և բուժում է Նա քեզ,
Նա քո սիրտը դարձնում է երկնքի երազուն ամպ,
Որ Տիրոջով է սահում,
Որ Տիրոջով է սահում,
Օ՛, երկնքի երազուն ամպ,
Օ՛, հանդարտություն ամպի, երկնքի, 
Օ՛, իմ տենչանքնե՛ր՝ Աստծու…
Նա քեզ ընդարձակ խոհերի դաշտն է պարգևում,
Նա քո ձեռքը բռնած տանում է իր հեռուները,
Իր հեռուներն է տանում Նա քեզ,
Նա դևերից հեռացրել է քեզ հավիտյան,
Հեռացրել է քեզ հավիտյան,
Նա քաջալերում է քեզ,  որ հետ չնայես այլևս երբեք,
Նա քո մեջ Չարից հեռանալու և բարին սիրելու
Զորությունն է դրել, օ՛, օրհնյալ է Աստված,
Օրհնա՛լ հավիտյան: Նա` միակ բարին: Եվ մենք` Նրանով:
Նա բարեբախտ է դարձնում քեզ, բարեբախտ,
Նա կառուցում է քո կյանքը,
Սպառազինում է Նա քեզ,
Նա հսկում է երկնքից ամեն պահ,
Որ ոտքդ քարին չդիպցնես:
Նա հավերժի տարիքն ունի,
Դու վաթսունվեցամյա որդին ես Նրա,
Նա անվերջ է խրատում քեզ,
Նա պահում է քեզ, որ որոգայթը չընկնես Չարի,
Նա բոլոր քո կերակուրները հսկում է,
Որ Չարը մահադեղ չխառնի դրանց,
Տերն իմ պահապանն է, իմ պահապանը Տերն է,
Անփակ աչքերով դիտում է իմ ընթացքը,
Ես արդեն վստահ եմ քայլում և հավատս է մեծանում, մեծանում,
Ես ջանք եմ թափում ամեն օր,
Տերն ինձ քաջալերում է, սիրում ու հսկում,
Ես Տիրոջ հովանու տակ եմ ապրում,
Նրա կամարի մեջ եմ ամեն պահ,
Փախչում է Չարը ինձանից հեռու,
Նրա պայթեցրած ռումբի բեկորները՝ ամենուր թռչող, 
Ինձ չեն դիպչում, նրա աչքերը ինձ չեն խայթում,
Անվիշտ օրեր ու դարեր է խոստանում ինձ Տերը:
Մի՜ հեռանա Տիրոջ Խոսքից, իմ ա՜նձս,
Որ երկիրը ժառանգողների մեջ գտնվես,
Երբ ամբարշտությունը վերցվի աշխարհից,
Երբ ամեն չարերին սատակեցնի Տերը:
Տիրոջով պարծեցիր և հուսա Նրան, իմ ա՜նձս,
Մենք Նրան ենք սպասում,
Որ նոր երկինքն ու երկիրը տեսնենք,
Եվ փա՛ռք Տիրոջը, որ պիտի գա Հիսուսով,
Որ պիտի գա Հիսուս Որդիով.
Ամեն և ամեն:

                            51.

Այնպես ջարդված եմ, փշրված այնպես,
Սիրտս լիքն է հառաչ և տրտմություն նորից,
Այնպիսի մութ խորքեր եմ տեսել ես կյանքում,
Այնպես վախեցած, աներազ, անհուր եմ դարձել,
Լռամած, անծպտուն, վիրավոր, հանգած, վշտակիր:
Բիբերս պահել են, պահել խորքերում իրենց
Թշնամի աշխարհի պատկերները դժնի:
Օ՛, չմոռացո՜ղ ոգի…
Այնպես ծեր է աշխարհն այս, ու զառամ,
Եվ առանց Լույսի,
Եվ առանց Լույսի:
Եվ մեռնում է մեր հույսը այստեղ:
-Հե՛յ, - ձայնել ենք լռության լեռներում մենք,
Ոչ ոք արձագանք չի տվել, ոչ ոք` մեր կանչին:
Ափսոս չի ասել աշխարհում ոչ մի ձայն
Մեր հեռացումին:
Բայց անուրջն ենք սիրել մեր հոգու,
Կարոտը մեր, կապու՛յտը,
Երազական հեռուն, երազական…
Լուրթը` ոսկեբաշ նժույգ,
Դիտելու՛ պատկեր.
Ո՞վ է հեծնում նրան, գնում ամպերով…
Այսպես ուրեմն՝ և ո՜չ մի հույս:
Հեռացում, լռություն:
Օ՛, Աստվա՜ծ, իմաստավորի՜ր կյանքը իմ անձի,
Լցրու՜, իմ Աստված, խորքերս լույսով:
Հիսու՜ս, ճանապարհ և՜ լույս, և՜ բարեխոս,
Փշրվածիս համար խոսի՜ր մեր Հայր Աստծուն…
Եվ փա՛ռք Քեզ և Նրան հավիտյանս հավիտենից.
Ամեն և ամեն:

                        52.

Գնա առաջ և առաջ, իմ հոգի…
Մի՜ վախեցիր այս աշխարհի իշխանից,
Սուրբ Խոսքի մեջ խորացիր, խորացիր,
Դեպ Աստված ամեն օր դու քայլիր,
Դիմիր, որ զորացնի Նա քեզ, քաջալերվես,
Ամեն օր դիմիր, ամեն օր,
Որ քայլես, ուղիղ ընթանաս, չշեղվես:
Աչքերդ լայն բաց արա, իմ ա՜նձս,
Համարձակ, և՜ շիտակ, և՜ արի շուրջդ նայիր դու,
Քայլիր անխոնջանք և զվարթասիրտ քայլիր:
Խավարում լույս է Տիրոջ Խոսքը, լուսավորու՛մ է,
Ցույց է տալիս ճանապարհդ ուղիղ քո դիմաց,
Մի՜ շեղվիր, դարձ չկա այլևս, մի՜ շեղվիր,
Հետ մի՜ նայիր դու:
Ողջը Աստված է անում, դու քայլիր…
Չարություններից հեռու են ճանապարհները Տիրոջ:
Լույս է, կապույտ է, առավոտ է,
Զվարթություն ես հագել, իմ հոգի:
Քայլում եմ, գնում, պայծառացած եմ,
Դարձ չկա երբեք,
Մարդավախությունից հետ կանգնիր, իմ ա՜նձս,
Եվ մի՜ վախեցիր այս աշխարհի իշխանից,
Եվ, Հիսու՜ս, Որդի՜ Աստծո,
Եվ լույս ճանապարհիս, որ եկար,
Հայր Աստծուն մեր իմ մասին բարեխոս եղիր վերստին,
Եվ փա՛ռք նրան և Քեզ հավիտյանս հավիտենից.
Ամեն և ամեն:
                           53.

Տե՜ր իմ, մխիթարվա՜ծ եմ, մխիթարված եմ.
Առավոտդ բացվել է, բարի է, բարի է,
Մտածումներս աստվածամետ են դարձյալ,
Աստվածաուղղված է սիրտս վերստին:
Թռչուններդ առավոտնալեզու են, երգում են,
Եվ իմ սաղմոսն է հոսում ակունքից,
Եվ իմ սաղմոսն է հոսում ակունքից:
Առաքվում է, Աստվա՜ծս, դեպի Քեզ,
Որ խոտորումներս ուղղել ես դարձյալ,
Հունի ես բերել ինձ,
Զսպել աստվածախոհ ընթացքի մեջ:
Խոտորագնա` դառնությունների հանդիպեցի ես,
Վշտերը կլանեցին ինձ,
Սիրտս մթագնեց…
Հեռացել էի, Տե՜ր, որովհետև,
Լքել էի բարի տերությունը Քո…
Կանչեցի զղջմունքով, ամոթապարտ, կորած,
Գայթակղված էի և որոգայթված:
Սատանան էքսպերիմենտներ էր դնում վրաս…
Ազատեցիր, մղեցիր դեպի Քեզ,
Սատանայազարկվածիս շունչ փչեցիր նորովի,
Ուշքի եկա, բուժեցիր, Աստվա՜ծս,
Ապաքինվում եմ Քո գավիթում:
Սիրտս բացվում է դարձյալ սաղմոսերգելու Քեզ,
Հա՜յր մեր, սաղմոսերգելու Քեզ…
Եվ թող արյունս թափվի,
Չեմ պաշտպանվելու ես,
Չեմ հակառակվելու Չարին` ինձանով,
Քանզի Դու ես Բերդս,
Պահելու ես Դու ինձ,
Իմ կռիվը Դու ես մղելու, Աստվա՜ծս,
Շուտագնաց են ոտքերը չարերի` 
Անմեղ արյուն թափելու:
Սուրբ Որդուդ հետքերով եմ գնում՝
Մորթվող Գառի պես մունջ էր Նա,
Դու էիր պաշտպանը նրա:
Օ՛, Աստվա՜ծ իմ,
Խոսքերդ ճակատանոց են ինձ համար,
Եվ Դու ես իմ Ամրոցը:
Մարդիկ կծաղրեն, կատեն քեզ,
Բայց Աստված կօրհնի…
Եվ փա՛ռք Նրան Հիսուս Որդիով, հավիտյան.
Ամեն:

                         54.
    
Տրալա, 
Տրալալա՛…
Ո՜վ իմ Աստվա՜ծ, երգում է սիրտս…
Այնինչ թախիծն էի ասես,
Քթիս ծերից էլ թախիծ էր ծորում:
Աչքերիս հայացքում, հեռուներում կյանքիս
Թախիծն էր ապրում: Թախիծը:
Թևերս թախծոտ թափահարումներ` քայլելիս:
Ինձ մոտ նստողները մշտապես լուռ էին ինձ հետ:
Ես ինքս թախիծն էի, ասես,
Մարմնացումը թախծի,
Անկումը:
Տրալա
Տրալալա՛…
Խինդողող եմ:
Բոլո՛ր հարցերս լուծված են,
Կամ էլ լուծվում են շտապ կարգով:
Չեք հավատա:
Օ՛, երկնքի՜ Աստված,
Հա՜յր մեր երկնավոր,
Ողջը Դու ես անում, ո՛ղջը…
Տրալա, տրալա,
Տրալալա՛…
Որ ինձ ազատե՜լ ես մառախուղներից,
Դալուկ մտածումներից անարեգնափայլ,
Եղերական տանջանքներից հոգու ազատել ես, Աստվա՜ծ,
Ինձ շնորհել ես խինդի կայլակներ, խինդի,
Անսիրությունս վտարել ես,
Վանել ես հեռու կռիվներս, վանել ես հեռու,
Սևամաղձս կործանում էր ինձ:
Ժխտող- քննադատող էր սիրտս մշտապես…
Ուրիշ է հիմա,
Ուրիշ եմ ես հիմա վերջապես:
Լռությունս է խաղաղ,
Խոսքս աղոթք է,
Սաղմոս է խոսքս,
Հեռացումս` պայծառագնա:
Ես աստվածերգությունն եմ սիրում իմ հոգու,
Աստվածերգությունը…
Հորիզոնս՝ անմառախուղ,
Սերս` անսպառական…
Տե՜ր, պահպանիր վերստին ծնվածիս,
Եվ փա՛ռք Քեզ Հիսուսով մեր.
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ…


                       55.

Այս առանձնությունը թող լցվի խաղաղությամբ Քո,
Այս լռությունը իմաստավորվի անբառ աղոթքով,
Մտածումի Լույսը շնորհիր ինձ,
Որ ուղեծիր ելնի Քեզանով,
Բարձրանա դեպի Քեզ, դեպի Քեզ:
Մեռնի անդորրը, որ ծովի հատակի
Լռություն է ասես:
Լցրու, Աստվա՜ծ, Քո ներկայությամբ ինձ,
Վերստին լցրու,
Տու՜ր` ապրել, թափանցել ինձ,
Ըմբռնել հոգիս, ըմբռնել:
Հեռացրու՜ ամեն դժգոհանք` հին այցելություններ,
Սովորություններ հին:
Պարապությունն հոգու հեռացրու՜,
Ցրիր ձանձրույթը` սևամաղձով սնվող,
Տե՜ր, իմաստավորիր Քո շնչառությամբ լռությունս,
Հեռավորը մոտիկ դարձրու,
Խավարը` թափանցիկ լույս,
Մարմնազանգվածս ծանր դարձրու անկշիռ`
Վանի՜ր թախիծը հնօրյա,
Պայծառացրու…
Այն հեռավոր իմ սերը 
Թող ներզգա   սերս ու ինքն էլ պայծառ դառնա,
Պայծառ…
Տե՜ր, օգնի՜ր ինձ լիաթոք շնչել, լիաթոք,
Եվ փա՛ռք Քեզ Քո Հիսուս Որդիով.
Ամեն:

                  56.

Աստվա՜ծ, Աստվա՜ծ հրաբոսոր,
Հուր, հրեղեն, ամենազոր,
Մաշող կրակ և Սեր,
Ահավո՜ր Աստված:
Ոչինչդ ահից կամ Քո սիրուց բորբոքված,
Երբ կամենում ես` դառնում է ինչ,
Դառնում է գոյ,
Եվ գոյը, թե Քո սրտովը չէ,
Դառնում է ոչինչ դարձյալ,
Դարձնո՜ղ Աստված:
Մեր աղոթքները կազմավորող,
Մեզ ապաշխարության մղող,
Մեր մեղքերի քավության վկա և ընդունիչ,
Մեզ հուսահատեցնող,
Մեզ վերակազմող Աստված,
Սարսափելի՜ Աստված:
Մեր մեռած հույսը վերընձյուղող,
Մեր վշտահեծ բիբերը  ծիծաղեցնող,
Մեզ ապրեցնո՜ղ Աստված:
Դարե՛ր, դարե՛ր մեզ պահող-պահպանող,
Մեզ հալումաշ անող,
Քեզ սպասեցնող,
Մեզ խռովեցնո՜ղ Աստված:
Քեզ հետ հաշտեցնող,
Քրիստոսաստեղծ,
Քրիստոսաառա՜ք Աստված:
Եվ կգաս Քո կամեցած ժամանակին,
Որ ոչ ոք չգիտի, բայց միայն Դու,
Կգաս, որ ո՛ղջ մեր վշտերը քամիներին տաս,
Մեր թագավոր Հիուսով
Այս ծուռ աշխարհը շտկես,
Խաղաղության հազարամյակում Քո` շտկես,
Մեզ համար Դրախտ դարձնես,
Նաև մեր ձեռքերով Դրախտի փոխես աշխարհը,
Մեր արցունքները սրբես հավիտյան,
Մահը մեռցնես…
Եվ փառք Քեզ Հիսուս Որդիովդ.
Ամեն և ամեն:

                   57.

Եվ իմ պարտքն է` սիրտս գոհ`
Արթնանալ կանուխ,
Երբ արևը նո՛ր ծագում է պայծառ,
Վեր կենալ, պատրաստվել աստվածահաճո,
Պատրաստ լինել սրտով ու մտքով`
Աղոթքի, սիրո:
Պայծառ ներշնչանքի լինել պատրաստ:
Գլխավոր խնդիրն է սա իմ:
Թող Աստվածս տա` վարժվել, պատրաստ լինել վերստին
Աղոթքի, սիրո և աստվածերգության:
Գթասի՜րտ Հայր,
Դու ես այսպես ամեն օր կազդուրում ինձ,
Ուղղում, շտկում ես սիրտս ամեն օր:
Քո շունչ-բալասանով, հույս ունեմ, Աստվա՜ծս,
Ինձ կատարելապես կառողջացնես,
Ու կլինեմ բոլորովին նոր մարդ` աստվածարյալ…
Քանզի ինձ հանդարտեցնում ես, ազատում ես ինձ, Տե՜ր,
Խնամում-կազդուրում-առողջացնում ես…
Ցողունաջարդ բույս էի ես,
Կարկտազարկ, խոնարհահեծ մնացել էի ընկած,
Մնացել էի ընկած,
Բուժեցիր,
Խավարաթափառ մտածումներից հանեցիր Դու ինձ,
Հուսադրված մարդ եմ հիմա արևիդ տակ, Լույսիդ,
Որ պայծառություն է բերում անձիս,
Հավատիս դռները Քեզանով պահում եմ ես բաց,
Որ գա՜ս ու շրջես սենյակների մեջ ներսիս,
Ամեն օր պատուհանները բացել տաս ինձ` հոգեսենյակներիս,
Որ ուլտրա-ճառագայթները մաքրող Խոսքիդ
Ընկնեն ներսս, զովաշունչ ծառերիդ սաղարթների միջով սուրբ,
Նոր պայծառություն բերեն սրտիս, բիբերիս, -
Նոր պայծառություն և լույս:
Տուր` չհեռանամ շավիղներից Քո,
Մարդավախություն,
Վախատրոփ սիրտ,
Հիվանդ կծկումներ անձնասիրական,
Մի՜ թող, Աստվա՜ծս, աղոթքներիս սնուցիչ,
Որ մահու դուռը հասցնեն խնդությունս,
Որ պարգևել ես ինձ,
Եվ փառք Քեզ վերստին, մեր Առաջնորդ Հիսուսով,
ԱԼԷԼՈՒ՛ՅԱ…
Ամեն:


		                                 2004-2006թթ.